3/26/2023

Նոր վարկած.Կոմիտասին խաբեությամբ են տարել հոգեբուժարան


1915 թվականին Կոմիտասը հայ մտավորականների և արվեստի գործիչների հետ աքսորվեց Անատոլիայի խորքերը և տեսավ սեփական ժողովրդի սարսափելի ոչնչացումը։ Ու թեև ազդեցիկ մարդկանց շնորհիվ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում։

Երկար տարիներ ի վեր ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։ Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքում են այդ վարկածը։ Ըստ նոր ուսումնասիրությունների` վարդապետը խենթ չի եղել, և նրա լռությունը չի կարելի շիզոֆրենիայի ախտանիշ համարել։

Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսությունում եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, չնայած որ այն ժամանակ գործում էր այսպես կոչված «Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն»։

Նոր վարկածի կողմնակիցները կարծում են, որ երգահանին խաբեությամբ են տարել հոգեբուժարան, որպեսզի նա չխոսի Ցեղասպանության սարսափի մասին, քանի որ Կոմիտասը մեծ համբավ ուներ Եվրոպայում։ Վստահեցնում են, որ վարդապետը լռել է դեղահաբերի ազդեցության տակ, որոնցով նրան «բուժում» էին Կոստանդնուպոլսի կլինիկայի թուրք բժիշկները։ Իսկ մահվան պատճառը, ինչպես պարզել են հետազոտողները, աստեիտն է եղել։ Կլինիկայում հիվանդներին կոշտ կոշիկներ էին հագցնում։ Կոմիտասը քերել է ոտքը և վարակվել։ Այդ ժամանակ (40-ականների վերջին) հակաբիոտիկներ դեռ չկային։


Ուշագրավ է այն փաստը, որ «Կոմիտասի օգնության կոմիտեն» հրաման է ստորագրել այն մասին, որ ոչ ոք երգահանին չայցելի առանց իրենց թույլտվության։


Որքան շատանում են պատասխանները, այնքան շատանում են հարցերը


Չնայած երաժշտի կյանքի վերջին երկու տասնամյակը կապված էր իսկապես տարօրինակ հանգամանքների հետ, այնուհանդերձ Կոմիտասի արվեստն ուսումնասիրող երգահան Արթուր Շահնազարյանը կարծում է, որ վարդապետին հնարավոր չէր բռնությամբ որևէ տեղ պահել։


«Նա գուցե իսկապես շիզոֆրենիա չի ունեցել։ Բայց ընկճախտի ծանր տեսակը պակաս լուրջ խնդիր չէ։ Ընդ որում, այդ հիվանդությունից տառապում էր ոչ միայն Կոմիտասը, այլև ողբերգական իրադարձությունների ականատես դարձած շատ այլ մարդիկ։ Ողբալի իրադարձություններից հետո այդպիսի մարդկանց թիվը չափազանց մեծ էր։ Իմ մանկության պատկերներում հիշում եմ տատիկների, որոնք նույնպես տեսել էին 1915 թվականի ցեղասպանությունը։ Հիշում եմ`մեծերն ասում էին, որ չանհանգստացնենք նրանց, ասում էին` «այնպիսի բաներ են տեսել, որոնց մասին չեն կարող պատմել», — նշում է Շահնազարյանը։


Նրա խոսքով` Կոմիտասը վախի ուժեղ զգացողություն է ունեցել և հետապնդման մոլուցք։


«Իմ գրքում ես գրել եմ նրա կյանքի ոչ այնքան հայտնի փաստերի մասին։ Կոստանդնուպոլսի կլինիկայում գտնվելիս` նա ոչ մի կերպ չի համաձայնել հեռանալ այնտեղից` ոչ Փարիզ, ոչ որևէ այլ տեղ։ Կոմիտասը համոզված է եղել, որ եթե այնտեղից դուրս գա, իր հետ մի բան կպատահի», — պատմում է երգահանը։


Շահնազարյանը նշում է, որ վարդապետը համաձայնել է հիվանդանոցից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ թերթերը գրել են երիտթուրքերի դատապարտման մասին։


«Այդ փաստը չի կարելի պատահական համարել։ Երբ Թուրքիայի կառավարությունը դատարանում դատապարտեց երիտթուրքերին, դրանից հետո հաջորդ օրը Կոմիտասը համաձայնեց դուրս գալ կլինիկայից»,_ընդգծում է նա։

Համադրելով տարբեր փաստերն ու իրադարձությունները` կարելի է եզրակացնել, որ Կոմիտասի կյանքի մանրամասները դեռ պետք է պարզել, քանի որ մինչև այսօր անչափ շատ են մութ էջերը։

Ակսել Բակունցի մայրն այդպես էլ չի իմացել որդու գնդակահարության մասին

Հայ արձակագիր Ակսել Բակունցը ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին։  Ներկայացնում ենք Բակունցի կյանքի հետաքրքիր ու քիչ հայտնի դրվագները։


Գրողի անունը

Ակսել անունը տարածված է եղել սկանդինավյան երկրներում 14-15-րդ դարերում։ Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի խորքերում՝ Կյորես (այժմ՝ Գորիս) ավանում ծնված հայ տղային այդպես են անվանակոչել։ Չի ստացվել։ Որովհետև փոքրիկի ծնողները նրան կնքել են Ալեքսանդր՝ նրա հոր ալեքսանդրապոլցի (այժմ՝ Գյումրի) ընկերների պատվին։

Բայց տղան առանձնապես չհասցրեց Ալեքսանդր կոչվել։ Դեռահաս տարիքում նա խաղաց դպրոցական ներկայացման մեջ՝ նորվեգացի գրող Բյորնստյերնե Բյորնսոնի «Նորապսակները» պիեսի հիման վրա, որտեղ կատարում էր Ակսել անունով հերոսի դերը։ Անունը կպավ տղային, թե՛ դպրոցում, թե՛ ավանում նրան սկսեցին Ակսել կոչել։ Միայն տարիներ անց նրա կյանքի գլխավոր մուսան, որի մասին քիչ ուշ կխոսենք, սկսեց անվանել նրան իսկական անունով։

Գրողի հոր ազգանունը Թևոսյան էր, հետևաբար՝ նրանը նույնպես։ Երբ նոր էր սկսում գրել, սկսեց գրական կեղծանուն փնտրել, ինչպես ընդունված էր 20-րդ դարում։ Իր հին տոհմանունը՝ «Բեգունց», ձևափոխեց ավելի հնչեղ Բակունց տարբերակի և սկսեց իր պատմվածքները ստորագրել որպես Ակսել Բակունց։

«Դատարկ մարդ ես», «Իսկ դու՝ անտրամաբանական»․ Բակունցի ու Չարենցի ընկերությունն ու թշնամանքը

Ժամանակակիցները հիշում են, որ Ակսել Բակունցն ու բանաստեղծ Եղիշե Չարենցը մտերիմ ընկերներ էին։ Գրող Ռուբեն Զարյանը իր «Հուշապատում» գրքում նշում է, որ Չարենցի ու Բակունցի ամենասիրելի համատեղ զբաղմունքներից էր Կոմիտաս լսելը։

Բակունցը հիանում էր ընկերոջ տաղանդով և ասում էր, որ երբևէ չի էլ փորձի բանաստեղծություններ գրել։ «Ո՞վ կհամարձակվի իրեն բանաստեղծ անվանել Եղիշե Չարենցից հետո»։ Այն տարիներին ընդունված էր միմյանց ստեղծագործություններ ձոնել։ Չարենցը Բակունցին մի քանի բանաստեղծություն է նվիրում, որոնք կարճ մակագրված էին․ «Ընկերոջս՝ Ա․Բ․-ին», իսկ Բակունցն իր հերթին իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ալպիական մանուշակը», նվիրում է Չարենցի կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին։ 

Թե՛ Չարենցը, թե՛ Բակունցը աչքի էին ընկնում բարդ բնավորությամբ։ Նրանք հաճախ էին վիճում, երբեմն՝ ամբողջ Երևանի աչքի առաջ։ Գրականագետ Եղիշե Հովհաննիսյանն իր «Եղիշե Չարենցի մասին» աշխատության մեջ նկարագրում է մի դրվագ, որը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։

Չարենցն ու Բակունցը գրող Խորեն Աճեմյանի հետ զբոսնում են Երևանի Նալբանդյան փողոցով, զրուցում են զանազան թեմաներով։ Խոսում է Չարենցը և հիշում լատինական այն առածը, թե «Habent sus fata libelli», ապա թարգմանում է` դառնալով Բակունցին.

- Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը:

- Կարող էիր չթարգմանել, - ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի գիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը:

- Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզմ, այլ ափորիզմ...

- Գուցե կասես` «աթոռիզմ», - ասում է Բակունցը:

- Եվ երկրորդ (չլսելու դնելով նրա հեգնանքը), - ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք... Եվ հետո...

- Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար, - հարցնում է Բակունցը շատ անմեղ հետաքրքրությամբ:

- Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն:

- Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա:

- Տեսնո՞ւմ ես, - հաղթականորեն բացականչում է Չարենցը, նայելով նրան այնպես, որ ուզում է ասել. – Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ: 

Ապա շարունակում է.

- Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր, ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը:

Տիրում է կարճ լռություն, և հանկարծ.

- Դատարկ, - բացականչում է Ակսելը, - պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձր է, քան ստեղծյալը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը:

- Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցլերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին:

- Ախր, տրամաբանություն չկա ասածիդ մեջ, - գոչում է Ակսելը:

- Լավ է` չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու նախ չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանությունը քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ...

Ժամանակակիցները հիշում են, որ երկու գրողների բանավեճը քիչ է մնացել` կռվի վերածվի, բայց բարեբախտաբար վերջում նրանք հաշտվել են։


Հայ աղջկա ֆեմինիզմն ու ամուսնանալուց հրաժարվելը՝ 20-րդ դարասկզբին

Մեր օրերի Հայաստանում ընդունված է սուր արձագանքել ֆեմինիստական շարժմանն ու սեռերի իրավահավասարության համար պայքարողներին` համարելով, որ ֆեմինիզմը «արևմուտքից եկած երևույթ է, հարիր չէ մեր երկրին»։ Սակայն դեռևս 20-րդ դարի սկզբում բազմաթիվ հայ կանայք գիտեին իրենց իրավունքները․ գրողներ Զապել Եսայանը, Զաբելա Տոնելիանի-Ասատուրը (առավել հայտնի Սիպիլ կեղծանվամբ) և Սրբուհի Տյուսաբը նորավեպեր էին գրում կանանց պայքարի մասին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում երեք կին պատգամավոր կար, իսկ աշխարհում առաջին կին դեսպանը հենց հայ է եղել՝ Դիանա Աբգարը։

Չիմանալով «ֆեմինիստ» բառը՝ հենց այդպիսին էր նաև Բակունցի կինն ու գլխավոր մուսան՝ Վարվառա Չիվիջյանը։ Գրողը երկու անգամ է նրան ամուսնության առաջարկ արել։ 1923 թ․-ին Խարկովում աղջիկը մերժել է նրան՝ ասելով․ «Իմ առջև հաստատ նպատակ եմ դրել ստանալու բարձրագույն կրթություն և մինչև ինստիտուտն ավարտելը չեմ կամենում կյանքս կապանքների մեջ դնել»։

Վարյայի պատասխանը շատ է դառնացրել Բակունցին, նրանք որոշ ժամանակով բաժանվել են։ Սակայն ինչ–որ ժամանակ անց աղջիկը Խարկովում կտրվում է ընդունելության քննություններից, տեղափոխվում է Երևան և ընդունվում է ԵՊՀ։ 1924թ․-ին զույգն ամուսնանում է։ Իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց միակ որդին՝ Սևադան։ Ընտանիքի երջանկությունը երկար չի տևում. 1936 թ․-ի օգոստոսի 6-ին Բակունցին ձերբակալում են հակահեղափոխությանն աջակցելու մեղադրանքով։


«Ինձ թուղթ ու մատիտ տվեք, ինձ միայն գրականությունը կփրկի․․․»

Բակունցը հոգեբանորեն շատ ծանր էր տանում բանտում անցկացրած օրերը։ Գրողի կինը՝ Վարվառա Բակունցը, իր 1954թ․-ին գրված «Բակունցի մասին» գրքում պատմում է, որ իրեն թույլ են տվել այցելել ամուսնուն բանտում, և նա հետը տարել է 11-ամյա որդուն՝ Սևադային։ «Ալեքսանդրը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիներ: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: «Որդիս, -անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը, -այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Ինձ էլ ասաց՝ «Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։

Կնոջն ուղղված վերջին նամակներից մեկում Բակունցը գրում է, որ իր համար շատ ծանր է ապրել անտեղյակության մեջ։

1937 թվականի հուլիսի 8-ին Բակունցին գնդակահարեցին։ Եվ երբ 10 օր անց ոչինչ չկասկածող Վարվառան եկավ բանտ, նրան ասացին, թե Բակունցին աքսորել են։ Իրեն՝ Վարվառային, ձերբակալեցին սեպտեմբերի 17-ին իբրև «ժողովրդի թշնամու» կողակցի։ Վարյան 8 ամիս անցկացրեց բանտում, այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Տեմնիկովի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Նա Հայաստան վերադարձավ միայն 1945թ․-ի աշնանը։

«Ի՞նչ ես ուզում, մուրացիկ»․ հարսի ու սկեսուրի հանդիպումը

Հայաստան վերադառնալով՝ Վարվառա Բակունցը շտապեց Գորիս` ցանկանալով ամուսնու ծնողների մոտ գտնել որդուն։ Սկեսրայրն այդ ժամանակ արդեն մահացած էր։ Նիհար, պատառոտված հագուստով նա մոտեցավ ամուսնու հայրական տանը։ Պառավ Բոխչագյուլը՝ Բակունցի մայրը, այդ պահին ծառից խնձոր էր հավաքում։ Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ դրեց։

«Խնձո՞ր ես ուզում։ Կտամ, կեր ու գնա»,-ասաց ծեր կինը։

Վարյան դողացող ձայնով ասաց` ով է ինքը։ Բոխչագյուլն անսպասելիությունից ընկավ։

Վարյան, որն արդեն գիտեր ամուսնու մահվան մասին, հասկացավ, որ սկեսուրը տեղյակ չէ և սպասում է, թե երբ է որդին աքսորից վերադառնալու։ Նա այդպես էլ ամուսնու մորը ճշմարտությունը պատմելու ուժ չգտավ։ Բոխչագյուլը մինչև իր մահը՝ 1957թ․-ը, սպասեց որդու վերադարձին․․․

Վարյան սկզբում սկսեց ռուսերեն դասավանդել Գորիսի մոտակայքում գտնվող Շինուայր գյուղում, այնուհետև որպես դաստիարակչուհի աշխատանքի անցավ Գորիսի մանկապարտեզում։ Մահացավ 1965 թվականին։

Բակունցի և Վարվառայի որդին՝ Սևադա Բակունցը, դարձավ բժիշկ-ֆիզիոլոգիստ։

8/12/2022

Հաճախ լռությունը լավագույն պատասխանն է․Կյանքի դասեր՝ Դալայ Լամայից

 






Ներկայացնում մի քանի խորհուրդ՝ Դալայ Լամայից։

 Դաս առաջին։ «Եթե դուք պարտվել եք, այդ ճանապարհը ձեզ դաս կդառնա»։

Սխալները մարդկային կենսագործունեության ու փորձի անքակտելի մասն են։ Ավելին՝ եթե դուք մարդ եք, ուրեմն սխալներ եք գործում։ Կարևոր է, թե ինչպես եք դուք ընկալում սեփական սխալներն ու ինչ հետևություններ եք դրանցից անում. այս հարցերի պատասխաններն են բնորոշում, թե որքանով եք դուք խելացի։ Սովորելու համար ինչ- որ մեկին հարկավոր է հարյուր անգամ սխալվել, ինչ-որ մեկին՝ մեկ անգամը բավարար է։

Դաս երկրորդ։ «Ամեն օր մի քիչ ժամանակ անցկացրեք ինքներդ ձեզ հետ»

Օրվա ընթացքում մի որոշ ժամանակ առանձնացրեք և ծախսեք այն ձեր սիրած զբաղմունքի վրա, այն ամենի, ինը ձեզ հաճույք է պատճառում։ Դա կորող է ձեր հոբբին լինել, դուք կարող եք զբաղվել երեկոյան ընթերցանությամբ, կամ դուրս գալ զբասանքի ձեր մտքերի հետ։ Դա կլինի ձեր անձնական ու առանձին կյանքի ժամանակահատվածը, երբ դուք ձևացնելու կամ ստելու անհրաժեշտություն չեք ունենա. չէ՞ որ ինքդ քեզ չես ստի։

Դաս երրերդ։ «Հաճախ լռությունը լավագույն պատասխանն է»

Կարող եք իբրև օրինակ դիտարկել դիվանագետներին, քաղաքագետներին, հոգեբաններին. նրանք շատ ավելի լսում են, քան՝ խոսում։ Որևէ բան ասելուց առաջ հարկավոր է յոթ անգամ մտածել։ Դուք պիտի արտաբերեք միայն այն ամենն, ինչը մտքում կշռդատել եք, ինչի վրա վստահ եք և ինչի համար պատասխանատու եք։

Դաս չորորդ։ «Կիսվեք ձեր գիտելիքներով, դա անմահության միակ ճանապարհն է»

Քչերն են ականջ դնում ուրիշների խորհուրդներին։ Սովորաբար մարդիկ լսում են խոհուրդը, իսկ հետո անում են այն ճիշտ են գտնում և սեփական փորձի արդյունքում են եզրակացության գալիս։ Այդուհանդերձ, յուրաքանչյուրս պիտի կիսվենք մեր գաղափարներով, թեկուզ միայն նրա համար, որպեսզի մենք ինքներս հասկանանք այն։ Մեզ հետ կարող են չհամաձայնել, մեր առաջ կարող են հակափաստարկներ դնել և սեփական գաղափարի ճշմարտացիությունը ապացուցելու համար մենք ստիպված կլինենք դրան նայել տարբեր տեսանկյուններից։ Սա հենց այն բանավեճն է, որը ճշմարտություն է ծնում։

Դաս հինգերորդ։ «Երբեմն ավելի մեծ հաջողություն է, երբ մեր ցանկությունները չեն իրականանում»

Դուք հավանաբար լսել եք այս խոսքերը՝ «զգույշ եղեք, իսկ ի՞նչ, եթե ձեր ցանկությունն իրականանա»։ Այո, պետք է զգուշավորությամբ վերաբերվել սեփական երազանքներին ու ցանկություններին. գուցե կյանքը ձեզ համար շատ ավելի լավ բաներ է նախապատրաստել, քան դուք կարող եք պատկերացնել։

5/26/2022

Ինչպե՞ս է կոչվում Հայաստանի առաջին արբանյակը

2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:


Հայաստանի առաջին արբանյակը կոչվում է ArmSat-1 (կամ ամբողջականը՝ Urdaneta-Armsat-1)։
Արբանյակն ամբողջությամբ պատրաստվել է Satlantis Microstats իսպանական (բասկյան) ընկերության կողմից և (կարծես թե) ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության կողմից:

Արբանյակը կշռում է 16 կիլոգրամ, ունի 20 սանտիմետր լայնություն և 40 սանտիմետր բարձրություն։ Այն զինված է iSIM-90 տեսախցիկով և դիտակով՝ բարձր որակի լուսանկարներ ստանալու համար։


ArmSat-ը տեղակայված է լինելու 500-550 կիլոմետր բարձրություններում և Երկրի շուրջ մեկ պտույտը կատարելու է 95 րոպեում:


 

3/28/2021

Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է.Լինքոլնի նամակը՝ որդու ուսուցչին

 

Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինքոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:

Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։

Լինելով նոր տարածքներում ստրկության ընդլայնման հակառակորդ՝ եղել է Հանրապետական կուսակցության նախաձեռնողներից մեկը, այդ կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու և հաղթել է 1860 թ.-ին կայացած ընտրություններում։ Նրա ընտրվելը եղել է հարավային նահանգների անջատման և Կոնֆեդերացիայի ստեղծման ազդակ։ Իր նախագահական երդման ժամանակ երկրի միավորման կոչ է արել, սակայն չի կարողացել կանխել ընդհարումը։

Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեր նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:

1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ, նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին, ով սակայն, մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները: Լինքոլնը խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք մեր երեխաների կրթական պրոցեսի ընթացքում:

«… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:

Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:

Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է: