9/01/2019

«Հայ եմ՝ քրդի դեմքով». Իրականում ո՞վ էր հայ ներկայացող անձն ու ի՞նչ էր ուզում հայերից

Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն ասում են՝ տարեցտարի Անի, Վան, Կարս, Մուշ, Արդահան, Բիթլիս, Էրզրում մեկնողների թիվն ավելանում է:Տեսնելով այս հզոր ժառանգությունը, որն անվճար ու անորոշ ժամանակով թողել ենք թուրքերի, ադրբեջանցիների ու քրդերի ձեռքում, հնարավոր չէ մեծ ցավ չապրել:
Այն վայրերը, որոնք կարող են նպաստել տուրիզմի զարգացմանը, պահպանում են՝ օտարազգի զբոսաշրջիկներին այլ պատմություն մատուցելով, իսկ հայերի առումով… նրանք շատ լավ իմացել են և գիտեն, որ վաղ թե ուշ հայը վերադառնալու է այնտեղ՝ թող այսօր լինի՝ որպես զբոսաշրջիկ, բայց վաղը՝ որպես տեր, միայն թե մեկ տարբերությամբ՝ ունեցածը կրկին չկորցնելով, սխալ քայլեր չկատարելով, մեկը մյուսի ոտքի տակը չփորելով, միշտ բոլորից, անգամ բարեկամ երկրներից զգուշանալով:
«Հայրս նախքան մահանալն  ասաց՝  ձեռք չտաս այս վանքին, հայերն անպայման կգան»,- ուխտավորներին պատմում է Վարագավանքի տարածքի պահապան քուրդը:
Հայեըը ոչ միայն գնացին, այլ նաև ամեն անգամ որոշակի գումար սկսեցին թողնել, որպեսզի Վարագավանքի մաքրությունը պահպանվի, շենքը չքանդվի, ու դա, կարելի է ասել, դարձավ ավանդույթ: Այնտեղ վառելու համար մոմեր կան, ինչպես նաև՝  նվիրատվության մի փոքրիկ տուփ։
Նշենք, որ Վարագավանքը Վասպուրականի ամենահարուստ և ամենահայտնի վանքն է եղել, ինչպես նաև՝ Վանի արքեպիսկոպոսի նստավայրը: Վանքը գտնվում է Վարագա լեռան (այժմ հայտնի է՝ որպես Երեք լեռ) հարավային փեշերին մոտ վայրում` Վան քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք:
Նույնը չի կարելի ասել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Բաղեշի (թուրք. անվանումը` Բիթլիս) Անդենց գյուղի (թուրք. անվանումը` Դեյիրմենալթը) ավելի քան 1400 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Անանիա եկեղեցու մասին, որն օգտագործվում է՝ որպես մարագ և հարդանոց:
Քուրդ երեխաներն այնտեղ խաղում են, մայրերն ու տատերն էլ եկեղեցու կողքին գտնվող հսկա խաչքարերի մոտ ճաշ են եփում՝ ծխի մեջ կորցնելով ու մրոտելով ամեն ինչ:
Նրանք չեն գիտակցում, որ կրակի են տալիս մի ամբողջ պատմություն, բայց փոխարենը՝ հիշում են ու անգիր են արել մեկ բան. հենց զբոսաշրջիկ են տեսնում՝ հավաքվում են ու ասում՝ money, money: Մեկ փող ուզելն են սովորել, մեկ էլ՝ ձեռքերի մեջ շատ արագ քարեր հավաքելն ու մարդկանց ուղղությամբ շպրտելը… թե այս վերջինն ինչո՞ւ են սովորեցնում երեխաներին,  առայժմ դժվար է  հասկանալ:
Անհասկանալի էր նաև Հայաստանում ապրող քրդի՝ հայերի խմբին մոտենալը, ազգությունը գաղտնի պահելն ու հայ ներկայանալը:
«Հայ եմ՝ քրդի դեմքով»,- մոտենալով ուխտավորների խմբին՝ ասաց նա ու ներկայացավ այսպես՝ Վանեցի Վաղո…:
«Հետաքրքիր է, արտաքինը բացարձակ հայի չէ, փոս ընկած, մանր աչքեր, կուզ…»,- մրմնջաց ներկաներից մեկը, բայց ոչ ոք նրա խոսքին ուշադրություն չդարձրեց:
«Գալու եմ՝ ապրեմ Վանում, երկքաղաքացիություն եմ ընդունելու, մերոնք այստեղի գյուղերից են եղել: Հայաստանում անտանելի է, վայ-վայ-վայ: Գիրք եմ գրելու՝ «Մատյան անտերության» վերնագրով: Իմ տատն է ինձ դաստիարակել… 20 օր է՝ Վանում էի, ապրելու համար լավ տեղ է»,- ասում էր նա:
Ի դեպ, նա հայերեն շատ լավ  էր խոսում, որը կասկածի տեղիք չէր տալիս, սակայն, երբ  հպանցիկ խոսեց Ցեղասպանության զոհ դարձած հարազատների մասին ու քուրդ վարորդի հետ շատ վարժ շփվեց քրդերեն, կասկածները գլուխ բարձրացրեցին:
Մեր հարցին՝ որտե՞ղ է այդքան վարժ քրդերեն սովորել, նա պատասխանեց, թե ինտերնետով է պարապել:
Նա խոժոռ դեմք էր ընդունում հատկապես այն ժամանակ, երբ հնչում էին հայկական ռազմահայրենասիրական երգեր: Իսկ գլուխը կախեց այն դեպքում, երբ խմբի անդամներից մեկն ասաց, թե հայերին թուրքերի հետ նաև քրդերն են կոտորել 1915 թվականին:
Այսպես, մեր նոր հյուրը խմբի անդամների հետ զրուցում էր, երբ լուր հասավ, թե նա իրականում քուրդ է…:
Մեր ճանապարհները բաժանվեցին, բայց այդպես էլ շատերի համար անհասկանալի մնաց այն, թե ինչո՞ւ էր այդ մարդը հայ ներկայանում, ինչո՞ւ էր Հայաստանն ապրելու համար անտանելի համարում, ինչո՞ւ էր փորձում քար նետել այն երկրի ուղղությամբ, որտեղ ապրում է, որտեղ ոչ ոք իրեն ցավ չի պատճառում: Իրականում ո՞վ էր քրդի դեմքով հայ ներկայացող անձն ու ի՞նչ էր ուզում հայերից:

https://168.am/2019/09/01/1166579.html

Комментариев нет:

Отправить комментарий