10/04/2025

Վահան Տերյան



Չեմ դավաճանի իմ Նվարդին․․․

Ռուս գրող Մաքսիմ Գորկին մի անգամ առաջարկում է Տերյանին ռուսերեն ստեղծագործել, քանի որ անթերի տիրապետում էր այդ լեզվին․ «Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մեծ երկիր է»։

Տերյանը ի պատասխան Գորկու՝ գրում է այս ստեղծագործությունը, որտեղ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցի օրինակով հավաստում է իր հավատարմությունը մայրենի լեզվին, ինչպես Արան սիրելի կնոջը՝ Նվարդին․

Չեմ դավաճանի իմ Նվարդին

Որքան էլ դյութես, օ, Շամիրա՛մ։

Որպես արքան այն, մանուկ Արան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին․․․

Նվարդ անունը թանկ էր Տերյանի համար ևս մի պատճառով։ Նա մի շրջան անտարբեր չէր Հովհաննես Թումանյանի դուստր Նվարդի նկատմամբ։ Նրանց ջերմ հարաբերությունները կարճ են տևում, բայց մահից առաջ Տերյանը խնդրել էր կնոջը՝ Անահիտին, որ այդ թանկ անունով կոչել իրենց դստերը։

 

Պահպանվել են Տերյանի նամակներից՝ ուղղված Նվարդին․ «․․․Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքույշ ծաղիկներով: Շատ են, անունները չգիտեմ:Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից: Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա․ մի քանի ծաղիկ, որ նա ինձ չմոռանա....

Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ, գիտե՞ք որքան լավ կլիներ - ես պիտի ասեի նրան. «Սիրուն աղջիկ, տեսնո՞ւմ ես - ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնում ես՝ որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը․․․․»:

 

Տերյանը Նվարդին նվիրված տրիոլետներ ունի․

 

Հիմա բացվում են այստեղ վարդեր

Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,

Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,

Թեև բացվում են նորից վարդեր:

Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,

Ու թող հրահրի հուրդ կախարդ.

Հիմա բացվում են այստեղ վարդեր

Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ:

 

Հետագայում Նվարդ Թումանյանը Տերյանի մասին պիտի գրի․ «Նա  սիրտ էր  համակ ու զգացմունք, միշտ տարվող ու գերող, վառվող ու այրվող, թերևս դրա համար էլ նրա սիրտը միշտ ցավով էր ու ցավակիր»։

 

Նվարդը հետագայում չամուսնացավ, իսկ Տերյանը շարունակեց ապրել իր կարճատև ու փոթորկալից կյանքը։

 

Նվարդին ուղղված նամակներից կարդա այստեղ,  ձայնային տարբերակով՝ այստեղ

 

 

Նվարդ Թումանյանը

 

 

 

 

Տերյանի անմոռանալի սերն էր Անթառամ Միսկարյանը, որին ուղղված նամակները վկայում են խոր սիրո և հոգեկան ջերմ կապի մասին։ Նրանց հարաբերություններն ընդհատվում են Սուսաննա Պախալովայի անսպասելի հայտնությամբ։ Տերյանը ամուսնության հանկարծակի որոշում է կայացնում (Սուսաննան ստել էր, թե երեխայի է սպասում)։ Անթառամը ևս ամուսնանում է, բայց նրանց նամակագրությունը շարունակվում է։ (Անթառամին ուղղված նամակներից մեկը կարդա այստեղ)։

 

    * * *

Սուսաննան և Վահան Տերյանը ամուսնանում են 1911 թ։ Սուսաննային է նվիրված այս բանաստեղծությունը․

Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։

Շարժումներդ երերուն
Եվ հայացքդ վշտագին.
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին։

Նրանց համատեղ կյանքը լի էր ողբերգական իրադարձություններով։ Պարզվում է, որ Սուսաննան հիվանդ է թոքախտով, վարակվում է նաև Տերյանը։ Նրանք երկու երեխա են ունենում (ամուսնությունից 5 և 7 տարի հետո), բայց երկուսն էլ մահանում են։

 

 

Սուսաննան


 

Շուտով  Սուսաննան և Վահան Տերյանը բաժանվում են։

Տերյանի կյանքի ամենածանր փուլում փարոսի նման հայտնվում է Անահիտ Շահիջանյանը։ Տերյանը ծանր հիվանդ էր, ընկճված կյանքի հարվածներից։ Ու Անահիտը, դեմ գնալով իր ծնողներին, որոնք Տերյանին եսասեր էին անվանում, ամուսնանում է նրա հետ՝ օգնելու, փրկելու հաստատակամությամբ։

Անահիտը նվիրված, ուժեղ կնոջ ֆոնոմեն էր, Տերյանի վերջին օրերի մխիթարությունը։ Երաժիշտ էր։ Տերյանը սիրում էր լսել նրա կատարումները։

Անահիտին է նվիրված այս տրիոլետը․

Դու հնչիր — քո սրտի գարունն է,
Իսկ իմում վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբ
ոքուն ու խանդոտ,
Դու հնչիր — քո սրտի գարունն է:
0 երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր — քո սրտի գարունն է,
Իսկ իմում վերջինն է, հիվանդո՜տ

 

 

 

 ***

 

1919թ․ Տերյանը նախաձեռնում է իր առեղծվածային ճամփորդությունը դեպի Միջին Ասիա՝ Տաշքենդ։ Անահիտը հետագայում ասել էր, որ իրենք ծրագրում էին Իրանով Շվեյցարիա հասնել, որտեղ Տերյանը բուժվելու հնարավորություն կունենար։

Անահիտը մի քանի ամսից երեխա պիտի ունենար, բայց պնդում է, որ ուզում է նրա հետ մեկնել։ Այդ ծանր ճամփորդության մանրամասները մեզ հասել են Անահիտի գրառումներից։ Հոկտեմբերի 25-ին սկսված ճամփորդությունը տևում է մի քանի ամիս, որովհետև ճանապարհի կեսից երկաթուղային ճանապարհ չկար։ Երկար կանգառների, ցրտի պատճառով Տերյանի վիճակն օր օրի վատանում էր, իսկ Անահիտը հերթական կայարանը հասնելիս թափառում էր շրջակա գյուղերում, որ սնունդ հայթայթի։

Տերյանը  գիտակցում էր մահվան մոտ լինելը։ «Ինչ ուզում ես արա, միայն թե փրկիր ինձ մահից»,-ասում է նա Անահիտին։

Նրա վիճակի պատճառով ստիպված են լինում կանգ առնել Օրենբուրգում։ Հյուրընկալվում են Օհանյանների ընտանիքում։ Հրավիրված բժիշկները բանաստեղծի կյանքը չեն կարողանում փրկել։

 

Անահիտ Տերյանը

Տերյանին հուղարկավորելուց հետո Անահիտը վերադառնում է Մոսկվա։ Պահպանվել է նրա մոր դաժան նամակը, որտեղ կրկին քննադատում է դստերը մեռնող մարդու հետ կյանքը կապելու համար ու խորհուրդ է տալիս երեխային ծնվելուց հետո մանկատուն հանձնել, որովհետև հավանաբար նա էլ թոքախտավոր է լինելու․․․

20-ամյա Անահիտը մեն-մենակ դիմագրավում է բոլոր դժվարությունները։ Անգամ Տերյանի նախկին ընկերներն էին նրա դեմ։ Պողոս Մակինցյանը, որին Տերյանը նամակներում մտերմաբար Պաոլո էր կոչում,  մյուս ընկերների հետ ձերբակալության սպառնալիքով Անահիտից խլում է Տերյանի ձեռագրերը, որ հետո խորհրդային կառավարության նախընտրած փոփոխություններով դրանք հրատարակի․․․

 

 

         ***

Անահիտը երեխայի ծնունդից հետո հոգատար դայակ է գտնում, աշխատում է, սովորում։ Նվարդը մեկ տարեկան էր, երբ հիվանդանում է դիզինտերիայով։ Երեխայի կյանքը փրկելու համար բժիշկները առողջարանային բուժում են խորհուրդ տալիս։ Անահիտը դիմում է Հայաստանի ղեկավար Ալ․ Մյասնիկյանին, որը Տերյանի ընկերն էր եղել, և օգնություն է խնդրում։ Ստանում է այսպիսի պատասխան․ «Հանձնեք երեխային մանկատուն»։

Այդ ժամանակ Տերյանի առաջին կինը՝ Սուսաննան, ամուսնացել էր Ա․ Մյասնիկյանի հետ և հավանաբար նրա խորհրդով էր գրված պատասխանը։ Նրանք երեխա չունեին և կուզեին որդեգրել Տերյանի դստերը․․․

Անահիտը ամուսնանալու հապճեպ որոշում է կայացնում։ Նրա երկրորդ ամուսինը՝ Ա․ Եղիազարյանը, օգնում է նրան հաղթահարել դժվարությունները ու մեծացնել Նվարդին։ Անահիտը ավարտում է կոնսերվատորիան, դառնում ռիթմիկայի մասնագետ, բազմաթիվ հաջողությունների հասնում։

(Ըստ Նվարդ Տերյանի ներկայացրած փաստերի)

 

Բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Տերյանը

Տերյանի գերեզմանը մոռացության էր մատնվել։ Նրա մահից 20 տարի հետո նրա հետքերով Օրենբուրգ է գնում գրականագետ Սաքո Սուքիասյանը, գտնում գերեզմանը։ Նա հուշատախտակ է տեղադրում այն տանը, որտեղ վերջին օրերն էր ապրել բանաստեղծը։

 

 

***

Տերյանի  ժառանգները

Նվարդ Տերյանը ամուսնացավ բանաստեղծ Գևորգ Էմինի հետ։ Նրանք երկու որդի ունեցան՝ Վահանն ու Գրիգորը։

Նվարդ Տերյանի ու Գևորգ Էմինի թոռն է Գևորգ Էմին-Տերյանը։ Նրա «Վահան Տերյան անտիպ և անհայտ էջեր» գիրքն էլ հիմք ենք ընդունել այս պատմությունը ներկայացնելիս։

 

 ***

 

 

Հայոց մեծ եղեռնի վավերագրողը

  Տերյանը եղել է Հայոց մեծ եղեռնի առաջին վավերագրողներից։ 1915 թ․ նա գալիս է Երևան և Ցարսկայա փողոցի որբանոցում ապաստանած երեխաներին հանձնարարում է շարադրել եղեռնի մասին իրենց հիշողությունները։ Վանից, Արճեշից գաղթած 8-15 տարեկան 27 որբերը իրենց բարբառով շարադրում են եղեռնի մասին ցավոտ հիշողությունները։ Այդ շարադրանքները բացառիկ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Դրանք երկար ժամանակ չեն հրատարակվել․ լույս են տեսել 2016-ին՝ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը» գրքով։ Ստեփան Զորյանը վկայում է, որ Տերյանը մտադիր էր պոեմ գրել Վանի մասին։ Նա հավանաբար ուզում էր օգտագործել նաև այդ վկայությունները, բայց ինչ-ինչ պատճառներով պոեմը չի գրել։

 

 

 ***

 

Երվանդ Քոչարը կրթություն է ստացել Տերյանի աջակցությամբ։

Հյուսիսային Կովկաս գործուղված ժամանակ Տերյանը հայ երիտասարդների էր հավաքագրում՝ Մոսկվա ուսման ուղարկելու համար։ Նրա ընտրած երիտասարդների մեջ էր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը։ Նա մինչ այդ Թիֆլիսում նկարչական կրթություն ստացել էր, բայց խառը ժամանակների պատճառով շարունակել չէր կարողացել։ Տերյանը նրան ուսումը շարունակելու պաշտոնական անցաթուղթ է տալիս, սովորեցնում, թե ինչպես վարվի, որ թշնամական զորքի ձեռքը չընկնի։

 

 ***

   Տերյանը առաջիններից էր, որ նկատեց ու գնահատեց Սերգեյ Եսենինի տաղանդը։ Մաքսիմ Գորկին նրա միջոցով է ճանաչել Եսենինին։

 

Խիզախ գործիչը

Տերյանը համոզված էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եթե հայ ժողովուրդը տալիս է իր զավակների կյանքը հանուն Ռուսաստանի ու դաշնակիցների հաղթանակի, ապա տհասություն է դրա դիմաց ոչինչ չպահանջելը։

 

Բոլշևիկյան կառավարությունում 1917-19 թթ․ փոխնախարարի (կոմիսար) պաշտոն զբաղեցնող Տերյանը փորձում էր Լենինին համոզել, որ ռուսական զորքը դուրս չբերվի Արևմտյան Հայաստանից, այլապես մեր հայրենակիցները կրկին ցեղասպանության վտանգի առաջ կկանգնեն։ Նա մշակում է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որի դրույթների իրագործման դեպքում արևմտահայերը հասնելու էին մինչև լիակատար ինքնավարության։

 

Տերյանի հետ Լենինն ու Ստալինը արտաքուստ համաձայնվում են։ Բայց շուտով կնքվում է Բրեստ-Լիտովսկի պարտվողական պայմանագիրը, որտեղ հայ ժողովրդի շահերը կրկին արհամարհվում են։ Ռուսաստանն ընդունում է «Հողի դեկրետը», ըստ որի՝ զինվորները, Ռուսաստան վերադառնալով, կարող էին հող ստանալ։ Սրա հետևանքը լինում է այն, որ զինվորները զանգվածաբար սկսում են լքել դիրքերը։

 

Պաշտոնավարման ընթացքում Տերյանը, հանուն հայրենիքի, այնպիսի համարձակ քայլեր է անում, որոնց համար կարող էր մահվան դատապարտվել։ Հայ գործիչներին գնդակահարությունից փրկելը, հեղափոխության տարածման համար նախատեսված 6 միլիոն ռուբլին հայ գաղթականներին բաժանելը, Հայաստանի անկախությունը ողջունելն ու դաշնակցական գործիչների հետ կապ պահպանելը  և այլ  իրողություններ բոլշևիկների աչքից չեն վրիպում, և սկսում են նրան հալածել։ Բայց նրանց պետք էր մեծ հեղինակություն վայելող Տերյանին ներկայացնել որպես նվիրյալ բոլշևիկ․ այդ էր պատճառը, որ խլում են ձեռագրերն ու նրա կյանքի պատմությունը տասնամյակներ շարունակ աղավաղված ներկայացնում։

 

  ***

 Տերյանը ծրագրում էր Մոսկվայի Լազարյան ճեմարանը հայագիտական ինստիտուտ դարձնել, արդեն հրավիրել էր անվանի հայագետների։ Բայց նրա պաշտոնը հետագայում ստանձնողները փոշիացնում են նրա սկսածը։

 

 

Գուրգեն Մահարի

 

Բառերով փրկված  կյանք 

Գուրգեն և Անտոնինա Մահարիները  հանդիպել են Սիբիրում։ Վիլնյուսի համալսարանի ուսանողուհի Անտոնինան Սիբիրում անցկացրել է 10-ը, իսկ Մահարին 17 տարի։ Անտոնինան հանդիպում է Մահարուն մահացողների հիվանդասենյակում։ Մահարին այնքան ծանր հիվանդ էր, որ բժիշկները հույս չէին տալիս։ «Գուրգենի վիճակը ծանր էր, ես երիտասարդ էի ու առողջ և օգնեցի նրան ապրել․․․․ Ես նրա կյանքը բառերով եմ փրկել։ Մահարին արդեն հույսը կորցրել էր, որ կառողջանա ու տուն կվերադառնա, իսկ ես խաբում էի նրան, թե ամեն ինչ լավ է, ասում էի՝ անպայման կառողջանաս, կգնաս տուն, քո գրքերը կհրատարակվեն, դու շատ տաղանդավոր ես ու հայտնի գրող կդառնաս․․․Այդ ամենը նրան ոգևորում, ուժ էր տալիս․․․»,- հետագայում պատմել է Անտոնինան։

 

Մեծությո՞ւն

Մի փիլիսոփայություն ուներ՝ կյանքն ամեն տեղ էլ կյանք է, ու մարդն էլ՝ մարդ: Որոնի՛ր մարդու բարեկամությունը, ինքդ բարեկամացի՛ր, ու դժվարը կհաղթահարվի:

Եվ ինքն այդպիսին էր: Անկաշկանդ կարողանում էր բարեկամություններ հաստատել, մտերմանալ՝ երբեք կարևորություն չտալով դիմացինի դիրքին, պաշտոն-աստիճանին, կապերին՝ այլ միայն ու միայն տեսնելով մարդուն: Միաժամանակ երբեք զգալ չէր տալիս, որ ինքն էլ վերջապես Գուրգեն Մահարին է՝ հնչեղ մի անուն ու ճանաչված մի մեծություն: Եվ այստեղ էլ՝ նույն հեգնախառն ժպիտը.

-Բոլորս, որ մեծություն անենք, հապա փոքրություն ո՞վ անի:

    ***

Գուրգեն Մահարին ընկերների շրջանում Գուրգեն-Մանարի մականունն էր վաստակել, որովհետև սիրում է թափառել և շաբաթվա այս ծայրից այն ծայրը իրեն կամ Թիֆլիս պիտի գցեր, կամ Գյումրի: Նա շատ էր սիրում թափառել:

 

 

   Գրասեղանի թելադրանքը

Մահարին սովորություն չուներ ասելու, թե ի՛նչ է անում, ինչի՛ վրա է աշխատում:

Առօրյա խոսք ու զրույցի մեջ որքան որ բաց էր ու սրտաբաց, նույնքան էլ խուփ էր իր ծրագրերի ու անելիքների հարցում: Երբ մամուլում հանդիպում էր որևէ գրողի ծանուցումներին, թե ահա շուտով կավարտի այս ու այն գործերը, բարեմիտ հեգնում էր.

- Հալլա՜, հալլա՜, այս մարդ ջուր չտեսած կբոբկնա: Իսկ եթե ավարտես ու չստացվի այն, ինչով հիմա այդքան ինքնավստահ հուսադրում ես ընթերցողին, պարտքդ ո՞վ է մարելու, եղբա՛յրս:

- Ինչո՞ւ ես այդպես ասում, Գուրգե՛ն խան, եթե մարդն աշխատում է, նշանակում է գիտե, թե ինչ է ստացվելու:

- Հապա քրասեղա՞ն...

- Գրասեղանն ի՞նչ...

- Ինչ կուզես՝ ծրագրի՛, նստեցիր քրասեղանի առջև, նա քո բոլոր ծրագրեր կծալի, ու ինք կսկսի թելադրել:

- Անհեթեթ բան ես ասում:

- Անհեթեթ դու ես, որ մինչ հիմա չես հասկացե այդ պարզ ճշմարտություն: Ես իմ սեփական փորձով գիտեմ: «Մանկություն» և «Պատանեկություն» ես բոլորովին այլ կերպ կծրագրեի, նստեցի գրելու, քրասեղան եկավ, մտավ իմ ու ծրագրերիս արանք և սկսեց ինք թելադրել…

Ոստիկանական բաժանմունքում

Մահարին սիրում էր գիշերները թափառել Երևանում, հիանալ նոր ստեղծված ճարտարապետական հրաշալիքներով։ Մի անգամ նրան է մոտենում մի ոստիկան և հարցնում, թե ով է և ինչու է այդ ուշ ժամին այդտեղ։ Գուրգեն Մահարին պատասխանում է, որ ինքը Մահարին է։ Ոստիկանը  ժպտում է և ասում, որ իրեն այդքան էլ հեշտ չէ մոլորեցնելը։ Ինքը դպրոցում սովորել է, որ Մահարին Բաղդադում ապրող բանաստեղծ է եղել և մեռել է դարեր առաջ (նկատի ունի Աբու Լալա- Մահարուն, որի մասին է Ավ․ Իսահակյանի նշանավոր պոեմը)։

Խեղճ Մահարին հայտնվում է ոստիկանության բաժանմունքում։ Հերթապահ ոստիկանը ճանաչում է Մահարուն և ասում, որ երկու անգամ  կարդացել է նրա «Մրգահաս» ժողովածուն և ներողություն է խնդրում պատահածի համար։

Մեծարենց

 

Պիտի ապրես ու ապրեցնես

Բարի ու քնքուշ, միևնույն ժամանակ ամուր բնավորությամբ կին էր Մեծարենցի մայրը՝ Իսկուհին։ Մեկ տարեկանում Միսաքը ծանր հիվանդանում է, բժիշկը ապրելու հույս չի տալիս։ Մինչ մյուս հարազատները լուրը լսելով սկսում են արտասվել, մայրը բոլորին սթափեցնում է ու խոսքը Միսաքին ուղղելով՝ ասում է․ «Չէ, Միսաքս, պիտի ապրիս ու պիտի ապրեցնես, որ օր մը հավատքի երգն երգես ամենուս»։

Ու չի սխալվում։

«Նոր գրիչ մը․․․»

 

Մեծարենցը հանդես է եկել նաև Շավասպ Ծիածան գրական անունով։ Պոլսում ապրելու ընթացքում պատանի բանաստեղծը փորձում էր տպագրել իր բանաստեղծությունները, բայց զարմանալի մերժողական վերաբերմունքի էր հանդիպում։ Մեծարենցն էլ հետաքրքիր քայլ է անում․ բանաստեղծություններ է ուղարկում  աղջկա անունից՝ Սիրանուշ Պերպերյան։ Բանաստեղծությունները տպագրում են, ավելին, խմբագրությունը ողջունում է «օրիորդին»՝ ներկայացնելով իբրև «Նոր գրիչ մը»։ Հայտնի երգը  ևս՝ «Կարմիր ծաղիկ մը գարունի», Մեծարենցը գրել  և ուղարկել է աղջկա անունից։

Բժշկող սեր

 

Մեծարենցը մտերիմ էր Տիգրան  և Օֆելյա Գասապյանների հետ։ Նրանք ամուսիններ էին, մասնագիտությամբ բժիշկներ ու շատ էին սիրում Մեծարենցի հետ զրուցել կյանքի, գրականության ու արվեստի մասին։

Մեծարենցը հոգեկան մեծ կապվածություն էր զգում հատկապես Օֆելյայի նկատմամբ։ Պահպանվել են նրան ուղարկված նամակները, որոնցում երևում է այդ մեծ սերը։

«Դարձյալ ճառագայթի պետք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մեջ քու գաղափարիդ լույսը ու մոտենամ քաղցր ու սփոփարար հոգիիդ, ո՜վ ճառագայթ քույրս, որովհետև այս առտուան բոլոր արփային ճառագայթներուն մեջեն քույր մը չգտա ինծի․․․ որ հոգվույս մթությունը լուսավորեր…»։

Բժիշկ Տիգրան Գասապյանը իր օրագրում մեծ ցավով է գրել Մեծարենցի վերջին օրերի տառապանքների մասին․ «Ո՛ւֆ, կարյունի սիրտս, վա՛խ Մեծարենց: Կը բժշկագործեմ։ Կը հատնին կոր թոքերը: Սիրտը կը բաբախե տենդոտ. ա՛խ, ի՜նչ կսկիծով կը լսեմ: Հետո խորհուրդներ, մխիթարություններ, որոնց թույնը լեզուն կայրե»։

Այսօր էլ ապրեցանք․․․

 

 Մեծարենցը սիրում էր երեկոները այցելել իր բարեկամներին ու լսել բժշկուհու երգերը։ Հրաժեշտից առաջ ասում էր․ «Այսօր էլ ապրեցանք»։

Օֆելյային սպասելու հոգեվիճակն արտացոլված է «Վայրկյան» (արևելահայերեն՝ րոպե) բանաստեղծության մեջ․

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.

Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.

Երազներու պերճուհին է որ կ’անցնի,

Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար․․․

Խորհրդանշական մատանին

 

Մեծարենցի մայրը՝ Իսկուհին, որդուն նվիրել էր ոսկե մատանի, որի ագաթե քարի վրա փորագրված էր․ «Կատարեալ սեր մերժե զերկյուղ» աստվածաշնչյան խոսքը «Երգ Երգոցից»։ 

Մեծարենցի ողջ կյանքը եղավ այս խոսքի հաստատումը։ Նրա  անհուն, տիեզերական սերը վանեց մահվան վախն ու ապրեցրեց նրա մաքո῀ւր, զգայուն հոգին բանաստեղծություններում։

Որդու մասին պատմելիս Իսկուհին վերցրել էր նրա նկարն ու ասել․ «Մեռած օրն ալ ասանկ Հիսուսին պես պզտիկ մորուք մը ուներ»։

Հիսուսի պես։ Ենթագիտակցական համեմատություն, որ թույլ էր տալիս բանաստեղծի անանձնական էությունը։

 

 

 

 

Մեծարենցի մատանին այժմ ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում։

Մայրիկ, վայրկյան մը սենյակեն դուրս կելլե՞ս․․․

 

Մայրը պատմում է, որ մահվան շունչը զգալով՝ Միսաքը նրան խնդրում է դուրս գալ, որ մորը տառապանքը չավելացնի․ «Մայրիկ, վայրկյան մը սենյակեն դուրս կելլե՞ս»։ Խոստանում է շուտով կանչել։ Քիչ անց մայրը հարցնում է՝ ներս մտնի՞, թե՞ ոչ։ Բայց արձագանք չի լսում։ Որդին լուռ անէացել էր։

Մայրը Միսաքի կորուստը սգում է մինչև լույս հայրենի Ակնի սգերգերը երգելով․ որդին սիրում էր նրա երգը․․․

Դրվագներ՝ Համո Սահյանի կյանքից

 

Երբ Համո Սահյանը փոքր էր, մի օր, երբ ծնողները գնացել էին սար՝ խոտհնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր՝ Համոյի հետևից, որ գնան դաշտ՝ սինձ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույրը ու չեն կարողանում առաջ շարժվել․ ախորժելի հոտը արբեցնում է քաղցած մանուկներին:


Հանկարծ լավաշի դարսը թևին գցած՝ դուրս է գալիս ծեր հացթուխը և երևի խղճալով սովահար փոքրիկներին՝ երկու լավաշ է տալիս:

«Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց»:- Հիշում է Համո Սահյանի քույրը՝ Հասմիկը:

Ծնողները հարցնում են, թե երեխաները արդյոք կերե՞լ են։ Նրանք պատասխանում են, որ ոչ։ Մայրն ու հայրը լաց են լինում։

Համո Սահյանը միշտ հուզմունքով էր հիշում իր կյանքի այս դրվագը։ Տասնամյակներ անց նա քրոջն ասում է․ «Էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…»։

1916 թ․ Ակսել Բակունցը՝ որպես ուսուցիչ, գալիս է Լոր գյուղ՝ Համո Սահյանի ծննդավայր։  Բակունցին բոլորը Ալեքսանդր վարժապետ էին ասում և պաշտում էին նրան՝ որպես ուսուցչի՝ չիմանալով նրա նաև գրող լինելու մասին։

Մեկ տասնամյակ անց Բակունցը կրկին Լոր գյուղ է գալիս՝ այս անգամ որպես գավառի գլխավոր գյուղատնտես։

Հետագայում Համո Սահյանը հուշերում գրում է․ 

«Ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները։ Գրիչս անզոր է։ Միայն երկու բան լավ հիշում եմ․ մեկ այն, որ շենաթաղցիները նրան սիրով ընդունեցին ու տարան իրենց գյուղը, և մտածում էի, թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրան բոլորը սիրում ու մեծարում են։ Մեկ էլ այն, որ նախանձից պայթում ու արցունքից խեղդվում էի, թե ինչու նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ ընկեր Համբարձումը․․․»

 

Տարիներ հետո Սահյանը պիտի կարդար «Ծիրանի տափը» պատմվածքը ու զարմանար՝ ո՞վ է Ակսել Բակունցը, որ այդքան լավ գիտի իրենց գյուղերի պատմությունը։ Նույնը պիտի մտածեր նաև «Խոնարհ աղջիկը» կարդալիս։ Օրերից մի օր բացվում է գաղտնիքը, երբ Սահյանը Ակսել Բակունցի կենսագրության մեջ կարդում է նրա՝ Լոր գյուղում ուսուցչություն անելու մասին։

«Ի՞նչ իմանայի,- գրում է Համո Սահյանը,- որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ․․․»։

Համո Սահյանի մայրը վաղ է մահանում։ Երեք ամսական տղայի՝ Հայկի խնամքի պատասխանատվությունն ու հոգսը մնում են տասներկուամյա քրոջ՝ Հասմիկի վրա, մյուսները Հասմիկից փոքր էին։

Համո Սահյանն այդ ժամանակ քսանմեկ տարեկան էր, Բաքվում էր սովորում: Երբ գնում էր հայրենի գյուղ, ինքն էր խնամում փոքրիկին՝ օրորում, կերակրում, լվանում շորերը։ Ասում էր. «Գոնե մի լավ բան արած լինեմ մամայի համար…Մորս համար ոչինչ չհասցրի անել…»:

Սակայն ամիսներ անց փոքրիկը մահանում է։ Սահյանը շատ ծանր է տանում փոքր եղբոր մահը։

Երեխայի թաղումից հետո, երբ ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջ, Սահյանը, արցունքն աչքերին, 12-ամյա քրոջը` Հասմիկին, խնդրում է մայր լինել քույրերի ու եղբայրների համար…
Այդ օրվանից ի վեր քույրերն ու եղբայրները Հասմիկին մամա են կոչել… Նամակներում գրում էին․ «Սիրելի մամա Հասմիկ…»:

 

Ըստ  Սուսաննա Բաբաջանյանի հոդվածի 

 

 

 

Համո Սահյանը շարքային նավաստի էր, երբ «Նաիրյան դալար բարդին» և մի քանի այլ ստեղծագործություններ ուղարկում է Երևան՝ Ստեփան Զորյանին։ Չգիտեր, թե ինչ կլիներ իր հետ, ուզում էր՝ գոնե բանաստեղծությունները ապրեին։

Ստեփան Զորյանը բանաստեղծությունները տպագրում է, դրանք նաև ռուսերեն թարգմանությամբ լույս են տեսնում «Պրավդա» թերթում։ Այսպես է ստացվում, որ «Պրավդայի» այդ համարը ընկնում է նավի հրամանատարի օգնականը ձեռքը։ Սահյանին բոլորը ճանաչում էին անձնագրային անուն-ազգանունով՝ Հմայակ Գրիգորյան, և տեղյակ չէին, որ բանաստեղծություններ է գրում։

Հրամանատարի օգնականը կանչում է Սահյանին և առաջարկում է կարդալ հայրենակցի գրած բանաստեղծությունը․

-Հանճարեղ բանաստեղծություն է։ Զինվորի սրտից է խոսում շուն-շանորդին։

Սահյանը չի ուզում ասել, որ գրողը ինքն է, որոշում է խորամանկել, ասում է, թե անձամբ ճանաչում է այդ  բանաստեղծին։

Սակայն հրամանատարի օգնականը չի հավատում․

-Համա թե գլուխ գովալ գիտես, հա, նավաստի՛ Գրիգորյան,- ասում է նա։

 

Ըստ Ստեփան Վարդանյանի 

 

Պատերազմի ժամանակ Սահյանը մի անգամ կապիտանի  հրամանը չի կատարում ու, ի հակառակ իրեն տրված «կրակ» հրամանի, վազում է՝ ջուրն ընկած մեկին փրկելու։

Կապիտանը կանչում է, բացատրություն պահանջում, Սահյանն էլ պատմում է կատարվածը, բայց կապիտանը համառում է. «Քեզ կարգադրված է եղել՝ «կրակ», դե հիմա շրջվիր և քայլ առաջ արա»։ Հրամանը մի քանի անգամ կրկնվում է։

Այդպես Սահյանը հասնում է նավի եզրին ու կանգնում, կապիտանը թիկունքից նորից է կրկնում՝ քայլ առաջ։

 Ձմեռ, ցուրտ, սառնամանիք․ Սահյանը մի քայլ էլ է առաջ գնում՝ հենց զինվորական շինելով ցատկելով ջրի մեջ։

Ճիշտ է, անմիջապես հանում են ջրից, բայց արդեն սառած է լինում, ու դրանից հետո նրա մի թոքը վնասվում է։

 

Ըստ Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի պատմածի

 

Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը: Հրաժարվում է.
-Ընտանեկան ալբոմում հաճախ մերկ երեխաների լուսանկարների ենք հանդիպում: Դրանք հրապարակավ չեն ցուցադրում, տան համար են:

 «Քո և Համո Սահյանի տարբերությունը ո՞րն է»,-  հարցնում են Շիրազին:

«Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն՝ Համոն՝ գլուխը կախ, ես՝ գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես՝ ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը՝ ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն՝ խոտի վրայի շաղով: Էսքանը»:

 

Նմանատիպ մի հարց էլ տալիս են Սևակին, նա էլ, խոսքը Համո Սահյանին ուղղելով, ասում է․ «Դու շինականի որդի ես, քո խոսքը Հորովելն է, ես տերտերի թոռ եմ, իմ խոսքը Պատարագն է»։