10/04/2025

Պետրոս Դուրյան

 

Դուրյանը մեծանում էր  աղքատության մեջ: Սկյուտարի ճեմարանում, որտեղ սովորում էր նա, ունևորների զավակները ուսման համար վճարում էին, չունևորները՝ ոչ։ 

Այսպիսի մի կարգ կար, որ ճաշարանում չունևորները սպասարկում էին վճարունակ աշակերտներին, որ հետո իրենք էլ օգտվեին այդ սեղանից։

Դուրյանը երբեք ճաշարան չէր գնում։ Հպարտ պատանին փակվում էր դասասենյակում ու գիրք էր կարդում:

Անզգույշ կատակ

Դերասանուհի Ազնիվ Հրաչյան պատմում է, որ 1870 թ․ ամառային մի օր դերասանուհիներով նստած են լինում, երբ ներս է մտնում երկարահասակ, մաշված շորերով ու գունատ Դուրյանը՝ թևի տակ իր «Թատրոն կամ թշվառներ» ստեղծագործությունը։ Դերասանուհիները կատակով իրենցից մեկին՝ Թերեզային, ասում են՝ քուկինդ (քոնը) եկավ՝ ակնարկելով, թե Դուրյանն անտարբեր չէ նրա նկատմամբ։ Թերեզան էլ ասում է, որ իրեն պետք չէ, գունատ է, շուտով կմեռնի։

Աղջիկները չեն էլ կասկածում, թե Դուրյանը լսել է իրենց, բայց նրա մահից հետո, երբ տպագրվում է «Լճակը», Ազնիվ Հրաչյան, կարդալով «Մին՝ դողդոջ է գույն չունի, մյուսն էլ ըսավ՝ կմեռնի․․» տողերը, հիշում է Թերեզայի խոսքերը։

Որքան զգույշ պետք է լինել մարդկանց մասին խոսելիս, կարելի է միայն պատկերացնել, թե աղջկական կատակը որքան է ցավեցրել հիվանդ ու զգայուն բանաստեղծին․․․

Քննարկում

Քո ներկայությամբ երբևէ անզգուշությամբ ցավեցրե՞լ են մարդկանց, ինչպե՞ս ես դու արձագանքել։

Ծեծ թատրոնի պատճառով

Դուրյանի հայրը տանել չէր կարողանում թատրոնը։ Դուրյանն առաջին անգամ թատրոնին առնչվել է դպրոցական տարիներին, երբ աշակերտներով ֆրանսերենից պիես են թարգմանում և բեմադրում։ Երբ հայրն իմանում է, որ որդին թատրոնում պիտի խաղա, քարը ձեռքին շտապում է թատրոն։ Բարեբախտաբար մյուս որդին ավելի շուտ է հասնում, Պետրոսին քաշում է ետնաբեմ ու զգուշացնում այդ մասին։

Տանը որդիները ծեծ են ուտում թատրոնի համար։ 

Երբ մի քանի տարի հետո Պետրոսը՝ որպես դերասան, թատրոն է մտնում, այդ դեպքի հիշողությունը դեռ թարմ էր, բայց աշխատավարձի առկայությունը փոքր-ինչ հանգստացնում է հորը։

 

 

Բախտակից ընկերներ

Պ. Դուրյանի մտերիմ ընկերն էր Վարդան Լութֆյանը, որը նույնպես բանաստեղծ էր և նույնպես հիվանդ էր թոքախտով։ Նրա մահվան սնարի մոտ Պետրոսը խնամում էր նրան ու գրականագետ Արշակ Չոպանյանի վկայությամբ՝ ուտում նույն ամանից՝ նրա հետ մեռնելու համար։

1871թ․ Վարդանը մահացավ։ Սա ծանր կորուստ էր Պետրոսի համար, որին ընդամենը մեկ տարվա կյանք էր մնացել։

Ո՞վ էր նա․․․

Գրականագետները գլուխ են կոտրում հասկանալու համար՝ Դուրյանի սիրային բանաստեղծությունները երևայակա՞ն ծնունդ են, թե՞ իրական հարաբերությունների արձագանքներ։

Ասում են, որ Պիստոս-Արաքսյա անունով դերասանուհին փոխադարձաբար սիրել է Դուրյանին ու «Զնե պաշտեմ» բանաստեղծությունը նրան է նվիրված։

Բանաստեղծը գրել է միայն անվան առաջին տառը՝ Պ։

Ես կը պաշտեմ զ՚իմ Պ…

Ինձ կը բավե իր սրտին

Մեկ ճառագայթը միայն,

Եվ մեկ վարդն իր ժպիտին:

Ասույթներ
Աշխարհի մեջ միայն երգեր շատ սիրեցի, կ՚ուզեմ, որ վերջին շունչս ալ երգ մ՚ըլլա։
Ա՜հ, գեղեցիկ կյանք մ՚ալ կա – սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք...
Այժմ հայը Քրիստոսը կթողու ու սնապաշտության մը կհետևի, ա՞յս է միթե քրիստոնեությունը։
Իմ հոգին հառած է դալկահար և անհուն աշխարհի մը, զոր երկինք կը կոչին:
Թոշնեցավ ամեն մարդկային տենչ սրտիս մեջ… ամեն հույսերս մոխիր դարձան:
Ահա երիտասարդ մը, որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:
Թատրոնը հայելի մ’է, որուն մեջ մարդս կրնա իր ճշմարիտ պատկերը տեսնել և որով իր վրա նշմարած անհաճո տեսքերը անհետացնել և մաքրել, իսկ դերասաններն ալ մեկ մեկ դաստիարակներ են, որ ամեն աստիճանի մարդոց ճշմարիտ պատկերը կամ բարության և լավության հետևանքները ներկայացնելով, մարդուս բարոյական զարգացմանը պատճառ կըլլան:
Ես որ աշխարհի մեջ երգերը շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա… Մարդուն նշանաբանը երգն է: էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ’է… Ա¯հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ..
Ես երկնքի հիվանդությունն ունիմ:

Իմ տխրությունս կը սիրեք, զի բանաստեղծական է:

Комментариев нет:

Отправить комментарий