11/04/2012

Տոնդ շնորհավո’ր, ով մարդ` տղա մարդ

 Արական սեռի ներկայացուցի՞չ ես, տղամա՞րդ ես, հաստա՞տ: Ուրեմն, շնորհավորում եմ տղամարդկանց միջազգային  օրվա  կապակցությամբ:

Էլ մի հոնքերդ կիտիր. շրջազգեստ հագնու՞մ եք, հագնում եք, շպարվու՞մ եք, շպարվում եք, մազերներդ երկարացնու՞մ եք, երկարացնում եք, եղածներն էլ համապատասխան միջոցներով վերացնու՞մ եք, վերացնում եք ու ման գալիս:

Տղամա՞րդ ես, ուժեղ ես բնության շնորհի՞վ, բա այդ ճիվաղ ձեռքդ ինչու՞  ես վեր բարձրացնում ու վար իջեցնում. ու՞մ ինչ ես ուզում ապացուցել:

Տղամա՞րդ ես, իրո՞ք…բա որ փողոցում, ընկերական շրջապատում, անգամ երգիծական հաղորդումներում երբ ներկա ես լինում ու ծաղրում եք կանանց, աղջիկներին, անբարո ելույթներ ունենում, ինչու՞ ես բերանդ բացում ու հռհռում. Ինչ է մայր, քույր չունե՞ս, թե «ձերն ուրիշ է»:Տղամա՞րդ ես, իսկ ինչո՞ւ ես քեզ երևակայում, ամենակարողի տեղ դնում: Ու մի’ ասա, որ քեզ ամեն ինչ կարելի է: Դու մարդ ես ու տղա, նա էլ մարդ է ու աղջիկ: Հետևաբար, երկուսդ էլ մարդիկ եք`  հավասար իրավունքներով:

Մա՞րդ ես, տղա՞  ես, նոր կոստյում, վերնաշապիկ ես հագել, կնոջ պես մի շորորա, թե այ, այ շորիկս տեսեք: Առանց այդ էլ ակներև է, թե չէ հո սիրուն աչքերովդ չէին հիանալու: Ձեր սեռի ներկայացուցիչներից մեկը կար` հագել էր կոստյում, իրեն երևակայում էր, իբր ինքը կլորիկ չէր, անունն էլ Լորիկ չէր:

Տղամա՞րդ ես, իսկ ինչո՞ւ ես մռթմռթում ու փնթփնթում:

Ի վերջո, ո՞վ ես, ի՞նչ ես դու: Իմացի’ր այս հոգեբանական թեստը լրացնելուց հետո: Եթե նշված կետերից ոչ մեկը քեզ բնորոշ չէ, ունես մեկ միավոր, համապատասխանում է` ունես տասը միավոր: Եթե դրական  պատասխանը գերազանցում է հինգը, ուրեմն կասկածելու տեղիք եք տալիս. Դժվար է ասել կին եք, տղամարդ, թե այլ բան: Իսկ, եթե երեք դրական պատասխան ունեք, ապա մի’ տխրեք,մի քանի տարի բուժում և դուք լիովին առողջ եք:

10/16/2012

Մաղթանք «Հայկական մամուլի օրվա» կապակցությամբ.Մոռացության մատնեք ձեր նոր, ժամանակակից, սեքսասենսացիախառն գործառույթը


Եվրոպայում առաջին թերթերը երևան են եկել 17-րդ դարի սկզբին. 1609թ. Ստրասբուրգում, 1622թ. Անգլիայում, 1631թ.` Ֆրանսիայում, Ռուսատանում`1702 թվականին։ Իսկ հայկական առաջին ամսագիրը Մադրասում (Հնդկաստան)  հրատարակել է Հարություն Շմավոնյանը`  1794 թվականի հոկտեմբերի 16-ին։  «Ազդարարի» ընդամենը 18 համար է լույս տեսել։

Ի հիշատակ այդ օրվա Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր»։
Շնորհավորում ենք բոլորիս, մեծ մասին մաղթում անաչառություն, անկողմնակալություն, լրագրության գործառույթների սերտում ու պատշաճ կատարում։ Քանի որ այսօր տոն է, լավության կարգով կցանկանայի լրագրության ոլորտ ոտք դրածներին ու դնողներին հիշեցնել, որ լրագրության գործառույթներն են` տեղեկատվականը, հասարակական կարծիքի ձևավորումը, կազմակերպչականը, լուսավորչական-դաստիարակչականը, զվարճաբանականը և գովազդային-տեղեկատվականը։ Եկեք և մոռացության մատնեք ձեր նոր, ժամանակակից, սեքսասենսացիախառն գործառույթը, ավելի լավ է մեղր ուտեք, ամեն առավոտ մեկ գդալ և կհիշեք դաստիարակչական գործառույթի մասին` չմոռանալով նաև, որ յուրաքանչյուր գործառույթի հիմքում էլ դաստիարակությունն է ընկած։

Իսկ, եթե մոռանաք, կսկսենք մտածել, որ գլխավոր գործառույթից ինքներդ եք զրկված և այս դեպքում կդիմենք նորին գերազանցություն ցածրադիր իշխանությանը ու կպահանջենք…ախր, ինչ ունեք, որ ինչ էլ պահանջենք, շատ-շատ պետք է առաջարկվեր վայր դնել գրիչը, ինչը կլիներ ձեզ համար ամենավատ պատիժը, սակայն, այն դեպքում, երբ կլինեիք իրական գրչի իրական տերերը։ Իսկ, եթե այդպիսին լինեիք, այսպիսին չէին լինի ոչ դուք, ոչ էլ ձեր ընթերցողը։
Մեղու

10/05/2012

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է

 Հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է: Այն ընդունվել է 1994թ.-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ.-ին` այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է  «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետություններում, այդ թվում Հայաստանում:
Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին՝ ցանկանալով համբերություն, համբերություն և կրկին համբերություն: Սիրելի՛ ուսուցիչներ, եթե դուք դիմացել եք ներկայիս երեխաների ծնողների ձեռքը, ապա կդիմանաք, կամ ստիպված եք դիմանալ նրանց երեխաներին՝ «Աստված էլ բեթարից ազատելու սկզբունքով»:

10/03/2012

Գնորդն ու իր իրավունքները


Ամսվա մեջ առանձնացվում է  չորս շաբաթ և կիրակի, որոնք  մեր կառավարությունը նվիրել է հայ հասարակությանը` գյուղմթերքի տեսքով։
Գաղտնիք չէ, որ այն  բնակիչներին  հնարավորություն է տալիս ապրանք գնել անմիջապես գյուղացուց և բնակարան հասցնել էժան ու որակով, առանց քիմիական հավելումների սնունդ։
Ահա այսպես ամեն շաբաթ և կիրակի, որոնց հաջորդում է ամբողջովին կեղտոտ, փնթի երկուշաբթի։ Բա էլ ոնց հասկացնել, որ սա այն վայրն է, որտեղ հավաքվում ենք ամեն շաբաթ և կիրակի։
Բացի գյուղմթերքից, քանի որ  հնարավոր է լինում որոշակի գումար հետ գցել, շատերը նախընտրում են այցելել «բրենդային» խանութներ, որոնց ապակիներին փակցված է «Էստի համեցեք»-ը, կամ «Զեղչ»-ը։
Ոգևորված օրվա գնումներից` ներս են մտնում ընտրություն կատարում ոչ այդքան մեծ տեսականուց ու թույլ ժպիտ արձակելով` հեռանում։
Ճանապարհին «Մարդ ես, մեկ էլ տեսար այստեղ էլ հարմար մի բան լինի» եզրույթի համաձայն  ներթափանցում են հարակից խանութներ, տոնավաճառ, որտեղ նրանց դիմավորում են ճարտասանության դասընթացներին մասնակցած և որակավորում ստացած վաճառողներ, ովքեր արդեն շփոթված հաճախորդին համոզում և գնել են տալիս ասենք թե կոշիկ, որը մեկ անգամ հագնելու համար է` առանց այդ մասին տեղյակ պահելու։ Սակայն այս մասին հաճախորդն իմանում է ավելի ուշ։
Ուստի «սթափեցման» գործընթացը տեղի է ունենում մի քանի ժամ անց, երբ արդեն ընտանիքի անդամներն էլ նրա հետ զմայլվել են կատարած գնումներով։ Բայց, դե տանը մեկը լինում է,  ով ասում է. «Հլը մի հատ էլ հագի»։
Հլը մի հատ էլ հագնում է ու…անակնկալ…կոշիկն ու կրունկը բաժանվում են իրարից` առանց մի քանի տարի միասին ապրելու։
Ի՞նչ անեել, վերադարձնե՞լ ապրանքը, թե՞…չէ, ավելի լավ է  վերադարձնել, բայց հետ կվերցնե՞ն արդյոք,-մտածում է գնորդը։
Իսկ մի ձայն` հեռու՛ հեռվից ասում է`տար, քանի որ
1.Գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:
Վաճառողի մոտ փոխարինելու համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին վերադարձնել ձեռք բերած ապրանքը և ստանալ դրա համար վճարած գումարը:
2. Ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
3. Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն փոխարինվել կամ վերադարձվել, որոշվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Կտանի, թե ոչ`սա կխոսի գնորդի` իր իրավունքներն իմանալու և դրանք պաշտպանելու մասին։

Ո՞ւր է հայերեն ցուցատախտակը, մի՞թե հորթերը կերան


Թալին` քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը: Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները: Թալին է վերանվանվել 1978 թ-ին: 1964 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք: Երևան քաղաքից գտնվում է 70 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից` 48կմ: Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին: Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ:
Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության»,  Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դդ: Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից` 2-րդ դար: Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք: Քաղաքում կառուցված է ս. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թ.-ին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից:
Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը: Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից: Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները:
Օգոստոսի 5-ին վերոնշյալ քաղաքում  քաղաքապետի և ավագանու ընտրություններն էին։ Ավագանու 11 տեղերի համար պայքարում էին  31 թեկնածուներ:
Իսկ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 5 թեկնածուներ` ԲՀԿ կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանը, ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Սարգիս  Արամյանը, անկուսակցական Գագիկ Կարապետյանը, Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանը։
Շուրջ 5250 ընտրող ունեցող Թալինում քվեարկությունն իրականացվում էր 3 ընտրատեղամասերում։
Մի խոսքով, այս ընտրությունները հիմք հանդիսացան, որ ես հայտնվեմ այս քաղաքում, որ իմ աչքերը տեսնեն այն, ինչ թաքցվում է, կոշիկներիս նոր սարքած կրունկները մի քանի ժամում «հալից ընկնեին» ու ականջներս էլ լսեին այն, ինչ խոսում էին «համր» մարդիկ։
Շատ կարճ ժամանակահատվածում հասա Թալին և, թվում էր, թե մարդիկ այսօր հատկապես  շատ կլինեն փողոցում, խառնաշփոթ-իրարանցում, բայց հույսերս չարդարացան։ Միայն մեքենաներ, մեքենաներ, մեքենաներ…
Հա, քաղաքացիների հավաստմամբ` պայքարն ընթանում էր ԲՀԿ և ՀՀԿ անդամների միջև։ Ու, թվում էր, թե կհավելեին, որ սպասում են քվեարկության ավարտին` իմանալու, թե որ թեկնածուն անցավ, եղավ հակառակը։ Բոլորը կարծես ձայն-ձայնի տված ասեին. «Մենք ոչ ոքի հետ հույս չենք կապում»։ Իսկ, թե ինչու էին ընտրության գնացել հարցին պատասխանում էին` «եսիմ» ու արագ քայլերով շարունակում ճանապարհը։
Ստեղծվեց տպավորություն, որ բոլորը վախեցած են։
Իմ այդ կասկածը հաստատեց քաղաքի բնակիչներից մեկը` 80-ամյա ծերունին(նա չցանկացավ անունը նշել)։ Նրա խոսքերով` մարդիկ վախեցած են, եթե մի բան այն չասեն, կամ անեն` անպայման պատասխան կտան։ Իրենք չտվեցին` կտան իրենց զավակները։ «Ես որ խոսամ` մի քիչ լավ բան չի սպասվում։ Անտանելի վիճակ ա»,-ասաց նա։
Պապը ասաց, որ ոչ մի հույս չի կապում ընտրությունների հետ, ով էլ լինի` ոչինչ չի փոխելու։ Պաշտոնդ ստացար` խոստումդ կմոռանաս։ «Խելքս չի կտրում, որ մի բան կփոխվի»,-հավելեց պապը։
Փորձեցի հարցնել նաև թալինցուն հուզող խնդիրների մասին։ Առաջինը աշխատեղերի  բացակայությունն է։ «Մեծահասակները մեկնում են արտերկիր, երիտասարդներն էլ` աննպատակ  ման են գալիս»,-ասաց իմ զրուցակիցը։
Երկրորդ խնդիրը գյուղատնտեսության վատ վիճակն է։ Չկա համապատասխան տեխնիկա։ «Թալինցին օր ու գիշեր ջրամբար փորեց, իսկ հիմա դրանից օգտվում են հարուստները։  Իրենց այգիներն են ջրում, իսկ մյուսները «բարիքից» օգտվելու համար ստիպված են վճարել»,-ասաց բնակիչներից մեկը։
Հանդիպեցի նաև երեխաների, ովքեր սիրում են ֆուտբոլ խաղալ հրապարակում, կարդալ Թումանյանի գրքերը և շատ էին ցանկանում, որ նորանշանակ քաղաքապետը լուծի խաղահրապարակի, ճանապարհների հարցը։
Թերևս կարևոր հարցեր են սրանք, քանի որ քաղաքը կարծես թե երկուսից էլ զրկված էր։ Չմոռանամ նաև դպրոցը, որն այդ օրը ծառայում էր որպես ընտրատարածք։ Եթե չասեին, որ այն դպրոց է` իմ տպավորությունն այլ էր, ասենք երկհարկանի գոմ` կենդանիների համար։
Եղա նաև Թալինի ս. Աստվածածին կամ Փոքր եկեղեցում, որը կառուցվել է 689 թ-ին` Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից։ Եկեղեցին խոնարհաբար հսկում էին հորթերը։ Ասում են, որ ամեն օր, հատկապես երեկոյան այստեղ մեծ թվով զբոսաշրջիկներ  են գալիս, ուստի նրանց համար անգլերեն լեզվով գրված է տեղեկատվություն` եկեղեցու մասին։
Ինչ խոսք, սա անպայման պետք է լինի, բայց մեկ հարց..Եթե օրերից մեկ օր Թալինից կամ մոտակա գյուղից աշակերտ գա ու ցանկանա մանրամասն տեղեկանալ պատմությանը, ի՞նչ է անելու…ժամերով կարդալու է անգլերենը, թե՞ մտքում մեղադրելու է հորթերին, որոնք գուցե կերել են ողջ հայերեն ինֆորմացիան։