5/03/2012

Տելեվիզոր-հեռուստացույց



Արուս- Բարև Մարիամ, ինչ կա՞:
Մարիամ- Հե'չ, սովորական Արուս ջան:
Արուս- Տնեցիք լավ են՞:
Մարիամ- Հա,լավ են:
Արուս- Դե', լավ Մարիամ ջան, գնամ տուն, տենամ տելեվիզորով ինչ կա, էս ցրտերն էլ որ չեն սկսվում, ամբողջ օրը տանն ենք:
Մարիամ- Գնա', գնա': Ես էլ գնամ գրախանութ, թոռնիկիս գիրք եմ խոստացել:
Արուսը գնում է տուն, ճիշտ է, չորրորդ հարկում են բնակվում, բայց անպայման վերելակով է բարձրանում, մեծ կին է, հո մեկի փոխարեն չորսը հարկ չի բարձրանա: Բայց , թե <<վայն>> եկել տարել է բնակիչներին, եթե վերելակի վարձը չեն մուծել , կամ էլ` լույսեր չկան: Արուս, դու Արուս, շատ է նեղվում խեղճ կինը, անպարտաճանաչություն չի սիրում և ոչ էլ` անակնկալներ: Ներս է մտնում:
Թոռնիկը խաղում է, հարսը ամաններն է լվանում` հինգը րոպեից կրկին այդ գործընթացը կրկնելու ակնկալիքով:
Արուս- Ուֆ, ուֆ էս ինչքան վատ եմ: 
Հարսին, թե Լուսո, հլը <<պուլտը>> բեր:
Խեղճ Լուսո, դե արի ու ամանների չխկոցի ներքո ձայն լսիր, այն էլ` սկեսրոջ:
Հեռակառավարման վահանակը մի կերպ, չուզելով, վեր է կենում ու գտնում, գնում, հանգրվանում սեղանին: Սուրճի, թխվածքի ուղեկցությամբ էլ հայտնվում է Լուսոն:
Իսկ հատակին վու, վու, վու, քըխ, քըխ, քըխ, արա կտամ կսատկես <<խաղում է ձագուկը>>: Ոչ հեռվում, էկրանից այն կողմ հնչում է երաժշտությունը, սկսվում է հերթական սերիալի հերթական սերիան:
Լուսո-Ա'յ տղա Հակոբիկ, սու'ս մնա:
Հակոբիկ-Մամ, խելոք եմ մնում:
Ու  մեր Հակոբիկը խաղից կտրվելով աչքը <<միամիտ>> գցելով հեռուստաէկրանին, ինչ  տեսնի, տեսնի ինչ` պաչիկ- մաչիկ, տուրուդմբոց- հարայհրոց, դանակ, հրացան, ջարդած ոտք ու գլուխ: Հակոբիկ քեզ Հակոբիկ, թողնում է  խեղճ խաղալիքներին անտեր ու մի կտոր թխվածք ձեռքն առնելով ակնապիշ նայում: Այդ անտեր գովազդն էլ որ չեն տալիս, խեղճ երեխի նյարդերը տեղի են տալիս:
Հակոբիկ- Ի՜՜՜՜՜՜ տատի, հոգնեցի գովազդից:
Արուս- Հա՜, անտեր գովազդը որ չտան լավ կլինի: Արի' բալես, գետնին մի նստի, արի' գիրկս, կսառչես:
Հակոբիկ- Եկա:
Ու ժպիտով, փայլուն աչքերով մեր բալիկը հայտնվում է տատի գրկում, իսկ այնտեղ` հեռվում, գրադարակներից արցունքն աչքերին նրան էին նայում գրքերը, տետրերը, մատիտներն ու գրիչները: Անտեր խաղալիքների մասին էլ չասած: Չնայած, ինչպես փոքրիկը նկատեց, սերիալի միջի դանակից, հրացանից ինքն էլ ունի, ու հասկացավ, թե ինչքան խելացի ու լավն են իր հայրիկն ու մայրիկը: Սերիալ սերիալի հետևից նայեց մեր Հակոբիկը մինչև եկավ պապան, մի կտոր հաց կերավ ու փռվեց բազմոցին: Փոքրկը կրկին հիշեց իր խաղալիքներին ու գնաց խաղալու, տեսածը գործածելու, երբ լսեց ու տեսավ, թե ինչպես է հռհռում իր հայրիկը: Իսկ ծիծաղի պատճառը այդ <<հումորային>> հաղորդման հերոսներն էին: Էս բալիկը, ինչպես իր տարիքում յուրաքանչյուրը, սկսեց դիտել ու մտապահել ամենը և առավոտյան պատմեց ընկերներին, բայց հայտնագործություն չարեց, քանի որ բոլորն էլ դիտել էին, բացի մեկից` Արմենից, ով տուն գնալով մորն հարցրեց, թե արդյոք ճիշտ են վարվում Հակոբիկի և ուրշների ծնողները, որ թողնում են նման հաղորդումներ դիտեն երեխաները, իսկ մայրը, թե. «Որդի’ս, տարբեր ընտանիքներ կան, տարբեր մտածելակերպ ու դաստիարակություն: Եթե ծնողը այդպիսին է, այդպիսին կլինի և երեխան»:

Արմեն- Մա'մ, բա որ պապան այդպիսի ֆիլմեր, հաղորդումներ է դիտում, ես էլ եմ վատը՞:
Մայրը, թե, ոչ, հասկանում ես, դու չպետք է հորդ նմանվես, նրա ընտանիքը ուրիշ է եղել և նա չի փոխվի, բայց դու կարող ես օրինակ ծառայել նրան` նայելով ուսուցողական, մշակութային հաղորդումներ, կարդալ գրքեր: Ի դեպ, գիտեիր, որ այս օրը` նոյեմբերի 26-ին, 1956 թվականին առաջին անգամ եթեր հեռարձակվեցին  հայկական առաջին հեռուստահաղորդումները, իսկ 1957 թվականի փետրվարի իննին տեղի ունեցավ Երևանի հեռուստատեսության ստուդիայի հանդիսավոր բացումը:
Արմեն- Իրո՞ք, գնամ և պատմեմ ընկերներս:

4/02/2012

Պահանջվում է աշխատող


«Պահանջվում է աշխատող» նախադասությունն ամեն օր լսում ենք եթերում, կարդում թերթերում ու պատերին: Կարդում ու անցնում ենք` ի տարբերություն նրանց, ովքեր աշխատանք են փնտրում: Բայց, նայած, թե այդ աշխատանք փնտրողներից քանիսն են բարետես:
Հա, նոր ձև է, եվրոպայից է ներմուծվել:

-Պահանջվում են բարետես, մինչև քսանհինգ տարեկան վաճառողուհիներ:
-Պահանջվում են բարետես մատուցողուհիներ և այլն:Չմոռանալով նաև  օտար լեզվի իմացության ու 1000-2000 դրամ աշխատավարձի մասին:
Եվ մեր և ձեր թանկագին ժամանակը չվատնելու համար գոնե հայտարարությունից հետո գրեք շիկահեր, թե՞ սևահեր, բարձրահասակ, թե՞ կարճահասակ, կարող է բարետես եք գրում, բայց ձեզ համար բարետեսն ինձ համար տգեղ է, կամ` հակառակը. դա ինչպե՞ս որոշենք: Կամ էլ` մի նկարիչ բերեք և' գումար կաշխատի, և՛ ձեր ուզած մոդելը կնկարի, դուք էլ կպատվիրեք ու նկարի ներքևի մասում կգրեք.
-Բարետես վաճառողուհի: Նրա համար, որ նայեն դեմքին, գնեն ժամկետն անց սնունդ կամ անճաշակ հագուստ
-Բարետես հեռախոսավարուհի: Նրա համար, որ լսեն «բարետես»  ձայնն ու անընդհատ զանգեն
-Բարետես գանձապահ: Նրա համար,որ ընկղմվեն աչքերի մեջ ու փողը չհաշվեն.  Այն երբեք ավելորդ չի լինում:
Է՜հ,աշխատողներն էլ ուզում են ազնիվ, բարեխիղճ ղեկավարներ, որ աշխատավարձը ժամանակին տան, ոչ թե մի բան էլ վերջում իրենցից պահանջեն:

3/16/2012

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների թիվն ավելացավ ևս մեկով



Խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև ժողովրդի բարեկեցությունն ու երջանկությունը ցանկացող, քաղաքականությունից, տնտեսությունից, մշակույթից, լեզվից ու գրականությունից գլուխ հանող, տուն-տեղ, մեքենա, էլիտար թաղամասում էլիտար խանութ չունեցող, գիշերային ակումբներ, խաղասրահներ չհաճախող, չծխող, չխմող, ժողովրդի ձայնը ԱԺ-ի դահլիճ հասցնել ու այնտեղից առանց վնասի ու վերջնական լուծում ստացած դուրս հանել խոստացող, անկուսակցական Մեղուն, ով այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց իր ծրագիրը:

 Ծրագրում բազում հարցեր էին ներառված, այդ թվում և Երևանը  նախկին տեսքին բերելը.

<<Թամանյանական նախագծի հերն անիծողները կհիշեն իրենց ծնունդը, կվերանա Հյուսիսային պողոտան` իր իսկ  շենքերով, որոնք   առանց այդ էլ փոքր ցնցումից փուլ կգան:Ինձ չի հետաքրքրում, թե այդ ամենն ում է պատկանում>>,- ասաց բանախոսը:

 Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչ պիտի անեն այնտեղի բնակիչները` ասաց.

<<Բնակիչներն էլ քանի որ ծնված օրվանից էլիտար կաթիկ են խմել, ծայրամասերում չեն դիմանա, ուստի նրանց բնակարաններ կհատկացվեն Մաշտոց, Սայաթ-Նովա, Բաղրամյան փողոցներում: Պետք չէ, որ կաթված ստանան, փոքր ազգ ենք, ամեն մի շունչ կարևոր է>>:

Անդրդարձավ նաև ժամերը փոփոխելու հարցին: դեմ է վերջին նորոմուծությանը:

<<Ժողովուդը կարծես թե թվերը մոռացել ու միմյանց հետ կոդերով են խոսում: Ասում ես, թե երբ կգաս, ասում են` Աննայի ժամին: դե արի ու բան հասկացիր>>:

Մեղուն նշեց նաև, որ առաջադրված լինելով ժողովրդի կողմից, կծառայի նրան, ծնկի չի գա ոչ ոքի առջև. Ոչ տեղի, ոչ էլ` այն տեղի իշխանավորի առջև: Իրեն չի հետաքրքրում ու չի հետաքրքրի, թե ասենք այլ երկրում ով իշխանության կգա ու չի ոգևորվում նրանց քաղաքական ասպարեզում ստացած հաջողություններից:

<<Եթե իրական դիվանագետ ես, գիտես թե ինչ պետք է անես>>,- հավելեց նա:

Իսկ վերջում խոստացավ ժողովրդին տրված խոստումները չկատարելու դեպքում ինքնակամ հեռանալ.

<Ես իսկական պատգամավոր եմ, երեսփոխան չեմ եղել ու չեմ լինի>>:


3/05/2012

Արմեն Աշոտյան. ԿԳ նախարար


Արմեն Աշոտյան. ԿԳ նախարար,ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ծնվել է 1975թ հուլիսի 25-ին: Ժամանակակիցների վկայությամբ` պետք է ծնվեր երկու օր շուտ, բայց մանկիկը  դիմում է գրել` խնդրելով հետաձգել ծնունդը:
Փաստորեն, դեռ չծնված, արդեն իր ճակատագրի ուղին գծել էր փոքրիկ Աշոտիկը:
 Առաջին կանգառը դպրոցն էր, ապա` ԲՈՒՀ-ը: Նա սովորել ու ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Լավ է սովորել, թե վատ, չկարողացա պարզել(փորձեցի դասախոսներից պարզել, սակայն նրանք, լինելով բժիշկ, հետևաբար` գաղտնապահ, ոչինչ չասացին):
 Բայց մարդը սովորեց ու ավարտեց, անգամ հասավ <> համալսարան` մասանկցելու վերապատրաստման դասընթացների:
Մասնագիտությամբ չի աշխատել, բայց մի հարյուր էջ սևացնելու համար արժանացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչմանը: Ուստի, հիմա ամեն ինչ անում է, որ իր սխալը չկրկնեն: Ելույթների ժամանակ անընդհատ ասում է, որ, եթե չպետք է լավ մասնագետ դառնաք, գիտությանը օգուտ չտաք, դարձեք լավ արհեստավոր, դարբին, ոսկերիչ. Ուրշների տեղը մի’ զբաղեցրեք:
Նախարարը, լինելով արդարության ջատագով, ամեն ինչ անում է` անիրավներին բացահայտելու համար: Օրինակ օրերից մեկ օր նրան տեղեկացնում են, որ Վանաձորում կա գաղտնի սենյակ, որտեղ քննություն են <<հանձնում>> մի քանի դիմորդներ: Արագ հագնվում է, կանչում տաքսիներից մեկն ու ուղիղ Վանաձոր` Տերյանի անվան թիվ 5 դպրոց` տեսնելու, թե այդ ինչ գաղտնի սենյակի մասին են խոսում: Գնաց, գնաց ու տեսավ մի շենք, շենքում` մարդիկ, շուրջը` ծառեր: Ներս մտավ: Այս կողմ գնաց, այն կողմ գնաց, որևէ գաղտնի սենյակ չհայտնաբերեց: Խեղճը երևի ուզում էր կողպեքով, կարմիր պատերով սենյակ գտնել, բայց, ավաղ, չգտավ:

Էէէէ, երևի Վանաձորի օդն էր ազդել, որ խեղճ մարդն այդքան միամիտ էր դարձել: Նա նոր, նոր էր լսում, որ ընդունվածների ցուցակը վաղուց պատրաստ է, որ կա հատուկ գիծ, գծից այս կողմ նստում են հարուստներն ու ծանոթ ունեցողները, գծից այն կողմ` հեքիաթներին հավատացողները:

Նա չգիտի, որ այսօր ձգտում են ընտրել ոչ թե նրան, ով լավ մասնագետ է, այլ նրան, ով շատ կզվարճացնի ուսանողներին:
Նա ոչինչ, ոչինչ չգիտի, բայց նախարար է, կրթության ու գիտության նախարար: Նա ոչինչ չի կարող անել, քանի որ նախարար է, պարզապես կրթության ու գիտության նախարար: Կարևոր հարցերը լուծվում են այնտեղ` վերևում, իսկ պակաս կարևորներն` այստեղ` ներքևում: Ասենք, Լեզվի տեսչության նախագահ և նախկին կոլեգայի վրա նա կարող է հոխորտալ` ասելով. <<Խելոք մնա, թե չէ տեղդ չես մնա, այ Սերյոժիկ>>, բայց նույնը չի կարող ասել վերևում նտածներին, որքան էլ որ համաձայն չլինի նրանց հետ: Նրանք իրենից շուտ կասեն.
<<Փախի հլը Աշոտիկ, քանի տունդ ու տեղդ չես կորցրել>>:

3/01/2012

Մա'րշ դեպի երկինք

Համաձայն Համաշխարհային  օրենսգրքի 2012-րդ գլխի առաջին կետի` երկրի բոլոր աստղերը պետք է վեր բարձրանան, իսկ  երկնքի աստղերն իջնեն վար:
Այս օրենքն ընդունվեց, քանի որ երկնքում էլ աստղեր չեն մնացել, ինչը վտանգավոր է. մեկ էլ տեսար` աշխարհի վերջը շուտ գա.վտանգ է սպառնում նաև արևին ու լուսնին:
Բայց «յամանն» են էս աստղերը: Հերիք չէ երկնքից են իջել, մի բան էլ` բոլոր տեղերը գրավել են. դարձել են էլ երգիչ, էլ դերասան, էլ հաղորդավար...
Զարմանալին այն է, որ երկնքից իջնում են իրենց անուններով: Չգիտես` ում մտքի փայլուն արդյունքն է, որ ամեն մի աստղի անուն է տվել, մի բան էլ` ստորագրել ու իջեցրել (հիշենք որ երկնքի աստղերն իրենց անուններով են կոչում երկրի աստղերը, էլ ասֆալտի մասին չենք խոսում.սա էլ իրենք սեփականաշնորհեցին): 
Հասարակ մահկանացուներն էլ սրանց ձեռը կրակն են ընկել,վառում են ու վառում: Եթե փորձես հարցնել,թե ինչու են  երգում կամ հաղորդում վարում,ասում են` բա փող է պետք: Դե, եթե աստղերին է փող պետք, էլ մենք ինչ ասենք: Բայց, դե հող է,սրանց ծանրությանը չի դիմանում:Իսկ որոշումն արդեն ընդունված է`  հիմա հերթով, շարքով, կարգով վեր բարձրացեք: Մենք աստղերի հետ գործ չունենք, հազիվ հողեղեն մարմիններից ենք գլուխ հանում: Նեղանալ-մեղանալ չկա: