6/02/2012

Փոքրերի աշխարհ





Մեր ծնողներից, տատիկ-պապիկներից լսել ենք, գրքերում էլ կարդացել, որ փոքրերն ունեն իրենց աշխարհը։ Աշխարհ, որը մաքուր է, ազնիվ։ Բայց, չգիտես ինչու` որոշ փոքրիկներ լքել են աշխարհն այդ ու ընկել մեծերի աշխարհ, որտեղ իշխում են դաժան օրենքներ, ուր ամեն ինչ այնքան խառն է։
Փոքրիկն այսօր առավոտից իրիկուն ուտում-խմում, թափառում բակում, համակարգչի հետ գլուխ տալիս ու սերիալ է դիտում։ Դիտում է ու ցանակնում նմանվել հերոսներին, սկսում է կրկնօրինակել նրանց։
Մեկ ասում ես մեղադրենք սերիալ ստեղծողին, սցենար գրողին, հետո մտածում ես` ախր նրանք ի՞նչ մեղք ունեն. փողիս մուննաթ ու ղեկավարի խելքին։ Այս դեպքում ո՞վ է մեղավոր։ Իհարկե ծնողը, ում բաց բերանին ու անթարթ աչքերին նախանձելով երեխան նստում է կողքն ու խորասուզվում։
Ապա բացվում է լույսը, բալիկը նայում է օրվա դասացուցակը, շալակում պայուսակն ու բռնում դպրոցի ճամփան։ Հետո երկուսը կամ ժամանակակից 5 բալը շալակում ու վերադառնում է։ Ծնողը գնահատականը տեսնում է, մի քանի վայրկյանում կնճռոտում դեմքն ու նախշում նախշուն բալիկին` մոռանալով, որ այդ երեկ էր, որ երեխան իր կողքին նստած հերթական սերիալի հերթական սերիան էր դիտում։
Այսօրվա 4-5 տարեկան երեխան մոր գրկում նստած փոխանակ խոսի պատմվածքի, հեքիաթի կամ գոնե մուլտֆիլմի մասին` ասում է.
Մամ, տես փողոցն անցնող աղջիկն ինչ սիրուն է։ Տես մազերը, պայուսակը։ Մայրն էլ` թե լավն ա ու մի պաչիկ է դրոշմում 5 տարեկանից արդեն շեղված բալիկի ճակատին։ Տեսնես նման երեխաներն որ մեծացան, էլ ինչի՞ վրա են զարմանալու կամ զայրանալու։
Երևում է` երեխաներն արդեն մեծ են ծնվում ու հետո պետք է փոքրանան….

Հայերը Ղարաքիլիսայի մարտով ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները.թուրք հրամանատար






ՀՀ-ն ծնվեց ներքին և արտաքին ծանր ու բարդ իրադրության պայմաններում անկախության հռչակումով, որը տեղի ունեցավ 1918թ. մայիսի 28-ին։ Դրանով նոր դարաշրջան բացվեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Վերականգնվեց դարեր առաջ կործանված պետականությունն ու անկախությունը և պայմաններ ստեղծվեցին ազգի վերածնության համար։
Ղարաքիլիսայի մոտ 1918թ. մայիսի 24-28-ը տևած կատաղի մարտերին մասնակցել է հայկական 4 գունդ, հավաքական հեծյալ ջոկատը և բնակչությունից կազմված աշխարհարազորայինները։ Ունեցել են 7000 զինվոր, 10 հրանոթ, 20 գնդացիր։ Մարտիկների դեմ գրոհել են 10.000-անոց թուրքական զորքը և տեղական մահմեդականներից կազմված ավազակախմբերը։
Հայերը ցույց են տալիս հերոսական դիմադրություն։ Աչքի են ընկնում գնդապետներ Ա. Բեյ Մամիկոնյանի և Ն. Ղորղանյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, մարտում հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները։ Հայերի չորսօրյա հերոսամարտը մեծ կորուստներ է պատճառում թշնամուն` կասեցնելով թուրքական գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։
Մայիսի 30-ին հայերի մոտ վերջացել էին արկերն ու զինամթերքը, թուրքերը մտնում են Ղարաքիլիսա։ Հայերին հաջողվում է ձախողել թուրք հրամանատարության ծրագրերը։ Թուրքական բանակի հրամանատարը Բաթումում հայտարարում է. <<Հայերը Ղարաքիլիսայի մարտով ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները>>։
Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի, անկախության համար մինչև վերջ ազգովի պայքարելու պատրաստակամությունն ու վճռականության վկաները եղան։
Հայ ժողովրդի Մայիսյան հաղթանակները չեղյալ համարեցին հայերին ոչնչացնելու երիտթուրքական ծրագրերը։
Ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր հայը կանգուն է, հայը հզոր է ու պատրաստ է պայքարել թշնամու դեմ։ Նրան չի խանգարել և չի խանգարի որևէ մեկը` պաշտպանելու իր հայրենիքը, միայն թե նա պետք է իր հողում պաշտպանված լինի, իմանա, որ բոլորը մտածում են իր մասին, որ մենակ չէ և, որ հայրենիքը սիրում է իրեն միշտ և ոչ թե միայն կռվի ժամանակ։




5/10/2012

«Բեսեդկա»


Գարնան ամպին ու զամպին, ձմռան բքին ու քամուն` չըխկ-չըխկ-չըխկ. լսվում է նարդու ձայնը: Խաղում են մեր բակի «բիձեքը»: Բիձա ասելն էլ դեռ հարաբերական է: Պարզապես մեկ օր կանգնել են հայելու առջև, տեսել իրենց ճերմակած մազերն ու բղավել.
-Վա~խ ոտքս, վա~խ  ձեռքս, վա~խ մեջքս, վա~խ սիրտս,  իրենց որակել  «բիձա», իջել «բեսեդկա»(տաղավար) ու գլորել զառը: Այդպես` ամեն օր:
Նրանք նաև բակի «պահապան հրեշտակներն» են: Եթե մեկն անցնի այդ կողմերով, քառասուն աչքեր կծռվեն-կդձվեն ու զառի փոխարեն կգնա-կգա լեզուն:
-Արա, էս ո՞վ ա, ո՞ւմ տղեն ա, տեղը չեմ բերում:
 «Աշխատանք չունե՞ս» հարցին միանգամից կհաջորդի  «չկա, ինչ անեմ» պատասխանը: Մի փոքր կնվնվան, կտրտնջան և վերջ: Դե, ընտանիք, քեզ տեսնեմ: Կամ էլ` հույսները կդնեն արտասահմանում ապրող բարեկամների վրա:Բայց, դե մեկի բախտը կբերի, հարազատները հիշողության հետ խնդիրներ չեն ունենա, մյուսներինը` ոչ: Ում բախտն էլ որ չբերի, նրան հոգեհարազատ կդառնան այս տողերը.
-Ո՞ւր կորան, մոտիկներս ու՞ր կորան
Ինչքան լացի, ձեն ածի
Ձեն չտվին, լուռ կորան......
Իսկ զառը կշարունակի գնալ-գալ, կբերի գարեջրի շշեր, շաշ աչքեր, ծուռ ոտքեր: Արևը մայր կմտնի, ամպի տակից աչքով կանի լուսինը, կշողշողան աստղերը, կգա առավոտը, կնշմարվեն գարեջրի շշերը, կոտրած ապակին ու կլսվեն դեպի «բեսեդկա» շարժվող «բիձեքի» ոտնաձայները:

5/09/2012

Ոչինչ չի մոռացվել, չի մոռացվել ոչ ոք




Շնորհավորում ենք Ձեզ և մեզ` հայ ժողովրդի հաղթանակների հերթական տարեդարձի կապակցությամբ: Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը տոնում է Մեծ հաղթանակի  67-րդ, Շուշիի ազատագրման 20-րդ և Հայաստանի 1-ին հանրապետության 94-ամյակը:


 Մայիսի 26-ին լրանում է Ավարայրի ճակատամարտի 1651-ամյակը:


451 թվականի մայիսի 26-ի վաղ առավոտյան Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ  հայող 66 հազարանոց  զորքն, անցնելով Տղմուտը`  մխրճվեց թշնամու մարտակարգի մեջ: Պարսից բանակի որոշ գնդեր չդիմացան ճնշմանը և նահանջեցին: Սպարապետը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից պահեստազորին: Պարսիկների շարքերում խուճապ սկսվեց: Թվում էր` հայերը հաղթանակ են տանում: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսից զորքի թվական գերազանցությունը: Մուշկան Նիսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորվեցին, օգնության եկավ «Մատյան գունդը» :
Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորականներին և աստիճանաբար սկսեցին սեղմել օղակը: Կատաղի և օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին` ծանր կորուստներ պատճառելով թշնամուն: «Չգիտակցվաց մահը մահ է,գիտակցված մահը` անմահություն », - այս էր նրանց նշանաբանը: Երեկոյան մարտը դադարեց, հայոց զորքը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին կրել, բայց չէին հաղթել  նաև պարսիկները: Նրանց զոհերի թիվը 3 անգամ ավելի մեծ էր, բացի այդ` թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին:




«Ոչ թե  մեկ կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով` երկու կողմն էլ պարտություն կրեցին» - գրում է Եղիշե պատմիչը:

Հայերն ապացուցեցին, որ կարող են միասնական բռունցք դառնալ ընդդեմ թշնամու:

 Մեր ազգն այդպիսի բռունցք դարձավ նաև Մայիսյան հերոսամարտերի ժամանակ:
1918 թ. Մայիսի 24-իս 27-ը,  երբ կրկին դրված էր հայ ժողովրդի լինել չլինելու հարցը, մի քանի կարևոր մարտերից հետո` Սարդարապատում ` գեներալ Մովսես Սիլիկյանի և Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում` գնդապետեր Դանիել և Պողոս Բեկ Փիրումյանների ու այլ հերոսների ջանքերով հայերը հասնում են լիակատար հաղթանակի և մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ հանրապետություն:


1941 – 1945 թթ. Մեր ժողովուրդը պատմական հաղթանակ տարավ: 

Տարբեր ռազմաճակատներում մեր ժողովրդի զավակները քաջաբար են դրսևորել իրենց: Հայրենական պատերազմում իրենց  հերոսությամբ, արիությամբ հայորդիները մասնակից եղան այդ հաղթանակի կերտմանը: Չափազանց թանկ գնով նվաճված մի հաղթանակ , որը մարդկությունից խլեց ավելի քան 20 մլն կյանք:





Գնալով նվազում է պատերազմի վետերանների թիվը: Նրանք գնում են  բնական մահով, հին վերքերով, գնում են հանդիպելու այն ջահել հոգիներին, որոնք հեռավոր մի օր ռազմի խելահեղ հրդեհներում կերապարանափոխվաժ` ասես սպիտակ կռունկեր դարձած` անվայրէջք ճախրում են մարդկության հիշողության երկնքում:



Այսօր վետերաններն ապրում են իրենց ալեհեր հուշերում, իրենց իմաստության լռության մեջ: Նրանց  հոգում մինչև վերջին օրը կհնչի անցած մարտերի շառաչը, կմխա զոհված ընկերների կորստյան ցավը: Նրանք ապրում են նաև իրենց գործի հպարտության անքակտելի զգացումով, համաժողովրդական հարգանքի մշտական առկայությամբ:



 Ոչինչ չի մոռացվել, չի մոռացվել ոչ ոք: Մեր հիշողությունից երբեք չի ջնջվի և ոչինչ չի ջնջի մեր պապեր հերոսական ու ողբերգական անցյալը:



 Գարնանային այս հիանալի տոնը հայերիս համար խորհրդանշական է նաև  1992 թվականի մայիսի 9-ի Շուշիի ազատագրմամբ:



Հայորդիներ, կամավորները, ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնելով անցավ պաշտպանության` իր պատմական տարածքը բարբարոսներից պաշտպանելու համար: Օրհասական մարտեր ծավալվեցին Արցախի փրկության համար: Իրենց հերոսությամբ  աչքի ընկան Սամվել Բաբայանը, Քրիստափոր Իվանյանը, Սամվել Կարապետյանը, Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Վահագն Վարդևանյանը, Յուրա Պողոսյանը, Պետրոս Ղևոնդյանը և այլ քաջեր:






 Յուրաքանչյուր հայ  վեր էր ածվել արդարության  պաշտպանի, իր ունեցած  հողի պաշտպանի, իր իր հայրենիքին նվիրված զավակի: 



Նրանց մեծագույն սխրանքների շնորհիվ է, որ ազատագրվեց Արցախը:

Շուշիի ազատագրմամբ հայ ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց իր համախմբվածությունն ընդդեմ բարբարոս թշնամու:


 Եվս մեկ անգամ շնորհավորենք մեզ` հայերս, մեր մայիսյան հաղթանակների կապակցուրյամբ: Մեր հուշերում միշտ կապրի իր քաջագործուրյուննեով պատմության մեջ մտած յուրաքանչյուր հայորդու անուն:

 Փառք մեր ազգին, փառք մեր հերոսներին:

Կեցցե հայ ժողովուրդը, կեցցե հաղթանակների մայիսը:

5/08/2012

Համբու'յր, համբու'յր, համբու'յր


Վերջին անգամ համբույր քեզ տամ, վերջին անգամ նստենք քարին` թռչեմ գիրկդ, վերջին անգամ...
Եկավ գարունն ու իր հետ բերեց իրար փաթաթված, պըռչ-պըռչացնող, մեկը մյուսի աչքի ճպուռն հանող, աշխարհի վերջին հավատացող սիրահար զույգերի: Բերեց ու վայ այդ բերելուն:
  Ի՞նչ մեղք է գործել կանգառում երթուղայինի ժամանմանը  սպասող պապիկը կամ գրքերից հազիվ աչքը կտրած երիտասարդը, որ աչքը հանգիստ պահելու, չլարելու համար ծառ, ծաղիկ, լուրթ երկինք տեսնելու փոխարեն տեսնում է «խաչապուրի» դարձած, «անսահման» սերը ցույց տվող զույգերի, թե ա'յ, ա'յ ընկեր կամ ընկերուհի ունեմ, ոչ ոքի չեմ տա, դե գնացեք, հի, հի, հի:

Ոչինչ, թող մեր աչքերը ցավեն «ծուռ աշտարակներին» նայելուց, թող ծերունին չեղած նյարդերն էլ քայքայի, բայց մեր սիրահարված զույգերը երջանիկ լինեն: Երջանիկ ոչ միայն ցուցադրաբար, այլ` իրականում: