6/23/2012

Ոչ այնտեղ են ինտեգրվում, ոչ այստեղ.Էդուարդ Գրիգորյան




Էդուարդ Գրիգորյան. արձակագիր, լրագրող
Էդուարդ Գրիգորյանը ծնվել է Երևանում 1955թվակաինին, եղել է «Ժայռ» ՀԿ-ի լրատվության բաժնի պատասխանատուն,այժմ բնակվում է Լիբանանում, աշխատակցում տեղի «Զարթոնք» թերթին: Հեղինակել է 80-ից ավելի հոդվածներ և մի շարք գրքեր («Մենակը», «Մեծ կարոտի աշխարհը»):
Պրն. Գրիգորյան, աշխատում եք Լիբանանում հրատարակվող «Զարթոնք» թերթում: Ըստ Ձեզ ի՞նչ տարբերություններ կան հայաստանյան և Սփյուռքի լրատվամիջոցների միջև:
-Այնտեղի որակն ավելի ցածր է քան այստեղինը, բայց լրատվությունն աղավաղելու մեջ հավասար են: Ես ԽՍՀՄ-ի գովքը չեմ անում: Այն ժամանակ, եթե լրագրողը որևէ բան էր գրում, պատասխան էր տալիս: Հիմա ինչ ասես գրում են, ոչ ոք պատասխան չի տալիս:
Վերջերս լրատվամիջոցներից մեկը խիստ քննադատական հոդված էր տպագրել երգչուհիներից մեկի մասին: Տեղյա՞կ եք արդյոք և ի՞նչ կասեք այդ առումով:
-Ես «Զարթոնքում» անդրադարձել եմ կատարվածին: Ասեմ, որ շատ վատ էր արել: Նունե Եսայանը իմ աչքի լույսը չէ, բայց մարդը Ստամբուլում համերգ է տալիս, որտեղ հայեր են նստած, ինչ-որ լրագրող գրում է, որ գնաց Թուրքիա և այլն, և այլն…Արվեստը պետք է արվեստին ծառայի: Երբ որ մենք փորձում ենք արվեստը ծառայեցնել քաղաքականությանը, հերն անիծում ենք, հա՛մ արվեստի, հա՛մ քաղաքականության:
Իսկ չե՞ք կարծում, որ շատ բան կախված էր Թուրքիայի լրագրողից:
-Թուրքիայի լրագրողը շատ բան կարող է ասել: Նա Թուրքիայի շահերն է պաշտպանում: Հայաստանի լրագրողը թող Հայաստանի շահերը պաշտպանի, բայց ոչ ոք իրավունք չի տվել հավատալ Թուրքիայի լրագրողին և չհավատալ մարդուն՝ ով համերգ է տվել:
Համերգ է, եղել, գնացել է: Շատ Ստամբուլի քաղաքացիներ Երևանում են համերգներով հանդես գալիս, նրանց համարում են հայ մշակույթի դեսպան և այլն՝ առանց անհարմար զգալու, որովհետև մշակույթի դեսպաններն ուրիշ որակի են….
Իսկ որքանո՞վ է օտար երկրում ապրող հայը ծանոթ հայ մշակույթին:
Շատ քիչ, շատ վատ, ասեմ ավելին՝ ծանոթ չէ, իրենց իմացածը մակերեսային է: Մենք այնտեղ չենք ինտեգրվում համաշխարհային արվեստին: Ոչ այնտեղ են ինտեգրվում, ոչ այստեղ. Իրենց համար ապրում են գաղութային փոքր կյանքով:
Իսկ քայլեր չե՞ն ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Չէ, ի՞նչ քայլեր: Ընդհանրապես լիբանանահայ գաղութը Մերձավոր Արևելքում հոգևոր առումով հզորներից մեկն է, բայց դա չկա, քանի որ իրար հետ կռիվների մեջ են երեք ավանդական կուսակցությունները, որոնք տարածվում են դրանից դուրս:
Կա՞ն արդյոք հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ:
Կան շատ լավ դպրոցներ, կա Մեսրոպյան վարժարանը, որը կաթոլիկ հայերի վարժարանն է: Բավականին լավ և լուրջ գործ են կատարում: Շատ եռանդուն տնօրեն ունեն: 3-4 դպրոց կա, սակայն աշակերտները քիչ են, նրանց քանակը 3000-4000-ից չի անցնում: Նախընտրում են ոչ հայկական դպրոցները, քանի որ եթե չես ինտեգրվում ապրածդ երկրի մշակութային կյանքին՝ չիբանի պես մի բան ես այդ երկրում:

Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ խնդրի առջև, ամեն վայրկյան կա պատերազմի վտանգ, որքանո՞վ է պատրաստ օտար երկրում ապրող հայը գալ ու պաշտպանել իր հողը:
Որ պետք լինի, էլի մենք պետք է գնանք: Նրանք այն ժամանակ էլ 40-50 հոգով մասնակցեցին՝ չհաշված ֆինանսական օգնությունը: Բայց դա շատ քիչ է, եթե հաշվի առնենք, որ Սերբիա – Կոսովո պատերազմին գնաց մասնակցելու 30.000 ռուս զինվոր:
Ամբողջ աշխարհի ուշադրությունը առաջիկա 2 տարիներին կենտրոնանալու է Հայաստանի վրա, քանի որ Ցեղասպանության 100-ամյակն է մոտենում, թուրքական խնդիրներ են: Թուրքիան խնդիրներ ունի Իրաքի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի, ասորիների, քրդերի հետ: Նույն խնդիրներն ունի նաև Ադրբեջանը:

Այսինքն գաղթօջախներում բավականին անելիքներ կան:
-Անշուշտ: Հիմա իմ և կնոջս առաջարկով ծրագիր է մշակվել, համաձայնեցվել բարեգործականի կրթության պատասխանատու Արթին Ամալյանի հետ: Բայց պետք է սկսել նախակրթարանից, քանի որ 16 տարեկանին արդեն ուշ է ինչ-որ բան սովորեցնել:

Դուք նաև ստեղծագործում եք: Որքանո ՞վ եք ծանոթ տեղի հեղինակներին:
Ծանոթ եմ, լավ երիտասարդներ շատ կան: Շատ հավանում եմ Նուշիկ Միքայելյանին, մեր մեծագույն պոետների շարքին կդասեի Վաչե Պետրոսյանին, ով «Թուջե մառախուղ» գիրք ունի գրած:

Բոլորը սիրում են խաղեր խաղալ, ես նունպես.Վահագ Ռաշ





Վահագ Ռաշ(երգիչ).Ծնվել է 1982թ. մայիսի 8-ին, սովորել է ՀՊՃՀ-ի ցանցային կառավարում բաժնում,հինգ տարի հաճախել է կիթառի դասընթացների, սիրելի մարզաձևը՝ ձյուդո, մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, ճշմարտախոսությունը:
Վահագ, երկար ժամանակ է՝ մուտք եք գործել երգարվեստ: Ի՞նչ տպավորություններ ունեք, հասցրե՞լ եք ընկերներ ձեռք բերել:
-Մոտ երկու տարի է՝ երգարվեստում եմ, կամ մի փոքր ավել, ընկերներ շատ ունեմ թե՛ արվեստի բնագավառից և թե՛ ընդհանրապես: Մարդն առանց ընկեր նման է անտառի, որը ծառ չունի: Ընտրության սկզբունքը միմիայն հոգեհարազատության սկզբունքն է:

Տեղյակ եմ, որ ստեղծագորում եք, ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը:
-Առաջին անգամ օրորոցային եմ գրել: Իմ և քույրիկիս տարիքային տարբերությունը ինը տարի է, ուստի մայրիկն ինձ էր հանձնարարում նրան քնեցնել, ես էլ հեշտ տարբերակ գտա ու որոշեցի օրորոցային գրել:
Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ սկսեք գրել:
-Ամեն մի զգացմունք. տխրություն, ուրախություն, հիացմունք, հիասթափություն…շատ բաներ կան, որ կարող են ստիպել գրել…
Միայն Ձեր գրած երգերն եք կատարում, թե՞ այլ հեղինակների:
-Դեռևս միայն իմ երգերը: Շատ երգեր են առաջարկել, բայց դուրս չի եկել, սակայն արտասահմանյան ռոքային երգեր կատարում եմ:
Ունեք նաև խումբ: Ինչպե՞ս կազմավորվեց, քանի հոգի են և արդյո՞ք մասնագիտությամբ երաժիշտներ են:
-Խումբը ստեղծվել է 2009 թ. սեպտեմբերին, բոլորն էլ մասնագիտությամբ երաժիշտ են. սոլո կիթառ` Սամվել Խաչատրյան, ստեղնաշարային գործիքներ` Գարիկ Գագիկյան, հարվածային գործիքներ` Վլադիմիր Աղաևանյան, բասս կիթառ` Հովհաննես Գևորգյան և ջութակ Լիլիթ Ռուշանյան:

Առաջին տեսահոլովակը, որ հանձնեցիք հեռուստադիտողի դատին՝ կոչվում է «Աշնան քամի», ի՞նչ բերեց կամ կուզեք, որ Ձեզ բերի աշնան քամին:
-Աշունը շատ եմ սիրում, շատ խորհրդավոր և հաճելի եղանակ է: Կուզենայի, որ աշնանը սիրահար զույգերը չբաժանավեն, այդպես շատ է լինում: Իսկ ինչ վերաբերում է «Աշնան քամուն», ասեմ, որ արձագանքը բավականին ուժեղ էր, քանի որ այդ ժամանակ ռոք տեսահոլովակ բացի EMPYRAY խմբից ոչ ոք չուներ: Երգը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և հասցրեց նրան, որ ավելի լավ աշխատեմ, ավելի սիրով և նվիրվածությամբ:
Յուրաքանչյուր ոք, ով որևէ ասպարեզում առաջին քայլերն է կատարում՝ հանդիպում է խոչընդոտների: Որո՞նք էին Ձեր առջև ծառացած խոչընդոտները և ինչպե՞ս հաղթահարեցիք:
-Խոչընդոտներ եղել են և կլինեն և դրանք հաղթահարելը խաղի պես մի բան է: Բոլորը սիրում են խաղեր խաղալ, ես նունպես: Խոչընդոտներից մեկն այն էր, որ երբ նոր էի այս ասպարեզում, լուրջ չէին վերաբերվում, իսկ հիմա պատկերն լրիվ այլ է:
Երգարվեստում հաջողությունների հասնելու համար ի՞նչ միջոցների կդիմեք:
-Չգիտեմ, թե մյուսներն ինչ միջոցների են դիմում, ինձ թվում է՝ բացի լավ ու ճիշտ աշխատելուց իրական հաջողությունների ոչ մի բան էլ չի բերի: Ամենակարևորը՝ համբերություն է պետք:

Ի դեպ, եթերում չենք հանդիպում Ձեր տեսահոլովակներին, շոու ծրագրերի չեք մասնակցում, ցանկություն չկա, թե՞….
-Դե, առանձնապես ձգտում չունեմ հեռուստատեսությամբ երևալ: Ես պարզապես ներկայացնում եմ իմ երգերը, որոնք իրենց հարազատ սրտերին անպայման գտնում են, մեկ տարի հետո, թե հինգ՝ այդ արդեն էական չէ:
Օրեր առաջ համերգով ներկայացաք հայ հանդիսատեսին, ինչպե՞ս անցավ և ի՞նչ նորությունների սպասենք առաջիկայում:
-Հունիսի իննին և տասին համերգ ունեցանք, շատ լավ անցավ, շատ ուրախ եմ, որ նման հիանալի հանդիսատես ունեմ:Շատերն են ասում, որ նման ճաշակով հանդիսատես վաղուց չէին տեսել:Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում, հունիսի 23-ին, մեր երկրպագուների խնդրանքով, կունենանք ևս մեկ համերգ, որից հետո երկրից որոշ ժամանակով կբացակայեմ և կվերադառնամ նոր էներգիայով, նոր երգերով: Այնպես որ՝ առաջիկայում սպասեք հետաքրքիր նորությունների:

6/02/2012

Փոքրերի աշխարհ





Մեր ծնողներից, տատիկ-պապիկներից լսել ենք, գրքերում էլ կարդացել, որ փոքրերն ունեն իրենց աշխարհը։ Աշխարհ, որը մաքուր է, ազնիվ։ Բայց, չգիտես ինչու` որոշ փոքրիկներ լքել են աշխարհն այդ ու ընկել մեծերի աշխարհ, որտեղ իշխում են դաժան օրենքներ, ուր ամեն ինչ այնքան խառն է։
Փոքրիկն այսօր առավոտից իրիկուն ուտում-խմում, թափառում բակում, համակարգչի հետ գլուխ տալիս ու սերիալ է դիտում։ Դիտում է ու ցանակնում նմանվել հերոսներին, սկսում է կրկնօրինակել նրանց։
Մեկ ասում ես մեղադրենք սերիալ ստեղծողին, սցենար գրողին, հետո մտածում ես` ախր նրանք ի՞նչ մեղք ունեն. փողիս մուննաթ ու ղեկավարի խելքին։ Այս դեպքում ո՞վ է մեղավոր։ Իհարկե ծնողը, ում բաց բերանին ու անթարթ աչքերին նախանձելով երեխան նստում է կողքն ու խորասուզվում։
Ապա բացվում է լույսը, բալիկը նայում է օրվա դասացուցակը, շալակում պայուսակն ու բռնում դպրոցի ճամփան։ Հետո երկուսը կամ ժամանակակից 5 բալը շալակում ու վերադառնում է։ Ծնողը գնահատականը տեսնում է, մի քանի վայրկյանում կնճռոտում դեմքն ու նախշում նախշուն բալիկին` մոռանալով, որ այդ երեկ էր, որ երեխան իր կողքին նստած հերթական սերիալի հերթական սերիան էր դիտում։
Այսօրվա 4-5 տարեկան երեխան մոր գրկում նստած փոխանակ խոսի պատմվածքի, հեքիաթի կամ գոնե մուլտֆիլմի մասին` ասում է.
Մամ, տես փողոցն անցնող աղջիկն ինչ սիրուն է։ Տես մազերը, պայուսակը։ Մայրն էլ` թե լավն ա ու մի պաչիկ է դրոշմում 5 տարեկանից արդեն շեղված բալիկի ճակատին։ Տեսնես նման երեխաներն որ մեծացան, էլ ինչի՞ վրա են զարմանալու կամ զայրանալու։
Երևում է` երեխաներն արդեն մեծ են ծնվում ու հետո պետք է փոքրանան….

Հայերը Ղարաքիլիսայի մարտով ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները.թուրք հրամանատար






ՀՀ-ն ծնվեց ներքին և արտաքին ծանր ու բարդ իրադրության պայմաններում անկախության հռչակումով, որը տեղի ունեցավ 1918թ. մայիսի 28-ին։ Դրանով նոր դարաշրջան բացվեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Վերականգնվեց դարեր առաջ կործանված պետականությունն ու անկախությունը և պայմաններ ստեղծվեցին ազգի վերածնության համար։
Ղարաքիլիսայի մոտ 1918թ. մայիսի 24-28-ը տևած կատաղի մարտերին մասնակցել է հայկական 4 գունդ, հավաքական հեծյալ ջոկատը և բնակչությունից կազմված աշխարհարազորայինները։ Ունեցել են 7000 զինվոր, 10 հրանոթ, 20 գնդացիր։ Մարտիկների դեմ գրոհել են 10.000-անոց թուրքական զորքը և տեղական մահմեդականներից կազմված ավազակախմբերը։
Հայերը ցույց են տալիս հերոսական դիմադրություն։ Աչքի են ընկնում գնդապետներ Ա. Բեյ Մամիկոնյանի և Ն. Ղորղանյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, մարտում հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները։ Հայերի չորսօրյա հերոսամարտը մեծ կորուստներ է պատճառում թշնամուն` կասեցնելով թուրքական գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։
Մայիսի 30-ին հայերի մոտ վերջացել էին արկերն ու զինամթերքը, թուրքերը մտնում են Ղարաքիլիսա։ Հայերին հաջողվում է ձախողել թուրք հրամանատարության ծրագրերը։ Թուրքական բանակի հրամանատարը Բաթումում հայտարարում է. <<Հայերը Ղարաքիլիսայի մարտով ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները>>։
Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի, անկախության համար մինչև վերջ ազգովի պայքարելու պատրաստակամությունն ու վճռականության վկաները եղան։
Հայ ժողովրդի Մայիսյան հաղթանակները չեղյալ համարեցին հայերին ոչնչացնելու երիտթուրքական ծրագրերը։
Ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր հայը կանգուն է, հայը հզոր է ու պատրաստ է պայքարել թշնամու դեմ։ Նրան չի խանգարել և չի խանգարի որևէ մեկը` պաշտպանելու իր հայրենիքը, միայն թե նա պետք է իր հողում պաշտպանված լինի, իմանա, որ բոլորը մտածում են իր մասին, որ մենակ չէ և, որ հայրենիքը սիրում է իրեն միշտ և ոչ թե միայն կռվի ժամանակ։




5/10/2012

«Բեսեդկա»


Գարնան ամպին ու զամպին, ձմռան բքին ու քամուն` չըխկ-չըխկ-չըխկ. լսվում է նարդու ձայնը: Խաղում են մեր բակի «բիձեքը»: Բիձա ասելն էլ դեռ հարաբերական է: Պարզապես մեկ օր կանգնել են հայելու առջև, տեսել իրենց ճերմակած մազերն ու բղավել.
-Վա~խ ոտքս, վա~խ  ձեռքս, վա~խ մեջքս, վա~խ սիրտս,  իրենց որակել  «բիձա», իջել «բեսեդկա»(տաղավար) ու գլորել զառը: Այդպես` ամեն օր:
Նրանք նաև բակի «պահապան հրեշտակներն» են: Եթե մեկն անցնի այդ կողմերով, քառասուն աչքեր կծռվեն-կդձվեն ու զառի փոխարեն կգնա-կգա լեզուն:
-Արա, էս ո՞վ ա, ո՞ւմ տղեն ա, տեղը չեմ բերում:
 «Աշխատանք չունե՞ս» հարցին միանգամից կհաջորդի  «չկա, ինչ անեմ» պատասխանը: Մի փոքր կնվնվան, կտրտնջան և վերջ: Դե, ընտանիք, քեզ տեսնեմ: Կամ էլ` հույսները կդնեն արտասահմանում ապրող բարեկամների վրա:Բայց, դե մեկի բախտը կբերի, հարազատները հիշողության հետ խնդիրներ չեն ունենա, մյուսներինը` ոչ: Ում բախտն էլ որ չբերի, նրան հոգեհարազատ կդառնան այս տողերը.
-Ո՞ւր կորան, մոտիկներս ու՞ր կորան
Ինչքան լացի, ձեն ածի
Ձեն չտվին, լուռ կորան......
Իսկ զառը կշարունակի գնալ-գալ, կբերի գարեջրի շշեր, շաշ աչքեր, ծուռ ոտքեր: Արևը մայր կմտնի, ամպի տակից աչքով կանի լուսինը, կշողշողան աստղերը, կգա առավոտը, կնշմարվեն գարեջրի շշերը, կոտրած ապակին ու կլսվեն դեպի «բեսեդկա» շարժվող «բիձեքի» ոտնաձայները: