3/09/2014

Մարդիկ կարծում են, որ այն, ինչ օգտագործում ենք` անորակ է

Բնական գազի կալորիականության և որակական հատկանիշների վերաբերյալ քննարկման, սպառողների ինֆորմացված լինելու, պետական լիազոր մարմինների արձագանքի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: 

Պարոն  Պիպոյան, ի՞նչ տվեց Ձեզ բնական գազի կալորիականության և որակական հատկանիշների վերաբերյալ քննարկումը:
-Ես այնտեղ հստակ հարցեր եմ բարձրացրել,  որոնց պատասխանները հրապարակային հնչել են: Իսկ, թե տրված պատասխանները որքանով  են ինձ բավարարել` դա էլ էր տեսանելի:
Հրաժարվեցիք մասնակցել համատեղ շրջայցին, որի ընթացքում նախատեսվում էր  պարզել, թե բնակարաններում որքան է կազմում գազի կալորիկանությունը, և, արդյոք առկա է կարմիր բոց: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ինձ համար փաստեր արձանագրելը պաշտպանություն չէ, պոպուլիզմ է: Քաղաքական խնդիր է, որով պետք է զբաղվեն քաղաքական ուժերը: Սա այն է, ինչ կար անցյալում:
Ես կարևորում եմ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը, որով բարձրացնում ենք «ՀայՌուսգազարդի» զգոնությունը: Իսկ ինչու չեմ գնում: Որովհետև, երբ գնում ենք շրջայցերի, հարթում ենք այսօրվա, ոչ թե երեկվա վիճակը:
Դուք երբևէ ստացե՞լ եք քաղաքացիների դժգոհությունները` կապված այս խնդրի հետ:
-Մենք ահազանգեր չենք ստացել, և բոլոր նրանք, ովքեր ասում են, թե կան դիմում-բողոքներ, կխնդրեի  ուղղակի հենց հիմա ցույց տային, ոչ թե մեկ-երկու օր ժամանակ խնդրեն և իրենց ձեռքով գրեին:  Ինչ վերաբերում է խնդրին, ապա մենք ինքներս ենք զանգահարել քաղաքացիներին, ովքեր էլ հայտնել են իրենց դժգոհությունները:
Սպառողներն ավելի հաճախ ինչի՞ց են դժգոհում:
-Առաջին հերթին թանկացումներից: Շատ են նաև ապրանքի, սննդամթերքի որակի նկատմամբ դժգոհությունները: Մարդիկ կարծում են, որ այն, ինչ օգտագործում ենք` անորակ է:
Ի՞նչ ասել է որակ:
-Որակը շատ բարդ հասկացություն է:  Այն նույնականացումն է, ակնկալվող արդյունքի բավարարումը: Օրինակ, եթե մենք գնում ենք 800 դրամ արժողությամբ ինչ-որ մթերք, որի վրա հստակ նշված է, որ այն ենթադրենք կարտոֆիլի և 20 տոկոս մսի խառնուրդ է, և, եթե մենք այն օգտագործենք որպես երշիկ, ապա մեզ մոտ դա կառաջացնի դժգոհություն: Բայց, եթե իմանանք, որ  օգտագործում ենք էժան մթերք, որի համը մեզ դուր է գալիս, այն մեզ համար կդառնա որակյալ:
Հետաքրքիր դեպք պատմեմ` կապված դժգոհությունների հետ: Երբ քաղաքացիներից մեկին հարցրեցինք, թե ինչից է դժգոհ` պատասխանեց, թե ոչ մի բանից` բացատրելով.
«Ամեն ինչից դժգոհ եմ, իսկ դա նշանակում է, որ կոնկրետ ոչ մի բան չեմ կարող ասել, թե ինչից եմ դժգոհ: Հիմա, եթե ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչից եմ դժգոհ, ուրեմն ոչ մի բանից դժգոհ չեմ»:
Մենք ռիսկերը տարանջատել ենք հետևյալով. Ըստ սննդամթերքի ռիսկերի. դա կաթնամթերքն է, մսամթերքը, ինչպես նաև կենդանական ծագման մթերքները, ինչպես նաև այս տարի մեծ ուշադրություն  ենք դարձնելու մանկական սննդամթերքին, ոչ պարենային ապրանքներին:
Լինում է, որ ասենք հագուստից գոհ ենք, բայց, երբ ուսումնասիրություններն ավարտենք` կտեսնենք, թե որքան մարդ դժգոհ կլինի: Այսօր մարդը վճարում է 10-12.000  դրամ, ինչը, առաջին հայացքից իր համար բավականին ցածր է, բայց, եթե նա իմանար, թե որքան պետք է լիներ` արդեն կլինեն դժգոհություններ: Շատ հաճախ գոհունակությունն ու դժգոհությունը կապված է իրազեկման մակարդակից:
Խնդիր, որը Ձեր ուշադրության կենտրոնում է:
-Ցանկանում ենք այս տարի լուծել ապրանքների վերադարձի, փոխանակման խնդիրը: Հուսամ, կկարողանանք կարգավորել արդեն քիչ-քիչ բոլոր երկրներում կարգավորվող մարքեթինգաին էֆեկտով խաբկանքը, քանի որ ուղղակի հայտարարվում են զեղչեր և խանութներից մեկը նույն ապրանքը վաճառում է ասենք 60 դոլարով, իսկ կողքի խանութը`  200 դոլարով, բայց  70 տոկոս զեղչով: Արդյունքում 200 դոլար արժողությամբ ապրանքը վաճառվում է, 60-ը` ոչ:
Հասարակությունն առավել շատ ինֆորմացված է, թե՞...
-Որոշ չափով կա ինֆորմացիայի պակաս: Մեծ է նաև անվստահության հարցը: Եթե սպառողը զանգահարում է սպառողական կազմակերպություն կամ պետական լիազոր մարմին և տեսնում է, որ իր խնդրին լուծում է տրվում, շղթան սկսում է աշխատել:
Այսինքն, ստանում ես ահազանգ, որքանով կարողանում ես` կարգավորում ես, փոխանցում ես լիազոր մարմնին: Այսինքն կա լուծման մեխանիզմը, մնում է կամքը:
Երբ գործը հասնում է պետական լիազոր մարմնին` անում է, թե՞ ոչ:
Ժամանակ առ ժամանակ փոխվում է: Տարբեր պետական մարմիններ տարբեր ձև են աշխատում: Այս պահին պետական մարմիններին չեմ ուզում գնահատական տալ, քանի որ տարին նոր է սկսվել և, երբ համընդհանուր քննադատության է արժանանում պետական համակարգը, շատ քչերն են, որ դրանից ուրախանում են: Նրանք ասում են` մեկ է,  քննադատում են, ավելի լավ է չանենք: Գոնե հիմա չքննադատենք, որ գործ անեն:



http://asekose.am/hy_AM/news/9/152564-asoum-en-mek-e--qnnadatoum-en--aveli-lav-e-canenq-babken-pipoyan.html

Комментариев нет:

Отправить комментарий