10/04/2025

Միքայել Նալբանդյան

 


Միքայել Նալբանդյանի հոր՝ դարբին Ղազարի անձնական կյանքը զարմանալի, ողբերգական  ընթացք է  ունեցել։

 Առաջին կինը ամուսնությունից  մեկ տարի անց մահանում է՝ թողնելով մեկ որդի։

Մեկ տարի անց Ղազարը երկրորդ անգամ է ամուսնանում։ Ունենում են երկու տղա, որից հետո կինը մահանում է։

Երեք երեխաների հետ միայնակ մնացած Ղազարը կրկին փորձում է կարգավորել կյանքը։

Ամուսնանում է երրորդ անգամ։ Սակայն դաժան ճակատագիրը երրորդ անգամ է նույն խաղը խաղում նրա հետ։ Կինը՝ Աննան, մահանում է աղջիկ ունենալիս։

Ղազարը չորս փոքրիկների հետ շարունակում է կռիվ տալ դաժան ճակատագրի դեմ։ Ընտրում է այրիացած, 4 երեխաների տեր Մարիանեին (Մարիամ)։ Բայց 4-րդ ամուսնությունը եկեղեցին արգելում էր։ Ղազարը, համառ պայքար  մղելով,  ի վերջո ստանում է եկեղեցու համաձայնությունը։

Ընտանիքում արդեն 8 երեխա կար։ Ղազարի և Մարիանեի համատեղ կյանքի ընթացքում ծնվում են ևս 4 երեխաներ, որոնցից ողջ են մնում երկուսը։

Այդ երկուսից մեկը Միքայելն էր, որին փոքր ժամանակ Մուխալ էին ասում։

Նա պիտի դառնար հայ ժողովրդի պատմության ամենավառ դեմքերից մեկը։

Իսկ ծնողները նրան այնքան էին սիրում, որ տարիներ անց Միքայելի ձերբակալության լուրը լսելուց հետո երկուսն էլ խելագարվեցին։

 

Ըստ Նարինե Թուխիկյանի «Խոստովանություն» հաղորդման

Նալբանդյանի ուսուցիչները

Միքայելի մանկության ընկերների վկայությամբ՝ նա աչքի էր ընկնում իր բացառիկ հիշողությամբ, սուր դատողություններով։ Սիրում էր նոր խաղեր հնարել, խաղալիքներ սարքել։ 7 տարեկանում ընդունվելով տիրացու Օգսենտի դպրոց՝ Միքայելը մեկ ամսում սովորում է այն ամենը, ինչ իր դասընկերները սովորում էին 1-2 տարում։

Նալբանդյանը հետագայում իր ստեղծագործություններում վերակերտել է տիրացու Օգսենտի կերպարը, որը ճիպոտը կամ գավազանը ձեռքին, իր աշակերտներին անխղճորեն  ծեծելով, խիստ սահմանափակ գիտելիքներ էր փոխանցում։

Հաջորդը Գաբրիել Պատկանյանի մասնավոր դպրոցն էր, որտեղ բացառիկ ընդունակություններով տղայի համար բացառություն են անում 7 տարի դասավանդելով անվճար։

Գաբրիել Պատկանյանի դպրոցը նրա տանն էր։ Պատկանյանը, որ քահանա էր և ժամանակի ճանաչված գործիչներից, աշակերտներին վերաբերվում էր պարզ ու մտերմաբար։ 

 

 

 

Գաբրիել Պատկանյանը՝ Մ․ Նալբանդյանի ուսուցիչը,գրող Ռաֆայել Պատկանյանի հայրը

Դեպքերը զարգանում են այնպես, որ Գաբրիել Պատկանյանին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հրամանով ուղարկում են Թիֆլիս, իսկ աշակերտներին պարտադրում են ուսումը շարունակել ոմն Եկենյանի մոտ։

Այստեղից սկսվում է Միքայել Նալբանդյանի կյանքի պայքարի շրջանը։ Նա նոր ուսուցչի անգրագիտությունը տեսնելով՝  հրաժարվում է դասերին մասնակցելուց։ Նույնիսկ ասում է․ «Եթե նոր բան ունիս սովորեցնելու, սովորեցրու, թե չէ քո սովորեցրածը արդեն շատ ժամանակ է, որ գիտեմ»։

Եկենյանը հոգևոր վերնախավի առաջ «ընդունակ» և «չարաբարո» աշակերտին ընծայարանից հեռացնելու պահանջ է ներկայացնում։ Կաթողիկոսի հրամանով մրցույթ է կազմակերպվում, որտեղ իրենց գիտելիքներով մրցում են նոր ուսուցիչն ու աշակերտը։ Նալբանդյանը ակնհայտորեն հաղթում է, իսկ «ուսուցիչը» ցույց է տալիս իր անգրագիտությունը։

Սակայն, ասում են, Նալբանդյանը մի կատակ է իրեն թույլ տալիս՝ կաթողիկոս-ի փոխարեն գրելով կնաթողիկոս, որով վաստակում է Ներսես Աշտարակեցու անդառնալի թշնամանքը։

 

 

 Աղբյուր՝ Աշոտ Հովհաննիսյան «Նալբանդյանը և նրա ժամանակը»

Կանայք Մ․ Նալբանդյանի կյանքում

 

Վարդուհին Միքայել Նալբանդյանի առաջին սերն էր։  

Նոր Նախիջևանում ընդունված չէր, որ երիտասարդներն ազատ շփվեին, և երբ իր դեմ սկսված հալածանքները սաստկանում են և հեռանալու հնարավորություն է լինում, Միքայելը մեկնում է առանց հրաժեշտ տալու։

Նրա անհետացման շուրջ տարբեր խոսակցություններ են տարածվում,  նույնիսկ ասում էին, թե  խեղդվել է գետում։ Աղջիկը սկզբում սիրելիին կորցնելու ցավ է ապրում, ապա վիրավորանք՝ իմանալով, որ Միքայելը Մոսկվայում է։

Աղքատ ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար Վարդուհին ամուսնանում է  հարուստ նպարավաճառի հետ։

Նալբանդյանի համար սա ծանր փաստ էր։ Նրա «Մինին խոսք մյուսին հարսն» ստեղծագործության մեջ արտացոլված են իր կյանքի այս իրադարձությունները, միայն թե ստեղծագործությունն ավարտվում է սիրահարների ամուսնությամբ՝ ի տարբերություն իրականության։

 

 

 

Պահպանվել է նաև նամակը մի իտալուհու, որի հետ Նալբանդյանը ծանոթացել էր Վենետիկում ճամփորդելիս։ Աղջիկը գրում էր․ «Ինչ խորն ես դրոշմված իմ սրտի մեջ․․․Ես նախատեսելով անհուն դժվարություններ, այդպես էլ ենթադրում էի, թե մենք այդպես էլ չենք հանդիպելու այս աշխարհում․․․»։

Բոլոր դեպքերում Նալբանդյանը հրաժեշտ էր տալիս սիրելի կանանց, որովհետև անձնական երջանկությամբ ապրելու շռայլություն չէր կարող իրեն թույլ տալ, հայրենիքի ազատագրման, ժողովրդի լուսավորության, կյանքի պայմանների լավացմանն էր նվիրված նրա կյանքը, հանուն այդ արժեքների՝  Նալբանդյանը պատրաստ էր ամեն զոհողության։

 

ըստ Նարինե Թուխիկյանի

 

 

իտալուհին

Սիլվա Կապուտիկյան

 


Բանտարկյալների նվերը

Սիլվա  Կապուտիկյանը մի անգամ ռադիոյով ելույթ է ունենում և քննադատում այն օրենքը, ըստ որի՝ 3 ռուբլի գողացած մարդուն բանտարկում են երեք տարով, մինչդեռ մեծ ավազակները դրսում ազատ շրջում են։ Չէ՞ որ այդ մարդը ընդամենը հացի հարց է լուծել։ 

Կապուտիկյանի խոսքը մեծ արձագանք է գտնում։ Այն տպված վիճակում հասնում  է մինչև Կոշի քրեակատարողական հիմնարկ։

 Բանտարկյալները իրար են փոխանցում տեքստը, քննարկում և որոշում են հանդիպում կազմակերպել մեծ բանաստեղծուհու հետ։ 

Կապուտիկյանը գնում է Կոշ, հանդիպումն անցնում է ջերմ մթնոլորտում։ Բանտարկյալները բանաստեղծուհուն հավաստիացնում են, որ այդուհետ նա իրենց հատուկ պաշտպանության տակ է և կարող է դուռն առանց կողպելու անգամ քնել։ 

 Բանտարկյալները նաև նվիրում են իրենց պատրաստած ձեռնափայտը, որն այժմ պահվում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։

1973թ. ձերբակալում են մեծ կինոռեժիսոր, նկարիչ Սերգեյ Փարաջանովին։ Սիլվա Կապուտիկյանը նամակ է գրում ԽՍՀՄ-ի ղեկավար Բրեժնևին՝ անթույլատրելի համարելով նման մեծությանը բանտում պահելը։ Նրա պահանջը, ցավոք, անարձագանք է մնում։

 Ազատություն ստանալուց հետո Փարաջանովը Սիլվա Կապուտիկյանին մի քանի խորհրդանշական նվերներ է տալիս՝ որպես շնորհակալություն։ Դրանցից մեկը «Մայր Հայաստան»  կարպետն է, որն այժմ գտնվում է բանաստեղծուհու տուն-թանգարանում։

 

 

 

 

Փարաջանովի նվերը

Սիլվա Կապուտիկյանը երիտասարդ տարիներին, պահանջի համաձայն, գովերգում էր խորհրդային կարգերը, բայց նրա հոգում էլ վերք կար։ Նրա հորեղբայրը ևս ստալինյան բռնությունների զոհ էր դարձել։ Մանվել Կապուտիկյանը բացառիկ ճարտարապետ էր՝ հայտնի  Իրանում, Ֆրանսիայում, Չեխիայում։ Եկել էր Հայաստան, որ նեցուկ լինի  ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, բայց 1937 թ․ նրան աքսորում են Սիբիր, որտեղ  50 աստիճան սառնամանիքին ցրտահարվում է ու մահանում։

Իր «Էջեր փակ գզրոցներից» գրքում բանաստեղծուհին ցավոտ խոստովանություն է անում․

«․․․Հայտնեցին, թե Մանվել Կապուտիկյանին գիշերը բանտարկել են, եկեք իրերին տեր կանգնեք:

Չգնացինք, տեր չկանգնեցինք, վախեցանք…

Ո՞վ  բացեց  այդպես  էլ  փակ  մնացած  ճամպրուկները,  ո՞ւմ  ձեռքն  ընկան  գրքերը,  նամակները․․․․ հորեղբորս  ջրաներկերը`  Վանի,  Վարագի,  Անիի  պատկերներով…… Պարզ  է,  ես  պետք  է  գնայի,  բանտարկվածը  իմ  հորեղբայրն  էր,  նրա  հույսը,  միակ  արյունակիցը  ես  էի,  բայց  ես……  Թվականը  երեսունյոթն  էր,  իսկ  ես`  ընդամենը  17-18  տարեկան  ուսանողուհի:  Համալսարանի  ժողովներում  արդեն  մի  քանի  անգամ  մատ  էին  թափ  տվել  վրաս,  «Պատմիր  Ալազանի  հետ  ունեցած  քաղաքական  կապերիդ  մասին»,  «Պատմիր  դաշնակցական  հորդ  մասին»……

Չգնացի,  տեր  չկանգնեցի,  վախեցա……

Ես այդ  թվերին ոչ մի ամբաստանագիր չեմ գրել, ոչ մեկին  չեմ զրպարտել, ոչ մեկի բանտարկության օգտին ձեռք չեմ բարձրացրել, ոչ մի սուտ վկայություն չեմ տվել, բայց միևնույն է, ես ինձ համարում եմ 37 թվականի մասնակից - ես լռել եմ…

Մի՛ կրկնեք այդ ահավոր դարձվածքը`«լռությունը ոսկի է»: Լռությունը դավադիր մի արգանդ է, որի մեջ նյութվում, ծնվում ու սնվում են բոլոր մեծ ու փոքր  ոճիրները…»։

Կապուտիկյանը չի տեսել հորը` Բարունակ Կապուտիկյանին։ Նա մահացել է աղջկա ծնվելուց երեք ամիս առաջ, խոլերայից։  Մայրը՝ Լիան, ծանր է տարել ամուսնու մահը և այդպես էլ չի ամուսնացել։

Լիան հավատում էր իր աղջկա հաջողություններին։ Փոքրիկ տան մեջ առանձին սենյակ էր հատկացրել Սիլվային։ «Բարունակ Կապուտիկյանի աղջիկը չէր կարող վատը լինել», — ասում էր Լիան, երբ նրան հարցնում էին աղջկա մասին։

 

***

Սիլվա Կապուտիկյանի զարմուհին՝ Ռաֆլետա Հաճյանը, պատմում է, որ մի անգամ բանաստեղծուհու մայրը՝ տիկին Լիան, իրենց կորած կատվի մասին մի գեղեցիկ բանաստեղծություն է գրում:  Զարմուհին հիացած ասում է․

-Մորաքո՛ւյր, ոնց որ իսկական բանաստեղծուհի լինես:

Տիկին Լիան վիրավորվում է և Վանի բարբառով ասում․

-Տո ծրտո՛տ, էն ժամանակ, որ ես բանաստեղծություն կգրեի, Սիլվան դո՞ր էր:

-Մորաքո՛ւյր, բա ինչո՞ւ ես ասում` Սիլվան հորից` Բարունակից է ժառանգել գրելու ունակությունը. քեզնից է ժառանգել:

Տիկին Լիան հանկարծ լրջանում ու ասում է․

 -Չէ, Սիլվան տեղով Բարունակն ի, էնոր խոսքը, էնոր միտքն ուրիշ ի…

 

 

մոր հետ

Սիլվա Կապուտիկյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Նա առաջին մտավորականն էր, որին 1959 թ․ թույլ տվեցին մեկնել Ադրբեջանի կազմում գտնվող Արցախ։

 «Ղարաբաղն ու Նախիջևանը իմ կյանքի մեջ մտան Ավետիք Իսահակյանի զրույցներից,- պատմել է բանաստեղծուհին:- Մինչ մենք՝ դեռ 16-17 տարեկան պատանիներս, տենչում էինք Վարպետից լսել Փարիզի ու Վենետիկի մասին, Վարպետն իր պատմելիքն ու խոսելիքը ուներ, և այդ խոսելիքը Անին էր, Ղարսը, Վանը ու, մանավանդ, Ղարաբաղն ու Նախիջևանը»։

Դրանից շուրջ տասը տարի առաջ Ավ. Իսահակյանին էր հաջողվել կնոջ հետ հայտնվել Արցախում։ Բանաստեղծը բազմաթիվ արգելքների ու հետապնդումների միջով էր անցել, իսկ նրան ուղեկցող մտավորականը մի քանի տարի բանտ էր նստել նրան ուղեկցելու համար։

 

Արցախում մեկ ամիս շրջագայելուց հետո բանաստեղծուհին վերադառնում է ծանր խոհերով․ արցախահայերը մեծ կարոտով ու ջերմությամբ էին ընդունել նրան, բայց մշակութային  կոթողները տեսել էր ավերակված վիճակում, հատկապես ազդվել էր գոմի վերածված, գարշահոտության մեջ խեղդված Դադիվանքի տեսքից։

«Չեմ կարողանում մոռանալ Խութավանքը (Դադիվանք)՝ հարյուրամյակներ ապրած և օր ծերության ստորացված, մի անկյուն նետված այդ ալեհերին,- գրում է նա,- ծնկներն ի վար թաղված գոմաղբի մեջ, զանգակ լեզուն պոկված-կտրված, նա համր ու անօգնական նայում էր մեզ՝ իրեն այցի եկած ազգականներին․․․»։

 Բանաստեղծուհին չկարողանալով պահել զսպվածության վերաբերյալ խոստումները, նամակ է հղում Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահին և ստանում ցինիկ պատասխան․ «Մենք լավ գիտենք մեր արժեքների տեղը»։ 

Արցախ այցից հետո ծնվում են «Հայոց բարդին», «Ղարաբաղի բարբառը» բանաստեղծությունները։

 

Ինչքան մենակ բուսնում է նա՝ լեռան ետև, մեն մի ձորում,
Ինչքան հեռու իր մոր աչքից, այնքան բո՜ւռն է ուժը լարում,
Այնքան ավել ճյուղը փռում, արմատները խո՜րն է խրում,
Կյանքի հյութով ու սաղարթով այնքան թա՜նձր է հայոց բարդին:


1988 թ․ պայքարի ժամանակ ևս բանաստեղծուհին առաջին շարքերում էր։ Հայաստանի մշակութային կոթողների քարտեզով զինված՝ նա հանդիպում է ԽՍՀՄ-ի ղեկավար Գորբաչովին, հիմնավորում մեր արդար պահանջատիրությունը։ Ցավոք այդ հանդիպումը դրական պտուղներ չի տալիս։

 

Սիլվա Կապուտիկյանն ու Բագրատ Ուլուբաբյանը Գանձասարում։ 1959 թ․։

Կապուտիկյանի հայրը՝ Բարունակը, Արևմտյան Հայաստանում դասավանդելիս մինչ ամուսնանալը Սիրվարդ անունով մի աշակերտուհի էր ունեցել, որին սիրահարված էր եղել ու որը մնացել էր որպես երազանք։ Հենց նրա անունով են կոչել Սիլվային։

Երբ Կապուտիկանը արդեն հայտնի բանաստեղծուհի էր, Ֆրանսիայից եկած մի կին նրան հարցնում է, թե գիտի արդյոք, թե ում անունն է կրում։

Բանաստեղծուհին պատասխանում է՝ այո, և պատմում  հոր սիրո պատմությունը։

Կինն  ասում է․

-Այդ Սիրվարդը ես եմ․․․

Ասույթներ
Լեզուն ոչ միայն քերականությունն է, ոչ միայն բառապաշարն է, այլև ժողովրդի արմատն է, նրա արյունը, ներվային համակարգը, շնչառության ռիթմը։ Լեզուն մարդու երկվորյակն է։
Ես երբեք չեմ բաժանվել իմ հայրենիքից, որտեղ էլ որ ճանապարհորդել եմ իմ մեջ և ինձ հետ է եղել իմ ժողովուրդը, ինչպես երեխայի հետ՝ իր մայրը, ինչպես մարդու հետ իր մոր կերպարը։
Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց։

Կյանքի բոլոր տարիներն էլ հավասար սիրելի են, քանի որ կյանքն ինքն է սիրելի։

Դանիել Վարուժան

 

 

Դանիել Վարուժանի հայրը՝ Գրիգորը,  Դանիել անվանեց իր առաջնեկին, որովհետև որդու ծննդյան լուրը լսելու պահին Դանիել մարգարեի մասին էր կարդում։ Նաև պապի անունն էր Դանիել, որի քաջագործությունների մասին լեգենդներ էին պատմում։

Չպուգքյարյան ազգանունը թուրքերեն «չուպուքքյար» բառից է, որը նշանակում է չիբուխ կրող։ Ըստ ընտանեկան ավանդության՝ նրանց նախնիներից մեկին թուրք փաշան ստիպել է այդ ծառայությունը մատուցել։

Դանիել Վարուժանն ու ապագա հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը դասընկերներ են եղել։ Իր «Հետադարձ հայացք» հրաշալի գրքում Փափազյանը պատմում է, թե Վարուժանի հոգեվիճակի վրա որքան էին ազդել 1896 թ․ թուրքերի կազմակերպած ջարդերը։ Լռակյաց, խոհուն պատանին դարձել էր անզուսպ ու կռվարար։ Ու քանի որ այդ հոգեվիճակում միակ հարազատը Վահրամն էր, նրա ականջին շշնջում էր․ «Դու էլ ինձ նման առյուծի կաթով ես մեծացել․․․»։

Մի օր էլ  Դանիելը Վահրամի համար կարդում է իր «Ջարդը» ստեղծագործությունը։ Վահրամը անգիր է սովորում այն։

Տարիներ անց՝ 1908 թ․, Շիշլիի գերեզմանատանը 1896թ․ զոհերի հիշատակին նվիրված արարողություն է կազմակերպվում, և  երիտասարդ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Ջարդը»։ «Ավելի շուտ ապրեցի այդ կրակոտ քերթվածքը»,- հետագայում հիշում է դերասանը։ Ասմունքից հետո ոգևորության ու հիացմունքի անպատմելի ալիք է բարձրանում։ Ամբոխը պատառոտում է Փափազյանի զգեստները, պոկում կոճակները՝ նրանից հուշ պահելու համար։ 

 Պահպանվել է ականավոր խմբագիր Թեոդիկի նամակը Դանիել Վարուժանին, որտեղ նա նկարագրում է այդ անմոռաց կատարումն ու ներկաների հուզումը։

 

 

Վահրամ Փափազյան

Բելգիայում ուսանելիս Վարուժանի սիրտը կոտրում է բելգիացի մի կին, որի անունը չի հիշատակել։  Այդ կնոջ դավաճանությունը Վարուժանին ծանր հոգեվիճակի մեջ է գցում, նա նույնիսկ մտածում է ինքնասպանության մասին։ Այդ շրջանի ապրումներն արտացոլվել են նրա «Տրտունջք» բանաստեղծության մեջ։

***

Հայրենիք վերադառնալուց մեկ տարի անց Վարուժանի կյանք է ներխուժում Արաքսի Թաշճյանը։ Նա հարուստ ընտանիքի դուստր էր։ Վարուժանը Արաքսիի անհատական ուսուցիչն էր։ Պարապմունքների ընթացքում երիտասարդները հասկանում են, որ սիրում են իրար։ Սակայն աղջկա ծնողները նրան ուզում էին ամուսնացնել ուրիշի հետ։ Արաքսին փորձում է հրաժարվել Վարուժանից, բայց չի կարողանում։ «Գիտցիր, որ քեզ մոռնալն անկարելի է, մահս նույնիսկ քեզ համար աչքս առած կը պտտիմ խևի պես․․․»,- գրում է նրան Արաքսին։

Վարուժանը աղջկան փախցնելու ծրագրեր է սկսում կազմել։ Նշանադրությունից առաջ Արաքսին Վարուժանին գրում է․ «Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»։ Վարուժանը երկտողը ընկերներից մեկի միջոցով ցույց է տալիս փեսացուին։ Նա չեղարկում է նշանադրությունն ու վեհանձնաբար երջանկություն մաղթում սիրահարներին։ Շուտով տեղի է ունենում Վարուժանի ու Արաքսիի հարսանիքը։

 

Դանիել Վարուժանն ու Արաքսին

Վարուժանն ու Արաքսին երջանիկ ընտանիք են կազմում։ Ունենում են երեք զավակ՝ Վերոնիկը, Արմենը և Հայկակը։

Առաջնեկին՝ Վերոնիկին է նվիրված «Վարուժնակիս» բանաստեղծությունը։ Վարուժանը հենց այդպես էլ սկզբում ուզում էր անվանել իր դստրիկին։ Անվանի գրաքննադատ Հակոբ Օշականն ասում է, որ նա, ով ուզում է հասկանալ, թե ինչ է հայրությունը, պետք է կարդա այդ բանաստեղծությունը․․․

Ընկերոջն ուղղված նամակում Վարուժանը գրում է «Սիրելի Փիեր․․․․ ունիմ մեկ տարեկան աղջնակ մը, որ օժտված է վաղահաս իմաստությամբ։ Ան արդեն գիտե «հայրիկ» ըսել, և այդ բառը զիս կը լեցնե անպատում հրճվանքով։ Ես իրեն ձոնած եմ բանաստեղծություն մը «Վարուժնակիս» վերնագրով»։

 

․․․Վարուժնա՛կդ իմ, իմ փափկասո՛ւն Դիցուհիս,
          Ո՛վ քնարե դու հոգյակ,
Թող որ արցունքս, որ այտերուդ վրա կ՚իյնա,
          Ըլլա ծիծաղ կամ սուտակ.

 

․․․Զի ես անդո՛ւնդն եմ, որ կ՚ըլլա երջանիկ
          Փոսուռայի* մը լույսով.
Անապա՛տն եմ, որ երկինքին կը ժըպտի
          Իր ծլարձակ մե՛կ բույսով։

Շուտով «անապատը» երեք «ծլարձակ բույս» էր ունենալու երկնքին ժպտալու համար, բայց ոճրագործները ոչնչացնելու էին հզոր բանաստեղծի կյանքն ու ժպիտը։

 

*Փոսուռա  - լուսատտիկ

 

Վարուժանի զավակները

Կոմիտաս  և Վարուժան

 Վարուժանն ու Սիրունին շաբաթ օրերին երբեմն Կոմիտասին հյուր էին գնում։ Այդ շրջանում Կոմիտասն ու նկարիչ Փանոս Թերլեմեզյանը Պոլսում վարձել էին եռահարկ տուն, որը դարձել էր մշակութային օջախ՝ յուրօրինակ վերնատուն, որտեղ հավաքվում էին տարբեր ազգերի արվեստասեր մարդիկ, լսում Կոմիտասի կատարումները, դիտում Թերլեմեզյանի նկարները, քննարկում արվեստին առնչվող հարցեր։

Մի անգամ Հակոբ Սիրունին Վարուժանին խնդրում է իր ալբոմում երկտող գրել՝ որպես հիշատակ։ Վարուժանը բանաստեղծություն է գրում, որի վերջին տողերն էին․

Չփշրվի ձեռքիդ բաժակն հրեղեն,

Ուր կը հեղու (լցնում է) բախտի նեկտարը Աստված․․․

Կոմիտասը կողքը կատակով  գրում է․

Հրեղեն բաժակը բերանդ կվառե, աղջիկ։

Իսկ ես ինչ մրեմ․

Մատիտս սրեմ,

Բերնիս մեջ ջրեմ,

Գոնե անունս գրեմ․․․

Ըստ Հակոբ Սիրունու հուշերի

 

ձախից՝ Դ․ Վարուժան, Ռուբեն Սևակ, Հովհ․ Թումանյան, Կոմիտաս, Գ․ Իփեքյան, Վահրամ Փափազյան

 

1915 թ․ զգալով հասունացող վտանգը՝ ընկերներից Մկրտիչ Պարտիզյանը  Վարուժանին առաջարկում է միասին Իտալիա գնալ, սակայն Վարուժանը մերժում է՝ ասելով, որ ընտանիքին մենակ չի կարող թողնել։

Գարնանը Մկրտիչը կրկին առաջարկում է մեկնել այս անգամ Բուլղարիա, խոստանում էր որոշ ժամանակ անց Վարուժանի ընտանիքին էլ ուղարկել։ Ինքը՝ Մկրտիչը, Ավստրիայի հպատակ էր և աքսորվելու վտանգ նրան չէր սպառնում։ Վարուժանը կրկին մերժում է ՝ հույս ունենալով, թե Վենետիկի Մխիթարյան հայրերը իր ձերբակալվելու դեպքում կմիջամտեն։

Սակայն նրանք անզոր էին։

 

***

 

Աքսորի ժամանակ Վարուժանը բախտակիցներին ասում է, որ իրենց մահվան են տանում (թուրքերը ասում էին, թե պարզապես տեղափոխում են), խնդրում է, որ փրկվողները իր հղի կնոջը՝ Արաքսիին հաղորդեն՝ իրենց որդու անունը Վարուժան դնի։

Արաքսին ավելի ուշ է իմանում Վարուժանի վերջին պատվիրանի մասին։ Երեխան ծնվում է հոր մահվան օրը և ըստ նախնական պայմանավորվածության՝ անվանվում Հայկակ։

Վարուժանի պատվիրանը կատարվեց ավելի ուշ։ Նրա տոհմի 4 տղամարդիկ Վարուժան անունով են կոչվել։

 

***

Գենտի համալսարանի գրադարանում տեղադրված է Վարուժանի եռալեզու հուշատախտակը, որտեղ հայերեն գրված են բանաստեղծի տողերը․

Ինչ փույթ կյանքը մեռնող,

Երբոր երազը կ՛ապրի,

Երբոր երազն անմահ է։