Աշխարհում չկա այնպիսի պետություն, որտեղ գիտությունը չեն զարգացնում: Գիտական արդյունքներն աշխարհի զարգացման համար անհրաժեշտ են: Ամիսներ առաջ ներկայացրեցինք Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցած «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովիընթացքում ներկայացված զեկույցների մի մասը, որոնցում ներառված ինֆորմացիան ուսուցողական էր ու շատ անհրաժեշտ յուրաքանչյուրիս:
Այս անգամ «Գիտական տուրիզմը Հայաստանում» նախագծի շրջանակներում մի քանի տուրիստական ընկերությունների, գիտական կենտրոնների՝(Բյուրականի աստղադիտարան, Սարդարապատի հուշահամալիր-թանգարան) և Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ներկայացուցիչներին հյուրընկալեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, որը հիմնվել է 1942 թվականին՝ Աբրահամ և Արտեմ Ալիխանյանների կողմից: Հետո նրան ավելացան ծովի մակերևույթից բարձր տեղակայված տիեզերական ճառագայթների ուսումնասիրման երկու կայաններ՝ Արագած (3.200 մ) և Նոր Ամբերդ (2.000 մ) շրջաններում, Արագած լեռան վրա:
Ալիխանյանները սովորական ընտանիքից էին: Դպրոցն ավարտելուց հետո (Արտեմն, օրինակ, դպրոց է հաճախել մեկ տարի՝ այն թողնելով ֆինանսական խնդիրների պատճառով և, միայն 15 տարեկանից նոր շարունակել է) ուսումը շարունակելու համար մեկնել են Սանկտ Պետերբուրգ:
Ավագ եղբայրը՝ Աբրահամը, ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, կրտսերը՝ Արտեմը, համալսարան: Ապրուստի միջոցներ հայթայթելու համար երիտասարդները հարկադրված են եղել ուսման ընթացքում նաև աշխատել:
«Կար մեկ անկողին, իսկ ով քնում էր հատակին, նա էլ ծածկոցով էր ծածկվում»,-պատմում է մեզ Ալիխանյանների թանգարանի ուղեկցողը:
Բուհն ավարտելուց հետո եղբայրները սկսել են զբաղվել բյուրեղների ռենտգենակառուցվածքային ուսումնասիրությամբ, հետազոտել ատոմի միջուկն ու ճառագայթաակտիվությունը:
Այն ժամանակ աշխարհի մի շարք ֆիզիկոսներ պնդել են, թե ատոմը կազմող որոշ տարրական մասնիկներ չեն ենթարկվում ֆիզիկայի հայտնի օրենքներին: Եղբայրները փորձով ապացուցել են, որ դա այդպես չէ. տարրական մասնիկների փոխազդեցության ժամանակ ֆիզիկայի հայտնի օրենքները խստորեն պահպանվում են: Տարրական մասնիկներն ավելի մանրազնին ուսումնասիրելու համար նրանք ձեռնամուխ եղան Արեգակից, աստղերից ու Տիեզերքի այլ մասերից մեզ հասնող տարրական մասնիկներից կազմված ճառագայթների հետազոտմանը, և այդ նպատակով 1942 թ.-ի ամռանը Արագած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրլեռնային կայանը: Այստեղ` տիեզերական ճառագայթներում նրանք աշխարհում առաջինը հայտնաբերեցին նոր, անհայտ տարրական մասնիկներ և մեծ էներգիա ունեցող պրոտոններ: Այս հայտնագործությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ տիեզերական ճառագայթների գաղտնիքները բացահայտելու համար: Այդ աշխատանքները շարունակվել են 1943 թ.-ին Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ հիմնադրված Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, որը նա ղեկավարեց 30 տարի անընդմեջ:
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում՝ 20 մետր խորության վրա է գտնվում նաև Հայաստանի և ԵրՖԻ պարծանք, ԽՍՀՄ տարածքում եզակի ՝ ԱՐՈՒՍ էլեկտրոնաօղակային արագացուցիչը:
Կառուցվել է 1960-1966թթ․, գործարկվել 1967թ․՝ Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ։ Անվանումը ծագել է ռուսերեն Армянский ускоритель՝ «Հայկական արագացուցիչ» բառակապակցության հապավումից։ Արագացուցչի մագնիսական համակարգը բաղկացած է 48 բլոկներից, իսկ մի բլոկը՝ երկու մասից (կիզակետող և չկիզակետող): Բլոկները հավասարաչափ տեղաբաշխված են շրջանագծով, որի երկարությունը մոտ 217 մետր է:
Ներկայումս Արուսի միջոցով որևէ գիտական հետազոտություն չի իրականացվում: Կան փոքր արագացուցիչներ, որոնք այս պահին աշխատում են տնտեսության համար, օրինակ՝ քարերի գունազարդում է կատարվում, ասենք զմրուխտին նոր երանգներ են տալիս և գինը 100 անգամ բարձրանում է:
Եվ, ինչպես նշում են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները, եթե չլիներ, չստեղծվեր այն, ապա չէր կառուցվի ատոմակայանը, չէր զարգանա բժշկությունը(այժմ հնարավոր է տալ ճշգրիտ դիագնոստիկա) , ինչպես նաև մի շարք այլ ոլորտներ:
http://asekose.am/hy_AM/news/8/181623-kar-mek-ankoxin--isk-ov-qnoum-er-hatakin--na-el-cackocov-er-cackvoum.html
Комментариев нет:
Отправить комментарий