10/03/2012

Երեկոյան սերունդ


Լենին պապին ժամանակին ասաց սովորել, սովորել, սովորել, այսօրվա Կարո, Հմբո, Վչո պապիներն ասում են՝ նայել, նայել, նայել….
Մարդ արարածը լինում է երկու սեռի՝ արական և իգական: Նրանք ունենում են գլուխ, աչք, ոտք, ականջ, քիթ, բերան, ձեռք, ոտք…մեծ-փոքր, երկար-կարճ, այդ էական չէ:
Այս արարածներն ամեն օր տեղաշարժվում են այս կետից այն կետը, ուստի անհրաժեշտ է լինում մեքենա՝ երթուղայինի, տաքսու կամ էլ՝ անձնական 4 ակից բաղկացած սայլակի տեսքով:
Ճանապարհին նրանք արժանանում են բազում հայացքների: Արական սեռի ներկայացուցիչների վիճակը փոքր-ինչ հուսալի է, քանի որ սրա կամ նրա աչքերը շատ քիչ են տնտղում նրանց, իսկ, եթե զննում էլ են, ապա երեկոյան՝ Օպերայի, Հյուսիսային պողոտայի շրջանում նստարաններին հանգրվանած , լավ ներկված, ծամոնները բերաններում, պարզապես հերթական անգամ հռհռալու թեմա գտած  «կանայք»:
Սրանք ժամանակակից «երեկոյան սերունդ»  ներկայացնող հայ կանայք են: Հա, չկարծեք, թե ամուսնացած չեն լինում, լավ էլ լինում են…ու ճիշտ ընտրություն են կատարած լինում: Ասենք՝ ամուսնանում են մեկի հետ, ով ուրախանում է, երբ կինը փող է տուն բերում, իսկ թե ինչ ճանապարհով՝ այդ էական չէ:
Ահա, կարծես թե պապիկներին մոռացանք…հա, նրանք իրենց խորհուրդը սերտած ու ապագա սերնդի ժառանգությունը կազմած՝ առավոտից իրիկուն հաստատվում են բակերում, մայթերին ու նարդի խաղում… Սակայն, Աստված չանի` մեկն անցնի նրանց տարածքով: Կմոռանան այդ գրողի տարած զառն ու ժամերով կնայեն անցորդին..դե, ռեպլիկներն էլ չասած, որոնք շատ ծանր կերպով իջնում են թոռնիկների ականջներին:
Ժամանկակից պապիկները կատարյալ օրինակ են ծառայում թոռնիկներին…ժամանակակից հայ պապիկները, ովքեր, կարծես թե մոռացել են իրենց ազգությունը..հազիվ իրենց թոռների ու երեխաների տարեկիցների համարեն այլանդակ, անկիրթ՝ մոռանալով, որ իրենց նման պապիկներ ու հայրեր այդ դժբախտներին է բաժին հասել:
Ո՞ւր է քաղաքակրթությունը, ուր են գիրն ու գրականությունը, ո՞ւր է արվեստը, ո՞ւր է հայեցի դաստիարակությունը, լավ օրինակ ծառայելը…հրե՜՜՜՜ն ձեռքով են անում..իսկ ինչ է ապա աչքիդ առջև…«Երեկոյան սերունդը»՝ ծամոններով, ժարգոնով,  գարեջրով, կարաոկեով, նարդիով, ֆիլմերով, աչքերով.. ուրիշի ոտքերին, աչքերին, հագուկապին նայող, ուրիշի քթով, ականջով ու մազերով հետքրքրվող անդուր աչքերով:

Տաքսի՜, տաքսի՜….


Տաքսի, տաքսի….Ամեն առավոտ հաճախակի կլսեք վերոհիշյալ բառը, որ կմրմնջան հարևանի հերթական ծուղրուղուից հետո վեր թռած, չնախաճաշած, դեպի կանգառ շտապող համաքաղաքացիները:
Նոր օր, նոր տրամադրություն, բայց անփոփոխ իրավիճակ: Երթուղային, որ իրեն թանկացնում ու այդպես էլ չի գալիս, կամ էլ գալիս է բեռնավորված, որ եթե դուռը բացես` կթափվեն ու դժվար թե կարողանաս հավաքել:
Կսպասես, կսպասես, կհասկանաս, որ սա միակ դեպքն է, որ ժամանակը ոչինչ չի փոխի ու կորոշես թեկուզ ճզմված, թեկուզ «դմփեն» գլխիդ, թեկուզ անգամ ասեզ գցելու տեղ չլինի, բայց ասեն, բարձրացիր, մեզ տեղ տուր, թեկուզ մայր ու որդի բարձրանան ոտքերիդ ու երկար բութ մատդ բթացնեն ու քաղաքվարության կանոնների չտիրապետելով անգամ ներողություն չխնդրեն, թեկուզ գիրուկ մորքուրը կամ հոպարը քեզ պատճենեն պատուհանին, անգամ եթե թևդ հարավում լինի, ոտքդ` հյուսիսում, միայն թե հասնես, հասնես:
Աշխատավայրում ավելորդ խոսակցության առիթ պետք չէ տալ, դասից էլ ուշացար` ահա քեզ բացակա և կես միավորի կորուստ:
Անհրաժեշտ վայր հասնելն էլ իր հետաքրքրությունն ունի. Դեռ երթուղայինի ծանր դուռը բացել կա, իսկ, եթե վերջում ես «պպզած» մինչև խնդրես, աղաչես, որ ճանապարհ տան(հաճախ ասում են էն կողմով անցի կամ էլ` շարժվեմ, ախր վեշերս կթափվեն), ժամանակը կգա ու կանցնի և որպեսզի չանցնի, շատ-շատ պետք է սպորտով զբաղված լինես,որ «mario»-ի պես թռչելով տեղ հասնես:
Իսկ վերջում ոնց լինի` զայրույթդ կթափես. դուռը ուժեղ կշրխկացնես,«թոզ ու դումանն» էլ կկապես ուղևորների վրա, կամ էլ` մի քանիսի ոտքերը տրորելով կիջնես, մեկ է` անշարժ ու սառած հայացքով կանգնած են։

«Լուսավորիչները»՝ համերգասրահում

Գաղտնիք չէ, որ մեկնարկել են միանգամից մի քանի փառատոններ, որոնց գլխավոր և երկրորդական հովանավորները նույն մարդիկ են: Ողջունելի է այս գաղափարը, մանավանդ որ քարոզում է բարձրաճաշակ երաժշտություն: Երաժշտություն, որն ունկնդրելիս ակնթարթորեն գալիս ու գնում են մարդիկ, տեսարաններ, իսկ վերջում պատրաստ է լինում մի ողջ պատմություն:

Չնայած, շատերը կան, որոնք մտքերի գիրկը չեն ընկնում, երաժշտությունը լսում են ականջի ծայրով, փոխարենը զննելով շրջակայքը, մտնելով ու դուրս գալով իրար ականջի մեջ, երբեմն էլ, չգիտես ինչու քիթ քթի, դունչ դնչի են տալիս, քանզի նույն պահին երկուսն էլ նկատել են այն, ինչ անպայման կհետաքրքրի մյուսին և տեղեկատվությամբ անհապաղ կիսվել է պետք, քանի դեռ այն չի կորցրել օպերատիվությունը:

Ինչևէ, առաջնորդվենք «Կյանք է, ամեն ինչ էլ պատահում է» սկզբունքով ու առաջ անցնենք:
Կրկին համերգասրահում եմ, ինքնատիպ ստեղծագործությունները հաջորդում են մեկը մյուսին: Պատկերները գալիս են ու գնում, խոսում են ու լռում, նայում են ու անցնում: Բայց, այս ովքեր են, ինչո՞ւ չեն հեռանում, անծանոթ էլ են, տեսնես ինչո՞ւ են անշարժ կանգնել: Միայն աչքերն են գնում-գալիս: Ահա, ձեռքներին ինչ-որ բան կա, ի՞նչ են անում, հաաաաա, ուղղում են հանդիսատեսի, ավելի ճիշտ՝ նրա ուղղությամբ, ով համարձակվում է շարժվել, ավելի ճիշտ՝  համարձակվում է մարմնի մասերից մեկը շարժել. ասենք ոտքը, ձեռքը: «Լուսավորիչները» միանգամից լուսավորում են  «զոհին»: Գուցե այս համերգի խորագիրը եղել է «չշարժվել»-ը,-մտածեցի ես:

Իսկ երաժշտությունը հնչում է, հնչում…Կրկին հուշեր, արցունքներ ու ձեռքեր…ինչ-որ մեկին կանչող ձեռքեր…Ահա և նա…ԷԷԷԷԷԷ, տեսնես ինչու դահլիճի լույսերը վառեցին, ախր պատմությունը կրկին անավարտ մնաց: Իսկ մարդիկ, ո՞ւր են շտապում, ախր համաերգը դեռ չի ավարտվել, դեռ երկրորդ հատվածը կա: Հեյ, ո՞ւր եք գնում ամոթ է, չէ՞, մի՞թե էթիկայից այդքան զուրկ եք,-բղավեցի ես: «Զուրկին զուրկ չենք, բայց այսպես անհնար է»,-ասաց զայրացած կինը: Ինչո՞ւ,-հարցրեցի ես:

«Ո՞վ է տեսել բանտապահների պես դահլիճ հսկել: Ի՞նչ է, եկել էինք կատարում լսելու, թե «լուսավորվելու»: Ոչ կարողանում ես շարժվել, ոչ հանգիստ նստել…մեկ շրշյուն և սարսափազդու հայացքն ու լույսը՝ քո ուղղությամբ: Սա ի՞նչ է նշանակում: Այդքան վախենում են, թող նախքան ներս մտնելը ստուգեն բոլորին, ոչ թե հետո խանգարեն: Ո՞ւմ  է հետաքրքիր, թե այնտեղ՝ վերևներում ով է նստած: Մարդ է էլի, հիմա ինչ, կրակն ընկանք, որ վերևում է նստած»,-հավելեց զրուցակիցս ու հեռացավ:

Ծափեր, ծափեր, ծափեր…հանդիսատեսը ողջունում և շնորհակալություն է հայտնում երաժիշտներին: Պատկերները կրկին լքեցին ինձ, լավ է , որ պատմությունն ավարտվեց, բայց, այն կարծես թե իրականությանը շատ մոտ է: Երեկ զրույցներից մեկի ժամանակ մի կին նույնպես դժգոհում էր՝ կապված նման դեպքի  հետ: Փաստորեն սա լուրջ խնդիր է, եթե մտային պատկերներից վերածվել է իրական պատկերի ու պատմության:

7/06/2012

Ապտակ մ’ը




Ժողովրդական մի լավ խոսք կա.ինչից փախչես՝ գլխիդ կգա..հա, հա, մենք էլ փախանք երթուղայինից ու ավտոբուսից, բայց դե ճանապարհին նստեցինք, որ հետ գանք դեպ մեր տուն:
Ասել կուղենք՝ փախչեցինք, փախչեցինք, բայց գլխներիս եկավ:
Հա՛, ընթերցող, գիտեմ, կասես մեքենա առեք…ախր, սիրելիս, այդ այլումինը գնելու համար էլ չասեմ, թե ինչ է պետք և, հետո, մենք  որտեղի՞ մեքենա վարողն ենք, եթե կարգին ուղղություն պահել չգիտենք:
Մի խոսքով, օրը սկսվում և ավարտվում է…մեր դեպքում ՝ավտոբուսով: Հա, երթուղայինից հրաժարվել ենք,  քանի դեռ հնարավորություն կա…Դե, ընթեցո՛ղ,  կարծում եմ՝ կռահեցիր ինչ ասել կուզենք..նայում ես մարդուն՝ դեմքի փոխարեն  այլ բան է…թև, ոտք, մեջք, բայց ոչ դեմք…
Իսկ այ ավտոբուսը…այն իր հետաքրքրությունն ունի: Ոչ մի օր՝ առանց վարորդի բղավոցի ու վեճերի, ոչ մի օր՝ առանց յուրօրինակ ուղևորների:
Պատկերացրու, ընթերցո՛ղ, կանգառում ես ու ժամանում է երկար սպասված ավտոբուսը: Գնում ես աջ՝ տեղ չկա, գնում ես ձախ՝ տեղ չկա, ու քանի որ ուշանում ես, ստիպված, ինչպես բոլորը, ասում ես.վերև բարձրացեք, տեղ տվեք: Աստված չանի գեր կամ կներեք, պետք է ասեմ, բռի, անքաղաքավարի մարդիկ լինեն չորս բոլորդ. Ոչ միայն զգեստներիդ հրաժեշտ կտաս, այլ նաև նյարդերիդ:
Ասենք, մեկ էլ տեսար՝ գնացիր-գնացիր հասար նշանակված վայրն ու իջնել է պետք: Աջ ես նայում՝ տեղ չկա, ձախ ես նայում՝ տեղ չկա…բավականին խղճալի դեմքով ասում ես Ճանապարհ կտա՞ք: Մեկն ասում է՝ հետևով անցի՛ր, մյուսը, թե շարժվեմ՝ «վեշերս» կթափվեն, երրորդն էլ, թե իջնում եք, շուտ իջեք…ու այդ պահին միայն մեկ բան ես մտածում. Տեսնես ինչու՞ են այսքան անկիրթ, այսքան անքաղաքավարի, այսքան մարդատյաց…
Հա, մոռացանք վարորդների բղավոցի մասին…. Հիմնական թեման է՝ մեջտեղն ազատ ա, հետ գնացեք..բայց դե, մենք էլ, դուք էլ գիտենք, որ մեջտեղում տեղ չկա, բայց դե ձայն չենք հանում, փորձում ենք մտնել վարորդի դրության մեջ..բայց, երբ հինգը րոպեն մեկ նույն նախադաությունն ես լսում, արդեն  մեկն էլ պետք է լինի, որ քո դրության մեջ մտնի: Եթե մեկն էլ համարձակվի ասել, թե տեղ չկա, էլ ո՞ւր գնամ, այ այդտեղ կինոն կսկսվի…Հա, մեկ օր նման կինոյի ականատես դարձանք: Կինո, որն անհաջող ավարտ ունեցավ…ավելի կոնկրետ՝ ապտակ մ’ը վարորդի թուշիկին…. Ի դեպ, այս կինոն կարծես թե շարունակական է, քանզի ամեն օր նույն վարորդն է, նույն բառապաշարով, տարբեր են  ուղևորներն ու համբերությունների չափը….
Հա, ասացի տարբեր ուղևորներ, հիշեցի..Տարբեր, բայց միանման ուղևորներ, օգտվելով առիթից, խնդրում եմ, մարդկանց այդքան երկար մի՛ նայեք, հատկապես դուք՝ հարգելի կանայք՝ դուք..ի՞նչ կա մեկ այլ կնոջ այդքան երկար նայելու մեջ.. նույն սեռից չե՞ք..դե, ավել-պակասի համար էլ կներեք: Մեկինը շատ, մյուսինը քիչ…
Բայց, դե տղամարդի՛կ, չոգևորվե՛ք : Դուք էլ հետ չեք մնում: Պարզապես մի մոռացեք, որ այդ կինն էլ այնպիսին է, ինչպիսին ձեր մայրը, քույրը, կինը: Նայե՛ք պատուհանից դուրս, մտածե՛ք, գիրք, թերթ ընթերցեք և, ամենակարևորը, մի՛ մոռացեք, թե որտեղ էիք իջնելու:


Մեղու

Ի գիտություն «սոցիալական վիճակի» դրոշակակիրներին




Արդիական թեմաների շարքում իր ուրույն տեղն ունի ինքնասպանությունների թեման: Առիթն օգտագործելով՝ շատերն են ելույթներ ունենում, իրենց  «փայլուն» մտքերով կիսվում հասարակության հետ:
Եվ միակ բացատրությունը, որ ներկայացվում է, հետևյալն է. «Մարդն ինքնասպանություն է գործում սոցիալապես անապահով  վիճակի պատճառով»:
Այսինքն, ասում են ամեն ինչ`  բացի ճշմարտությունից:
Ինչո՞ւ այդ ամբիոնը չօգտագործել և չասել, որ ազգդ կործանվում է: Ինչո՞ւ չասել, որ ինքնասպանություն գործած մարդկանց մեծ մասը բավականին ապահովված է եղել: Ինչո՞ւ չասել, որ երիտասարդ աղջիկը ինքնասպանություն է գործել և պատճառը հղիությունն է:
Ինչո՞ւ չասել, որ այսօր ազգդ աչքը բացում-փակում սեքսից է խոսում:
Ինչո՞ւ չմեղադրել այդ աղջկան և առավել ևս տղային, ով մեխանիկորեն դառնում է աղջկա,  ՀԱՅ աղջկա մահվան պատճառը, ինչ է թե հետևել է անասնական բնազդին:
Ինչո՞ւ չմեղադրել այս ծերացած ու անզուսպ երիտասարդների ծնողներին, ուսուցիչներին, լրատվամիջոցներին, որ սիրով և հաճույքով անբարո նյութեր են տարածում ու անունն էլ դնում ժամանց:
Ահա ձեր ժամանցի, ահա ձեր դաստիարակության, ահա ձեր ֆիլմերի արդյունքը:
Ամեն օր լսելով հերթական ինքնասպանության բոթն՝  ասեք սոցիալական վիճակ:
Ի գիտություն «սոցիալական վիճակի»  դրոշակակաիրներին. Սոցիալապես վատ պայմաններում ապրող մարդն ավելի ուժեղ է, քան թե ապահովվածը:
Փորձենք չարիքի դեմ պայքարել այն պահից, երբ երեխան ծնվում է: Լավ օրինակ ծառայենք նրան, ուժեղ, պայքարող մարդու կերպար ստեղծենք նրա մոտ՝ մեր օրինակով: Սովորեցնե՛նք, որ պետք է ամեն դժվարություն հաղթահարել ու ապրել առանց այն էլ կարճ, բայց բովանդակալից կյանքը: Տեղին կիրառենք մեզ տրված այս ժամանկահատվածը:
Մեղու