4/23/2015

Կոմիտասն ու Հայոց ցեղասպանությունը

Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը՝ արյունալի գործողություններ ձեռնարկելով թե՛ հասարակ ժողովրդի, թե՛ մտավորականության դեմ։ Կազմելով մտավորականների 2 խումբ՝ թուրք ոճրագործներն աքսորեցին նրանց Այաշ եւ Չանգր։ Առաջին ցուցակում ընդգրկվածներն անմիջապես սպանվեցին, իսկ երկրորդ ցուցակի մտավորականությունը (այդ թվում՝ Կոմիտասը) բռնեց աքսորի 7-շաբաթյա երկար ու դաժան ճանապարհը՝ գիտակցելով իր ողբերգական վախճանը։ 
Ֆիզիկական և հոգեկան ցնցումներ, ճնշվածություն. այսպիսին էր տիրող վիճակն աքսորավայրում։

Առաջին հարվածը Կոմիտասը ստացավ այն ժամանակ, երբ իր երգով ուզում էր ընկերներին հասկացնել գալիք արհավիրքի մասին։ Հանկարծ ոստիկանի սահմռկեցուցիչ հարվածն ընդհատեց նրա երգը։ Անսպասելի հարվածի ուժգնությունից Կոմիտասը սփրթնեց և չկարողացավ շարժվել...

Մեկ ուրիշ անգամ, անցնելով դիակների և մահացող մարդկանց միջով՝ կոմպոզիտորն ականատես եղավ մի աղեկեզ տեսարանի. թուրք ոստիկանն աննկարագրելի դաժանությամբ ու հաճույքով պատռեց երկունքի ցավով տառապող կնոջ փորը, իսկ նորածնի ճիչը խեղդեց իր ուժգին հարվածով։ Մոր և որդու դժոխային տառապանքն ու դաժան մահը մինչև հոգու խորքը ցնցեցին Կոմիտասին. այդ պահին նա ի վիճակի չէր նույնիսկ խոսել...

...Չանգրի ճանապարհին տեղի ունեցած դեպքը նույնպես անջնջելի հետք թողեց կոմպոզիտորի հիշողության մեջ։ Այն աքսորյալները, որոնց մեջ դեռ մի փոքր ուժ կար, գնացել էին խմելու ջուր հայթայթելու։ Բաժակ չլինելու պատճառով պետք է խմեին դույլից։ Տեղյակ լինելով Կոմիտասի նրբանկատությանն ու խիստ մաքրասիրությանը՝ նրա ընկերները՝ Սիամանթոն եւ Դանիել Վարուժանը, խմելու հնարավորությունն առաջինն ընձեռեցին նրան։ Սակայն, Կոմիտասը դեռ չէր հասցրել մի կում անել, երբ անգութ ոստիկանը խլեց նրա ձեռքից ջրով լի դույլն ու շպրտեց այն...Կոմպոզիտորն անկենդան հայացքով մտավ իր վրանը. նրա գունատությունը վախեցրեց այնտեղ եղած բժիշկներին։ Մեկ ժամ անց Կոմիտասը դուրս եկավ, միացավ ընկերներին։ Վերջիններս նրան ջուր առաջարկեցին, սակայն, թախծոտ ժպիտը դեմքին՝ նա հրաժարվեց։ Կոմպոզիտորը սկսեց խոսել ինքն իր հետ՝ արտասանելով ինչ-որ անհասկանալի բառեր։ Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց...

Հաջորդ օրը, շարունակելով Չանգր տանող ճանապարհը, Կոմիտասը մի զառամյալ, կեղտոտ էշ տեսավ բլրի լանջին։ Հավաքելով իր փարաջայի փեշերը՝ նա հարգանքով խոնարհվեց, ողջունեց էշին և բացականչեց. «Մի՛ շտապեք, ընկերնե՛ր, թույլ տվեք, որ ոստիկանն անցնի»։

Շատերն այս խոսքերը որպես հումոր ընդունեցին, սակայն բժիշկներ Թորգոմյանն ու Սեւակը, լավ իմանալով Կոմիտասին, հոգեկան խանգարվածության տարրեր նկատեցին։ 

Վերջիններիս առկայության մասին է վկայում նաև հետևյալ դեպքը։ Աքսորավայրում, զգալով իրենց ողբերգական վախճանը, հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրեցին Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա»-ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորն հանկարծ համակվեց հիստերիկ ծիծաղով։ Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն անցան...

Երեք ամսվա տանջանքներից հետո հրաման եկավ կոմպոզիտորին վերադարձնել աքսորավայրից, և ազդեցիկ անձանց միջնորդությամբ հրաշքով փրկված իր երկու ընկերների՝ բժիշկ Թորգոմյանի և խմբագիր Քեչյանի հետ Կոմիտասին բերեցին Կոստանդնուպոլիս։

Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ աներևույթ և անզուսպ ալիքներ հախուրն կհուզեն ի խորս մեր հալածական եւ ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն...Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը...

Սիրտս փլած է...»։

Կոմիտասի հետ կայացած հանդիպումից հետո այսպես է հիշում կոմպոզիտորին նրա աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանը. «Մենք Քեչյանների տանն էինք, երբ ականատես եղանք մի սրտաճմլիկ տեսարանի։ Կոմիտասը, չխնամված տեսքով, կանգնած էր մուտքի մոտ և շրջապատված էր աքսորվածների ընտանիքների անդամներով, որոնք ցանկանում էին իրենց հարազատներից տեղեկություններ իմանալ։

«Նրանք էլ կվերադառնան։ Մի՛ հապաղեք, նամակներ ու հեռագրեր գրեք նրանց, եղեք սրտակից կանայք ու մայրեր...»։
Ապա նետվելով Քեչյանի մահճակալի վրա ու խեղդվելով արցունքների մեջ՝ ավելացրեց. «Ա՜խ, ինչպե՞ս չստեմ, ինչպե՞ս չխաբեմ մեր այրիացած քույրերին։ Ոչ ոք չի տեսել մեր ազգային ողբերգության վերքերը... Այդ ապրումները մեզ կխելագարեցնեն»։ 
Ճակատագրի բերումով այդպես էլ եղավ։ Կոմիտասը դարձավ 1915 թվականի Մեծ եղեռնի ականատեսն ու հրաշքով փրկված «զոհը»։ 

Հայ ժողովրդի ողբերգությունը կանխորոշեց երաժշտության հանճարի դաժան կյանքի հետագա 20 տարիների ընթացքը...

3/28/2015

«Հայոց մայր» հուշարձանը կտարվի Վատիկան

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Ֆլորենցիայում տեղադրված Հայոց մայր հուշարձանը այս տարի ցուցադրվելու է եվրոպական մի շարք քաղաքներում, իսկ ապրիլ ամսին բերվելու է Վատիկան, որտեղ Հռոմի պապը պատարագ պետք է մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին։

«Հայոց մայր» հուշարձանը (իտալ.՝ La Madre del'Armenia) բրոնզաձույլ հուշակոթող է, որը տեղադրվել է Ֆլորենցիայի Գթասրտության եկեղեցական կազմակերպության մուտքի մոտ: «Հայոց մայր» հուշարձանը նվիրված է հայոց ցեղասպանության 100-ամյակին։ 

«Հայոց մայր» հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում և ուղղություն է ցույց տալիս իր չորս զավակներին։ Մոր թիկնոցը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը՝ իր եկեղեցիներով։ Մոր ուսերը նման են Արարատ լեռանը։

Նշենք, որ հուշարձանը կառուցվել է 2014 թվականին, իսկ քանդակագործը Վիգեն Ավետիսյանն է:

3/16/2015

Նայելով զգեստին՝ասում էին կին է, օրիորդ, թե՝ այրի

Հայոց հինավուրց մայրաքաղաք Արմավիրի մերձակայքում̀՝ Արարատյան դաշտի գեղատեսիլ բլուրներից մեկի վրա է գտնվում  հայ ժողովրդի պատմության հոյակապ դրվագներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտը խորհրդանշող տուֆակերտ հուշահամալիրը, որի մուտքը «պահպանում»  են Սարդարապատի կենդանի մասնակիցներին մարմնավորող վիթխարի, թևավոր ցուլերը,  որոնք  կոչված են  հսկելու փոքր-ինչ հեռվում վեր խոյացող 35 մետր  բարձրությամբ զանգակատուն-աշտարակը:
Զանգաշտարակից դեպի փառքի ու հաղթանակի հուշապատ ձգվող ծառուղու աջ կողմում հայ քաջորդիների ոգին խորհրդանշող քարե արծիվներն են: Կամարից ճանապարհը ձգվում է դեպի հուշահամալիրի զարդը̀  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է, կառուցվել է տասը տարում (1968-1978) և իր հորինվածքով հիշեցնում է միջնադարյան բերդ-ամրոց: Թանգարանի մուտքի մոտ է գտնվում թանգարանն ու հուշահամալիրը անցյալին ու հավերժին շաղկապող պահապան-թալիսմանը՝ Գեղամա լեռներից բերված  «Վիշապ» քարակոթողը:
2012թ-ի հունվարի 1-ից Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը համարվում է Թանգարանների միջազգային խորհրդի(ICOM) հիմնական անդամ: Թանգարանում պահպանվում են շուրջ 70000 մշակութային արժեքներ: 6500 քառակուսի մետր ցուցադրական մակերեսի վրա ներկայացվում է Հայոց նյութական, սոցիալական ու հոգևոր մշակույթը̀ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Թանգարանում է գտնվում, օրինակ 5000 տարվա պատմություն ունեցող օջախը: Ասում են՝ հնում միշտ պետք է վառ լիներ օջախի կրակը, քանի որ դրա հանգչելը վատ նշան էր: Ավելին, երբ նոր ընտանիք էր ստեղծվում, հին օջախի կրակով վառում էին նոր օջախը: Ըստ հին հայկական ավանդույթի՝ օջախում ապրում էին պապերի հոգիները:
Ներկայացված է նաև ձիթհանը. Հայաստանում չի եղել գյուղ, որը ձիթհան չի ունեցել: Ձեթ ստանում էին կտավատից, քնջութից, կանեփից: Սերմերը բովում էին, մանրացնում և այդ զանգվածը դրվում էր անկյունում գտնվող մամլիչի տակ: Պտտում էին, ձեթն առնաձնանում էր:
Որքան էլ որ զարմանալի թվա՝ թանգարանում շատերի ուշադրությունը գրավում են զգեստները, որոնք կրել են մեր նախնիները: Ուղեկցորդի խոսքով՝ այն ժամանակ նայելով զգեստին՝ կարող էին ասել՝ կին է, օրիորդ, թե այրի: Ասել է, թե հեռվից հեռու հագուստը խոսում էր:
Նշաձև զարդերը, զգեստի վրա  դրանց առկայությունը վկայել է կնոջ ամուսնացած լինելու փաստը:
Ինչ վերաբերում է հայկական ավանդական հարսանիքին, ապա այդ ժամանակ հարսը հիմնականում կրել է կարմիր գույնի զգեստ: Իսկ ընդհանուր առմամբ՝  առանձնացված հարսանեկան զգեստ չի եղել:
-Հաճախ կարմի գույնի էր լինում նաև ներքնազգեստը, դրա համար տատիկները, երբ զայրացել են տղա թոռնիկների վրա՝ ասել են «Կարմիր չտեսնես»,-նկատում է թանգարանի աշխատակիցը:
Թանգարանում ներկայացված են նաև ազգային ուտեստները, ավելին, նրանք ովքեր ցանկություն են հայտնում՝ կարող են անձամբ մասնակցել դրա պատրաստանն ու համտեսել:
Այժմ Հայոց ազգագրության թանգարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է պատրաստում, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: 

http://asekose.am/hy_AM/news/8/184358-nayelov-zgestinasoum-ein-kin-e--oriord--te-ayri.html

3/08/2015

Կոլումբիայի քաղաքներից մեկը կոչվել է Արմենիա՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի

Արմենիան քաղաք է Կոլումբիայի Քինդիո դեպարտամենտում։ Անվանումը ստացել է 1880 թվականին, իսկ սեփականատերերը եղել են Հարավային ամերիկայից եկած հայերը: Քաղաքի կարգավիճակ է ստացել հիմնադրվելուց 9 տարի անց: Բնակիչների թիվն արագ աճել է, ինչն էլ  իշխանություններին ստիպել է 1889 թվականի հոկտեմբերի 14-ին ճանաչել Արմենիան որպես քաղաք: 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերել է Ռիխտերի սանդղակով 6,2 բալանոց երկրաշարժը։ Քաղաքը Արմենիա է կոչվել՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի:
Ինչպես Կոլումբիայի շատ քաղաքները, այնպես էլ Արմենիան 2 անուն ունի: Այն անվանում են նաև Հրաշքների քաղաք: Իսկ այս անունը ստացել է արտասովոր կերպով արագ զարգանալու համար: Այնտեղ գրեթե աղքատներ չկան: Արմենիայում են աճում ամենահամեղ էլիտար սուրճերի տեսակները, ուստի այն անվանում են նաև Կոլումբիայի  սուրճի մայրաքաղաք:

3/07/2015

Արգենտինայում լուրերի թողարկման ժամանակ կադրում ՉԹՕ է հայտնվել

Արգենտինայում լուրերի թողարկման ժամանակ կադրում` հաղորդավարների հետևի ֆոնին, նկատվել է անհայտ թռչող օբյեկտ: Շատերը կարծիք են հայտնել, թե դա այլմոլորակայինների թռչող ափսե է եղել: