7/06/2013

Վարդավառը` աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն




Հուլիսի 7-ին կնշենք Վարդավառը, որը  Հայ Առաքելական Եկեղեցին նշում է որպես Քրիստոսի Պայծառակերպության տոն և հանդիսանում է հինգ տաղավար տոներից մեկը։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում (այստեղից էլ` Վարդավառին միմյանց ջրելու սովորությունը): Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:
Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

«
Մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը և ուր գետերի, աղբյուրների ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել: Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը: Բաժանվելով խմբերի` նրանք պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ: Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան Վահե Անթանեսյանը` հավելելով, որ տոնը սկսվում է շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները մատաղ են անում, անասուն մորթում և հավաքվում գիշերային խարույկի շուրջ:

«
Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել հատկապես Լոռիում, որտեղ Վարդավառը ժողովրդական ամենասիրելի տոնն է»,-փաստում է պատմաբանը:
Վարդավառը նաև խնձորի տոն է: Սեղաններին առատ է եղել միրգը: «Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին»,-նշեց Վահե Անթանեսյանը:
Ինչ վերաբերում է վարդավառ բառին, ապա պատմաբանը փաստում է, որ այն բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել: Տոնի սկզբին` հունիսի 27-ին (Վահագնի օրվան) գումարվում է մարտի 21-ից մինչև առաջիկա լիալուսին ընկած օրերի քանակը:
Պարզվում է, որ Վարդավառը եղել է նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն:

«
Այս տոնի ընթացքում կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները:

Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալ հորանց տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր»,-փաստեց պատմաբանը:

  
Անի Կարապետյան
 http://asekose.am/hy_AM/news/8/132623-vardavare-axjik-entrelou-e-axjkatesi-ton.html

Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդն ինքն իր հետ խոսում



Ընդունեք, որ ոչ մեկ անգամ եք ինքներդ ձեզ «բռնացրել» մենախոսելիս: Բնականաբար, այդ պահին շատ եք ամաչել, անգամ անհանգստացել եք հոգեկան վիճակի համար: Բայց, պարզվում է, մենախոսելն օգտակար է ուղեղի համար: Այս եզրահանգմանն են եկել ԱՄՆ Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանի գիտնականները:

Փորձի համար մարդիկ փնտրել են իրենց կորցրած իրերը: Այդ ընթացքում հետազոտողները մասնակիցների մի մասին թույլ են տվել մենախոսել, մյուս մասին` ոչ: Արդյունքում, նրանք, ովքեր մենախոսել են, իրն ավելի արագ են գտել:

Փորձագետների կարծիքով մարդու` ինքն իր հետ խոսելը արագացնում է ուղեղի աշխատանքը, բարձացնում է ընկալողականությունը, ուշադրությունը: Իսկ այս դեպքում, ըստ գիտնականների, մարդը հարցի լուծումն ավելի արագ է գտնում. գրում է «Կոմսամոլսկայա պրավդան»:

Հուլիսի 6-ը համբույրի, ասել է թե պըռչ-պըռչացնողների համաշխարհային օրն է


 Հուլիսի 6-ը համբույրի համաշխարհային օրն է: Առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: XIX դարի վերջին Ալբիոնի ափերին որոշվեց, որ համբույրն արժանի է տոնի կարգավիճակ ստանալուն: ХХ դարի վերջին տոնը հաստատվում է ՄԱԿ-ի կողմից:
Այս օրը մի շարք երկրներում տարբեր մրցույթներ են անցկացվում` կապված ամենաերկար, ամենագեղեցիկ, անսովոր համբույրի հետ:
Սակայն, չգիտես ինչու, թվում է, թե այդ մրցույթներն ամեն օր են անցկացվում, հատկապես ՀՀ-ում: Սրճարաններում, փողոցներում, կանգառներում, երթուղայիններում,  ծառին, թփին, արձանին միշտ հառնում են մեկը մյուսի աչքի ճպուռն հանող, աշխարհի վերջին հավատացող, խաչապուրի դարձած  «սիրահար» զույգերը:
Դե արի, խեղճ երեխա, աչքերդ փակիր, մի’ տես, մի’ սովորի'ր, դե արի ծերունի` մի զայրացիր, դե արի ու ով մարդ մի գարշիր: Եկե’ք ու հասկացրեք այս մարդկանց, որ իրար պըռչ-պըռչացրեք ոչ հասարակական վայրերում:
Այս մտահոգիչ հարցի առիթով փորձեցինք օգնության կանչել ՀՀ հոգեբաններին` նրանց ուղղելով հետևյալ հարցը. «Հանրության աչքի առջև համբուրվողներին հոգեբանական ո՞ր վիճակն է բնորոշ: Արդյո՞ք դա կապ ունի ինքնագնահատականի հետ»:
Հարցը մնաց օդում, քանի որ վայ-հոգեբանները եկան, տեսան, թեման համարեցին անլուրջ ու թռան: Երևի այնքան է անլուրջ, որ վաղը նրանք հանդես կգան ասուլիսներով և կխոսեն անդաստիարակ, այլասերված, հազար ու մի հիվանդություններ ձեռք բերած անձանց մասին` մոռանալով դրանց աղբյուրներից մեկը:
Ինչևէ, եկեք սա էլ տոնենք, ինչ է եղել որ, հո Եվրոպայից հետ չենք մնալու..ախր, չէ՞ որ այս հարցերում առաջամնաց ենք, իզուր չէ, որ անբարոյական երկրների ցանկում պատվավոր տեղ ունենք:

 Նյութը` Անի Կարապետյանի
http://asekose.am/hy_AM/news/8/132595-houlisi-6-e-hambouyri--asel-e-te-perc-percacnoxneri-hamasxarhayin-orn-e.html 

5/13/2013

Ասում են, թե մոտենում է վերջին զանգը

Ասում են, թե մոտենում են վերջին զանգը, ավարտական, ընդունելության քննությունները: Ասում են...

Բայց, դե մենք էլ, դուք էլ գիտենք, որ վերջին զանգը վաղուց է մոտեցել ու անցել: Երեխաները հո նոր չեն դառնում 17 տարեկան, նրանք դեռ 12 տարեկանում 17 էին, 17-ում՝ 25:  Դա են վկայում նրանց <<խոսքերը>>, <<դատողությունները>>, <<չեղած հոնքերը>>, սուտի-մուտի <<բրենդային>> զգեստները...

Նույնը նաև  ավարտական և ընդունելության քննությունների դեպքում: Դրանք էլ վաղուց եկել ու անցնում են՝ նկարազարդված թվերի, ծանոթների, փողերի հետ միասին:

Ինչևէ, մարդը շարունակում է մնալ մարդուկ, ավանդույթը՝ ավանդույթ, իսկ անկեղծ ու կեղծ շնորհավորանքների, ժպիտների ամիսը համարում ենք բացված: Առավել շատ հնչող մաղթանքների հիթ-շքերթը  այս տարի էլ  կգլխավորի <<Կանաչ ճանապարհ>>-ը, իսկ ժամանակը ցույց կտա, որ կամ մաղթանքը սրտանց չէր, կամ ճանապարհը կանաչ չէ:

Հա, հա, իրադարձությունների շղթան ժամանակի ընթացքում ցույց կտա, որ անորոշ է ամեն ինչ. հավերժ չէ ո՛չ փողը, ո՛չ աթոռը, ո՛չ ծանոթը, ոչ էլ, առավել ևս աշխատանքդ:

Ամեն ինչ անորոշ է երկրիդ ճակատագրի պես:

Ինչևէ,  թողնելով իրականությունը մի կողմ՝ գնանք երազանքների, միֆի հետևից ու քե՛զ, հարգելի շրջանավարտ, շնորհավորենք՝ մաղթելով ամենայն բարիք. Թող որ իրոք գտնես այն ճանապարհը, որն անհրաժեշտ է քեզ: Քայլի՛ր դրանով առանց շեղվելու (չնայած սոցիալական վիճակն անընդհատ քեզ հակառակը կհամոզի), աշխատի՛ր լինել լավագույն ազգի իսկական ժառանգը:

5/08/2013

Մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 21 և Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 68-րդ տարեդարձը


Հայաստանում մայիսի 9-ին նշում են ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Պատերազմին մասնակցել են ավելի քան 500 հազար հայեր Հայաստանից, 100 հազար հայեր Սփյուռքից եւ ԽՍՀՄ հանրապետություններից, այդ թվում՝ 10 հազարից ավելի հայուհիներ, որոնցից չորս հազարից ավելին՝ Հայաստանից, մոտ 1600-ը՝ Արցախից, մնացածները՝ Միության երկրներից եւ Սփյուռքից: Օրն այս կրկնակի տոն է հայերիս համար: 21 տարի առաջ՝ 1992թ. մայիսի 9-ին, ավարտվեց հայկական Շուշի քաղաքի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև  տնտեսական անհրաժեշտություն էր, քանի որ ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը “Գրադ” կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:
1991թ. վերջի և 1992թ. սկզբի ինքնապաշտպանական
հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:
Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992թ. հունվարի 25-26-ին Քարինտակի  ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է հետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո:
Նշենք, որ Շուշին, բերդաքաղաք է Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասիմշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվականին։ Ներկայում Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։