Տանը սարդ տեսնելիս շատերի առաջին արձագանքը նրան անմիջապես սպանելն է։ Սակայն սարդերը բնության, ինչպես նաև բնակելի տարածքներում ձևավորված փոքր էկոհամակարգի կարևոր մասն են և հաճախ մարդու համար ավելի օգտակար են, քան վտանգավոր։ Մարդիկ սովորաբար իրենց բնակարանները պատկերացնում են արտաքին աշխարհից լիովին մեկուսացված տարածքներ, մինչդեռ տներում մշտապես բնակվում են տարբեր մանր կենդանիներ և հոդվածոտանիներ։ Սարդերի մի մասը բնակարանում հայտնվում է պատահաբար, որոշ տեսակներ միայն ժամանակավորապես են բնակվում, իսկ մյուսները լիովին հարմարված են փակ տարածքներում ապրելուն, բազմանալուն և իրենց ամբողջ կենսաշրջանն այնտեղ անցկացնելուն։ Տներում հանդիպող սարդերի շատ տեսակներ վարում են թաքնված կենսակերպ: Նրանք խուսափում են մարդկանցից և սովորաբար ագրեսիվ չեն։ Դրանք հաճախ բնակվում են մութ, հանգիստ և քիչ օգտագործվող տարածքներում, որտեղ ցանցեր են գործում և որսում մանր միջատներին։ Այս կերպ սարդերը բնական ճանապարհով նպաստում են տանը վնասատուների քանակի նվազեցմանը։
Հյուսիսային Կարոլինայի
50 բնակելի տներում անցկացված ուսումնասիրության ընթացքում հետազոտողները փորձել են
պարզել, թե ինչպիսի հոդվածոտանիներ են ապրում մարդկանց բնակավայրերում։ Ուսումնասիրված
բոլոր տներում հայտնաբերվել են սարդեր։ Ամենահաճախ հանդիպողներից էին անկանոն սարդոստայն
գործող և երկարոտն սարդերը։ Այս տեսակները հիմնականում սպասում են, մինչև որսը հայտնվի
իրենց ցանցում։ Երկարոտն սարդերը երբեմն նաև լքում են իրենց ցանցը և որսում այլ սարդերի՝
նրանց մոլորեցնելով որսի շարժումները նմանակող ազդակներով։
Սարդերը խիստ ընտրողական սննդակարգ
չունեն և սովորաբար որսում են այն ամենը, ինչ կարողանում են բռնել։ Նրանց որսի մեջ
հաճախ հայտնվում են մարդկանց անհանգստություն պատճառող վնասատուները, ինչպես նաև հիվանդություններ
փոխանցող միջատները, օրինակ՝ մոծակները։ Աֆրիկյան որոշ բնակավայրերում հանդիպող ցատկող
սարդի մի տեսակ նույնիսկ նախընտրում է որսալ արյունով սնված մոծակների: Հետևաբար տանը
սարդ սպանելը կարելի է համարել բնական գիշատչի վերացում, որն օգնում է սահմանափակել
վտանգավոր միջատների տարածումը։
Սարդերից վախը տարածված
երևույթ է։ Դրան նպաստում են նրանց արտաքին տեսքը, բազմաթիվ ոտքերը և այն փաստը, որ
տեսակների մեծ մասն ունի թույն։ Այնուամենայնիվ, սարդերի մեծամասնության թույնը չափազանց
թույլ է մարդու առողջությանը վնաս պատճառելու համար։ Սարդերից վախ կարող են ունենալ
նույնիսկ միջատաբաններն ու սարդեր ուսումնասիրող մասնագետները։ Շատ հետազոտողների հաջողվել
է այդ վախը հաղթահարել՝ սարդերին ավելի մոտիկից ուսումնասիրելու և նրանց վարքագիծը
հասկանալու միջոցով։ Սարդերը հիմնականում չեն ձգտում մոտենալ մարդկանց կամ հարձակվել
նրանց վրա։ Ընդհակառակը՝ նրանք գերադասում են թաքնվել և խուսափել շփումից, քանի որ
մարդը նրանց համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում։
Հարկ է նշել, որ սարդերի խայթոցները
չափազանց հազվադեպ են։ Թեև գոյություն ունեն բժշկական նշանակություն ունեցող որոշ տեսակներ,
այդ թվում՝ սև այրի և ճգնավոր սարդերը, նույնիսկ դրանց հետ կապված լուրջ դեպքերը տարածված
չեն։ Բնակելի տարածքներում հանդիպող սարդերի ճնշող մեծամասնությունը մարդու համար վտանգավոր
չէ։
Եթե սարդի ներկայությունն այնուամենայնիվ անհանգստացնում է, նրան
սպանելու փոխարեն կարելի է զգուշորեն տեղափոխել բաց տարածք։ Դրա համար կարելի է սարդի
վրա բաժակ կամ փոքր տարա դնել, տակի հատվածում թուղթ մտցնել և այն դուրս հանել տնից։
Այս եղանակով հնարավոր է ազատվել սարդի ներկայությունից՝ առանց կենդանուն վնասելու։
Այսպիսով, տանը սարդերի
առկայությունը բնական երևույթ է։ Նույնիսկ երբ դրանք տեսանելի չեն, ամենայն հավանականությամբ,
բնակվում են պատերի ճեղքերում, կահույքի հետևում կամ այլ թաքնված հատվածներում։ Սարդերի
հանդեպ ավելի հանդուրժող վերաբերմունքը ոչ միայն օգնում է պահպանել կենդանի օրգանիզմների
բնական հավասարակշռությունը, այլև թույլ է տալիս օգտվել վնասատու միջատների դեմ նրանց
կատարած բնական աշխատանքից։
Հետևաբար հաջորդ անգամ տանը սարդ
հանդիպելիս առավել ճիշտ կլինի նրան չսպանել, այլ հանգիստ թողնել կամ տեղափոխել դուրս՝
առաջնորդվելով «Ապրի՛ր և թո՛ւյլ տուր ապրել» սկզբունքով։
