10/04/2025

Վիլյամ Սարոյան

 

Վիլյամ Սարոյանի ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից, իսկ  բանաստեղծ Վահագն Դավթյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքում, Դավթյանի կինն էլ էր արաբկիրցի։

Վահագն Դավթյանի դուստրը պատմում է, որ երբ Վիլյամ Սարոյանը  Հայաստան էր գալիս, միշտ ճաշում էր իրենց տանը։ «Տատիկիս պատրաստած կերակուրների համն եմ առնում ձեր տանը»,- ասում էր նա։

 

***

Բիթլիսցիների կերակուրների մեջ սխտորը մեծ տեղ է զբաղեցնում։ Սարոյանը պատմում է, որ ամեն առավոտ սխտորով կերակուր էր ուտում ու գնում դպրոց։ Ուսուցիչը մտնում էր, հոտն առնում ու գոռում․

-Նորից սխտո՞ր ես կերել։

-Այո, սխտոր եմ կերել, հապա ի՞նչ ուտեի։

-Հոտը տարածվել է սենյակով։

-Է, բացեք պատուհանը։

Ուսուցիչն իրեն կորցնում ու Վիլյամին դուրս էր հրավիրում դասարանից, նա էլ ուրախ-ուրախ տուն էր գնում։

Շուտով Սարոյանը թողնում է դպրոցը․ «Ահա այդ սխտորը եղավ պատճառ․․․Բայց կատակ կընեմ, հիմնական պատճառ այդ չէր անշուշտ։ Հիմնական պատճառ այն էր, որ ես արագ կսորվեի, անոնք՝ դանդաղ։ Շատ կկարդայի, իրենց նոր սովորած ես շուտունց սորված կըլլայի․․․»։

 

Երբ Վիլյամ Սարոյանը սկսում է գրել, ոչ ոք չի հավատում, թե հաջողության կհասնի, բացի իր վարսավիր Նշան Փափազյանից։ Նա ասում է․ «Մի նեղեք տղուն, անոր մեջ բան մը կա, ան կրնա նշանավոր մարդ դառնալ»։

Ու Սարոյանը գրում էր, գրում, ուղարկում թերթերին, ամսագրերին։ Չէին տպում, բայց չէր հուսահատվում։ Սարոյանի հավատամքն այսպիսին էր․ «Եթե մեկ մարդ քեզ հավտա, ուրեմն պետք չէ, որ հուսահատիս»։ Իսկ ինքը հավատում էր, որովհետև շատ էր սիրում գրելու ընթացքը․ «Ամեն ինչեն շուտ կձանձրանայի, գրելե չէի ձանձրանար»։ 

 

 

 

 

 

Սարոյանը վարսավիր Նշան Փափազյանի հետ

Վիլյամ Սարոյանը Չարենցի հետ մեկ անգամ է տեսնվել (1935-ին)։ Առաջին տպավորությունը մեղմ ասած բարենպաստ չէր․ «․․․Շատ գեշ եղա։ Ամենեն տգեղ մարդերեն մեկն էր, զոր տեսած եմ կյանքիս մեջ», - պատմել է Սարոյանը: 

Բայց զրույցի ընթացքում տպավորությունը գլխիվայր փոխվում է․ «Բայց քանի սկսանք խոսիլ, ավելի ճիշտ, ինք սկսավ խոսիլ հայ բանաստեղծության, հայ ժողովրդի մասին, կերպարանափոխվեցավ: Այնքան, որ մեկ ժամ չէր անցած մեր զիրար տեսնելեն ի վեր, ան ուրիշ մեկը դարձած էր արդեն: Ալ տգեղ չէր, նույնիսկ կրնամ ըսել, թե ամենեն գեղեցիկ մարդ մըն էր»:

 Պատմում է Վիլյամ Սարոյանը.

«Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին (անգլիացի դրամատուրգ), ասանկ բան պատահեցավ.

- Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)...

Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.

- Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան...

Շատ ամնչցա»:

 

 

 

Սարոյանն ամուսնացել է երկու անգամ, երկու անգամ էլ նույն կնոջ՝ Քերոլ Գրեյսի հետ։ Երբ նրան հարցնում են, թե ինչու, հումորով պատասխանում է․ «Ինչո՞ւ պետք է նոր կին առնեի, նորի հետ ստիպված ես ծանոթանալ, ես էլ ամուսնացա առաջին կնոջս հետ, ում արդեն գիտեի»։ Իսկ երբ հարցնում են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, պատասխանել է․ «Որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալն արեցի»։

 

 

 

 

Սարոյանն ու Քերոլը

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Սարոյանը զորակոչվում է բանակ և նրա հարսնացու Քերոլը խոստանում է սպասել նրա վերադարձին և նամակներ գրել  արդեն հայտնի գրող դարձած իր սիրելիին։ Իսկ Քերոլը գրելու ունակությամբ չէր փայլում։ Նրան օգնություն է առաջարկում ընկերուհի Ունան՝ Չառլի Չապլինի կինը։ Նա տալիս է ամերիկացի հայտնի գրող Սելինջերի նամակները, որոնք Քերոլը Սարոյանին է սկսում ուղարկել իր անունից։

Թեև այդ նամակները յուրօրինակ էին ու հուզիչ, բայց հակառակ ազդեցություն են թողնում Սարոյանի վրա։ Վերադառնալով՝ Սարոյանը հայտարարում է, թե ինքը սիրահարվել էր երիտասարդ, պարզսիրտ աղջկա և ոչ թե իրեն խելացի երևակայող գրամոլի հետ, որը հիմար նամակներ է գրում։

Սարոյանն ու Քերոլը, ի վերջո, ամուսնանում են։

Տարիներ անց, երբ Չապլինը, Ունան, Սարոյանն ու Քերոլը միասին ժամանակ են անցկացնում, խոսակցություն է սկսվում Սելինջերի մասին։

-Ամերիկայում հայտնվել է իսկապես մեծ գրող,- հիացմունքով ասում է Սարոյանը։

-Բայց Դուք նախկինում բոլորովին այլ կարծիք ունեիք նրա գրվածքների մասին,- ծիծաղով նկատում է Ունան։

 

 

Չապլինն ու Սարոյանը՝ իրենց կանանց հետ

1940-ին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար 32-ամյա Սարոյանը ստացավ  գրականության ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակը՝ առաջ անցնելով ժամանակի ավելի հայտնի գրողներից: Բայց պարտքերի մեջ խրված Սարոյանը հրաժարվեց 10 հազար դոլար մրցանակից՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:

 

 

 

 

երիտասարդ Սարոյանը

Ջերմուկի ձորում շրջելիս Սարոյանին խնդրում են քարին գրել իր ամենասիրած բառը։ Սարոյանը լատինատառ գրում է AREV: Ի հիշատակ այդ գրառման՝  հետագայում Ջերմուկում հուշարձան տեղադրվեց։

Երբ Սարոյանը ուշ աշնանը եկել էր Հայաստան,Հռիփսիմեի վանքի ձախ կողմում խաղողի այգի է տեսնում և առաջարկում է ուղեկիցներին, որ մտնեն,  խաղող քաղեն։ Նրան ասում են, որ ուշ աշուն է, այլևս չի լինի։

Սարոյանն առարկում է․

-Չէ, չի կրնա հայ մարդը երեխաներու ու թռչուններու համար  ճուտ մը չթողնի։

Մտնում են այգի. խաղողի հատուկենտ հատիկներ չամիչ էին դարձել ճյուղերին։

Հանկարծ Սարոյանը, երեխայի նման ուրախացած, ձայնում է, որ գտել է իր ուզած հյութեղ խաղողը։ 

- Է, որ ըսի կգտնիմ․․․

 

Ըստ Սիլվա Յուզբաշյանի հուշերի։

Վիլյամ Սարոյանը շատ էր արժևորում Արամ Խաչատրյանի արվեստը։ Նրա «Ջիմ Դենդի» թատերախաղը նվիրված է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին։ Պիեսի 1949 թ․ բեմադրությանը, որին մասնակցում էր նաև Սարոյանը, բեմադրելիս օգտագործվել է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտի երաժշտությունը։

 

***

Երբ Վահագն Դավթյանն իր ընկերների հետ հյուր է գնում Սարոյանին, դուռը բացվելուն պես լսում է «Հորովելը» Հովհաննես Բադալյանի կատարմամբ։ Սարոյանն ասում է․

-Հատուկ ձեզի համար չէ, որ դրած եմ այս երգը, միշտ երբ կաշխատիմ, այս երգը կդնեմ․ հպարտ մելամաղձություն մը կա այդ երգին մեջ։

 

Սարոյանի սիրած կատարումը լսիր այստեղ

Սարոյանական հումորը

1948 թ․ Սարոյանը թերթում մի այսպիսի հայտարարություն է տպագրում․

«Ագարակի տուն, 30 ակր տարածք, ավտոտնակ չունի, պահեստ չունի, կենտրոնական ջեռուցումը խափանված է, ավտոբուս չունի, մեծ թվով սկյուռներ կան։ Գինը 32 հազար դոլար։ Սեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունը ապացուցելու համար․․․ Գրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»։

Այգու հայտարարությունը նույն տրամադրության մեջ էր․

«Այգիս վաճառում եմ։ Անպիտան հող է, ջուրը պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է․․․»։

Զարմանալի է, բայց փաստ․ հաջորդ օրը գնորդների հերթ էր գոյացել, իսկ սեփականատեր դարձավ ամենաբարձր գին վճարողը։ 

 

 

Սարոյանը որդու՝ Արամի հետ։

 

 

Սարոյանը մատիտով արված ինքնանկարներ ունի, որոնցում նույնպես  երևում է նրա նուրբ ինքնահեգնանքը։ 

 

 

Սարոյանի վերջին տխուր կատակը

Ասում են՝ Սարոյանը  մահվանից երկու օր առաջ ամերիկյան մի նշանավոր թերթի ընդամենը երկու տողանոց նամակ է հղել․ «Գիտեի, որ մահը բոլորի համար է, բայց կարծում էի՝ ինձ բացառություն կանի։ Տեսա՞ք՝ ինչ ստացվեց»։


Վահան Տերյան



Չեմ դավաճանի իմ Նվարդին․․․

Ռուս գրող Մաքսիմ Գորկին մի անգամ առաջարկում է Տերյանին ռուսերեն ստեղծագործել, քանի որ անթերի տիրապետում էր այդ լեզվին․ «Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մեծ երկիր է»։

Տերյանը ի պատասխան Գորկու՝ գրում է այս ստեղծագործությունը, որտեղ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցի օրինակով հավաստում է իր հավատարմությունը մայրենի լեզվին, ինչպես Արան սիրելի կնոջը՝ Նվարդին․

Չեմ դավաճանի իմ Նվարդին

Որքան էլ դյութես, օ, Շամիրա՛մ։

Որպես արքան այն, մանուկ Արան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին․․․

Նվարդ անունը թանկ էր Տերյանի համար ևս մի պատճառով։ Նա մի շրջան անտարբեր չէր Հովհաննես Թումանյանի դուստր Նվարդի նկատմամբ։ Նրանց ջերմ հարաբերությունները կարճ են տևում, բայց մահից առաջ Տերյանը խնդրել էր կնոջը՝ Անահիտին, որ այդ թանկ անունով կոչել իրենց դստերը։

 

Պահպանվել են Տերյանի նամակներից՝ ուղղված Նվարդին․ «․․․Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքույշ ծաղիկներով: Շատ են, անունները չգիտեմ:Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից: Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա․ մի քանի ծաղիկ, որ նա ինձ չմոռանա....

Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ, գիտե՞ք որքան լավ կլիներ - ես պիտի ասեի նրան. «Սիրուն աղջիկ, տեսնո՞ւմ ես - ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնում ես՝ որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը․․․․»:

 

Տերյանը Նվարդին նվիրված տրիոլետներ ունի․

 

Հիմա բացվում են այստեղ վարդեր

Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,

Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,

Թեև բացվում են նորից վարդեր:

Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,

Ու թող հրահրի հուրդ կախարդ.

Հիմա բացվում են այստեղ վարդեր

Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ:

 

Հետագայում Նվարդ Թումանյանը Տերյանի մասին պիտի գրի․ «Նա  սիրտ էր  համակ ու զգացմունք, միշտ տարվող ու գերող, վառվող ու այրվող, թերևս դրա համար էլ նրա սիրտը միշտ ցավով էր ու ցավակիր»։

 

Նվարդը հետագայում չամուսնացավ, իսկ Տերյանը շարունակեց ապրել իր կարճատև ու փոթորկալից կյանքը։

 

Նվարդին ուղղված նամակներից կարդա այստեղ,  ձայնային տարբերակով՝ այստեղ

 

 

Նվարդ Թումանյանը

 

 

 

 

Տերյանի անմոռանալի սերն էր Անթառամ Միսկարյանը, որին ուղղված նամակները վկայում են խոր սիրո և հոգեկան ջերմ կապի մասին։ Նրանց հարաբերություններն ընդհատվում են Սուսաննա Պախալովայի անսպասելի հայտնությամբ։ Տերյանը ամուսնության հանկարծակի որոշում է կայացնում (Սուսաննան ստել էր, թե երեխայի է սպասում)։ Անթառամը ևս ամուսնանում է, բայց նրանց նամակագրությունը շարունակվում է։ (Անթառամին ուղղված նամակներից մեկը կարդա այստեղ)։

 

    * * *

Սուսաննան և Վահան Տերյանը ամուսնանում են 1911 թ։ Սուսաննային է նվիրված այս բանաստեղծությունը․

Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։

Շարժումներդ երերուն
Եվ հայացքդ վշտագին.
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին։

Նրանց համատեղ կյանքը լի էր ողբերգական իրադարձություններով։ Պարզվում է, որ Սուսաննան հիվանդ է թոքախտով, վարակվում է նաև Տերյանը։ Նրանք երկու երեխա են ունենում (ամուսնությունից 5 և 7 տարի հետո), բայց երկուսն էլ մահանում են։

 

 

Սուսաննան


 

Շուտով  Սուսաննան և Վահան Տերյանը բաժանվում են։

Տերյանի կյանքի ամենածանր փուլում փարոսի նման հայտնվում է Անահիտ Շահիջանյանը։ Տերյանը ծանր հիվանդ էր, ընկճված կյանքի հարվածներից։ Ու Անահիտը, դեմ գնալով իր ծնողներին, որոնք Տերյանին եսասեր էին անվանում, ամուսնանում է նրա հետ՝ օգնելու, փրկելու հաստատակամությամբ։

Անահիտը նվիրված, ուժեղ կնոջ ֆոնոմեն էր, Տերյանի վերջին օրերի մխիթարությունը։ Երաժիշտ էր։ Տերյանը սիրում էր լսել նրա կատարումները։

Անահիտին է նվիրված այս տրիոլետը․

Դու հնչիր — քո սրտի գարունն է,
Իսկ իմում վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբ
ոքուն ու խանդոտ,
Դու հնչիր — քո սրտի գարունն է:
0 երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր — քո սրտի գարունն է,
Իսկ իմում վերջինն է, հիվանդո՜տ
…

 

 

 

 ***

 

1919թ․ Տերյանը նախաձեռնում է իր առեղծվածային ճամփորդությունը դեպի Միջին Ասիա՝ Տաշքենդ։ Անահիտը հետագայում ասել էր, որ իրենք ծրագրում էին Իրանով Շվեյցարիա հասնել, որտեղ Տերյանը բուժվելու հնարավորություն կունենար։

Անահիտը մի քանի ամսից երեխա պիտի ունենար, բայց պնդում է, որ ուզում է նրա հետ մեկնել։ Այդ ծանր ճամփորդության մանրամասները մեզ հասել են Անահիտի գրառումներից։ Հոկտեմբերի 25-ին սկսված ճամփորդությունը տևում է մի քանի ամիս, որովհետև ճանապարհի կեսից երկաթուղային ճանապարհ չկար։ Երկար կանգառների, ցրտի պատճառով Տերյանի վիճակն օր օրի վատանում էր, իսկ Անահիտը հերթական կայարանը հասնելիս թափառում էր շրջակա գյուղերում, որ սնունդ հայթայթի։

Տերյանը  գիտակցում էր մահվան մոտ լինելը։ «Ինչ ուզում ես արա, միայն թե փրկիր ինձ մահից»,-ասում է նա Անահիտին։

Նրա վիճակի պատճառով ստիպված են լինում կանգ առնել Օրենբուրգում։ Հյուրընկալվում են Օհանյանների ընտանիքում։ Հրավիրված բժիշկները բանաստեղծի կյանքը չեն կարողանում փրկել։

 

Անահիտ Տերյանը

Տերյանին հուղարկավորելուց հետո Անահիտը վերադառնում է Մոսկվա։ Պահպանվել է նրա մոր դաժան նամակը, որտեղ կրկին քննադատում է դստերը մեռնող մարդու հետ կյանքը կապելու համար ու խորհուրդ է տալիս երեխային ծնվելուց հետո մանկատուն հանձնել, որովհետև հավանաբար նա էլ թոքախտավոր է լինելու․․․

20-ամյա Անահիտը մեն-մենակ դիմագրավում է բոլոր դժվարությունները։ Անգամ Տերյանի նախկին ընկերներն էին նրա դեմ։ Պողոս Մակինցյանը, որին Տերյանը նամակներում մտերմաբար Պաոլո էր կոչում,  մյուս ընկերների հետ ձերբակալության սպառնալիքով Անահիտից խլում է Տերյանի ձեռագրերը, որ հետո խորհրդային կառավարության նախընտրած փոփոխություններով դրանք հրատարակի․․․

 

 

         ***

Անահիտը երեխայի ծնունդից հետո հոգատար դայակ է գտնում, աշխատում է, սովորում։ Նվարդը մեկ տարեկան էր, երբ հիվանդանում է դիզինտերիայով։ Երեխայի կյանքը փրկելու համար բժիշկները առողջարանային բուժում են խորհուրդ տալիս։ Անահիտը դիմում է Հայաստանի ղեկավար Ալ․ Մյասնիկյանին, որը Տերյանի ընկերն էր եղել, և օգնություն է խնդրում։ Ստանում է այսպիսի պատասխան․ «Հանձնեք երեխային մանկատուն»։

Այդ ժամանակ Տերյանի առաջին կինը՝ Սուսաննան, ամուսնացել էր Ա․ Մյասնիկյանի հետ և հավանաբար նրա խորհրդով էր գրված պատասխանը։ Նրանք երեխա չունեին և կուզեին որդեգրել Տերյանի դստերը․․․

Անահիտը ամուսնանալու հապճեպ որոշում է կայացնում։ Նրա երկրորդ ամուսինը՝ Ա․ Եղիազարյանը, օգնում է նրան հաղթահարել դժվարությունները ու մեծացնել Նվարդին։ Անահիտը ավարտում է կոնսերվատորիան, դառնում ռիթմիկայի մասնագետ, բազմաթիվ հաջողությունների հասնում։

(Ըստ Նվարդ Տերյանի ներկայացրած փաստերի)

 

Բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Տերյանը

Տերյանի գերեզմանը մոռացության էր մատնվել։ Նրա մահից 20 տարի հետո նրա հետքերով Օրենբուրգ է գնում գրականագետ Սաքո Սուքիասյանը, գտնում գերեզմանը։ Նա հուշատախտակ է տեղադրում այն տանը, որտեղ վերջին օրերն էր ապրել բանաստեղծը։

 

 

***

Տերյանի  ժառանգները

Նվարդ Տերյանը ամուսնացավ բանաստեղծ Գևորգ Էմինի հետ։ Նրանք երկու որդի ունեցան՝ Վահանն ու Գրիգորը։

Նվարդ Տերյանի ու Գևորգ Էմինի թոռն է Գևորգ Էմին-Տերյանը։ Նրա «Վահան Տերյան․ անտիպ և անհայտ էջեր» գիրքն էլ հիմք ենք ընդունել այս պատմությունը ներկայացնելիս։

 

 ***

 

 

Հայոց մեծ եղեռնի վավերագրողը

  Տերյանը եղել է Հայոց մեծ եղեռնի առաջին վավերագրողներից։ 1915 թ․ նա գալիս է Երևան և Ցարսկայա փողոցի որբանոցում ապաստանած երեխաներին հանձնարարում է շարադրել եղեռնի մասին իրենց հիշողությունները։ Վանից, Արճեշից գաղթած 8-15 տարեկան 27 որբերը իրենց բարբառով շարադրում են եղեռնի մասին ցավոտ հիշողությունները։ Այդ շարադրանքները բացառիկ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Դրանք երկար ժամանակ չեն հրատարակվել․ լույս են տեսել 2016-ին՝ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը» գրքով։ Ստեփան Զորյանը վկայում է, որ Տերյանը մտադիր էր պոեմ գրել Վանի մասին։ Նա հավանաբար ուզում էր օգտագործել նաև այդ վկայությունները, բայց ինչ-ինչ պատճառներով պոեմը չի գրել։

 

 

 ***

 

Երվանդ Քոչարը կրթություն է ստացել Տերյանի աջակցությամբ։

Հյուսիսային Կովկաս գործուղված ժամանակ Տերյանը հայ երիտասարդների էր հավաքագրում՝ Մոսկվա ուսման ուղարկելու համար։ Նրա ընտրած երիտասարդների մեջ էր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը։ Նա մինչ այդ Թիֆլիսում նկարչական կրթություն ստացել էր, բայց խառը ժամանակների պատճառով շարունակել չէր կարողացել։ Տերյանը նրան ուսումը շարունակելու պաշտոնական անցաթուղթ է տալիս, սովորեցնում, թե ինչպես վարվի, որ թշնամական զորքի ձեռքը չընկնի։

 

 ***

   Տերյանը առաջիններից էր, որ նկատեց ու գնահատեց Սերգեյ Եսենինի տաղանդը։ Մաքսիմ Գորկին նրա միջոցով է ճանաչել Եսենինին։

 

Խիզախ գործիչը

Տերյանը համոզված էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եթե հայ ժողովուրդը տալիս է իր զավակների կյանքը հանուն Ռուսաստանի ու դաշնակիցների հաղթանակի, ապա տհասություն է դրա դիմաց ոչինչ չպահանջելը։

 

Բոլշևիկյան կառավարությունում 1917-19 թթ․ փոխնախարարի (կոմիսար) պաշտոն զբաղեցնող Տերյանը փորձում էր Լենինին համոզել, որ ռուսական զորքը դուրս չբերվի Արևմտյան Հայաստանից, այլապես մեր հայրենակիցները կրկին ցեղասպանության վտանգի առաջ կկանգնեն։ Նա մշակում է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որի դրույթների իրագործման դեպքում արևմտահայերը հասնելու էին մինչև լիակատար ինքնավարության։

 

Տերյանի հետ Լենինն ու Ստալինը արտաքուստ համաձայնվում են։ Բայց շուտով կնքվում է Բրեստ-Լիտովսկի պարտվողական պայմանագիրը, որտեղ հայ ժողովրդի շահերը կրկին արհամարհվում են։ Ռուսաստանն ընդունում է «Հողի դեկրետը», ըստ որի՝ զինվորները, Ռուսաստան վերադառնալով, կարող էին հող ստանալ։ Սրա հետևանքը լինում է այն, որ զինվորները զանգվածաբար սկսում են լքել դիրքերը։

 

Պաշտոնավարման ընթացքում Տերյանը, հանուն հայրենիքի, այնպիսի համարձակ քայլեր է անում, որոնց համար կարող էր մահվան դատապարտվել։ Հայ գործիչներին գնդակահարությունից փրկելը, հեղափոխության տարածման համար նախատեսված 6 միլիոն ռուբլին հայ գաղթականներին բաժանելը, Հայաստանի անկախությունը ողջունելն ու դաշնակցական գործիչների հետ կապ պահպանելը  և այլ  իրողություններ բոլշևիկների աչքից չեն վրիպում, և սկսում են նրան հալածել։ Բայց նրանց պետք էր մեծ հեղինակություն վայելող Տերյանին ներկայացնել որպես նվիրյալ բոլշևիկ․ այդ էր պատճառը, որ խլում են ձեռագրերն ու նրա կյանքի պատմությունը տասնամյակներ շարունակ աղավաղված ներկայացնում։

 

  ***

 Տերյանը ծրագրում էր Մոսկվայի Լազարյան ճեմարանը հայագիտական ինստիտուտ դարձնել, արդեն հրավիրել էր անվանի հայագետների։ Բայց նրա պաշտոնը հետագայում ստանձնողները փոշիացնում են նրա սկսածը։

 

 

Գուրգեն Մահարի

 

Բառերով փրկված  կյանք 

Գուրգեն և Անտոնինա Մահարիները  հանդիպել են Սիբիրում։ Վիլնյուսի համալսարանի ուսանողուհի Անտոնինան Սիբիրում անցկացրել է 10-ը, իսկ Մահարին 17 տարի։ Անտոնինան հանդիպում է Մահարուն մահացողների հիվանդասենյակում։ Մահարին այնքան ծանր հիվանդ էր, որ բժիշկները հույս չէին տալիս։ «Գուրգենի վիճակը ծանր էր, ես երիտասարդ էի ու առողջ և օգնեցի նրան ապրել․․․․ Ես նրա կյանքը բառերով եմ փրկել։ Մահարին արդեն հույսը կորցրել էր, որ կառողջանա ու տուն կվերադառնա, իսկ ես խաբում էի նրան, թե ամեն ինչ լավ է, ասում էի՝ անպայման կառողջանաս, կգնաս տուն, քո գրքերը կհրատարակվեն, դու շատ տաղանդավոր ես ու հայտնի գրող կդառնաս․․․Այդ ամենը նրան ոգևորում, ուժ էր տալիս․․․»,- հետագայում պատմել է Անտոնինան։

 

Մեծությո՞ւն

Մի փիլիսոփայություն ուներ՝ կյանքն ամեն տեղ էլ կյանք է, ու մարդն էլ՝ մարդ: Որոնի՛ր մարդու բարեկամությունը, ինքդ բարեկամացի՛ր, ու դժվարը կհաղթահարվի:

Եվ ինքն այդպիսին էր: Անկաշկանդ կարողանում էր բարեկամություններ հաստատել, մտերմանալ՝ երբեք կարևորություն չտալով դիմացինի դիրքին, պաշտոն-աստիճանին, կապերին՝ այլ միայն ու միայն տեսնելով մարդուն: Միաժամանակ երբեք զգալ չէր տալիս, որ ինքն էլ վերջապես Գուրգեն Մահարին է՝ հնչեղ մի անուն ու ճանաչված մի մեծություն: Եվ այստեղ էլ՝ նույն հեգնախառն ժպիտը.

-Բոլորս, որ մեծություն անենք, հապա փոքրություն ո՞վ անի:

    ***

Գուրգեն Մահարին ընկերների շրջանում Գուրգեն-Մանարի մականունն էր վաստակել, որովհետև սիրում է թափառել և շաբաթվա այս ծայրից այն ծայրը իրեն կամ Թիֆլիս պիտի գցեր, կամ Գյումրի: Նա շատ էր սիրում թափառել:

 

 

   Գրասեղանի թելադրանքը

Մահարին սովորություն չուներ ասելու, թե ի՛նչ է անում, ինչի՛ վրա է աշխատում:

Առօրյա խոսք ու զրույցի մեջ որքան որ բաց էր ու սրտաբաց, նույնքան էլ խուփ էր իր ծրագրերի ու անելիքների հարցում: Երբ մամուլում հանդիպում էր որևէ գրողի ծանուցումներին, թե ահա շուտով կավարտի այս ու այն գործերը, բարեմիտ հեգնում էր.

- Հալլա՜, հալլա՜, այս մարդ ջուր չտեսած կբոբկնա: Իսկ եթե ավարտես ու չստացվի այն, ինչով հիմա այդքան ինքնավստահ հուսադրում ես ընթերցողին, պարտքդ ո՞վ է մարելու, եղբա՛յրս:

- Ինչո՞ւ ես այդպես ասում, Գուրգե՛ն խան, եթե մարդն աշխատում է, նշանակում է գիտե, թե ինչ է ստացվելու:

- Հապա քրասեղա՞ն...

- Գրասեղանն ի՞նչ...

- Ինչ կուզես՝ ծրագրի՛, նստեցիր քրասեղանի առջև, նա քո բոլոր ծրագրեր կծալի, ու ինք կսկսի թելադրել:

- Անհեթեթ բան ես ասում:

- Անհեթեթ դու ես, որ մինչ հիմա չես հասկացե այդ պարզ ճշմարտություն: Ես իմ սեփական փորձով գիտեմ: «Մանկություն» և «Պատանեկություն» ես բոլորովին այլ կերպ կծրագրեի, նստեցի գրելու, քրասեղան եկավ, մտավ իմ ու ծրագրերիս արանք և սկսեց ինք թելադրել…

Ոստիկանական բաժանմունքում

Մահարին սիրում էր գիշերները թափառել Երևանում, հիանալ նոր ստեղծված ճարտարապետական հրաշալիքներով։ Մի անգամ նրան է մոտենում մի ոստիկան և հարցնում, թե ով է և ինչու է այդ ուշ ժամին այդտեղ։ Գուրգեն Մահարին պատասխանում է, որ ինքը Մահարին է։ Ոստիկանը  ժպտում է և ասում, որ իրեն այդքան էլ հեշտ չէ մոլորեցնելը։ Ինքը դպրոցում սովորել է, որ Մահարին Բաղդադում ապրող բանաստեղծ է եղել և մեռել է դարեր առաջ (նկատի ունի Աբու Լալա- Մահարուն, որի մասին է Ավ․ Իսահակյանի նշանավոր պոեմը)։

Խեղճ Մահարին հայտնվում է ոստիկանության բաժանմունքում։ Հերթապահ ոստիկանը ճանաչում է Մահարուն և ասում, որ երկու անգամ  կարդացել է նրա «Մրգահաս» ժողովածուն և ներողություն է խնդրում պատահածի համար։