10/06/2024

Ինչպե՞ս է ծնվել Նար-Դոսի անունը

 Նարդոսը մեղրատու ծաղիկ է, որ աճում է նաև Անդրկովկասում: Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է:

Տատի խորհրդով բրդավաճառը նարդոսից պատրաստված հյութ է խմում և ապաքինվում: Դա զարմացնում է փոքրիկ Միքայելին, և նա սկսում է արտակարգ սեր տածել նարդոս ծաղկի հանդեպ: Հետագայում այդ ծաղկի անունը նա դարձնում է իր գրական անունը:
Վիպասանը ծաղկի անունը բաժանել է երկու մասի և դրանք միացրել միության գծիկով: Նա երազում էր երկու տղա ունենալ, մեկի անուն
ը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Իր այս երազանքն իրականացնելուց հետո նա պետք է դեն գցեր միության գծիկը և իր անունը գրեր այնպես, ինչպես ծաղկի անունն է գրվում: Բայց գրողն ունեցավ միայն մի տղա (երգիչ , ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանը) և միության գծիկով երկատված անունը ժառանգություն թողեց ընթերցողներին:

Ինչպես սոսին դարձավ հայոց ծառերի նահապետը

 


Հայկ Նահապետի հայրը Թորգոմն էր՝ Նոյ նահապետի որդի Հաբեթի սերնդից: Հենց նա էլ՝ Հաբեթը, կոչվում է հայոց ապուպապ:

Մի անգամ Հաբեթը, թավուտ անտառով անցնելիս, սկսում է ինքն իրեն խոսել: Եվ զարմանում է, որ ծառերից ոչ մեկը չի պատասխանում իրեն: Ուստի ձայնը բարձրացնում է, գոչում ամբողջ ուժով, ապա կանգ է առնում՝ ականջն արձագանքի: Եվ Հաբեթին թվում է, թե ծառերից մեկն արձագանքեց իրեն: Նա մոտենում է վիթխարահասակ մի ծառի՝ բունը մուգ դարչնագույն, ճաքճքած կեղևով, իսկ թաթաձև տերևներն այնպես էին սվսվում, ասես շշնջային ցածրաձայն: Հենց այդ պահին էլ Հաբեթը ծառը կնքում է սոսի անունով, որ նշանակում է բարձրահասակ, պերճագեղ, սեգ, վեհ: Հետո իր տոհմանդամներին ասում է.
– Խոսել գիտե միայն սոսին, մնացածները կա՛մ համր են, կա՛մ հայերեն չգիտեն:
Այդ ժամանակներից էլ սոսին դարձավ հայոց ծառերի նահապետը:

Ովքե՞ր են հայոց պատմիչները

 


Կորյունի, Խորենացու, Փավստոս Բուզանդի, Եղիշեի և Ոսկեդարի մեր այլ պատմիչների անունները հայտնի են բոլորին։ Սակայն այս մեծ հայրերով միայն սկսվում է միջնադարյան հայոց պատմագրություն։ Հետագա դարերում եղան տասնյակ այլ գիտնականներ, որոնց աշխատություններն անգնահատելի դեր են խաղացել հայ և համաշխարհային պատմության ուսումնասիրության գործում։ Թվենք նրանցից որոշների անուններն ու երկերը։

7-8-րդ դարեր

Հովհան Մամիկոնյան – նրա և Զենոբ Գլակի անունով մեզ է հասել «Տարոնի պատմության» աշխատությունը, որը հետաքրքիր տեղեկություններ է պարունակում 4-7 դդ. Տարոնում և Մեծ Հայքի այլ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

Մովսես Կաղանկատվացի – կազմել է «Աղվանից աշխարհի պատմությունը» աշխատությունը, որտեղ հավաքել է Աղվանքի պատմության տարբեր դրվագներին վերաբերող մի քանի հեղինակների երկեր։ Երկը շարունակել և ամբողջացրել է Մովսես Դասխուրանցին՝ շարադրանքը հասցնելով մինչև 10-րդ դարի կես։

Փիլոն Տիրակացի – հեղինակել է ժամանակագրություն (որոշ ուսումնասիրողներ երկը վերագրում են Անանիա Շիրակացուն)։ Նաև հայերեն է թարգմանել Սոկրատ Սքոլաստիկոսի «Եկեղեցական պատմությունը»։

Անաստաս – «Վասն վանորեից որ ի քաղաքն Երուսաղեմ» երկի հեղինակն է, որ եզակի տեղեկություններ է պարունակում Երուսաղեմում 7-րդ դարում հայերին պատկանող եկեղեցական գույքի վերաբերյալ։

Արտավազդ վանահայր Երաշխավոր – գրել է Սուրբ Վահան Գողթնացու՝ արժեքավոր պատմական տեղեկություններ պարունակող վկայաբանությունը։

9-10-րդ դարեր

Հովհաննես Դրասխանակերտցի – շարադրել է հնագույն ժամանակներից մինչև 920-ական թթ. ընկած պատմական իրադարձությունները։ Հատկապես արժեքավոր է Դրասխանակերտցու «Հայոց պատմության» վերջին՝ 9-րդ դարի երկրորդ կեսի ու 10-րդ դարի առաջին քառորդի դեպքերին վերաբերող մասը, որոնք հեղինակը շարադրում է որպես ականատես։

Թովմա Արծրունի – իր «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրության մեջ ներկայացնում է Հայաստանի և Արծրունիների ոստան՝ Վասպուրական նահանգի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 9-րդ դարի վերջ։ Նրանից հետո երկը շարունակել են մի քանի անանուն հեղինակներ, որոնք շարադրանքը հասցրել են մինչև 1370-ական թթ։

Ուխտանես – իր «Հայոց պատմության» մեջ բացառիկ տեղեկություններ է հաղորդում 7-րդ դարի սկզբին տեղի ունեցած Վրաց և Հայոց եկեղեցիների բաժանման վերաբերյալ։

Ստեփանոս Ասողիկ – իր «Տիեզերական պատմություն» երկում ներկայացնում է Հայաստանի պատմությունն աշխարհի պատմության համատեքստում՝ սկսած հին ժամանակներից մինչև 1004 թ.։

Անանուն զրուցագիր – նրա երկը հայտնաբերվել և հրատարակվել 1921 թ.՝ սխալմամբ վերագրվելով Շապուհ Բագրատունուն։ Երկում ներկայացված են 9-10 դդ. Վասպուրականի մի քանի իշխանների շուրջ հյուսված պատումներ։

11-13-րդ դարեր

Արիստակես Լաստիվերցի – ներկայացրել է 1000-ից առ 1071 թ. ընկած դեպքերը։

Սամուել Անեցի – գրել է «Հավաքմունք ի գրոց պատմագրաց» (հայտնի է նաև «Ժամանակագրություն» անունով) աշխատությունը, որտեղ ներկայացնում է Արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թթ. պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։

Մատթևոս Ուռհայեցի – իր «Ժամանակագրության» մեջ շարադրել է 952-1136 թվականների դեպքերը։

Մխիթար Անեցի – շարադրել է Պարույր Սկայորդուց մինչև իր ժամանակները ընկած պատմական անքերը։ Երկից մեզ են հասել միայն առաջին մասի սկզբի գլուխները։

Վարդան Արևելցի – իր «Հաւաքումն պատմութեան» երկում շարադրել է հայոց և ընդհանուր պատմությունը Բաբելոնյան աշտարակաշինությունից մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267 թ)։ Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ 12-րդ դ․ վերջի և 13-րդ դ․ պատմական իրադարձությունների նկարագրությունը։

Կիրակոս Գանձակեցի – գրել է «Հայոց պատմություն», որտեղ շարադրել է Հայաստանի և հարակից երկրների պատմական անցքերը Գրիգոր Լուսավորչի ժամանակից մինչև իր օրերը։

Մխիթար Այրիվանեցի – «Նոր պատմութիւն» ժամանակագրական բնույթի երկի հեղինակն է, որն ընդգրկում է հայ և հարևան ժողովուրդների պատմությունն արարչագործությունից մինչև 13-րդ դար։

Գրիգոր Ակներցի – հեղինակ է «Պատմութիւն ազգին նետողաց» կամ «Պատմութիւն թաթարաց» երկի (մեզ է հասել բնօրինակով), որը Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր է (ընդգրկում է 1220-73-ի իրադարձությունները)։

Սմբատ Սպարապետ – գրել է «Տարեգիրք» պատմական երկը՝ 951–1272 թթ․ Մեծ Հայքում, Կիլիկյան Հայաստանում և այլուր տեղի ունեցած քաղաքական դեպքերի համառոտ ժամանակագրությունը։

Հեթում պատմիչ – Կղեմես Ե պապի հանձնարարությամբ գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Նրա անունով է մեզ հասել նաև «Ժամանակագրություն» երկը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների 1096-1307-ի պատմությունից։

Ստեփանոս Օրբելյան – «Պատմութիւն նահանգին Սիսական» կամ «Պատմութիւն տանն Սիսական» աշխատության հեղինակն է, որտեղ ներկայացվում է Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը։

14-18-րդ դարեր

Թովմա Մեծոփեցի – գրել է «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց» երկը, որն ընդգրկում է 1386–1440-ի իրադարձությունները։

Գրիգոր Խլաթեցի (Ծերենց) – «Յիշատակարան աղէտից» չափածո ստեղծագործության հեղինակն է, որտեղ որպես ականատես և ժամանակակից անդրադարձել է 1386–1422-ի քաղաքական իրադարձություններին։

Առաքել Բաղիշեցի – «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլայ» (1453) պատմա–քաղաքական պոեմի հեղինակն է, որը գրվել է Կ.Պոլիսի՝ թուրքերի կողմից գրավման կապակցությամբ։

Աբրահամ Անկյուրացի – «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» երկի հեղինակն է (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև 1358-ի դեպքերը)։

Սիմեոն Ապարանցի – չափածոյի է վերածել «Վիպասանութիւն Ղագարու Փարպեցւոյ» անվամբ պատմագիրքը, որում շարադրված է եղել Պահլավունի և Մամիկոնյան տոհմերի պատմությունը։

Գրիգոր Դարանաղցի – գրել է «Ժամանակագրութիւն» երկը (1634–40 թթ.), որը ազգային եկեղեցական պատմության արժեքավոր և ստուգապատում սկզբնաղբյուր է, Հայ եկեղեցու՝ տվյալ ժամանակաշրջանի պատմության յուրօրինակ հանրագիտարան։

Սիմեոն Լեհացի – ուղեգրության հեղինակ է, որտեղ ամփոփված են Իտալիայի, Հայաստանի և Պաղեստինի քրիստոնեական սրբավայրեր կատարած ճանապարհորդության տպավորություններն ու խոհերը։ Երկը հարուստ տեղեկություններ է պարունակում հայ ժողովրդի 16-դ. վերջի 17-րդ դարի սկզբի պատմության վերաբերյալ։

Հակոբ Կարնեցի – «Տեղագիր Վերին Հայոց» երկի հեղինակ, որը պատմաաշխարհագրական և ազգագրական կարևոր տեղեկություններ է պարունակում Կարնո գավառի, օսմանյան բռնակալության հարկային համակարգի վերաբերյալ։

Առաքել Դավրիժեցի – Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը (1651–62 թթ.), որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604 թ. շահ Աբբաս Առաջինի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։

Զաքարիա Քանաքեռցի – գրել է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը։ Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար։

Աբրահամ Գ Կրետացի – «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» երկի հեղինակ, որտեղ շարադրել է 1734–36 թթ. Հայաստանում և հարակից երկրներում տեղի ունեցած իրադարձությունները։

Եսայի Հասան Ջալալյան – 18-րդ դարի առաջին քառորդի Հայոց պատմության արժեքավոր սկզբնաղբյուր է նրա հեղինակած «Պատմութիւն Աղուանից»-ը (1839), որն իր ժամանակի դեպքերի նկարագրությունն է և հասնում է մինչև 1723-ը։

Աբրահամ Երևանցի – «Պատմութիւն պատերազմացն…» երկի հեեղինակն է, որն արժեքավոր աղբյուր է Անդրկովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-36)։

Հակոբ Ե Շամախեցի – 1743-ից կազմել է գավազանագիրք՝ շարադրելով կաթողիկոսարանի դեպքերը։

Խաչատուր Ջուղայեցի – հայկական պատմագրական աղբյուրների տեղեկությունների հիման վրա գրել է «Պատմություն Պարսից» երկը՝ սկսելով Աքեմենյան Կյուրոս Մեծից (Ք․ ա. 550 – 530) և ավարտել զենդ Քերիմ խանի տիրակալությամբ (1760-1779)։

Միքայել Չամչյան – նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո։


9/21/2024

Ալեքսանդր Մակեդոնացին և հայկական լավաշը

 


Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ արշավանքը անցավ Հայաստանի կողքով: Բայց և այնպես Եփրատն անցնելիս նա պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհ ձեռնարկեց, սակայն ամրոցը մնաց անառիկ: Չորրորդ օրը բերդի աշտարակից հայերը կախեցին ասրափայլ մի լավաշ:– Հայերը անձնատուր են լինում, – զեկուցեցին զորավարին:

– Ինչպե՞ս, – հարցրեց Ալեքսանդր Մակեդոնացին։

– Նրանք լավաշ են կախել բերդի աշտարակից:

– Լավաշն ի՞նչ բան է:

– Հայկական նրբաթերթ հաց:

– Անձնատուր լինողը սպիտակ դրոշ կկախի և ոչ թե լավաշ: Նրանք հաշտություն ու խաղաղություն են առաջարկում: Հայերն ուզում են ասել, թե մարդն աշխարհ է եկել հաց ուտելու ու ապրելու և ոչ թե զենք վերցնելու ու կռվելու համար:

– Հիմա ի՞նչ անենք, զորապե՛տ:

– Վերացրեք պաշարումը և շարժվեք առաջ: Թող հացապաշտ հայերը վայելեն իրենց հացն ու խաղաղությունը: Հացի դեմ չի կարելի նիզակ ճոճել: Աստվածները յոթ տարի շուտ են մահ պարգևում նրան, ով կռիվ է գնում հացի դեմ:

Երկար ապրելու 12 պայման


Մի անգամ բժշկապետ Մխիթար Հերացուն հարցնում են․

– Երկար և առողջ ապրելու համար բավարա՞ր է միայն ճիշտ սնվել։

– Ո՛չ,- պատասխանում է բժիշկը,- ճիշտ ժամանակին մեռնելու համար տասներկու պայման կա։

– Ի՞նչ է նշանակում «ճիշտ ժամանակին մեռնել»,- զարմացած հարցնում են նրան։

– Մարդը կարող է չորս հարյուր տարի ապրել,- բացատրում է բժշկապետը։- Թեև առայժմ ոչ ոք չի կարողացել այդքան ապրել, բայց մարդու մարմինն այնպիսի կառուցվածք ունի, որ կարող է չորս հայուր տարի ապրել։

– Իսկ որո՞նք են երկար ապրելու տասներկու պայմանները։


– Առաջին պայման՝ միայն ցորենահաց ուտել, սովորաբար մարդու կերածից երկու անգամ պակաս։ Երկրորդ պայման՝ խմել աղբյուրի մաքուր ջուր, խաղողի, նռան և խնձորի օշարակ, շաբաթը մեկ անգամ՝ մեկ գավաթ գինի, և ամեն օր՝ կես ըմպանակ կաթ։


Երրորդ պայման՝ ամեն օր ուտել մածուն, որևէ ջրալի ապուր, կանաչեղեն, զանազան համեմունքներ, երեք օրը մեկ՝ մսաջուր, և շաբաթը մեկ անգամ՝ խորոված միս։ Պետք է ուտել նաև ծիրան, տանձ, նարինջ, նուշ, կարագ ու պանիր։ Չորրորդ պայման՝ մարդը մինչև կյանքի վերջ պիտի աշխատի․ կարելի է հանգստանալ՝ թեթև գործեր անելով։ Բոլորովին չաշխատելով՝ մարդն ինքն իրեն հոժարակամ մահվան է դատապարտում։

Հինգերորդ պայման՝ մարդը պետք է բնության հետ քնի, բնության հետ էլ արթնանա։ Այսինքն՝ երբ դրսում լույս է, պետք է արթուն լինել, իսկ երբ մութ է, պետք է քնել։ Վեցերորդ պայման՝ հանգիստ և ուրա՛խ եղեք․ մարդը տարին մեկ անգամից ավելի չպիտի զայրանա։

Յոթերորդ՝ ամենից անուղղա ստախոսի համար էլ ստախոսությունը հոգս է։ Պետք է գիտենալ, որ հոգուն ցավ պատճառող սուտը ծերացնում է մարդուն։


Ութերորդ պայման՝ բավարարվի՛ր նրանով, ինչ ձեռք ես բերել քո աշխատանքով։


Իններորդ պայման՝ մե՛կ հոգու սիրիր և մշտապես հիշի՛ր, որ նա է ամենից գեղեցիկը։


Տասներորդ պայման՝ ապրի՛ր աղմուկից հեռու։ Իհարկե, աղմուկ չէ բնական ձայնը (աղբյուրի քչքչոցը, թռչունների ճռվողյունը, ջրվեժի ձայնը)։


Տասնմեկերորդ՝ մի՛շտ հիշիր, որ երջանկությունը ուրիշների՝ քո հանդեպ ունեցած վերաբերմունքն է։


Տասներկուերորդ պայման՝ հավատք ունեցիր և՛ Աստծու, և՛ քո անձի հանդեպ։


Բանասեր Ջորջ Արաբաթլյանի էջից