7/18/2013

Դու միակն ես ինձ համար


Առանց քեզ այս կյանքում ապրել անկարող եմ: Առանց քեզ ես շնչահեղձ կլինեմ այս անարդար, այս չար աշխարհում: Դու ես, որ հայտնվում ես կողքիս գիշեր, թե ցերեկ, աչքերիցս մաքրում դառն արցունքները, ծնում նոր մտքեր, հավատացնում, որ մթությանը միշտ էլ հաջորդում է լույսը:

Քո միջոցով է, որ ես դեռ ապրում եմ, շնչում այս «կիսակեղտոտ» օդը:

Իմ միակ, անփոխարինելի իմ ՀՈՒՅՍ...

Անեծք կա Երևանի այս վիճակի համար.Ռոլանդ Գասպարյան


Հուլիսի 11-ին The Club-ում տեղի կունենա հայկական ռեգգի` «Ռեինկարնացիա» 
խմբի  «Երևան» երգի ու համանուն 
 ֆիլմի շնորհանդեսը: Խմբի մենակատար, 
երգի բառերի և երաժշտության հեղինակ 
 Ռոլանդ Գասպարյանը ASEKOSE.am-ի 
 թղթակցի հետ զրույցումխոսել է ֆիլմի, 
 Երևանի, երաժշտության, 
 հասարակական ոլորտում առկա աղտեղությունների և այլ հարցերի մասին:

Մի փոքր խոսենք  «Երևան»  ֆիլմի գաղափարի մասին. Ո՞վ, ինչպե՞ս և ե՞րբ որոշեց նկարահանել, գրել…
-Երգը նամակ էր Երևանին: Մի քանի շաբաթ առաջ Երևանին բաց նամակ էի գրել և այնպես ստացվեց, որ դա դարձավ երգ, հետո որոշեցինք ձայնագրել և, քանի որ ձմռանն արդեն ունեինք Երևանի խոսուն լուսանկարներ, որոշեցինք ֆիլմ նկարհանել:
Նշեցիք, որ կադրերը ձմռանն են արվել. Կադրերը ծնեցին բառեր, թե հակառակը:
-Նախապես որոշված էր ֆիլմ նակարհանել, որը կմասնակցեր փառատոնների, հետո հասկացանք, որ դա կարելի է զոհաբերել հանուն երգի, որտեղ, իմ կարծիքով բառերն ու տեսահոլովակը համահունչ են:
Ռոլանդ, կայանալիք շնորհանդեսին հրավիրում եք երևանցիների, այն էլ` իսկական: Իսկ, եթե երևանցի չե՞ն…
-Խնդիրը դրանում չէ: Հրավիրում ենք այն մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանում և այս ամենն ինչ-որ արժեք ունի նրանց համար:
Երգում, երկխոսության մեջ մտնելով Երևանի հետ` հասկանում ես, որ նա զայրացած է: Ձեր կարծիքով ի՞նչն է զայրացրել և զայրացնում Երևանին և ի՞նչ է անհրաժեշտ անել` նրա ներողամտությանն արժանանալու համար:
-Երևանին զայրացրել է այն, որ իրենց կարճ խելքով փոխել են դեպի լավը, դեպի նորը, էլիտարը, բայց Երևանը դա չէ: Մեր` մինչև 90-ականների սերունդը հասկանում է, թե ես ինչի մասին եմ խոսում: Այն, ինչ մեր պապերը, ծնողները և մենք ենք տեսել` չկա: Դա Երևանին շատ է զայրացրել: Եվ, կարծես անեծք կա Երևանի այս վիճակի համար:
Իսկ ներողամտությանն արժանանալու համար պետք է հասկանանք, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ աղոթքի ժամանակ չունենք: Այդ պատճառով էլ այսօր այս վիճակում ենք:
Տեղյակ եմ, որ հաճախ եք «Ռեինկարնացիա» խմբում փոփոխություններ կատարում երաժիշտների առումով` կապված Ձեր փորձարարական մտքի,ապրելաոճի հետ: Երբևէ գործընկերներին չե՞ք նմանեցրել Երևանին:
-Այս ամենը Երևանի մասին է, Երևանի համար: Խմբի անդամների փոփոխությունը գաղափարախոսության հետ կապ չունի: Նրանց փոփոխության դեպքում խնդիրներ չենք ունենում, որովհետև գործնական, ժամանակավոր հարցեր են: Գրաֆիկը խառն է, այսօր այստեղ, վաղը` այնտեղ, և փոփոխությունը դրա հետ է կապված: Սակայն, նշեմ, որ կան մարդիկ, ովքեր խմբի ստեղծման օրվանից եղել են, կան ու կլինեն:
Երգերի հիմքում սերն է, ընկերասիրությունը, անկեղծությունը…Ի՞նչ եք կարծում, որևէ բան կարողացե՞լ եք փոփոխել, ասենք մարդկանց մտածելակերպում:
-Ե’վ Հայաստանում և նրա սահմաներից դուրս եթե հանդիպում եմ մարդկանց, ովքեր թեկուզ չխոսեն էլ, տեսնում, ժպտում են, նշանակում է փոխվում է:  Կան մարդիկ, ովքեր ասում են, որ երեխան քնում է իմ երգերի ներքո, կամ պարում, ուստի, եթե մեծերը, երեխաները սա լսուոմ ու հասկանում են, դա ինձ համար արդեն մեծ նշանակություն ունի:
Իսկ, երբևէ  դիմե՞լ եք համապատասխան գերատեսչությունների` փոխանցելով Երևանի դժգոհությունները:
-Գիտեք, ամեն մարդ իր ձևով է փորձում գտնել խնդիրների լուծումը: Մենք մեր ձայնը փորձում ենք հասցնել երգ-երաժշտության միջոցով: Բղավում ենք ոչ թե Օպերայում, այլ մեր երգերում:
Յուրաքանչյուր բառի, տողի հիմքում բնականաբար կա նաև պատկեր: Երգելիս ինչպիսի՞ն է Երևանի պատկերը` Ձեր աչքերում:
-Շատ ցավոտ է: Մեզ համար թանկ Երևանից ոչինչ չի մնացել, ես դա եմ տեսնում: Մենք միշտ ցանակնում ենք տիրել ամեն ինչին: Իսկ Երևանը պետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է: Երևանը հետ բերելու համար պետք է ապրենք այդպես: Մենք մեր բոլոր ավանդույթները մոռացել ենք: Մարդիկ եղել են անկեղծ, քաչով բավարարվել են: Պակասում են սերը, հարգանքը, անկեղծությունը:
Զայրացած, նեղսրտած ժամանակ երբևէ մայրաքաղաքը լքելու ցանկություն ունցե՞լ եք:
-Մեկնեցի ԱՄՆ, բայց մի քանի ամիս անց հասկացա, որ հնարավոր չէ առանց Երևանի: Այնքան էի կարոտել, որ արդեն երազիս էի տեսնում: Օրերից մեկ օր արթնացա, որոշեցի վերադառնալ: Բայց, կարևորը սա չէ: Այսօր դրսում ապրողները շատ ավելի երևանցի են, քան ներսինները:
Օրինակ ԱՄՆ-ից ի՞նչը կբերեիք, կամ կցանկանայիք, որ լիներ Հայասատանում: 
-Կարգ ու կանոնը: Օրենք ունենալն ու դրանից վախենալը: Իսկ այսօր այստեղ հաստ վզերը, ինչ-որ մեկի երեխան լինելը, մեծ մեքենաների արժեքներն են: Մարդիկ մտածում են այլ արժեքների մասին, եթե դա կարելի է արժեք համարել:
Երևանի մասին բազում երգեր կան, ի՞նչ եք կարծում, այս երգը կգտնի իր տեղը, կունենա իր լսարանը:
Կան մի շարք հիմար, դատարկ, սուտի երգեր` Երևանի մասին, որ 100 հոգով հավաքվում են ու մեկը մյուսից բարձր գոռում: Դա իմ կարծիքով սուտ է և կեղծ: Իսկ այս երգում ամեն ինչ փորձեցինք ներկայացնել պարզ, անկեղծ և, համոզված եմ, որ կգնհատվի մարդկանց կողմից:
Նոր ալբոմ նախատեսվո՞ւմ է:
-Կարծես թե ապահով էինք այդ առիթով, քանի որ հունվարին «Աղ ու հաց»ալբոմը լույս տեսավ: Սակայն, հիմա աշխատանքներ են տարվում` նոր ալբոմի հետ կապված, որը կազմված կլինի միայն նամակներից` կապված արժեքների հետ: Ալբոմում կլինեն 7 երգեր:

Հարցազրույցը` Անի Կարապետյանի
http://asekose.am/hy_AM/news/9/132859-anecq-ka-ereani-ays-vijaki-hamarroland-gasparyan.html 

7/06/2013

Դու սիրո չափ գեղեցիկ ես


Իմ հեռու ընկեր, իմ մտերիմ, այնպես եմ ուզում, որ նորից դու լինես իմ կողքին: Այնպես եմ ոզում, որ մեզ բաժանող ժամերն արագ անցնեն ու կրկին տեսնեմ քեզ: Առնես ինձ թևերիդ մեջ ու շշնջաս բառերն այն երգի, որ դեռ չեն գրվել:


Դու իմ հեռու ընկեր, իմ մտերիմ, քննադատ իմ ապրումների, դե՛ արի, շուտ արի, չէ՞ որ դու գալիս ես այն ժամանակ, երբ սրտիս մեջ լռում են երգերը, երբ հոգնած աչքերս հանգիստ են որոնում, երբ օդը էլ չի հերիքում և ապրելն իզուր է դառնում:

Արի՛ ու հևք տուր սրտիս, ուժ տուր բազկիս, լսիր խենթ երազներս ու ջերմացրու ինձ քո ներկայությամբ: Արի՛, իմ սիրելի, իմ գիշեր: Սիրելիիս պես այսքան մոտ ու այնքան հեռու գիշեր: Արի՛, սիրո չափ գեղեցիկ գիշեր... 

Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը լքում Հայաստանը


Հայն  ամենուր է,  որ  երկիր էլ գնաս՝  կարող ես հանդիպել նրան: Առաջին հայացքից մեծ ուրախության առիթ է, սակայն, միևնույն ժամանակ՝ մեծ ցավ:
Հայն ապրում, ստեղծագործում, շենացնում է այլ երկիր, ցավում է այլ երկրի համար, զարգացնում է այլ երկրի մշակույթ:
Այդպիսին է ASEKOSE.am-ի թղթակցի այսօրվա զրուցակիցը՝  Սիմոն Կոստանտինյանը, ում ստեղծագործությունները կարդալիս միանգամից աչքիդ առջև են հառնում միջնադարյան հայ քնարերգուները:


Պրն. Կոստանտինյան, կխնդրեի մի փոքր պատմեիք ձեր մասին: Որտե՞ղ եք ծնվել, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, ի՞նչ կրթություն եք ստացել:
-Ծնվել եմ 1957 թվականի ապրիլի 17-ին, Լիբանանում՝ Նոր Մարաշ թաղամասում: Նախնական կրթությունս ստացել եմ Նոր Մարաշի Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանում: 1977 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով չկարողացա ուսումս շարունակել, ուստի սկսեցի ադամանդաշար աշխատել:
Սակայն հետո թողեցիք այդ աշխատանքը և սկսեցիք ակորդեոն նվագել.ձեռնտու չէ՞ր  այդ գործը:
-Ադամանդաշարի աշխատանքը թողնելու պատճառն այդ ոլորտում աշխատանքի բացակայությունն էր: Ուստի, ակորդեոն նվագել կարողանալը կարելի է ասել, փրկեց ինձ: Փոքրուց մասնավոր դասընթացների միջոցով ակորդեոն նվագել եմ սովորել: Այժմ այն ապրուստիս գլխավոր միջոցն է:
Որտե՞ղ եք նվագում:
-Հյուրանոցներում, ճաշարաններում, Հայկական միություններում…
 Ի՞նչ եղանակներ եք նվագում:
-Ֆրանսիական, իսպանական, լիբանանյան, և, իհարկե, հայկական:
 Հայկական ո՞ր եղանակներն եք նվագում, որո՞նք են գերադասում ունկնդիրները:
-Մեր տոհմիկ երգերը. «Ով դու գեղեցիկ», «Ամպեց, կորավ լուսնկան», «Սև աչեր», «Ծաղիկներ», «Կիլիկիա»:
 Ինչպիսի՞ն է կյանքը Լիբանանում, ինչպե՞ս են ապրում մեր հայրենակիցները, ի՞նչ աշխատանքներ են կատարում:
-Լիբանանում մոտ 100.000-անոց գաղութ ունեինք: 1975 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով շատերը գաղթեցին, այժմ 50.000 է հայերի թիվը:
Հայերը եղել են և կան արհեստի, մշակույթի ժողովուրդ: Եկեղեցին, երգը, պարը, թատրոնը, գրիչը հայի մշակութային գանձերն են եղել: Իսկ Լիբանան բերել են ոսկերչություն, երկաթագործություն, դերձակություն:
Նաև ստեղծագործում եք:  Ինչպե՞ս էր կոչվում և ինչի՞ մասին էր առաջին ստեղծագործությունը:
-Ստեղծագործելն ինձ համար նշանակում է շնչել, ապրել. այն հոգուս սնունդն է: Առաջին ստեղծագործությունս «Դարձեալ արև, ետքը լուսին»  խորագրով նկարագրական բանաստեղծությունն է: Ունեմ սիրերգեր, երգիծական բանաստեղծություններ, արձակ գրություններ, որոնք լույս են տեսնում լիբանանյան «Ազդակ», «Զարթօնք», «Արծիւ» թերթերում:
Այս տարի Վարդավառը (Քրիստոսի պայծառակերպություն) կնշվի հուլիսի 7-ին: Լիբաբանահայերը որևէ կերպ նշո՞ւմ են:
-Այո, նշում են այնպես, ինչպես Հայաստանում. միմյանց վրա ջուր ցողելով: Ստեղծագործություն էլ ունեմ՝ նվիրված Վարդավառին.
Ժողովուրդը ժամանակին
Բաղնիք կ՝երթար ուրախագին:
Առտուն ժամն էր տիկիններուն
Իսկ գիշերը պարոններուն:
Սակայն հիմա կարծես երկսեռ
Բաղնիքներ կան,ուր աղջիկներ՝
Գեղ,կիսամերկ քովէդ կ՝անցնին:
Կ՝երթան,կուգան,անյոգ,լոյսին:
Այդ օր կարծես ես ալ կայի
Բաղնիքին մէջ մեր քաղաքին՝
Բայց հագուստով,զարմանալի,
Կարելի չէ,մտածեցի
Սակայն շուտով Անդրադարձայ
Թէ ճամբան եմ ամէնօրուայ:
Խնդրեմ պէտք է զանազանել
Բաղնիքը ձեր մեր ճամբայէն.
Ապա թէ ոչ օր մը ճամբան՝
Կը լոգցնեն ձեզ անպայման:
Երբևէ եղե՞լ եք Հայաստանում:
 -Ոչ չեմ եղել, սակայն Հայաստանն ու Կիլիկիան միշտ սրտիս մեջ են:
 Մտադրություն չունե՞ք գալ:
 -Ճիշտն ասած՝ ոչ, լուրերը քաջալերող չեն:
  Ի՞նչ լուրեր, ինչի՞ մասին:
-Քեռուս տղան այդտեղ էր, 150.000 դոլարի էլ տուն գնեց: Վաճառական է, ոչ մի քայլ չկարողացավ անել այդտեղ: Ժողովրդի 100-ից 10-ը հարստացել է չգիտես ինչպես, իսկ 100-ից 90-ը ասում է, թե ուտելու հաց չունի: Այս ամենից հետո գանք ի՞նչ անենք: Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը լքում Հայաստանը:

 Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

http://asekose.am/hy_AM/news/9/132111-hima-em-haskanoum--te-incou-en-bolore-lqoum-hayastane.html