5/07/2013

Մայիսի 7-ը՝ ռադիոյի օր


Մարդկության պատմության մեջ «ռադիո» տերմինը սկզբնավորվել է ռադիոյի ու ռադիոհաղորդումների գյուտից հազարամյակներ առաջ: Առաջացել է լատիներեն radiare-ճառագայթել, ճառագայթներ արձակել և radius-ճառագայթ բառերի համատեղումից:
Ռադիոտեխնիկայի զարգացումն անցել է 3 հիմնական փուլ՝ նախապատմության, ռադիոգյուտի իրականացման, ռադիոեթերի նվաճման:
1895թ. ռուս Ալ. Պոպովն ու իտալացի Գ. Մարկոնին միմյանցից անկախ ստեղծեցին տատանվող ինդիկատորների վրա հիմնված էլեկտրամագնիսական ազդանշանների ընդունման սարքեր:
1895թ. մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ Ալ. Պոպովն առանց հաղորդալարերի իր ռադիոսարքն առաջին անգամ ցուցադրեց էլեկտրակապի ռուսական տեխնիկական ընկերության համաժողովում: Այդ սարքն էլ Պոպովն անվանեց «ամպրոպանշիչ» և ծառայեցնում էր ամպրոպների պարպումներն ընդունելու և ավելի հեռու հաղորդելու համար:
1896թ. մարտին Ալ. Պոպովն իր հայտնագործությունը ցուցադրեց գործնականորեն՝ հաղորդելով աշխարհում առաջին ռադիոհեռագիրը՝ «Հենրիխ Հերց»:
Այդ նույն՝ 1896թ.մեկ ուրիշ ռադիոսարք ստեղծելու համար անգլիական կառավարության կողմից արտոնագիր ստացավ իտալացի գիտնական ու ձեռնարկատեր Գուլիելմո Մարկոնին: Ալ. Պոպովը Ռուսաստանի ռազմածովային գերատեսչության պահանջով իր սարքը չէր ներկայացրել արտոնագրման՝ գաղտնի պահելու մտադրությամբ, որը կասկածների տեղիք տվեց գյուտի հեղինակին որոշելու հարցում:
1919թ. սեպտեմբերի 25-ից իր գործունեությունը սկսած «Մարկոնի» տիպի  «Երևանի ուժեղ ռադիոկայանը» սկսում է գործել ռադիոհեռագրի սկզբունքով և մինչև 1922թ. կենդանի ձայն չի հաղորդել: 1926թ. սեպտեմբերի 22-ին շարք մտած Երևանի 1.2 ԿՎՏ հզորությամբ ռադիոկայանն  առաջին անգամ հեռարձակում է կենդանի ձայն ու ձևավորում զանգվածային լսարան:

5/06/2013

Այն, ինչ ուզում ես անել` երբեմն չես կարողանում կյանքի կոչել

ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը ծնվել է 1953 թ. մայիսի 9-ին` Վանաձորում: 1970 թ. ավարտել է տեղի Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը: 1971-75 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1996 թ.-ից Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի է և բեմական խոսք է դասավանդում մայրաքաղաքի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (դոցենտ, 2007 թ.): Խաղացել է ավելի քան 100 դերեր. Գայանե` «Դավաճանություն» (Յուժին Սումբարով), Զառնիշան` «Չար ոգի» (Շիրվանզադե), Նինա` «Դիմակահանդես» (Լերմոնտով), Շուշանիկ` «Քաոս» (Շիրվանզա դե), Իշխանուհի` «Հին Աստվածներ» (Լևոն Շանթ), Մայր, տիկին Դիտման` Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Անթառամ` Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» և այլն:

Խաղացել է նաև մոնո-ներկայացումներում` Մայր` Մաթևոսյանի «Ծառերը», Թերեզ` Ն. Շահնազարյանի «Թափորը»:

Որքանո՞վ է այսօրվա թատրոնը ներգործում մարդու վրա: Արդյո՞ք նպաստում է նրա ինքնամաքրմանը:

- Ինչ լավ հարց տվեցիք: Առհասարակ բոլոր արվեստները, ես կարծում եմ, ծառայում են մարդու ինքնամաքրման պրոցեսին: Թատրոնն` առավել ևս, որովհետև այն, ինչպես ասել է մեծն Վարդան Աճեմյանը, ամենամարդկային արվեստն է, իսկ մեր գործն էլ մարդաբանությունն է, մենք գործ ունենք մարդու հոգևոր աշխարհի հետ: Մեր գերխնդիրն է` վերծանել, բացել նրա հոգու խոր շերտերը: Ուղղակի խնդիրն այն է, թե ով ինչքանով է կարողանում: Եվ, գիտեք, կարելի է շատ բացասական երևույթներ պատկերել բեմում, շատ տեսարաններում արտացոլել բազում մարդկային բնավորություններ և բացասական երևույթներն անգամ դուրս բերելով` պետք է ծառայել մարդու ինքնամաքրման պրոցեսին:

Հայ թատրոնն անցյալում էլ, այսօր էլ ունեցել է և ունի հզոր բեմադրություններ, հզոր դերասաններ, ովքեր այո´, կարողացել և կարողանում են նպաստել մարդու հոգևոր ինքնամաքրմանը: Դեռևս հին Հունաստանում Արիստոտելն այդ պրոցեսն անվանել է «կատարսիս»:

Երբ ողբերգությունն են խաղացել, դրանք ներազդել են հանդիսականի, մարդու մտքի և սրտի վրա. ուժեղ ազդեցություն են գործել, սթափեցրել: Այլ խոսքով դա կարելի է անվանել սառը ցնցուղ, որը լվանում-մաքրում է մարդու ներսը: Թատրոնի դերը վեհ է, ահեղ, հզոր:

Ինքնամաքրման պրոցեսը եկեղեցու գործն է, ճի՞շտ է: Թատրոնն ինքը յուրովի մի եկեղեցի է, դա ես չեմ ասում, ասել է նաև մեր մեծն դերասանուհի Սիրանույշը, ում, ցավոք, այսօր շատ քչերն են հիշում, անդրադառնում:

Նկատե՞լ եք, թե հանդիսատեսը ո՞ր ներկայացումներն է նախընտրում, ինչպիսի՞ լուծումներով:

- Հանդիսատեսին, ըստ իս, չպետք է երես տալ: Նրան չպետք է ասել, թե արի´, մենք քեզ համար սա բեմադրում ենք` նայի´ր, ծիծաղի´ր ու գնա: Պետք է ներկայացումը ստեղծես, հանդիսատեսը գա ու համակվի այդ ներկայացումով: Բայց ամեն դեպքում պետք է նա հասկանա, թե ուր է եկել, ինչ ներկայացման և գնալուց հետո իր հետ ինչ-որ մի բան տանի, նա պետք է որոշ ժամանակ լինի այդ ներկայացման տպավորության ներքո: Եթե այդ ազդեցությունը կա, ուրեմն ներկայացումը կայացել է:

Թատրոնը ոչ շոու է, ոչ էստրադա: Թատրոնն ուրիշ բնագավառ է, նա ոգեղեն աշխարհ է, առեղծված է, լեգենդ, միֆ, գաղափար: Իսկ այսօր թատրոնում խաղալը մենք դարձրել ենք ժամանց, հեշտ գործ: Ով ասես` կարող է մտնել, խաղալ, ինքն իրեն ցուցադրել ու գնալ:

Մակերեսն է իշխում, խորքը չկա, հեքիաթը չկա, խորհուրդը չկա:

Մեր բեմադրությունները պետք է առաջ քաշեն համամարդկային գաղափարներ, խնդիրներ և, իհարկե, ժամանակի ոգուն համապատասխան: Հեչ կարևոր չէ, որ ժամանակակից պիեսներ բեմադրվեն: Ժամանակակից դրամատուրգիան, ցավոք, մեզ մոտ մի քիչ կաղում է, լիարժեք միս ու արյունով շնչող գործեր շատ քիչ ունենք:

Դասականը բոլոր ժամանակներում ունի իր ասելիքը, դրա համար պետք է բեմադրողը, ինչպես նաև իր թիմը, լինեն տաղանդավոր, որ կարողանան արծարծված մտահղացումները մատուցել հանդիսականին:

Իսկ բարձր մակարդակի արվեստը հաճելի է բոլորին` մանուկից մինչև ծերունին, մտավորականից մինչև սովորական, հասարակ մահկանացուն:

Շատ եմ կարևորում բեմից հնչող խոսքի արժեքը: Բոլոր մեծ դերասաններն առաջին հերթին տիրապետել են խոսքի արվեստին:

Աններելի է չմարզված կոկորդով բեմ մտնելը: Մեր Սունդուկյանի թատրոնի բեմը դերասան «սպանող» բեմ է: Դերասանն այդտեղ պետք է ունենա հզոր տեխնիկա: Նորելուկները փոքր-ինչ երերում են: Բեմական խոսքը այն հզոր, մոգական ուժն է, որը կարող է թրի նման հատու լինել ու կտրել և ընդհակառակը, զեփյուռի պես շոյել, փաղաքշել հանդիսականին:

-Բավարա՞ր է այսօրվա դերասանի ստացած կրթությունը` բեմ դուրս գալու համար:

-Նորավարտ դերասանն, իհարկե, պետք է կյանքից դասեր քաղի, կենսափորձ ձեռք բերի: Պետք է կենդանի դպրոցներ տեսնի իր շուրջը, ուսումնասիրի… Միայն ինստիտուտը բավական չէ: Այսօրվա երիտասարդին ինստիտուտը կրթություն տալիս է, իսկ թե ով ինչքան է վերցնում` դա իր գործն է:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ճանապարհ բացեց Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի և շատ երևելիների համար: Ինչպե՞ս կշարունակեք ցանկը, ժամանակակից դերասաններից ո՞ւմ կընդգրկեիք:

- Ես կարծում եմ սերունդների շղթան հաջորդաբար գնում է: Հաճախ ասում են, թե այսօր Փափազյան չկա, Ներսիսյան չկա… Այսօր էլ այլ տեսակի փափազյաններ, ներսիսյաններ կան: Բերեք չջնջենք ամեն ինչ: Մարդիկ աշխատում են, խաղում են, ստեղծագործում են, ճաշակի հարց է: Դերասանը չի կարող բոլոր դերերում գոհացնել բոլորին: Չի կարող բոլոր դերերը հավասար բարձրության վրա խաղալ:

Խաղացանկը կարդալիս նկատեցի, որ նոր ներկայացումներում Դուք ընդգրկված չեք…

- Ցավոք, վերջին տարիներին նոր դերեր չեմ ստացել, խաղում եմ խաղացանկային 10-15 տարվա կենսագրություն ունեցող դերերը: Գիտե՞ք, «դերասանական բախտ» էլ գոյություն ունի: Շատ բան կախված է բեմադրիչից, նա երբեմն կարող է քեզ չտեսնել այս կամ այն դերում, ուստի ժողովրդական լեզվով ասած` ստիպված ես նստել թախտին, սպասել բախտին ու տեսնել, թե քեզ ով է տեսնում այդ դերում: Ես բեմականացված տարբերակ ստեղծեցի` Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի հիման վրա: Այն բեմադրվեց Մայր թատրոնում, սակայն, ցավոք սրտի արդեն երրորդ տարին է, որ խաղացել եմ երեք թե չորս անգամ: Պատճառն այն է, որ տոմսերը չեն վաճառվում, դժվար է:

Թատրոնը կոլեկտիվ գործ է. բոլորը մեկի համար, մեկը` բոլորի: Սակայն, երբեմն գոյություն ունեն անհավասարաչափ դերաբաշխումներ: Կա մի ամբողջ դերասանա խումբ, որ տարիներով պարապուրդի է մատնված:


http://avangard.am/?page=news&cal_date=&news_id=12249 

4/30/2013

Երբ անճարանաս՝ հանճար կդառնաս. Խաչատուր Միրիջանյան


Պարոն  Միրիջանյան, սովորել եք Երևանի գեղարվեստի ակադեմիայում. Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշում կայացրեցիք ընդունվել տվյալ հաստատություն: Քանդակագործ դառնալը մանկության երազա՞նք էր:
-1932  թվականին  Բուլղարիայի  Բուրգաս  քաղաքից  երբ  եկանք  Հայաստան ես մենակ էի, ոչ ընկեր ունեի, ոչ հարազատ: Քույրերս չդիմանալով ծանր վիճակին՝ մահացել էին: Ձանձրույթից չգիտեի՝ ինչ անել: Անկախ ինձանից զբաղվում էի ծառի ճյուղերը դանակով տաշելով: Ամբողջ ուշադրությունս նկարչության և քանդակի վրա էր: Երրորդ դասարանում արդեն ճանաչվել էի որպես  նկարիչ: Սակայն, չորրորդ դասարանում դպրոցից դուրս եկա, քանի որ պետք էի աշխատեի՝ հիվանդ ծնողներիս պահելու համար:
Ընթացքում ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ հրաշք դասախոսի՝  Թերեզա Միրզոյանի հետ: Ճիշտ է, նկարչությունն էր իմ հոբբին, բայց, երբ առաջին անգամ տեսա այդ կնոջը, հմայվեցի գեղեցկությամբ, անցա քանդակի ասպարեզ: Նա շատ ընդառաջեց, ոգեշնչեց ինձ:
Որքանո՞վ եք կարևորում կրթության դերը մարդու կյանքում:
-Եթե մարդու ներսում կա՝ բոլոր պայմաններում էլ նա կարող է դրանից օգտվել: Եթե ձայն ունես՝ չպետք է սպասես, որ քեզ լսեն: Կան մարդիկ, որոնք շատ շնորհքով են, սակայն նվիրված չլինելու հետևանքով հետ են մնում:
Արվեստը թողնելու մտադրություն երբևէ ունեցե՞լ եք:
-Ամենածանր պահերին անգամ իմ արվեստից չեմ հրաժարվում: Պահ եմ գտնում, որ մի բան ստեղծագործեմ, դա իմ հոգու պահանջն է: Երջանիկ է նա, ում տաղանդը համընկնում է նախասիրությանը:
Ո՞վ է Ձեր աշխատանքների քննադատը:
-Ես: Գիտեք, կան մարդիկ, ովքեր իրենց արածից  միշտ գոհ են լինում: Իմ դեպքում այդպես չէ: Ես հաշվի եմ առնում յուրաքանչյուրի կարծիքը: «Մի նկարիչ աշխատանքն ավարտելուց հետո նստում և նայում էիր գործը, ընկերը գալիս և հարցնում է՝  «Հիացե՞լ ես», ասում է, որ ոչ, տխուր է: Ընկերն հարցնում է, թե ինչո՞ւ:
Նկարիչը պատասխանում է. «Նրա համար, որ ես հավանում եմ իմ գործը, իսկ դա նշանակում է, որ առաջադիմելու շանս չունեմ»:
Հիմա  վախենում եմ, որ հավանեմ գործս, ես իմ ուզածը դեռ չեմ ստեղծել, սպասում եմ դրան:
-Կոնկրետ ի՞նչ եք ուզում ստեղծել:
-Այն, որ վերջին անգամ ես էլ հիանամ:  Չնայած չեմ կարծում, որ կհիանամ, քանի որ անընդհատ պահանջը կա: Շատ կուշտ լինելն էլ մի բան չէ, պետք է սպասելիք ունենալ:
Ձեր բանաստեղծություններից մեկում նշում եք, որ եթե չլինեին վիշտն ու սերը, պոետը  չէր կարողանա ստեղծագործել: Ձեր լավագույն գործերը վշտի, թե՞ սիրո արդյունք են:
-Փոթորկից հետո միշտ  արև  է լինում, ամեն ինչումպետք է դրականը տեսնել: Հիասթափությունը կարող է խորտակել մարդուն: Միշտ էլ կհանդիպեն մարդիկ, ովքեր կնեղացնեն քեզ, բայց ինչո՞ւ նեղանալ: Դա նրա էությունն է:
Ես կարո՞ղ եմ ոչխարին ասել, թե ինչո՞ւ ես խոտ ուտում, կամ  գայլին, թե ինչո՞ւ ես միս ուտում: Դա նրանց պահանջն է: Ես այն երջանիկներից եմ, որ վշտի մեջ լույս է տեսնում:
Երբևէ պատկերե՞լ եք ձեզ նեղացնող մարդկանց:
-Այո:
 Եվ նվիրե՞լ եք:
 -Չէ, դա արդեն մեղք է:

Պարոն, Միրիջանյան, Ձեր կարծիքով արվեստը, հատկապես քանդակագործությունն ու նկարչությունն այսօր ի՞նչ վիճակում են:

-Հիմա մարդիկ հոգսերով են տարված: Առաջ շատ-շատ էին գալիս, չէի հասցնում: Օրը 4-5 մեքենա մեր դռան մոտ էր: Հիմա ընկել են  օրվա սննդի հայթայթման հետևից: Եթե բախտ ունեցար ճարպիկ մենեջեր ունենալ՝ կգոյատևես: Մեր շատ շնորհքով արվեստագետներ ներկի, կտավի գումար չունեն:
Գրում եք նաև բանաստեղծություններ. դրանք թղթին եք հանձնում յուրաքանչյուր աշխատանքից առաջ, թե՞  հետո:

-Ավելի շատ քանդակից է ծնվում բանաստեղծություն, քան հակառակը:
Ի՞նչ  կարող եք ներկայացնել քանդակի, նկարի միջոցով, որը չէիք ասի  գրչի  միջոցով:
-Մեկը մյուսին լրացնում են: Օրինակ, երբ հոգնում եմ քանդակելուց՝ գրում եմ:
Քանդակել եք քաղաքական գործիչների,  մտավորականների, շարքային քաղաքացիների, կենդանիների: Նախընտրում եք մարդկային, թե կենդանական աշխարհը:
-Սիրում եմ կենդանական աշխարհը: Խելոք մարդկանցից մեկն ասել է. «Ինչքան մարդկանց ճանաչեցի, այնքան սիրեցի կենդանիներին»:
Նմանություն կամ տարբերություն տեսնո՞ւմ եք մարդկային և կենդանական աշխարհների միջև:
-Իհարկե: Երկուսն էլ եսասեր են, ունեն ուտելու պահանջ, զգուշավոր են, հոշոտում են, սակայն, եթե կենդանիները քաղցի ժամանակ են հոշոտում,  մարդիկ՝ կուշտ: Մարդիկ ավելի խորամանկ են: Կենդանիները բնության, մարդիկ՝ ուղեղի հրամանով են գործում.
Կաթնասուն, գազան բարեկամացել,
Մինչդեռ մարդիկ են թշնամի դարձել….
Տեսնում եմ՝ քանդակները շատ են արվեստանոցում, տարածքի խնդիր ունեք կարծես թե :
-Մեկ-մեկ ասում են՝ երբ անճարանաս, հանճար կդառնաս, իսկ այդ դեպքում փորձում ես ինչ-որ միջոցներ գտնել:
Առաջիկայում  ցուցահանդես  նախատեսո՞ւմ  եք:
-Ցանկանում եմ փայտե քանդակների ցուցահանդես կազմակերպել: Մոտ 80 աշխատանք կա: Հիմա աշխատանքներիս ճակատագիրն է ինձ հուզում, չէ՞ որ ամեն մեկի մեջ իմ հիշողությունն է ամփոփված:


4/29/2013

Կենդանի խաչքարերին ոչ հիշում են, ոչ օգնում. «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար


Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Նշվում է 1982 թ.-ից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմայստեր,  բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի:
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Օրվա առթիվ ազգային պարի, խնդիրների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Սասուն» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը և  «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը:
«Պարը կյանք է: Ցավոք ազգային պարը հետ է մնում, չի քարոզվում: Չգիտեմ, թե ժողովուրդն ինչու է այդպես տրամադրված: Ամեն ինչ ներկայացնում են՝ բացի ազգայինից: Միայն բիզնես է: Ինչո՞ւ պետք է մեզ հաճույքի ժամանակ հիշեն, որ կանչեն, գնանք, հետո էլ ստրուկի նման ասենք՝ վայ, շնորհակալություն: Հիմա ո՞վ է մեղավոր, ո՞վ է փչացնում: Հետո ո՞ւմ եք մեղադրելու, թուրքի՞ն, քրդի՞ն»,-դժգոհությունն այսպես արտահայտեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Նրա խոսքը լրացնելով «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանն  ասաց, որ երբ որևէ շրջանում խաչքար է բացվում, անպայման լուսաբանվում է, իսկ կենդանի խաչքարերին, ովքեր ազգային երգ ու պարի փոխանցողներն են՝ ոչ հիշում են, ոչ օգնում:
ardarutyun.am-ի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայ հասարակությունը նախընտրում է լատինամերիկյան պարերը, կամ՝պորտապարը նախընտրելու պատճառը, «Սասուն» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց մեկ նախադասությամբ. «Ուզում են եվրոպացի երևալ»:

Տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը




ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը:  Գրքում  ներկայացված են 1910-60-ական թվականների փաստացի իրադարձությունները:

«Գիրքն ընդգրկում է մի ժամանակաշրջան, որ մեր գրողները չեն անդրադարձել, խուսափել են:  Գործող անձիք, դեպքերն իրական են: Երբ ծանոթացա հերոսի պատմությանը՝ հասկացա, որ կարող է պատմավեպ լինել: Հիմքում Ռուբեն Սարգսյանի կենսագրությունն է, ապրած կյանքը. սկսվում է Շուշիի 1920թ. մարտի 23-ի հրկիզումից ու կոտորածից, անցնում բանտարկության  տարիներին, կոլտնտեսական շարժմանը, 1937թ.-ից մինչև Հայրենական մեծ պատերազմ, գերություն, վերադարձ հայրենի գյուղ, աքսոր…

Աշխատանքը տևել է 2-3 տարի, բավականին արխիվային տեղեկություն կա: Ներկայացվում է Շուշի բերդաքաղաքի, Չափար գյուղի, նրա ներսում և Արցախի մասին հյուսվող պատումներով»,-մեզ հետ զրույցում ասաց  հեղինակը:

Շնորհանդեսին ներկա էին պատմաբաններ, գրականագետներ, որոնց թվում և գրքի քննադատ Դավիթ Սարգսյանը, ով  գիրքը բնութագրեց հետևյալ ՝ «Պատմություն՝ բեկված մի մարդու կենսագրության մեջ» նախադասությամբ:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով էլ «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը մեծ նշանակություն կունենա ապագա պատմաբանների համար, ովքեր շատ կարևոր փաստեր կքաղեն աշխատությունից. «Սա ցույց է տալիս ԽՍՀՄ ղեկավարության անգործությունը, թշնամու նենգությունը և այլն»,-նշեց Ռ. Սաֆրաստյանը: