8/24/2015

Խոսրովի արգելոց. «Հավուց Թառ»

Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին  փռված է  «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը զբաղեցնում է 23213.5 հեկտար տարածք: Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների վրա:
Այն հիմնել է հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը՝ մոտ 330թ.-ին: Այս մասին հիշատակում է հայ պատմիչ Մովսես Խորենացին, իսկ ահա, առավել մանրամասն նկարագրություն տալիս է Փավստոս Բուզանդը:

Պարզվում է, որ թագավորը սկզբում կողք կողքի երկու անտառ է տնկել տվել: Մեկը կոչվել է Տաճար մայրի(սրբավայր-ծառաստան), որը սկիզբ է առել Գառնիի ամրոցի մոտից՝ հասնելով Դվին, իսկ մյուսը, որ ձգվել է նախորդից հարավ՝ Արաքսի, Դվինի և Արտաշատի միջև ընկած եղեգնուտի եզերքով, անվանել է Խոսրովակերտ:
Երկու անտառներում էլ ամենից շատ տնկել են կաղնի և մայրի, բայց թագավորն այս ամենով չի սահմանափակվել. Նրա հրամանով որսի ամեն տեսակ կենդանիներ ու թռչուններ են հավաքել ու բաց թողել անտառներում՝ դրանք դարձնելով արքայի ու արքունականների որսազվարճության և զինավարժության վայրեր:
Ժամանակի ընթացքում այս երկու անտառները միանում և կոչվում են Խոսրովի անտառ և 1958 թվականին ստանում պետական արգելոցի կարգավիճակ:
Արգելոցի, ինչպես նաև նրա պահպանման գոտում, բացի բարձրարժեք բուսական և կենդանական էկոհամակարգերից, պահպանվում է նաև հսկայական պատմամշակութային ժառանգություն: Օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում արգելոցի տարածքում հաշվառված է ընդհանուր թվով 312 հուշարձան, որից 29-ը՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր և տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի,  հիմնականում միջնադարյան հուշարձաններ, որոնք մեծ մասամբ կիսավեր, անբարեկարգ վիճակում են:
Երեք խոշոր հուշարձաններն են՝ «Հավուց Թառ» (11-18-րդ դդ.), Աղջոց Սբ. Ստեփանոս (12-13-րդ դդ.) վանական համալիրները եւ Գեղմահովիտի եկեղեցին (13-րդ դար):
Այսօր կանդրադառնանք միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն հանդիսացող, իր գրչության դպրոցը, վարժարանն ունեցող  Հավուց Թառ (Հայտնի է նաև  Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք , Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի վանք) վանքային համալիրին, որը գտնվում է  Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափի լեռան գագաթին: Այնտեղ հասնելու համար քայլելու ճանապարհը անցնում է Գառնու կիրճով, Ազատ գետի մոտով: Ըստ Մխիթար Այրիվանեցու՝ մոտակա Քեղվա բերդի իշխան Գևորգը (հավանաբար` Գևորգ Մարզպետունի) 10-րդ դարում այստեղ կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Շինարարական արձանագրության համաձայն 1013 թվականին այն վերստին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը:
1679թ. /Գառնի/ երկրաշարժը եկեղեցու ավերման պատճառն է հանդիսանում:  XVIIIդ. վանքը վերանորոգել է Աստվածատուր կաթողիկոսը։ Վանքի համալիրը բաղկացած է շինությունների երկու խմբից։ Արևմտյան խմբի գլխավոր եկեղեցին (XIIIդ.) կառուցված է սրբատաշ կարմրավուն տուֆից։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթը և ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան խումբը հիմնովին վերակառուցվել է XVIIIդ. առաջին կեսին, օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721թ.-ին Աստվածատուր կաթողիկոսը հիմնել է Ս.Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ), որն անավարտ է մնացել լեզգիների առաջին արշավանքի պատճառով։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, իսկ հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։

Վանքային համալիրը այժմ  գտնվում է ՀՀ Մշակույթի նախարարության հովանու ներքո և անհրաժեշտ հոգածություն չցուցաբերելու դեպքում այն քարակույտի կվերածվի:



Комментариев нет:

Отправить комментарий