1/04/2014

Ո՞ր կենդանակերպի ներքո ծնվածների համար է բարենպաստ 2014 թվականը

Ի՞նչ սպասենք 2014 թվականից: Ինչպիսի՞ն է այն լինելու հայ ժողովրդի համար: Այն ո՞ր կենդանակերպի ներքո ծնվածների համար է բարենպաստ: Այս մասին \խոսել է աստղաբան-մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:
«Հայաստանի համար արդեն տասը տարի է՝ ասում եմ, որ մինչև 2016 թվականը անհանգստանալու բան չկա: Իսկ այս տարին լավ է՝ բոլոր առումներով:
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր կենդանակերպերի համար է լավ, որին՝ վատ, աստղաբանը պատասխանեց.
«Մեծ մասի համար լավ է, շատ քչերի համար կարող է վատ լինել. միայն նրանց համար, ովքեր խուսափում են աշխատանքից: Աշխատանքի տարի է, բոլորի համար աշխատանք կգտնվի: Եթե բոլորը աշխատանքի մեջ գտնվեն՝ անհանգստանալու ոչ մի բան չեն ունենա»:
Աստղաբանը զգուշացրեց հատկապես օձի տարում ծնվածներին, քանի որ սիրային անախորժություններ են սպասվում: Եզի տարվա ծնվածների մոտ ամեն ինչ դասավորվում է, աշխատանքը շահ է բերում:
Անդրադառնալով հարցին, թե ամուսնություններն այս տարի հաջող են, թե ոչ` աստղաբանը պատասխանեց.
«Ամուսնությունը փոքր հարց չէ: Տարին այստեղ կողմնորոշիչ դեր չի խաղում: Ամուսնության հարցի հետ շատ մեծ բաներ են կապված: Ճիշտ ընտրություն պետք է լինի, համատեղելիություն, թե չէ առաջին օրը հանդիպում, սիրահարվում են ու անմիջապես ամուսնանում: Ամուսնությունն անհատական հարց է: Կախված է նրանից` վերելքի տարին են ապրում, թե վայրէջքի:

Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/8/147850-or-kendanakerpi-nerqo-cnvacneri-hamar-e-barenpast-2014-tvakane.html

1/01/2014

Ամանորյա հրավառություն՝ Լոնդոնում


Աշխարհում երբևէ տեղի ունեցած ամենամեծ հրավառությունը

Ամանորի գիշերը Դուբայում անցկացվել է աշխարհում երբևէ տեղի ունեցած ամենամեծ հրավառությունը, որը ներառել է քաղաքի ծովափնյա շրջանը՝ կենտրոնում ունենալով Բուրջ Խալիֆան՝ (Խալիֆայի աշխատարկ) 828 մետր բարձրությամբ:
Հրավառությունն անցկացվել է ԱՄԷ դրոշի գույներով և միտում է ունեցել գերազանցել  Քուվեյթի նախկին ռեկորդը. 6 րոպեում  500.000 ճայթռուկ՝ 400 կրակակետից, իսկ Քուվեյթում 1 ժամում արձակվել էր 77.000 ճայթռուկ:
Արդյունքում հրավառությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:


Ուզում եմ, որ երկրումս ապրելը հաճելի լինի բոլորի համար.Տիգրան Ուրիխանյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  խոսել է 2014 թվականի հետ կապված իր նպատակների, օրենսդրական նախաձեռնությունների, ամենատխուր Ամանորի և այլ հարցերի շուրջ:
Պարոն Ուրիխանյան, ի՞նչ նպատակներ ունեք՝  կապված 2014 թվականի հետ:
-2013 թվականին երազանքներիցս  մեկը իրականացավ և Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա խաչմերուկի ստորգետնյա անցումը վերանորոգվեց, հիմա էլ ցանկանում եմ, որ 2014 թվականին  Ագաթանգեղոսի  7  հասցեում գտնվող  Երևանի կարելի է ասել ամենամեծ՝  «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ  գտնվող շենքը վերջապես երեսպատվի:
Ուզում եմ, որ չլուծված խնդիրների գոնե որոշակի մասը լուծվի, ուզում եմ, որ երկրումս ապրելը լինի հաճելի ոչ միայն որոշակի հնարավորություններ ունեցող խավի, այլև բոլորի համար:
Հանրային բարեկեցության մեջ եմ տեսնում իմ, ընտանիքիս ու շրջապատիս  բարեկեցությունը:
Որո՞նք են  այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով   հանդես կգաք  հաջորդ տարի:
Կիսատ մնացած շատ բաներ կան. լիցենզավորման համակարգի վերաբերյալ օրենդրական փոփոխությունները, բարոյական վնասի հատուցման, ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը  և այլն:
Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ  կամ ամենատխուր Նոր տարին:
-Դժվարանում եմ ասել, որովհետև ինձ բախտ է վիճակվել միշտ ուրախանալ. ուրախանալ  մերձավորների ներկայությամբ, մթնոլորտով, և, նույնիսկ, եթե եղել են ոչ այնքան զվարճալի կամ ցանկալիից մի քիչ պակաս տոներ, ապա միևնույն է, դրանց խորհուրդն ինձ բավականություն է պարգևել:
Ի՞նչ  ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:
-Կարևոր է, որ սեղանի շուրջ լինեն իմ կողմից սիրված մարդիկ, իսկ սեղանին  լավ է՝ ավելի շատ գեղեցիկ բաներ լինեն:
Իսկ Դուք՝  ինքներդ,  որևէ  ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:
-Այ, այստեղ ինձ մի քիչ անհարմար վիճակի մեջ եք դնում, որովհետև  ամեն տարի խոստանում եմ ինչ-որ բան պատրաստել,  օգնել ընտանիքիս անդամներին, բայց չի ստացվում, տեսնենք, թե այս անգամ ինչպես կստացվի:
Ի՞նչ կմաղթեք  հայ ժողովրդին:
Կցանկանայի, որ Ձմեռ պապն ու Ձյունանուշը այցելեին բոլոր այն ընտանիքներին, որոնք որ իրենց երեխաների համար գոնե նվազագույն ուրախություն կազմակերպելու հնարավորություն չունեն: Հնարավորություն՝ Ամանորի խորհուրդի շրջանակներում:
Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/1/148051-ouzoum-em--or-erkroums-aprele-hajeli-lini-bolori-hamartigran-ourixanyan.html

12/31/2013

Մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի.Պարույր Հայրիկյան


Հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1968թ.-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան Պարույր Հայրիկյանը  զրուցել է 2014 թվականի հետ կապված իր ծրագրերի, գործած սխալների, ամանորյա սեղանի մասին:
Պարոն Հայրիկյան, ի՞նչ նպատակներ, ծրագրեր  ունեք՝  կապված 2014 թվականի հետ:
-Կարևորագույն նպատակս կմնա նույնը՝ «Բացարձակ ժողովրդավարության» մոդելի ամրագրումը, այն է՝ Հայաստանը դարձնել իսկապես  ժողովրդին պատկանող երկիր  և  դրան զուգահեռ ուղղել թույլ տված բոլոր սխալները, որոնք մինչև այսօր տեղի են ունեցել մեզնից անկախ:
Իսկ հնարավոր կլինի ՞  ուղղել այդ սխալները և որո՞նք են դրանք:
-Կյանքում անհնարին ոչինչ չկա: Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, բայց  այդպես էլ իրեն չդրսևորեց որպես միջազգային իրավունքի կարիքն ունեցող պետություն: Ազգային արժեքային համակարգի հարցում  նույնպես  Հայաստանը թերացավ: Այսինքն, արտաքին քաղաքականության մեջ մեր պարտքը չկատարեցինք մեր նախնիների հանդեպ, ապրեցինք՝ արհամարհելով սերնդի առջև ծառացած հարցերը: Մեր պետությունը, ինչպես ես էի հուշում, ինչ-որ չափով խոսեց Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին. այն է՝ ոչ թե ճանաչում, այլ հետևանքների վերացում: Բայց որևէ քայլ չարեց: Մենք հեռացած ենք  մեր ազգային արմատներից և  մեր  կրթական համակարգում  այդ  առիթով ոչինչ չարվեց: Հայաստանը Սահմանադրություն ընդունեց, կարևորագույն չափորոշիչների մասին խոսեց, բայց, այդպես էլ  չդարձավ կազմակերպված իշխանությունների երկիր, Հայաստանը չպատկանեց քաղաքացուն, հիմա էլ նախապատվությունը տվեցինք 3 դիկտատորների համագործակցությանը, որը  պատմական մեծ խայտառակություն է:
Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ  կամ ամենատխուր Նոր տարին:
-Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել,  չեմ կարող ասել:
Ի՞նչ  ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:
-Մեր հայրերն ու մայրերը ժամանակին կարևորել են Սուրբ ծնունդը, իսկ այսօր՝   բոլշևիզմից հեռանալուց  25 տարի հետո, Նոր տարին Հայաստանում դեռևս  ավելի մեծ տոն է համարվում, քան Սուրբ ծնունդը կամ Հարության տոնը: էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ազգային Հայկի ու Բելի կռիվը՝ մեր սկզբնավորման տոնը, ընդհանրապես չի նշվում:
Վերջին տարիներին հայկական ավանդույթի համաձայն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ես պահք եմ պահում: Այդպես է նախատեսված: Եվ իմ պոլսեցի նախնիները ունեին  Նոր տարվա պահքին վերաբերող ուտեստներ. թոփիկ, անուշ ապուր..Ի դեպ, դա ինձ փրկում է  ամանորյա հարկադիր  ուտելիքներից:
Իսկ Դուք՝  ինքներդ,  որևէ  ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:
-Չէ, կոնկրետ Ամանորին ոչինչ չեմ անում, եթե ի վիճակի եմ լինում՝ գնումներ եմ կատարում և այլն: Այդպես ստացվել է, պարզապես երեխաներս ինձ հերթ չեն տալիս:
Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-Կուզեի, որ հայ մարդիկ՝ այդ թվում և ես, կարողանայինք Աստծով ապրել, լինեինք ճշմարտության կողմնակից, չապրեինք նյութականով: Կատարեինք աստվածային պատվիրանները, որոնց դեպքում զզվանքով կվերաբերեինք «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքին ու կհասկանայինք, որ մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/1/148018-manr-ou-mec-xndirneri-patjarov-hayreniqe-lqel-ci-kareliparouyr-hayrikyan.html