7/06/2013

Ցավոք, բացահայտումներ կատարեցի նույնիսկ գրքի տպագրությունից հետո.Ավետիք Գրիգորյան


Լույս է տեսել ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» 400 էջից  և  4 բաժիններից բաղկացած գիտահանրամատչելի գիրքը, ինչի առիթով  հեղինակը, ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսել է  գրքի, գիտության, Տիեզերքի ապագայի և այլ հարցերի մասին:

Կխնդրեի խոսեիք գրքի մասին: Ե՞րբ որոշեցիք նման մեծածավալ գիրք հրատարակել:

-«Գրքի ստեղծաման աշխատանքներ տարվել են  2002 թվականին, ավարտել եմ` 2007 թվականին: Այն ժամանակվանից փնտրել եմ հովանավորների: Գիրքն իրենից ներկայացնում է հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն` ճանաչման այն ուղու մասին, որ անցել է մարդկությունը. օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ սկսած քարե դարից մինչև մեր օրերը, ինչպես նաև գալիք տիեզերական ապագայի մասին»:

Նշեցիք, որ գրքում խոսվում է Տիեզերքի ապագայից: Ի՞նչ կասեք գիտնականների տարաբնույթ հայտարարությունների մասին` կապված ասենք Երկիր մոլորակի «վախճանի հետ»:

-Դրանք գիտական վարկածներ են, որոնք զուրկ չեն հիմքից, բայց, նաև շատ դեպքեր են եղել, երբ երկար տարիներ շրջանառվող վարկածը մեկ օրում հօդս է ցնդել` ապացուցելով ոչ ճիշտ լինելու հանգամանքը: Այսինքն, դրանք տեսական հիմքի վրա կատարված ուսումնասիրություններ են, որոնք դեռ շատ հղկման, մշակման, ստուգման կարիք ունեն, իսկ աստղագիտության մեջ դա շատ դժվար է, որովհետև էվոլյուցիոն պրոցեսները դանդաղ են ընթանում, միլիոնավոր, միլիարդավոր տարիներ են տևում և դժվար է հիմա ասել` այո’, մենք համոզվեցինք այս կամ այն հարցում:

Դժավար թե բացահայտումներ կատարած չլինեք ուսումնասիրությունների ընթացքում, հատկապես հայերին վերաբերող, այդպե՞ս  չէ:

-Իհարկե: Ցավոք, բացահայտումներ կատարեցի նույնիսկ գրքի տպագրությունից հետո և շատ ափսոսեցի, որ այդ մասին գրքում չի լինի: Օրինակ պարզեցի, որ «Բուրան» օդատիեզերական ինքնաթիռի` առանց օդաչուների ավտոմատ ղեկավարման  ծրագիրը, որն այդպես էլ չստացվեց ամերիկացիների մոտ և կատարվեց ԽՍՀՄ-ում` մշակվել է այստեղ` Երևանում:

Գիրքը, տեղյակ եմ, որ տրամադրվելու է ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի դպրոցներին: Որպես այլընտրանք, թե՞…

-Լինելու է որպես ուսումնամանկավարժական ձեռնարկ: Դրա միջոցով նույն Նյուտոնի օրենքները երեխաները շատ հեշտությամբ կհասկանան, կպատկերացնեն, քանի որ գիրքը գրված է գիտահանրամատչելի, զվարճալի ձևով:

Ինչ եք կարծում, գիտական գրականությունն ունի՞ ընթերցողը:

-Այն, ցավոք, դուրս է մղվել մեր իրականությունից, բայց պետք է ձգտել կոտրել այդ միտումը: Շատ գրքեր այսօր զուտ տեղեկատվություն են հաղորդում, ասենք, գրում են`  Սատուրնը օղակ ունի, բայց չեն բացատրում` ինչու: Իսկ այս գիրքն այդ ամենը բացատրում է: Գիրքը պայքար է մղում այսօրվա դոգմաների դեմ: Հույս ունեմ, որ կկորտրվի չկարդալու միտումը և մարդիկ չեն բավարավի միայն ինտերնետից տեղեկություն քաղելով:

 Հարցազրույցը` Անի Կարապետյանի

http://asekose.am/hy_AM/news/9/132455-cavoq--bacahaytoumner-katareci-nouynisk-grqi-tpagroutyounic-hetoavetiq-grigoryan.html 

Վարդավառը` աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն




Հուլիսի 7-ին կնշենք Վարդավառը, որը  Հայ Առաքելական Եկեղեցին նշում է որպես Քրիստոսի Պայծառակերպության տոն և հանդիսանում է հինգ տաղավար տոներից մեկը։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում (այստեղից էլ` Վարդավառին միմյանց ջրելու սովորությունը): Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:
Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

«
Մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը և ուր գետերի, աղբյուրների ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել: Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը: Բաժանվելով խմբերի` նրանք պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ: Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան Վահե Անթանեսյանը` հավելելով, որ տոնը սկսվում է շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները մատաղ են անում, անասուն մորթում և հավաքվում գիշերային խարույկի շուրջ:

«
Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել հատկապես Լոռիում, որտեղ Վարդավառը ժողովրդական ամենասիրելի տոնն է»,-փաստում է պատմաբանը:
Վարդավառը նաև խնձորի տոն է: Սեղաններին առատ է եղել միրգը: «Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին»,-նշեց Վահե Անթանեսյանը:
Ինչ վերաբերում է վարդավառ բառին, ապա պատմաբանը փաստում է, որ այն բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել: Տոնի սկզբին` հունիսի 27-ին (Վահագնի օրվան) գումարվում է մարտի 21-ից մինչև առաջիկա լիալուսին ընկած օրերի քանակը:
Պարզվում է, որ Վարդավառը եղել է նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն:

«
Այս տոնի ընթացքում կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները:

Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալ հորանց տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր»,-փաստեց պատմաբանը:

  
Անի Կարապետյան
 http://asekose.am/hy_AM/news/8/132623-vardavare-axjik-entrelou-e-axjkatesi-ton.html

Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդն ինքն իր հետ խոսում



Ընդունեք, որ ոչ մեկ անգամ եք ինքներդ ձեզ «բռնացրել» մենախոսելիս: Բնականաբար, այդ պահին շատ եք ամաչել, անգամ անհանգստացել եք հոգեկան վիճակի համար: Բայց, պարզվում է, մենախոսելն օգտակար է ուղեղի համար: Այս եզրահանգմանն են եկել ԱՄՆ Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանի գիտնականները:

Փորձի համար մարդիկ փնտրել են իրենց կորցրած իրերը: Այդ ընթացքում հետազոտողները մասնակիցների մի մասին թույլ են տվել մենախոսել, մյուս մասին` ոչ: Արդյունքում, նրանք, ովքեր մենախոսել են, իրն ավելի արագ են գտել:

Փորձագետների կարծիքով մարդու` ինքն իր հետ խոսելը արագացնում է ուղեղի աշխատանքը, բարձացնում է ընկալողականությունը, ուշադրությունը: Իսկ այս դեպքում, ըստ գիտնականների, մարդը հարցի լուծումն ավելի արագ է գտնում. գրում է «Կոմսամոլսկայա պրավդան»:

Հուլիսի 6-ը համբույրի, ասել է թե պըռչ-պըռչացնողների համաշխարհային օրն է


 Հուլիսի 6-ը համբույրի համաշխարհային օրն է: Առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: XIX դարի վերջին Ալբիոնի ափերին որոշվեց, որ համբույրն արժանի է տոնի կարգավիճակ ստանալուն: ХХ դարի վերջին տոնը հաստատվում է ՄԱԿ-ի կողմից:
Այս օրը մի շարք երկրներում տարբեր մրցույթներ են անցկացվում` կապված ամենաերկար, ամենագեղեցիկ, անսովոր համբույրի հետ:
Սակայն, չգիտես ինչու, թվում է, թե այդ մրցույթներն ամեն օր են անցկացվում, հատկապես ՀՀ-ում: Սրճարաններում, փողոցներում, կանգառներում, երթուղայիններում,  ծառին, թփին, արձանին միշտ հառնում են մեկը մյուսի աչքի ճպուռն հանող, աշխարհի վերջին հավատացող, խաչապուրի դարձած  «սիրահար» զույգերը:
Դե արի, խեղճ երեխա, աչքերդ փակիր, մի’ տես, մի’ սովորի'ր, դե արի ծերունի` մի զայրացիր, դե արի ու ով մարդ մի գարշիր: Եկե’ք ու հասկացրեք այս մարդկանց, որ իրար պըռչ-պըռչացրեք ոչ հասարակական վայրերում:
Այս մտահոգիչ հարցի առիթով փորձեցինք օգնության կանչել ՀՀ հոգեբաններին` նրանց ուղղելով հետևյալ հարցը. «Հանրության աչքի առջև համբուրվողներին հոգեբանական ո՞ր վիճակն է բնորոշ: Արդյո՞ք դա կապ ունի ինքնագնահատականի հետ»:
Հարցը մնաց օդում, քանի որ վայ-հոգեբանները եկան, տեսան, թեման համարեցին անլուրջ ու թռան: Երևի այնքան է անլուրջ, որ վաղը նրանք հանդես կգան ասուլիսներով և կխոսեն անդաստիարակ, այլասերված, հազար ու մի հիվանդություններ ձեռք բերած անձանց մասին` մոռանալով դրանց աղբյուրներից մեկը:
Ինչևէ, եկեք սա էլ տոնենք, ինչ է եղել որ, հո Եվրոպայից հետ չենք մնալու..ախր, չէ՞ որ այս հարցերում առաջամնաց ենք, իզուր չէ, որ անբարոյական երկրների ցանկում պատվավոր տեղ ունենք:

 Նյութը` Անի Կարապետյանի
http://asekose.am/hy_AM/news/8/132595-houlisi-6-e-hambouyri--asel-e-te-perc-percacnoxneri-hamasxarhayin-orn-e.html