9/25/2023

Թե ինչպես են բրազիլացիները համաձայնում խաղալ տարօրինակ անվանում ունեցող հայկական ֆուտբոլի ակումբում

 


Հարավային Ամերիկայի խոշորագույն պետություն Բրազիլիան իր տարածքով ու բնակչության թվով աշխարհում հինգերորդն է, տարածաշրջանի բնապաշարային ամենամեծ ներուժ ունեցող, տնտեսապես ամենահզոր ու ամենազարգացած երկիրը:

1500 թվականին այստեղ ափ է դուրս գալիս պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբալը, որն իր հայտնագործած երկիրը հայտարարել է Պորտուգալիայի տիրույթ։ Պորտուգալացիները այստեղից արտահանել են պաո-բրազիլ (pau-brasil) կարմիր փայտը. այստեղից էլ առաջացել է երկրի Բրազիլիա անվանումը։ Ազատագրական պայքարի հետևանքով Բրազիլիան 1822 թվականին հռչակվել է անկախ կայսրություն, 1889 թվականից՝ դաշնային հանրապետություն։

XIX դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայերը:

Այնտեղ կա «Արմենիա» անունով մետրոյի կայարան, հրապարակ, որտեղ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցված:

Սա դեռ ամենը չէ՝ տեղի ռադիոալիքներից մեկում կա «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամ, դեռ ավելին՝ «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղում են ոչ թե հայ, այլ բրազիլացի ֆուտբոլիստներ:  Բրազիլիայի հայ համայնքի, ռադիոժամի ու ֆուտբոլի ակումբի, հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ընդլայնման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամի, նույնանուն ինտերնետային հեռուստաընկերության և «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի հետ:

«Արմենիա Էթերնա» ռադիոժամը գործում է 2006 թվականից, հայերեն և պորտուգալերեն տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային, սպորտային հաղորդումներ է պատրաստում ինչպես Բրազիլայի, այնպես էլ տարբեր երկրների հայ համայնքների ունկնդիրների և բրազիլացիների համար:  «Էթերնա»-ն թարգմանաբար նշանակում է հավերժական, ասել  է,  թե՝  Հավերժական  Հայաստան: Ինչպե՞ս  որոշեցիք   ռադիոժամի  այս   անվանումը:

-Այո, թարգմանաբար  նշանակում  է Հավերժական  Հայաստան: Ինչ վերաբերում է անվան  ընտրությանը, ապա  4 անուն էր  միտքս եկել: Տատանվում էի երկուսի միջև: Ընկերս  կողքիս  էր, ասացի Հավերժական Հայաստան, թե՞, Հզոր Հայաստան. Ընտրեցինք առաջին  տարբերակը:

Ինչի՞  հետ եք  կապում Հայաստանի  հավերժականությունը:

-Մեր ազգը հավերժական է: Դարերով հետ գնանք. Այնքան պատերազմներ են  եղել, խնդիրներ, իսկ  Հայաստանը եղել է ու  կլինի: Քանի ազգեր  ոչնչացան, իսկ մենք…մենք  մնացինք: Թուրքը փորձեց ոչնչացնել մեզ, հաղթել, բայց  չստացվեց: Մենք այն ազգն  ենք, որը հավերժ  լինելու  է:

Ի՞նչն  էր  դրդել  Ձեզ՝  ունենալ  ռադիոժամ:

-Փոքրուց միշտ  հետաքրքրել  է  հայոց  մշակույթը. լեզուն, պատմությունը, երաժշտությունը, Ցեղասպանության  խնդիրը: Պապս  որբացել  էր  թուրքի պատճառով: Սերնդեսերունդ եկող պատմության ամեն մի պատառիկ մնացել էր հիշողությանս մեջ:  Մեծացա, որոշեցի ֆուտբոլի ակումբ  ունենալ, հետո նոր ռադիոժամ՝ պատմությունը, մշակույթը տարածելու համար:  Ուզում էի, որ Բրազիլիայի մեր հայ համայնքը ճանաչվի:  Բրազիլիայում շատերը մեր ազգի մասին ոչինչ  չգիտեն: Ասում ես հայ՝ ասում  են՝ ինչը  հայ, թո՞ւրք  եք: Նրանց համար հայ, թուրք  նույնն  է:

Ի  դեպ, հաղորդումներն արդեն հնարավոր է ունկնդրել Հայաստանում՝ երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 16:30-ին, 104.1 հաճախականությամբ:

Որքա՞ն հայ է ապրում Բրազիլիայում: Կա՞ն հայկական դպրոցներ:

-Ասում են,  որ մոտ  20.000  հայ  կա  Բրազիլիայում:  Իսկ դպրոցը  մեկն  է: Երկիրը  մեծ  է, դպրոցը  շատ  լավ  տեղ  է, բայց  շատերը  մոտակայքում չեն  ապրում: Նվազագույնը մեկ  ժամում են  հասնում  տեղ, ուստի, երբեմն գերադասում են ոչ հայկական դպրոցը: Շատ դժվար է պահպանել հայկականությունը:  Երեխաներս  ինձ  հետ  հայերեն  են  խոսում, պորտուգալերենից  իսպառ  հրաժարվել  բնականաբար հնարավոր չէ: Ոչինչ չես  կարող  անել. Երիտասարդ  են, պետք է հարգես  նրանց:  Բայց, Փառք  Աստծո,  հասկանում, խոսում  են  հայերեն:

Իսկ ամուսնություննե՞րը… Այս դեպքում  կրկին  նախընտրությունը տալիս  են օտարների՞ն, թե՞  հայը  հայի հետ է  ամուսնանում:

-Կարելի է  ասել, որ  ոչ  միշտ  է  հայը  հայի  հետ   ամուսնանում: Բայց, հետաքրքիրը  գիտե՞ք   որն   է:   Տեղացիներից   ոմանք, ում ամուսինը կամ  կինը   հայ   է, նկատում եմ, որ  հետաքրքրվում  են  հայոց  պատմությամբ, մշակույթով: Ուզում  են, որ  իրենց երեխաները  հայերեն  սովորեն: Փոխարենը  կան   հայեր, որոնց  այս   ամենը  չի   հետաքրքրում:

Հայերը  հիմանականում ի՞նչ  աշխատանք են կատարում  Բրազիլիայում:

-Մեծ մասը  կոշկակար է  կամ  հագուստ  է   վաճառում: Հայերով  զորավոր  ենք   Բրազիլիայում: (Ծիծաղում  է.Ա.Կ): Բնականաբար, բժիշկներ, փաստաբաններ  կան, բայց  մեծամասնությունը  առևտուր  է  անում. կոշիկ-հագուստ, հագուստ-կոշիկ:

Կարծես թե Դուք էլ անմասն չեք մնում այս գործից:

- Այո…Հագուստի վաճառքով եմ զբաղվում: Ծնողներս  խանութպան են  եղել, ասել է, թե  արյան  մեջ  կա:  Պատրաստի  գնում  ու  վաճառում   եմ:

Վերջերս էլ ինտերնետային հեռուստաընկերություն եք բացել՝ կրկին «Արմենիա Էթերնա» անունով:  Ի՞նչ  է հնարավոր  դիտել  այստեղ:

-Հիմնականում  ներկայացնում  ենք   ֆուտբոլի   խաղերը, հոգևոր  երաժշտություն, պատարագ, ցուցահանդեսներ: Ծառայում  ենք  հայությանը. Հայություն,  հայություն   և  միշտ   հայություն:

2012 թվականին Լրագրողների համահայկական համաժողովը պաշտոնապես  առաջին  անգամ, իսկ  ոչպաշտոնապես  երկրորդ  անգամ, (քանի որ 2 տարեկանում էլ եք Հայերնիքում  եղել), Ձեզ բերեց Հայաստան: Այս  անգամ էլ՝  Հայաստան-Սփյուռք  5-րդ  համաժողովը: Եթե  չլինեին  այս   համաժողովները, Հայաստան   չէի՞ք  գա:

-Ծուռ  նստենք, շիտակ  խոսենք. Սա  պատճառներից  մեկն  է, որ   դու  գաս: Ասում  ես՝  պետք  է գնամ, կարևոր  է, իսկ, եթե  լինի՝  ինքդ  որոշում  ես  այս  ամիս   գնալ, հետո  չի   ստացվում՝ ասում  ես 3 ամիս  հետո  կգնամ: Այդպես  ձգձգվում է և  տարին  անցնում  է:

Այս  այցին  կարծես  թե  անակնկալ  էր  Ձեզ  սպասում: Սփյուռքի  նախարարի կողմից   պարգևատրվեցիք  «Մայրենիի  դեսպան» մեդալով: Ի՞նչ  նշանակություն  ունի  այն   Ձեզ   համար:

-Նախ  շատ  շնորհակալ  եմ   մեդալի   համար, բայց, չգիտեմ՝  ես  արժանի  էի, թե՞ ոչ:  Ինձանից  շատ   ավելի   արժանի  անձինք   կային: Բայց, չեմ  հերքի, որ  ուրախալի  է, որ  պետությունը  ճանաչում  է  օտար  հողում  կատարած  մեր  աշխատանքը: Մենք  ծառայում  ենք  մեր  հայրենիքին:  Մեր  արած  գործը  դյուրին  չէ. ռադիոժամ, ինտերնետային  TV,  ֆուտբոլի   ակումբ…

Հասցրել եք  հանդիպել  նաև  Գյուղատնտեսության   նախարարին, քննարկել  հայ-բրազիլական  առևտրատնտեսական  կապերի  ընդլայնման  համագործակցության  խորացմանը  վերաբերող   հարցեր: Որքանո՞վ  եք  ծանոթ  տեղական  արտադրատեսակին և  որո՞նք  կարող  են  տեղ  գրավել  բրազիլական   շուկայում:

-Փորձում  ենք  ամեն  կերպ  օգտակար  լինել  մեր  Հայաստանին  ու  ժողովրդին: Հանդիպումը,  կարելի  է  ասել, հաջողվեց: Գաղափարներ  տվեցինք, գաղափարներ  ստացանք  և   ցանկանում  ենք  կապեր  ստեղծել: Ինչ-որ  Հայաստանը  կարտադրի, այն  էլ  կփորձենք  հասցնել   Բրազիլիա: Դեռ  հստակ   որոշված  չէ, թե  կոնկրետ  ինչ   կարտահանվի:

Այսքան  հիշատակվեց  ֆուտբոլի   ակումբը, բայց  ընթերցողն  այդպես  էլ  մանրամասներ  չիմացավ:   1985թ. հիմնելեք՛  «Հայ  երիտասարդ  ֆիդայիներ» ֆուտբոլի  ակումբը: Ինչո՞ւ  հենց  այս   անվանումը  ու ընդհանրապես, ֆիդայինն  ի՞նչ  կապ  ունի   ֆուտբոլի   հետ  և, երկու  տարի  առաջ, երբ  կրկին  այս  առիթով  զրուցում  էինք, ասացիք, որ  ակումբում  հայեր   չկան: Հիմա  փոփոխություն  կա՞:

-Ոչ, ցավոք  դեռևս  հայ  չկա: Բրազիլիայում, դժբախտաբար,  չկա  պրոֆեսիոնալ  հայ  ֆուտբոլիստ, իսկ  անվանումը  փոքրիկ  մեծարանք  է  հայ  ֆիդայիներին. նրանք  դրան  արժանի   են: Նրանց  շնորհիվ  է, որ  այսօր  ունենք   պետություն:

Ինչպե՞ս  են   համաձայնում   խաղալ   ակումբում: Անվանումը  տարօրինակ  չէ՞  նրանց  համար:

-Դե  մենք  բացատրում  ենք   նրանց: Եթե   այդպես   նայենք՝ ճապոնական  կազմակերպություններ  կան՝  տարօրինակ  անուներով: Եվ, հետո, մեր  ազգը  սիրվող   է, համակրելի   ենք:

Եթե  անվանումը  մի  կերպ   հասկանում  են, ապա  ի՞նչ  է  կատարվում, երբ  հագնում  են   եռագույնը   պատկերող   համազգեստ:

-Նրանք  գործավոր  են: Ֆուտբոլիստը, որ  երկրում  էլ  խաղա՝  լինի  Հնդկաստան,  թե  Չինաստան, գումար  է   ստանում  և  պետք  է  հագնի  այն, ինչ  վարչությունն  է   տալիս:

Դուք  դեռ  նոր  շապիկը   չեք  տեսել: Եռագույնն  է  ու  Արցախը: Խորհրդանշում  է   Հայաստան-Արցախ-Սփյուռք   միասնությունը:

Ի՞նչ  եք  կարծում, կգա՞  մի  օր, որ  Արցախը  կրկին  կմիանա  Հայաստանին:

-Մինչ  սա  կկատարվի, մենք՝ հայերս, պետք  է   պատրաստված  լինենք: Մենք  պետք  է  ձեռք  ձեռքի   տանք, որովհետև  գիտեք՝ մեծ երկրները  բոյկոտելու  են: Սփյուռքը  պետք  է  իր  պապական  խոսքի  տեր ը  լինի. օգնի:  Անհերքելի  է, որ  կարևոր  է  փողի  գործոնը:  Դժբախտաբար, աշխարհում դրամի լեզվով են  խոսում: 

2014-10-06

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

http://asekose.am/am/post/te-incpes-en-brazilacinere-hamacaynoum-xaxal-tarorinak-anvanoum-ounecox-haykakan-foutboli-akoumboum

Զորի Բալայանն ասում էր` «Օշին` վառի'ր դա»

 


Լաչինը ազատագրելուց 20 օր հետո աշխատանքներ ենք տարել այնտեղ, Բերդաձորի կամուրջն ենք սարքել: Հետո փորձել ենք Շուշիով զբաղվել: Վերանորոգման համար վերցրել ենք մի քարվանսարա և մեկ համամ (բաղնիք.-Ա.Կ.): Ասում է մեր զրուցակից, ֆրանսահայ ճարտարապետ, պրոդյուսեր Օշին Եղիազարյանցը, ով ծնվել է Իրանում, ապրել Փարիզում, 1988 թվականից հետո որոշել է վերադառնալ Հայրենիք։ Նրա հետ զրուցել ենք ճարտարապետության, Փարաջանովի մասին պատմող 9 րոպեանոց տեսանյութի, Շուշիի մզկիթի, Զորի Բալայանի հորդորի, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մուլտֆիլմի և այլ հարցերի շուրջ:

Մի առիթով ասել եք, որ Երևանում շենքերը Դուբայից  կրկնօրինակված են:  Մերօրյա շենքերի այս վիճակի պատճառը, ի՞նչ եք կարծում այլ մշակույթին տեղ տալն է, ցուցամոլությունը, թե՞ չիմացությունը:

Հայկական մշակույթը ցավալի վիճակում է: Բայց հայկական ճարտարապետություն էլ գոյություն չունի: Հայկական ճարտարապետության կրողները եղել են եկեղեցիները:  

Չի խանգարում, որ ներշնչվես տարբեր արվեստներից: Այսօր հայ նկարիչը,  որ նկարում է, հայկականությունը զգում ես, բայց ուզես,  թե չուզես, աշխարհի մշակութային շարժմանը պետք է հետևես: Կապ չունի` արաբական է, թե պարսկական:  Իհարկե, դժբախտաբար,  այստեղ ոչ մեկը չէ:  Ինչ որ սարքվել է` խայտառակություն է: Աբովյան փողոցով որ իջնում ես, ձախ կողմից  նայում ես շենքերին, լացդ գալիս է, աջից ես նայում` էլի լացդ գալիս է:  Իջի’ր, իջնում-իջնում ես, հասնում ես Հրապարակ, այստեղ էլ որ հասնում ես` բարձր, ծուռ-մուռ շենքեր են:

Այս ամենը տգիտության պատճառ է: Երբ որ տգետ է, ցուցամոլ էլ է: Այսինքն, այն, ինչ որ չունես, պետք է ցույց տաս: Հայաստանում բոլորը ճարտարապետ են:  Բայց 2 ճարտարապետից ավել չգիտեմ:

Եթե Դուք լինեիք գլխավոր ճարտարապետ, ի՞նչ կանեիք:

-Ինձ կկախեին: Համ էլ` ի՞նչ է նշանակում գլխավոր ճարտարապետ: Աշխարհում նման բան գոյություն չունի: Փարիզի գլխավոր ճարտարապետ, Հոնգկոնգի գլխավոր ճարտարապետ: Ֆրանսիայում կա 4 ճարտարապետ, 2 ինժեներ , 2 պոետ: Նստում և որոշում են` սա կլինի, կամ չի լինի: Այնտեղ ում սիրտն ինչ ուզում է,  չի կարող անել:  Հա, իբր ինչ: Ամբողջ Հայաստանի, հետո ամբողջ աշխարհի գլխավոր ճարտարապետ: Խեղճ Նարեկը չգիտի ինչ անի` հետն էլ գլխավորների գլուխը բռնած գնում է:

Այն ժամանակ գույն չկար, այսօր ամեն ինչ կա, բայց դարձել է անգույն քաղաք:

Ծնվել եք Իրանում, ապրել Փարիզում: Երկուսն էլ պատմություն, մշակույթ ունեցող երկրներ են:  Ո՞ր երկրի մշակույթն է ավելի հոգեհարազատ Ձեզ, իհարկե, բացի հայկականից:

-Ամենքն էլ հարազատ են, մեկը մյուսին լրացնում է:  Կառանձնացնեմ երևի  Իրանը, որ դարեր ի վեր գոյություն ունի, հիմք ունի, ճարտարապետություն, պոեզիա ունի:  Ի վերջո, այս տարածաշրջանից է ամեն ինչ զարգացել ու գնացել Արևմուտք: Արևմուտքից միայն Google-ն է եկել:

Եվրոպայում եղած ժամանակ, բարեբախտաբար, դեռ կարողանում էի մտածել,  Google-ը իմ փոխարեն չէր մտածում: Այդ անտեր iPad, iPhone–ները ուղեղդ հիվանդացնում են, քո տեղ մտածում են: Սա այնքան շահավետ է պետությունների համար:

Գնում ես սրճարան, ասենք 4 աղջիկ են, կամ 3 աղջիկ մեկ տղա, նստում ու սկսում են հեռախոսներով խաղալ:  Մտածում ես, բա ինչո՞ւ են եկել սրճարան, ինչո՞ւ են միասին:

Նույն էլ Եվրոպայում է: Բայց նրանք մի փոքր մտածում են, իսկ այստեղ ամբողջովին «դմբո»  են:  Աղջիկները «Բարբիի»  տեսքով սրճարաններում են, տղաներն էլ մտահգվում են մեքենաների համար: Այստեղ կամ մեքենայից են խոսում, կամ խմելուց:

Իսկ դուք չե՞ք օգտվում ժամանակակից տեխնոլոգիաներից:

-Հիա որ ասեմ` չծիծաղեք:  Վերջիվերջո մեկ iPad եմ առել, որովհետև հեռուստացույց  չունեմ և երբեք էլ չեմ ունեցել: Այս iPad-ն էլ նրա համար է, որ նամակներս գան, հասնեն:  Ժամանակին նամակը որ ուղարկում էիր, դու նամակի հետ չէիր գնում,  հիմա iPad-ով դու և նամակը միասին եք գնում:

Իսկ ինչի՞ հետ է կապված հեռուսատցույց  չունենալու որոշումը, սկզբո՞ւնք է:

-Չէ: Ֆրանսիայում առավոտյան որ արթնանում էի, առաջին բանը որ պետք է անեի` թերթ կարդալն էր:  Հայկական «Հառաջ» , «Կամք» թերթերը վերցնում, գնում էի սրճարան, ոտքի վրա մի քանի ֆրանսիական թերթեր էի առնում ու կարդում:

Ասել է, թե թերթերը լրացնում էին ողջ բացը:

-Այն ժամանակ չունեի հեռուստացույց,  քանի որ ամբողջ ժողովուրդը 60-ական թվականներին բողոքում էր, ջարդում այդ տուփը, որովհետև հիմար տուփ էր, հիմա ավելի  հիմար է:

Հիմա շարունակո՞ւմ եք հայկական մամուլ կարդալ:

-Այո, իհարկե: «Հայկական ժամանակ», «168 ժամ», երբեմն Հանրապետության պաշտոնաթերթն եմ գնում ու  ինքս ինձնից ամաչում եմ: Հիմա արդեն արձակուրդ է, թերթերը կգնան արձակուրդ, այնինչ, Եվրոպայում երկու օր թերթ գոյություն չունի մայիսի 1-ին և հունվարի 1-ին:

Մի հետաքրքիր պատմություն պատմեմ` հայկական թերթի հետ կապված: Հերթական անգամ սրճարանում կարդում էի, մի մարդ մոտեցավ,  թե սա հայերեն է գրված, չէ՞: Ասացի` այո: Ֆրանսիացի էր, բայց արաբ: Ասաց, որ հայերեն լավ գիտի: Գիտի Շահան Շահնուրին:

Նա ասաց, որ պոետ է և իրեն  պոետ դարձրել է Շահան Շահնուրը:  Պատմեց, որ 13 տարեկանում դիպվածով վերցրել է Շահնուրի գիրքն ու սկսել է կարդալ:

Ապա դարձավ, թե հետաքրքիրը գիտե՞ս որն է:  Մեկ ժամից բանտ եմ գնում: Ասում եմ` բանտ ինչո՞ւ ես գնում: Ասաց, թե բոլոր արաբներին այնտեղ պոեզիա եմ դաս տալիս և որպես օտարական կարդում եմ Շահնուրի պոեզիան: Ուզում եմ իմանան, թե օտար մարդն ինչ է զգում Ֆրանսիայում:

Երկար ժամանակ է` Հայաստանում եք: Ի՞նչն է պահել կամ պահում Ձեզ այստեղ, եթե հաշվի առնենք այն, որ շատերը չեն դիմանում և  հեռանում են:

-Ես Եվրոպայում ապրել եմ լավագույն ձևով: Ջազի մեջ մարդ չկա, ում տեսած չլինեմ, փոփ երաժշտության մեջ նույնպես: Տեսել եմ աշխարհի լավագույն թատրոնները:  Նույնը նաև դասական երաժշտության դեպքում: Կրել եմ ողջ մշակույթը:

Այս անգույն քաղաքում պայքարի շատ ճանապարհներ կան:  Ընդդիմադիր լինելն օգնում է պայքարել: Շատերն ինձ քննադատում էին, երբ որոշեցի մզկիթ վերանորոգել:

Ի դեպ, անդրադառնանք Շուշիի մզկիթին: Ինչո՞ւ որոշեցիք մզկիթը վերանորոգել , եթե այդքան ավեր եկեղեցիներ կային:

-Հիմա ասեմ: Երբ ազատագրվեց Շուշին, այդ պահից ես այնտեղ եմ: 2 շենք կար, որ հանձն առանք վերանորոգել: Մեկը քարվանասարան էր, որ դարձել է թանգարան, մյուսը` համամ էր: Ահագին ուսումասիրեցինք, վերանորոգելու համար պլան կազմեցինք, մի քանի ամիս անց եկան, թե չէ, սա վերցնում ենք: Որովհետև մտածել են` օտարերկրացի է, եկել է, սրա մեջ անպայման փող կա, նրանք խելացի են: Հետո, օրերից մեկ օր, քայլում էինք, մեկը, թե այդքան գործ ես արել, ինչ ուզես` կտանք: Մզկիթն ուզեցի: Ֆրոյդն ասում է` ինչ-որ անում ես, մտածված է, դիպվածով չէ: Ուրախ եմ, որ վերցրել եմ: Շատերն ինձ քննադատում էին: Զորի Բալայանն ասում էր` «Օշին` վառե'լ սա»: Մեկը ասում էր քանդի, մյուսը վառի: Սրբազանները հակառակ, Ալիևը հակառակ: Նա նամակ էր գրել, թե այս ո՞վ է այդ ֆրանսիացին, որ փչացնում է մեր մզկիթը: Իսլամ ժողովրդի առաջնորդն էլ նամակ էր գրել մեր Վեհափառին: Ես հակառակվեցի բոլորին:

Միակ մարդը, որ ասաց` Օշին ջան, գնա մինչև վերջ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր:  Հետո նույն Զորի Բալայանները կանգնեցին ասացին, թե մենք մզկիթները վերանորոգում ենք, իսկ թուրքերը մեր խաչքարերն են ջարդում:

Ես հավատացյալ քրիստոնյա չեմ: Կրոն ավելի շատ մեզ ջախջախել է: Այսօր ինձ ՀՀ քաղաքացիություն չեն տալիս, որովհետև կնունքի թուղթ են ուզում: Ասացի` մի տվեք: Կրոնն ինձ համար խղճի մոտեցում է: Գուցե մուսուլման եմ, գուցե բուդդիստ: Ազգությունս կրոնի հետ կապ չունի: Ուրեմն մեր ազգը քրիստոնեությունից առաջ գոյություն չունե՞ր: Ուրեմն Տիգրան Մեծը հայ չէ՞ր:

Մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ  եղել եք մի կուսակցության անդամ, որ Հայաստանի թշնամին էր, քիչ թե շատ արգելվում էր Հայաստան գալը: Խոսքը Դաշնակցության մասին է: Հիմա՞ էլ եք անդամ: Գո՞հ եք ՀՅԴ աշխատանքից:

-Չեմ կարող գոհ լինել, որովհետև ընդդիմություն եմ: Ես այնտեղ էլ եմ ընդդիմություն: Չեմ ուզում ասել, որ մտավորական եմ, բայց յուրաքանչյուր մարդ, որ արվեստի մեջ է, պետք է լինի ընդդիմություն: Այդ մարդը,  որ արվեստի մեջ մի բան է անում, 20 տարի հետո նոր քաղաքականութունը հասկանում է, որ ճիշտ էր: Արվեստը միշտ պետք է առաջ լինի:

30 տարի է` հավաքում եք մեծանուն նկարիչների ստեղծագործությունները, հնաոճ իրեր, ինչպես նաև Լենինի ու Ստալինի դիմանկարները: Եթե թվարկավածները հասկանալի են, ապա բարդ է հասկանալ Լենինի ու Ստալինի դիմանկարների հանդեպ սերը: Ինչո՞ւ հենց նրանք:

Հա, որ նայում ես Ստալինի նկարին, էնքան լուռ է, ոնց որ ավանդական պապա լինի: Յուղանկարներ են, հավաքում եմ, վատ ա՞: Մուրճ, մանգաղ լրիվ հավաքում եմ: 1926 թվականի աթոռ ունեմ, 1936թ. սեղան, 16-րդ դարի սուրմայի ամաններ ունեմ..Այս ամենն ինձ համար հեքիաթ է: Ես, օրինակ, Լենինի արձանը չէի քանդի: Գլուխգործոց էր: Հիմա Լենինինը քանդեցին, ուզում են Միկոյանինը դնեն:

Ուզում եք, որ դնե՞ն:

Չէ, չեմ թողնի որ դնեն: Լավ ա գողացել են: Ֆրանսիայում տունը որտեղ ապրել է անձը, 30 սմ է հատկացված հուշատախտակի համար , որի վրա գրված է  ասենք Վիկտոր Հյուգո: Էլ Հյուգոյի քանդակը չեն դնում:

Վերջերս   Փարաջանովի մասին պատմող 9 րոպեանոց  վավերագրական ֆիլմը նվիրեցիք թանգարանին: Ե՞րբ եք նկարահանել: 

-Փարաջանովի մասին պատմող 9 րոպեանոց  վավերագրական ֆիլմը նկարահանել եմ դեռևս 1988 թվականին: Փարաջանովին հանդիպել եմ Փարիզում, միասին գնացել ենք Տարկովսկու գերեզմանին:  Նկարում էի, նա  ասաց, թե Օշին, եթե օրերից մեկ օր Հայաստանում Փարաջանովի թանգարան լինի, ֆիլմը կնվիրես  նրան:  10 օր առաջ հանձնեցի թանգարանին: Ոչ ոք նրան խոսելիս չի տեսել, ոչ էլ այն, թե ինչպես է լացում Տարկովսկու գերեզմանին:  Հետաքրքիրն այն էր, որ ինքը քիչ էր  հայերեն խոսում, ես էլ ռուսերեն չգիտեի, հազիվ իրար հասկանում էինք:

Ես իրեն ասում էի Փարաջան: «Ով»-ը հանել էի, «յան»-նն էլ չէի ասում: Իսկ «փարաջան» նշանակում է քայքայվող մարմին:

Նոր ֆիլմ պատրաստո՞ւմ եք:

-Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեկ ֆիլմ եմ ուզում պատրաստել, ավելի կոնկրետ` մուլտֆիլմ: Այն երկու կնոջ պատմությունն է, որ Ավետարանը Մուշից բերել են Երևան: Նրանք նախքան արևի դուրս գալը գնում են ծաղիկներ քաղելու, երբ իջնում են Մուշ, տեսնում են, որ ամեն ինչ ավերված է, մարդ չկա: Եկեղեցու մոտ մի մարդ է լինում, ով նրանց տանում և ցույց է տալիս Ավետարանը` ասելով, որ անպայման Հայաստան տանեն: Ոսկին ու արծաթը վրայից հանում են, քանի որ ծանր է լինում և գիրքը երկու մասի են կիսում:  Տարբեր ճանապարհով են գնում Հայաստան:  Մեկը Ավետարանը հասցնում է Էջմիածին, մյուսը գնում է Էրզրում, հիվանդանում և մահանում է եկեղեցու բակում:  Ծառի վրա նստած տղան տեսնոմ է, թե ինչպես է նա Ավետարանը թաղում եկեղեցու բակում: Ռուս սպա է գալիս, այդ տղանա սում է, որ այդտեղ թաղված  գիրքը պետք է էջմիածին տանել: Ռուս սպան վերցնում է և տարիներ հետո հանձնում է Թիֆլիսի մեր առաջնորդարանին, որոնք էլ բերում են Հայաստան:

Ուզում եմ` ամբողջ աշխարհն իմանա, որ ջարդով մշակույթն ու գիրքը չեն կարող սպանել:

2014-06-03 

Հարցազրույցը` Անի Կարապետյանի

http://asekose.am/am/post/zori-balayann-asoum-er-osin-varir-da

Հայ ազգի 51 տոկոսը ապուշ է, 49 տոկոսը՝ խելացի.Ստեփան Փարթամյան


 «Ծնվել եմ Լիբանանում, տասնինը  տարեկանում ԱՄՆ եմ տեղափոխվել: Երանի եմ տալիս մանկությանս օրերին, քանի որ այդ ժամանակ ոչինչ չէի հասկանում:

Փոքրուց տարբերվել եմ բոլորից. Եթե որևէ մեկն ասեր` սա այսպես պիտի լինի, այն ժամանակվանից ասում էի` ինչո՞ւ»,-մանկության մասին խոսելիս ասում է ինքնատիպ ու յուրօրինակ մարդկանցից մեկը՝ «Ձեր կարծիքը», «Բարի լույս»  և «Հայը» հաղորդաշարերի, հեղինակ և վարող, համերգային ծրագրերի պրոդյուսեր, «Հայկական արվեստներ» ընկերության հիմնադիր Ստեփան Փարթամյանը, ում հետ զրուցել ենք ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում հայի ինքնությունը փաստող գրքի հրատարակության, հայ ժողովրդի մտածողության, Թուրքիա մեկնելու և այլ հարցերի շուրջ:

Եթե վերադառնային մանկության այդքան երանելի օրերը,  ի՞նչը կփոխեիք:

-Հայերեն կսովորեի և  հայկական դպրոցը չէի թողնի ու արաբական դպրոց գնայի (վերաքննություն ունեի հայոց պատմություն, հայոց լեզու, կրոն առարկաներից): Այդ տարիներին պարզ չէր, որ իմ սերը, կյանքի ցանկությունը հայ լինելն է: Որևէ մեկը չասաց, որ այս տղան հետաքրքիր ապագա կարող է ունենալ, որովհետև մենք` հայերս,  երբեք հետաքրքրված չենք, որ պատանուն, երիտասարդին նայենք և ասենք, որ ապագայում լավ մարդ կդառնա:

Չափահաս էիք, երբ տեղափոխվեցիք ԱՄՆ:  Գիտեմ, որ մասնագիտությամբ հեռուստատեսության ու կինոյի բեմադրիչ եք:  Այդտեղ հե՞շտ էր աշխատանք գտնելը:

-Աշխատանք հասկացողությունը ես ստեղծեցի ինձ համար: Ուսանելու տարիներին նկարահանում, մոնտաժ էի կատարում: Լոս Անջելեսում հայկական երկու ծրագրեր կային` մեկ ժամ տևողությամբ: Երբ հանրախանութում էի աշխատում, (գնված ապրանքը տոպրակներում էի տեղավորում), դիմացը հայկական այդ մեկ ժամանոց հաղորդման տաղավարն էր: Երբ 15 րոպե ազատ ժամանակ էի ունենում, գնում, օգնում էի:  Հետո  աշխատողներից մեկի հետ խնդիրներ եղան, նա հեռացավ և տնօրենն ասաց, որ ուզում է` միշտ իր կողքին լինեմ: Երեք աշխատանք էի կատարում. գազալցակայանում էի աշխատում, հանրախանութում, նկարահանումներ էի անում, հոգնած դասի էի գնում ու քնում: Վերջիվերջո ապրուստ պիտի հայթայթեի: Դժվարությունն ամենուր է, ոչ ոք չի ասի. Ա՛ռ այս գումարն ու ապրի՛ր:

Երեք տարի առաջ եկաք Հայաստան՝ ընդմիշտ բնակվելու ցանկությամբ: Մնացիք մի քանի ամիս: Ի՞նչը խանգարեց:

-Ոչինչ էլ չխանգարեց: Հիմա էլ բնակվում եմ Հայաստանում, միայն թե Գլենդելի մարզում: Ինձ համար Հայաստանը երկրագունդն է: Երբ  20 տարի  առաջ ներկայացրեցի առաջին հաղորդումս, ասացի՝  խելացի հայը, ուր էլ որ ապրի, կարող է գոյատևել առանց Հայաստանի: Քննադատեցին՝ ասելով, թե այդ ինչպե՞ս, չէ՞ որ Հայաստանը աղբյուրն է մեր հայկականության: Ես բացատրեցի, որ դա սխալ է: Մարդն, ինքը գիտակցում է, զգում է, որ  հայ է, հիմա Չինաստանում ապրող հայ է, թե ԱՄՆ-ում, սա արդեն կարևոր չէ: Կարևորը իր մայրենի լեզուն է ու մշակույթը:  Հետաքրքիրն այն է, որ երբ ասացի, որ գնում եմ Հայաստան ապրելու, այն մարդիկ, ովքեր քննադատում էին ինձ՝ ասելով, թե դավաճան ես, հայը պետք է իր երկրում ապրի, ասացին՝ գնում ես Հայաստան՝ ի՞նչ անես…

Հայը տկար է, կորցրել է հայ լինելու իր ուժը: Աշխարհի ամենահզորն է, բայց ամենատկարը, թե՛ ուղեղով, թե՛  ֆիզիկապես:

Ինչ-որ բան փոխվե՞լ է այս 3 տարիների ընթացքում.Ի՞նչը այս կարճ ժամանակահատվածում գրավեց Ձեր ուշադրությունը:

-Ես միշտ ասում եմ՝ հայն ավելի շատ ստամոքսի, քան ուղեղի ժողովուրդ է: Շատացել են խոհանոցային օբյեկտները՝ սննդի կետերը: Նկատեցի նաև, որ բոլոր խանութները վարձով են տրվում…3 տարի առաջ դատարկ խանութներ չկային: ԱՄՆ-ի իրավիճակի նման է, թե ի՞նչն է պատճառը՝ դեռևս չեմ կարող ասել:

Քիչ առաջ էլ սրճարանում էի նստած. մաքրողը եկավ, առանց ներողություն խնդրելու՝ ասաց, թե այստեղից վեր կացեք, գնացեք մյուս տեղը նստեք: Մարդը, ինքը,  կոպիտ է, Հայաստանում առավել շատ:

ԱՄՆ վերադառնալը կարծես թե դրական արդյունք է ունեցել: Լինելով մի շարք շրջաններում՝ ՛Yes, We Have՛՛ գիրքն եք հրատարկել: Այս դժվարին գործին ձեռնամուխ լինելու դրդապատճառը ո՞րն է:

-Մանկուց հայի մասին տեղեկութուն եմ հավաքում, քանի որ հավատացած եմ՝ հայի արյունը ուրիշ է: Ստեղծագործող է, հզոր: 21-րդ դարում, երբ որ բջջային հեռախոսները, համացանցը հասանելի է, ամոթ է, որ հայը չվավերագրի: Սկսեցի ԱՄՆ-ից: Փորձեցի կազմակերպություններին դիմել՝ օգնելու համար: Տգետ էին, իմաստը չհասկացան: Տվյալները հավաքեցի և 150 էջից բաղկացած գիրք տպագրեցի այն մասին, թե հայերն ինչ գործ են արել ԱՄՆ-ում: Ամենը՝ փաստաթղթերով հիմնավորված:

Գլենդելում վաճառեցի մի քանի հարյուր  օրինակ: 600 դոլարով  500 օրինակ լցրեցի պայուսակս ու 50 օրով ճամփա ընկա, վաճառեցի ահագին և այսպես սկսվեց վավերագրելու իմ աշխատանքը. հայկականը երկրագնդի մեջ: Գիշերները 10 հոգանոց սենյակում էի քնում: Իհարկե, Ֆրանսիայում բարեկամը իր տունը տրամադրեց, Կիպրոսում մեկ ուրիշը՝ իր տունը և այս բոլորը ֆեյսբուքի շնորհիվ:

Գրքի հայերեն տարբերակը կա՞:

-2009 թվականին  հրատարակեցինք անգլերեն լեզվով,  2012 թվականին՝ հայերենով: Առաջին գրքից 5000 օրինակ վաճառեցի, 2-րդը  200 հոգի էլ չգնեց:  Մարդիկ հետաքրքրված չեն հայերենով: ԱՄՆ-ում 12 դպրոց ունեք, կա մոտ 5000 աշակերտ: Սա միայն Հարավային Կալիֆորնիայում: Հայը ընթերցող ժողովուրդ չէ;: Գրքի համար հերթ կանգնող սերունդն այլևս գոյություն չունի. iPad-ը, Android-ը փոխարինել են գրքին:

Այսօրվա սերնդին խաղի միջոցով կարճ տեղեկություններ պետք է տրամադրես:

Տարիներ առաջ ասացի՝ 20.000 դոլար տրամադրեք, խաղ ստեղծեմ. Արևմտյան Հայաստանում շարժվեն մեքենայով: Երեխան երբ խաղա՝ առաջ չի կարողանա գնալ, մինչև հարցերին չպատասխանի: Մեկ ամսում հայոց պատմություն կսովորեր: Չօգնեցին: Առաջարկեց նաև Գրիգոր Լուսավորչի, Խոր Վիրապի մասին պատմող խաղ: Երևանի կենտրոնում կաթողիկոսի նստավայրը կառուցելու համար ծախսված 2 միլիոն դոլարով թող համակարգչային խաղ ստեղծեին, ավելի օգտակար կլիներ: Այստեղից Էջմիածին կես ժամվա ճանապարհ է:

Գրքում սահմանափակվում եք անձի մասին կենսագրական շատ քիչ տեղեկութուններ հայտնելով: Կյանքն ու գործունեությունը մանրամասն չներկայացնելու պատճառն ի՞նչն է,  չէ՞ որ հայ ազգը սիրում է ուրիշի կյանքի մասին իմանալ:

-Նոր սերունդը 500 էջ կարդալու ժամանակ չունի: Քչերն են, որ 1000 էջ կնստեն ու կկարդան: Եվ, հետո, մարդու կյանքը այնքան կարևոր չէ, որքան գործունեությունը: Գործունեությունը գալիս է փրկելու մարդկությանը:

Գրքում, եթե չեմ գտել հեղինակի մասին մանրամասներ, միայն անունն է ու ստեղծագործությունը:

Հայը մշակութային դիվանագիտությամբ կհաղթի  բոլորին: Դժբախտաբար, Հայաստանում ոչ նախարարությունն է մշակույթից հասկանում, ոչ ժողովուրդը: Պարզապես կեղծավորության մշակույթ են ներկայացնում:

Ո՞րն է ճշմարիտ մշակույթը:

-Մենք՝ հայերս,  պետք է իմանանք, թե ով ենք:  Մենք չենք ստեղծել հաջորդ սերնդի մեծերին: Պարույր Սևակ ենք ասում, Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան, Թեքեյան, Րաֆֆի… Վաղվա երիտասարդին չենք ներկայացնում: Երկու սերունդ հետո մեծեր չենք ունենա:

2 տարի առաջ Հայ  գրքի տպագրության 500 ամյակն էր:  500 նոր գիրք չտպագրվեց այդ օրը: Աշխարհին ուղղակի ուզում էին ասել, որ Երևանը գրքի մայրաքաղաքն է: 

Իսկ դուք որքանո՞վ եք ծանոթ արդի գրողներին:

-Ծանոթ չեմ: Ասում են, որ որակ չկա:  Պատճառն այն է, որ դպրոցը չի կրթել:

Օրինակ ԱՄՆ-ում  12 ամենօրյա դպրոցները 50 տարվա մեջ մեկ հայ գրողի չեն ներկայացրել:  Ի՞նչ օգուտ ունեն այս դպրոցներն ու 50 տարվա նրանց գոյությունը:

Հայ ազգի 51 տոկոսը ապուշ է, 49 տոկոսը՝ խելացի:  Աստված չի ստեղծում գրականություն, մարդն է ստեղծում: Մտածելակերպի չափանիշն է, որ պետք է լավ ու վատ ստեղծի: Թշնամին շատ լավ գիտի հայի տգետ լինելը, անտարբերությունն  իր մշակույթի հանդեպ, ուրեմն, մեր մշակույթը օրեցօր նսեմացվում է և դրա կործանմամբ թշնամին կհաղթի հային: Այսօր բջջային հեռախոսները դարձել են դպրոցներ: Կայքերն էլ անցյալն են ներկայացնում, իսկ այսօրվա երիտասարդին պետք է օգնել, որ նա ստեղծագործի, նոր պատմութուն գրի, հայերեն կարդա: Օրեցօր հայերեն իմացողների թիվը պակասում է:

ԱՄՆ-ում բնակվող հայերը տեղի հայկական դպրոցներն են նախընտրում, թե՞…

-Նյութական կարողության հարց է:  Ամիսը եթե 700-800 դոլար վճարես, երեխադ հայկական դպրոց կգնա: Ուղարկում են՝ ասելով, թե լավ միջավայրում կլինի, թմրանյութից  հեռու, բայց, չգիտեն, որ հայկական դպրոցներում էլ  նույն այս ամենը կատարվում է:  Բայց այս ամենի մասին չենք բարձրաձայնում, քանի որ մենք սրբություն ունեք, առաջին քրիստոնյա ազգն ենք:

Հայը ուր գնում է՝ եկեղեցի է կառուցում:Թուրքերից ավելի շատ,  հայ ազգի ամենամեծ թշնամին հավատքն է:  50 տարվա ընթացքում հայը ձուլվել է, քանի որ եկեղեցին նրան հայկականություն չի տվել:  Հայն է պահել եկեղեցին և ոչ հակառակը: 100 տարի առաջվա եկեղեցին եմ նկարել և ներկայիս: Նորը, որ հայաշատ վայրում է, շրջապատված է հայերով, հինը՝ ոչ: Հայի տեսակը շատ լավն է, կատարածը՝ վատ: Հայի ուղեղը չի գործում , ժանգոտել է:

Ժանգոտե՞լ է, բայց չէ՞ որ ամբողջ աշխարհում բոլոր բնագավառներում առաջատարները շարունակում են հայ ազգի ներկայացուցիչները մնալ…

-Թութակը, ինչ-որ իրեն սովորեցնեն՝ կարտահայտի, բայց, երբեք չի կարող ինքնուրույն նախադասություն ասել: Դարձել ենք թութակի նման.շատ գեղեցիկ ենք, սովորել ենք ճատրակի շարժումները, բայց երբեք ինքնուրույն քայլ չենք կատարում, ինչ-որ սովորել ենք՝ այն ենք արտահայտում: Այստեղ է մեր դժբախտությունը: Թութակին եթե ասես բարև, կասի բարև, քանի որ սովորած է՝ բարև, բարև, երբեք քեզ չի ասի դու ինչպե՞ս ես,  քանի դեռ չես ասել:

Ցեղասպանության 100-րդ տարելիցն է մոտենում:  Հաղորդման շրջանակներում հարցնում եմ, թե  ո՞րն է տարբերությունը 99-րդ, 101-րդ և 100-րդ ամյակների: Ընդհանրապես մարդը ուրախանում է, երբ թիվն ամբողջանում է: Հիմա մենք ուրա՞խ ենք, որ 100-րդ տարին է: Եթե մենք պահանջատեր ենք, փորձում ենք հարցը միջազգային չափանիշներով ներկայացնել և լուծել, ինչո՞ւ 99-րդն այդպես չենք արել: Փուչիկը փչել ենք ուղղակի, իսկ այն իրականում դատարկ է: Ոչինչ կարծես նախատեսված չէ  ոչ Հայաստանում, ոչ՝ ԱՄն-ում: Պարզվում է՝ այդ օրը ԱՄՆ-ում պետք է աղոթեն: Մարդիկ աղոթքի կարի՞ք ունեն: Այսքան ժամանակ է՝ աղոթում ենք, տեղ չենք հասնում: Ցեղասպանության 100-րդ տարելիցի աղոթքն  ա՞յլ է լինելու:

Հայաստանում էլ հստակ որևէ ծրագիր չկա: Ահա հայի կեղծավորութունը, քանի որ թութակ ենք: Մեկը մեզ պետք է սովորեցնի, թե ինչ անենք այդ օրը: Վստահ եմ, որ երկու աղոթք այդ օրը ավել  է լինելու:

Պատկերացրեք՝  հիմա Ձեր հերթական  «Հայը» հաղորդաշարն է: Ինչպե՞ս կսկսեիք հաղորդաշարը՝ եթե թեման վերջերս Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի կողմից փոխանցված հրավերը լիներ:

-Այս քայլում որևէ սխալ բան չեմ տեսնում: Խաղի ժամանակ դիմացինին միշտ պետք է խաղի հրավիրես, որ կարողանաս հաղթել: Եթե գա՝  նշանակում է ընդունել է իրողությունը: Զգացմունքներով պետք  չէ առաջնորդվել: Սա քաղաքական շատ լավ խաղ էր: Պատասխանելու հերթն  իրենցն է: Քաղաքականությունը գալիս-գնում է: Վաղը 110-րդ ամյակին էլ կարող է հրավիրել:

Մեկ նախադասությամբ ինչպե՞ս  կբնութագրեք հային.Ո՞վ է հայը:

-Հայը այն մարդն է, որ հայերեն գիտի: Չինացու և հայի տարբերությունը միայն աչքը չէ, մշակույթն է: Այսօր այրած սրտի մխիթարանքով ասում ենք հա , անգլերեն է խոսում, ռուսերեն, բայց շատ լավ հայ է: Ինչպե՞ս է լավ հայ: Մշակույթը լեզուն է: Այստեղից նոր սկիզբ են առնում գրականությունը, երաժշտությունը, նույնիսկ պարարվեստը: Բժիշկ է, դեղրորայքը, որ պետք է գրի հիվանդին, հայերենով չի կարողանում: Ասում ես՝ ինչո՞ւ հայերեն չես գրում , պատասխանում է, որ  շատ դժվար է: Բայց, եթե ասես, որ տարին կես միլիոն դոլար շատ կաշխատես, եթե հայերեն իմանաս, մեկ ամսվա մեջ կսովորի:

Եղել եք 12 երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Կիպրոս, Իտալիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Անգլիա և վավերագրել եք հայկականը: Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ կայարանը:

-Հաջորդ տարի պատրաստվում եմ Թուրքիա մեկնել: Ցեղի ապրելու իրավունքի մասին վավերագրական շարժապատկեր եմ ներկայացնելու: Ստեղծել եմ PARTAM all things Armenian App-ը՝ ճամփորդական ուղեցույցը,  որի միջոցով բոլոր տեղեկությունները կվավերագրվեն և  անվճար կհասցվեն հասարակությանը: Քանի որ աշխարհի ամենահարուստ հայը Ստեփան Փարթամյանն է:

Ինչո՞վ է հարուստ Ստեփան Փարթամյանը:

-Անունս Ստեփան Փարթամյան է, սրանով: Աշխարհի ամենահարուստ մարդը կերազի, որ Ստեփան Փարթամյան լինի: Եթե ամբողջ նյութականը տրամադրի, չի կարող լինել ու ունենալ իմ մտածողությունը:

2014-09-23

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

http://asekose.am/am/post/hay-azgi-51-tokose-apous-e-49-tokose-xelacistepan-partamyan