9/18/2013

Թե ինչպես Խրուշչովը Բյուրականում մասնակցեց աստղադիտակի բացման արարողությանը


1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում ծնվել է  ականավոր գիտնական, աստղագետ, աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, 20-րդ դարի խոշորագույն գիտնական  Վիկտոր Համբարձումյանը:
1928 թվականին ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) համալսարանը, ապա սովորել է ԽՍՀՄ ԳԱ Գլխավոր (Պուլկովոյի) աստղադիտարանի ասպիրանտուրայում: Եղել է ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր վարիչը,  Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը:

Համբարձումյանը մեծ ներդրում ունի տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության և գալակտիկաների էվոլյուցիայի բնագավառում:
1946-1988թթ  եղել է ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր տնօրենը: Անվանի հայ գիտնականի, նրա կողմից ձեռք բերված Շմիդտի աստղագիտակի մասին զրուցել ենք Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:
«Նա հումորով մարդ էր, այն էլ՝ սուր հումորով: Մեզ մոտ տեսաբան–աստղագետներն աշխատավարձ ստանալուց հետո գնում խմում էին, նշում էին և մեկ օր  տնօրենի տեղակալը գալիս է Համբարձումյանի մոտ ու բողոքում, որ այդպես շարունակել հնարավոր չէ, տեսաբանները միշտ հարբած են աշխատավարձի օրը: Համբարձումյանն էլ ասում է, թե գուցե նրանց աշխատավարձը հաջորդ օրը տա՞ք»,- հուշերից մի պատառիկ ներկայացրեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով  յուրօրինակ, գուցե նաև մտածված ձևով ձեռք բերած Շմիդտի աստղադիտակին՝  Արեգ Միքայելյանը նշեց, որ Գերմանիայում, դեռևս 1939 թվականին, գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը՝ Հիտլերը, ցանկացել է  Իտալիայի ֆաշիստական վարչակարգի ղեկավար Մուսոլինիին նվեր մատուցել՝ դիտակի տեսքով:
«Այն պատրաստվում էր քաղաքի «Կառլ Ցայզ» գործարանում: Ապա, պատերազմի ժամանակ դիտակի պատրաստման աշխատանքները դադարել են: Պատերազմի ավարտից հետո, քանի որ Գերմանիան պարտվել էր, իբրև  ռազմաավար սարքավորումներ են վերցրել:
Իսկ Վ. Համբարձումյանը, ով Անգլիա էր մեկնել, վերադարձի տոմսն այնպես է վերցնում, որ գնար, տեսներ, հետազոտեր այդ դիտակը, սա դեռևս 1948 թվականին:
Հետո սարքավորումները Սանկտ Պետերբուրգ են տարվում և գերմանական շատ դիտակներ, որ արդեն  կարգի էին բերվել, սկսում են որոշել, թե որ աստղադիտարանին ինչ տան; Եվ, ամենայն հավանականությամբ Համբարձումյանը ժամանակին «աչք էր դրել» Շմիդտի աստղադիտակին, քանի որ այն լայն տեսադաշտով դիտակ էր, հնարավորություն ուներ լայնորեն ուսումնասիրել աստղային համակարգը»,-փաստեց Արեգ Միքայելյանը:
Նշենք, որ Բյուրականի աստղադիտարանի Շմիդտի 1 մետր տրամագծով աստղադիտակը Շմիդտի դասի աշխարհում ամենախոշոր դիտակներից մեկն է:  Աշխարհում նման 8 դիտակ կա, որոնցից մեկը Հայստանում է: Այն տեղադրվել է 1960թ. ԲԱ-ի գլխավոր տարածքում՝ 1397մ  բարձրության վրա:
«Պաշտոնական բացմանը ներկա են եղել մի շարք քաղաքական գործիչներ, իսկ ԽՄԿԿ առաջին քարտուղար Խրուշչովը մասնակցել է բացման արարողությանը՝ կտրելով կարմիր ժապավենը: Սա միակ դեպքն է, երբ քաղաքական գործիչները կապ ունեն նման իրադարձության, միջադեպի հետ. Լենին, Խրուշչով, Մուսոլինի…»,-նշեց Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավարը:
Ինչ վերաբերում է աստղադիտակի՝ մինչ օրս գործածությանը, Արեգ Միքայելյանն ասաց, որ ճիշտ է, տեխնիկապես աշխատում է, բայց գիտական աշխատանքներ չեն կատարվում.
«Շմիդտի 1մ աստղադիտակի աշխատանքը դադարեցվել է 1991թ. և այդ ժամանակից ի վեր ոչ մի դիտում չի իրականացվել: Որպեսզի թվային ժամանակակից աշխարհում աշխատանքներ կատարվի՝ զգալի միջոցներ են անհրաժեշտ»,-եզրափակեց աստղագետը:
Հավելենք, որ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը  2009 թվականից Հայաստանում հռչակվել է որպես  Աստղագիտության օր: 


http://asekose.am/hy_AM/news/9/138186-te-incpes-xrouscove-byourakanoum-masnakcec-astxaditaki-bacman-araroxoutyane.html 

Комментариев нет:

Отправить комментарий