9/30/2018

Հետաքրքիր փաստեր՝ պիցցայի մասին

Իտալական խոհանոցի այցեքարտ սննդատեսակը՝ պիցցան, ընդունված ու սիրված է մի շարք երկրներում:
Պիցցայի վերաբերյալ շատ հետաքրքիր փաստեր կան, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
1.1993 թվականին պիցցերիայի «Դոմինո» ցանցը հրաժարվել է կես ժամում սնունդն առաքելու որոշումից, քանի որ առաքիչները հաճախ են վթարի ենթարկվել՝ արագությունը գերազանցելու հետևանքով: Փոխարենն առիթից օգտվել է «Rock n Roll» օնլայն ռեստորանը, որն առաքումն իրականացնում է 90 րոպեում:
2.Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 2005 թվականին համարձակվել է ծաղրել ֆիննական խոհանոցը: Սա դրդել է, որպեսզի ֆիննական Kotipizza պիցցերիաների ցանցը «Berlusconi» անունով պիցցա պատրաստի: 2008 թվականին նրանք անգամ հաղթել են միջազգային մրցույթում՝ 2-րդ և 3-րդ տեղերում թողնելով Իտալիային ու Ավստրիային:
3.2012 թվականին հաքքերներին զայրացրել է  «Papa Johns» ռեստորանի սպասարկումը: Պատվերն ուշացրել են 2 ժամով: Արդյունքում հաքքերները փակել են նրանց կայքը:
4.Lady GaGa-ն 1 միլիոն դոլար է ծախսել՝ հյուրանոցի մոտ հավաքված երկրպագուներին պիցցա հյուրասիրելու համար:
5.Pizza Hut պիցցերիաների ցանցն օնլայն պատվերներ ընդունել է 1994 թվականից: 2001 թվականին նրանք Միջազգային տիեզերական կայան 1 միլիոն դոլարի առաքում են իրականացնում, ու սա շատ լավ գովազդ է լինում նրանց համար:
6.Մոտ կես դար Նյու-Յորքի մետրոյով երթևեկելու համար պահանջվել է պիցցայի մեկ կտորի համար պահանջվող գումար: Տնտեսագետներն անգամ կատակել են՝ սա անվանելով «ի հեճուկս պիցցայի»:
7.«Հասցնել 30 րոպեում» ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Պիցցերիաներից մեկի աշխատողը, ով ռումբի պայթյունից է մահացել, հասցրել է թալանել  բանկերից մեկը, իսկ երբ ձերբակալել են՝ ասել է, որ 3 հոգի իրեն բռնել են, պարանոցին պայթուցիկ տեղադրել ու ստիպել գողություն կատարել: 
8.Գոյություն ունեն DVD սկավառակներ, որոնք ունեն պիցցայի տեսք, իսկ գործածելիս անգամ հոտն է գալիս:
9.Ալյասկայում պիցցան առաքում են ուղղաթիռով կամ ինքնաթիռով:

9/26/2018

Ագարակի բրոնզեդարյան բնակատեղին

Հարգելի՛ ընթերցող, մենք ժամանակ առ ժամանակ փորձում ենք ներկայացնել Հայաստան աշխարհի պատմամշակութային արժեքները: Մեր ուշադրության կենտրոնում այս անգամ Ագարակի բրոնզեդարյան բնակատեղին է (Ք.ա 3-րդ հազ.1-ին կես, Ք.հ XVI-XVIII դդ):
Այն գտնվում է Արագած լեռան  հարավարևելյան ստորոտին: Կուր-արաքսյան մշակույթի բազմաշերտ հուշարձան է, շրջակայքն ամբողջությամբ պատված է ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով: Հիմնական շինությունները քարաշեն, կլոր կացարաններ են՝ շարված տուֆի խոշոր քարերով: Տեղում մետաղագործության մասին են վկայում հայտնաբերված անագային բրոնզի ձուլածոն, բրոնզից պատրաստված իրերը՝ դանակի շեղբ, բիզ և այլն: Գտնվել են նաև վանակատից, կայծքարից բազալտից, հրաբխային ապակուց և գետաքարերից պատրաստված առարկաներ, որոնք ունեցել են բազմաբնույթ կիրառական նշանակություն: 
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հայտնաբերված թրծակավե մարդակերպ և կենդանակերպ արձանիկները, սայլանիվների մասերը, շան, կովի, ոչխարի, այծի, ցլի ոսկորները, 2 ժայռապատկերները և այլն: Հնավայրում բացվել է Վանի թագավորության շրջանի ժայռափոր դամբարան, որն Արաքս գետից հյուսիս ընկած տարածքում արձանագրված առաջին հուշարձանն է:
Պեղված հարուստ նյութերը վկայում են տեղում զարգացած երկրագործության և անասնապահության մասին:
Նշենք, որ պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից 2001-2008թթ.:








h

Լուկա Մոդրիչ.Պատերազմից մինչև ՖԻՖԱ-ի վարկածով 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան խորվաթ Լուկա Մոդրիչը: Սա կապված է Աշխարհի առաջնությունում փայլուն խաղ ցույց տալու հետ:
BBC-ի փոխանցմամբ՝ դեռևս ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ժամանակ  լրագրողները  հետաքրքրվել են խորվաթ երկրպագուներից, թե դժվար չէ՞ր այս խաղը իրենց թիմի համար, նրանք պատասխանել են.

-Դուք մի՞թե չգիտեք Լուկա Մոդրիչին: Նա ստիպված է եղել ֆուտբոլ խաղալ ականապատ դաշտում: Հետևաբար, ոչ ինքն էր վախենում այս խաղից, ոչ մենք:

Նշենք, որ երկրպագուներն այս խոսքերն ասելիս նկատի են ունեցել  1991-2008 թվականների իրադարձությունները, որոնց հետևանքով նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը բաժանվել է վեց անկախ պետությունների և մեկ մասամբ ճանաչված պետության: Գործընթացը սկսվել է 1991-1992 թվականների ընթացքում, երբ իրենց անկախությունը հռչակեցին նշված վեց երկրներից չորսը` Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա Հերցեգովինա և Մակեդոնիա:

-Ես 6 տարեկան էի, շատ ծանր տարիներ էին, ինձ համար դժվար է հիշել այդ օրերը: Պատերազմն ինձ ուժեղ դարձրեց: Չեմ ցանկանում, որ այս հուշերն ինձ ուղեկցեն ամբողջ կյանքում, չնայած մոռանալ էլ չեմ պատրաստվում,-2008 թվականին հարցազրույցներից մեկում ասել է Մոդրիչը:

Տվյալ անվանակարգի երեք հավակնորդների թվում էին նաև «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն եւ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Տարվա լավագույն ֆուտբոլիստուհին է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան:

9/17/2018

Թբիլիսիի Հավլաբար թաղամասի մոտ հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել


Թբիլիսիի  Հավլաբար թաղամասին հարող՝ Բարաթաշվիլիի վերելքի նորացման աշխատանքների ընթացքում հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Նշված հատվածի վերանորոգմամբ զբաղվող «Black Sea Group» շինարարական ընկերությունը շիրմաքարերը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել, դրանց որոշ մասը փրկվել է շինարարական աղբ դառնալուց և տեղափոխվել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:

Թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը նշել է, որ սրանք Խոջիվանքի տապանաքարերն են, որոնք 30-ական թվականներին Բերիայի հրամանով պանթեոնից հանվել և օգտագործվել են որպես շինանյութ:
«30-ական թվականներին կազմվեց Թբիլիսիի վերանորոգման գենպլանը, այդ ժամանակ այդ պլանին զոհ գնացին նաև մի շարք հայկական եկեղեցիներ: Այդ ժամանակ ճարտարապետները քաղաքի զարգացման մեջ չէին տեսնում նաև Խոջիվանքի գերեզմանատունը, տեղում կառուցվեց Բարեկամության այգին, որ գործեց մինչև 1991 թվականը: Ոչնչացված պանթեոնի տապանաքարերն օգտագործվեցին որպես շինանյութ: Քարերը տեսակավորվում էին ըստ որակի՝ բազալտն առանձին, օգտագործվում էր դրսի հարդարման, մարմարը՝ ներքին հարդարման ընթացքում»,- մանրամասներ է ներկայացրել Լևոն Չիդիլյանը:

Նա նաև նշել է, որ սա առաջին անգամը չէ, որ Թբիլիսիի տարբեր հատվածների վերանորոգման ընթացքում հայկական հետք է գտնվում: Տարիներ առաջ ևս իրենց նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ տապանաքարեր են տեղափոխվել Խոջիվանքի պանթեոն: Դրանց հանվել էին ներկայիս «Բիլթմոր» հյուրանոցի վերանորոգման ընթացքում, ժամանակին օգտագործվել էին շենքի ներքին հարդարման համար: