Ցանկացած ժամանակահատվածի վերաբերյալ գրքեր կարդացեք ու կտեսնեք, որ ամենամեծ վնասը հայն է իրեն տվել ու ցավոք, այսօր էլ շարունակում է տալ։
Երբ 2018 թվականին եղավ հեղափոխությունը՝ կոնկրետ ինձ շատ ուրախացրեց։ Ցանկացա տեսնել զարգացած, գեղեցիկ ու օրենքի երկիր, որտեղ այլևս մարդուն չէին տանի ռեժիմով ծեծեին ու ունեցվածքը խլեին, ընտանիքի անդամներին չէին վախեցնի ու բռնաբարի, մարդը անհետ չէր կորչի, դատարանը որևէ մեկի սեփականությունը չէր լինի։ Մարդուն աշխատանքից անհիմն չէին ազատի ու չէին ասի՝ ուր ուզում ես՝ գնա ու բողոքիր, մեկ է չես հաղթելու, գողական ընկերներիս կուղարկեմ մոտդ, դատարանն էլ մերն է։ Ինչ-որ մեկն իրեն մարզի կամ քաղաքի իշխան չէր համարի ու հայրենակիցներին ոչխարի կամ ստրուկի տեղ չէր դնի։
Նկատեցի, որ բազմաթիվ չի կարելիների համար պայքարում էր և պայքարում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամեն կերպ, անգամ կենցաղային հարցերի միջոցով փորձում է բարձրացնել ժողովրդի որոշ հատվածի ինքնագիտակցությունը։ Հույս ունեմ, որ կստացվի, հակառակ դեպքում մենք բոլորս դատապարտված են կրկին դժոխքում հայտնվելուն ու ապրելուն։
Մեր ժողովուրդը չի սիրում աշխատել, չի սիրում առանց ծանոթ-բարեկամի, ինքնուրույն հարցեր լուծել։ Մի ծանոթ ունեմ, ասում է՝ ինչո՞ւ գնամ ժամերով բանկում հերթ կանգնեմ, հենա՝ կզանգեմ, կգնամ, արագ ինձ կընդունի։ Բանկը ձեզ որպես օրինակ՝ բոլոր ոլորտների։
Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում աղքատիկ բյուջեից օգնություն հատկացրեց ժողովրդին, մի բան, որ օրինակ աշխարհի լավագույն, մեծ ֆինանսներ ունեցող երկրներից Գերմանին ու Իտալիան չցուցաբերեցին։ Ոչ մի կոպեկ օգնություն։ Պարտադրել են գործատուներին, որ իրենց աշխատողներին 70 տոկոսով վճարեն և վերջ։ Իսկ այստեղ․․․օգնություն ստացան, բայց էլի դժգոհ են, իբր կառավարությունն էր կորոնավիրուսը պատվիրել։ Իրենց մոտ երևի այդ տպավորությունն էր, որ սկսեցին մոռանալ արտակարգ դրության մասին ու գնացին կառավարության շենքի մոտ բողոքելու։ Նայում ես՝ ովքեր են բողոքողները, չգիտես՝ լացես, թե ծիծաղես։ Ոմն 20-ամյա տղա, ով ապրիլյան պատերազմի օրերին եղել է բանակում, չի մասնակցել պատերազմին, բայց իրեն որպես հերոս է ներկայացնում, ու եթե նախկինում պատերազմի մասնակցիների դարդն էր իր արևին լացում, հիմա սկսել է վարկատուների դարդը լացել, վաղն էլ թոշակառուների դարդը կլացի։ Մյուս կողմում տաքսու վարորդների դարդը լացողնեն են, որ դարձել են իրավաբան ու պաշտպան, բայց այս դեպքում հուզված են բանկերի գործունեությունից։ Իսկ նրանց կողքին ինչ-որ դերասան է, ասում է՝ հա, ոչինչ, որ կորոնավիրուս է, ռեստորանները թողեք աշխատեն, որ ես անկապ դուրս տամ, միլիոններ աշխատեմ, 68,000 դրամ օգնությունը քիչ է, ոնց պահեմ երեխեքիս։ Միլիոնանոց սեփական տանդ արև՞, որ փող չունես։ Դե հա, քեզ լեզու քո այսպես կոչված հանդիսատեսն է տվել։ Իրենց ճաշակն իրենց ուտի, քեզ էլ հետը։ Ամենակարևորը, այս հավաքվածներին մի երկու շաբաթ մեկ բան էր կապում, այն է՝ 21-րդ դարում սուրհանդակ կարգվածին ո՞նց գտնենք, միանանք իրեն։ Արդեն հասկացեք, թե ովքեր են ուղարկում ազգի դարդով մտահոգվածներին։ Նրանք, ի դեպ, նախկինում լուռ էին, վերը թվարկված խնդիրները նրանց կույր աչքերը չէին տեսնում։ Կամ էլ, երևի բոքսով տալիս էին, որ չտեսնեին, հետո մի քանի գրոշ գցում էին դիմացները սսկվում էին։ Ի դեպ, արտակարգ պայմանների կանոնները խախտելու համար օրինակ եվրոպայում 350 եվրոյով տուգանում են ու խիստ պատիժներ են սահմանում։ Արժեր և պետք է դա ևս այստեղ կիրառել։
Ամենացնցող այսպես կոչված ցույցերից մեկն էլ մայիսի 24-ին էր՝ Քաջարանում։ Համայնքապետը ժողովրդին ոտքի էր հանել, որ պաշտպանեին իրեն ու կողակիցներին։ Բայց, դե ներկայացնում էին այսպես՝ ինքնաբուխ հավաք է։ Կապանում, Քաջարանում, անգամ ջուրը ինքնուրույն չի հոսի, ի՞նչ ինքնաբուխ։ Այդ երկու քաղաքների բնակչության 95 տոկոսն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ու հենց Քաջարանը կառուցվել է որպեսզի կոմբինատում աշխատողնեը բնակվեն այդտեղ։ Ինքնաբուխ․․ինչպես կասեր իրենց կարոտած ղեկավարը՝ իյա, իրո՞ք։
Բա ասենք գյուղատնտեսությության ոլորտից խոսող զանգվածը․․երբ հարցնում են՝ օրինակ ինչպե՞ս կարելի է լուծել այս կամ այն խնդիրը, պատասխանում են, թե ինչի՞ ասեմ, երբ պաշտոն ունենամ՝ կասեմ։ Իրենք էլ գյուղացու համար մտահոգվողներն են, էլի։
Իսկ այսօր, ինչ-որ մի օդից ընկած աղջիկ, ով հեղափոխությունից հետո ուզում էր քաղաքականություն մտնել կամ, ավելի ճիշտ նրա դեմքով չգիտես, թե ով էր ուզում հայտնվել, չգիտես թե ինչ ֆոտոշոփ արած դիմակի տուփ է հրապարակել ու ասում է, թե բա տեսեք, գրված է, որ չի պաշտպանում վիրուսից։Մեկը լինի ասող՝ այ աղջիկ, ամբողջ աշխարհի բժիշկներն ասում են, որ բժշկական դիմակը 80 տոկոսով մարդուն պաշտպանում է, հիմա ի՞նչ ես ուզում, որ երկրում քաոս ստեղծվի, մարդիկ չենթարկվեն կարգ ու կանոնի, վարակվեն , մահանան ու մեղավորը իշխանությունը լինի՞։ Սա, ինչպես նաև ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելը, նախկինում կատարած թալանը, հանցագործությունները մոռանալն ու սրբի կերպարով ներկայանալը իսկակական դավաճանություն են։ Ինչպե՞ս է հայ ազգը ծնում այսքան ստոր, դավաճան ու նենգ մարդկանց։ Ինչո՞ւ չպետք է այս երկիրն էլ ծաղկի, ինչո՞ւ չպետք է ունենանք պետականամետ, հայամետ քաղաքացիներ ու վաղվա քաղաքական գործիչներ։
Մեկ կամ մի քանի հարյուր հոգին ինչպե՞ս պայքարեն այս բացառիկ տգիտության ու կարճ հիշողության դեմ, ինչպե՞ս։ Ե՞րբ պետք է սովորենք հարգել օրենքը, մարդկանց, ի վերջո արդարությունը։
Комментариев нет:
Отправить комментарий