10/04/2025

Մեծարենց

 

Պիտի ապրես ու ապրեցնես

Բարի ու քնքուշ, միևնույն ժամանակ ամուր բնավորությամբ կին էր Մեծարենցի մայրը՝ Իսկուհին։ Մեկ տարեկանում Միսաքը ծանր հիվանդանում է, բժիշկը ապրելու հույս չի տալիս։ Մինչ մյուս հարազատները լուրը լսելով սկսում են արտասվել, մայրը բոլորին սթափեցնում է ու խոսքը Միսաքին ուղղելով՝ ասում է․ «Չէ, Միսաքս, պիտի ապրիս ու պիտի ապրեցնես, որ օր մը հավատքի երգն երգես ամենուս»։

Ու չի սխալվում։

«Նոր գրիչ մը․․․»

 

Մեծարենցը հանդես է եկել նաև Շավասպ Ծիածան գրական անունով։ Պոլսում ապրելու ընթացքում պատանի բանաստեղծը փորձում էր տպագրել իր բանաստեղծությունները, բայց զարմանալի մերժողական վերաբերմունքի էր հանդիպում։ Մեծարենցն էլ հետաքրքիր քայլ է անում․ բանաստեղծություններ է ուղարկում  աղջկա անունից՝ Սիրանուշ Պերպերյան։ Բանաստեղծությունները տպագրում են, ավելին, խմբագրությունը ողջունում է «օրիորդին»՝ ներկայացնելով իբրև «Նոր գրիչ մը»։ Հայտնի երգը  ևս՝ «Կարմիր ծաղիկ մը գարունի», Մեծարենցը գրել  և ուղարկել է աղջկա անունից։

Բժշկող սեր

 

Մեծարենցը մտերիմ էր Տիգրան  և Օֆելյա Գասապյանների հետ։ Նրանք ամուսիններ էին, մասնագիտությամբ բժիշկներ ու շատ էին սիրում Մեծարենցի հետ զրուցել կյանքի, գրականության ու արվեստի մասին։

Մեծարենցը հոգեկան մեծ կապվածություն էր զգում հատկապես Օֆելյայի նկատմամբ։ Պահպանվել են նրան ուղարկված նամակները, որոնցում երևում է այդ մեծ սերը։

«Դարձյալ ճառագայթի պետք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մեջ քու գաղափարիդ լույսը ու մոտենամ քաղցր ու սփոփարար հոգիիդ, ո՜վ ճառագայթ քույրս, որովհետև այս առտուան բոլոր արփային ճառագայթներուն մեջեն քույր մը չգտա ինծի․․․ որ հոգվույս մթությունը լուսավորեր…»։

Բժիշկ Տիգրան Գասապյանը իր օրագրում մեծ ցավով է գրել Մեծարենցի վերջին օրերի տառապանքների մասին․ «Ո՛ւֆ, կարյունի սիրտս, վա՛խ Մեծարենց: Կը բժշկագործեմ։ Կը հատնին կոր թոքերը: Սիրտը կը բաբախե տենդոտ. ա՛խ, ի՜նչ կսկիծով կը լսեմ: Հետո խորհուրդներ, մխիթարություններ, որոնց թույնը լեզուն կայրե»։

Այսօր էլ ապրեցանք․․․

 

 Մեծարենցը սիրում էր երեկոները այցելել իր բարեկամներին ու լսել բժշկուհու երգերը։ Հրաժեշտից առաջ ասում էր․ «Այսօր էլ ապրեցանք»։

Օֆելյային սպասելու հոգեվիճակն արտացոլված է «Վայրկյան» (արևելահայերեն՝ րոպե) բանաստեղծության մեջ․

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.

Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.

Երազներու պերճուհին է որ կ’անցնի,

Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար․․․

Խորհրդանշական մատանին

 

Մեծարենցի մայրը՝ Իսկուհին, որդուն նվիրել էր ոսկե մատանի, որի ագաթե քարի վրա փորագրված էր․ «Կատարեալ սեր մերժե զերկյուղ» աստվածաշնչյան խոսքը «Երգ Երգոցից»։ 

Մեծարենցի ողջ կյանքը եղավ այս խոսքի հաստատումը։ Նրա  անհուն, տիեզերական սերը վանեց մահվան վախն ու ապրեցրեց նրա մաքո῀ւր, զգայուն հոգին բանաստեղծություններում։

Որդու մասին պատմելիս Իսկուհին վերցրել էր նրա նկարն ու ասել․ «Մեռած օրն ալ ասանկ Հիսուսին պես պզտիկ մորուք մը ուներ»։

Հիսուսի պես։ Ենթագիտակցական համեմատություն, որ թույլ էր տալիս բանաստեղծի անանձնական էությունը։

 

 

 

 

Մեծարենցի մատանին այժմ ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում։

Մայրիկ, վայրկյան մը սենյակեն դուրս կելլե՞ս․․․

 

Մայրը պատմում է, որ մահվան շունչը զգալով՝ Միսաքը նրան խնդրում է դուրս գալ, որ մորը տառապանքը չավելացնի․ «Մայրիկ, վայրկյան մը սենյակեն դուրս կելլե՞ս»։ Խոստանում է շուտով կանչել։ Քիչ անց մայրը հարցնում է՝ ներս մտնի՞, թե՞ ոչ։ Բայց արձագանք չի լսում։ Որդին լուռ անէացել էր։

Մայրը Միսաքի կորուստը սգում է մինչև լույս հայրենի Ակնի սգերգերը երգելով․ որդին սիրում էր նրա երգը․․․

Դրվագներ՝ Համո Սահյանի կյանքից

 

Երբ Համո Սահյանը փոքր էր, մի օր, երբ ծնողները գնացել էին սար՝ խոտհնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր՝ Համոյի հետևից, որ գնան դաշտ՝ սինձ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույրը ու չեն կարողանում առաջ շարժվել․ ախորժելի հոտը արբեցնում է քաղցած մանուկներին:


Հանկարծ լավաշի դարսը թևին գցած՝ դուրս է գալիս ծեր հացթուխը և երևի խղճալով սովահար փոքրիկներին՝ երկու լավաշ է տալիս:

«Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց»:- Հիշում է Համո Սահյանի քույրը՝ Հասմիկը:

Ծնողները հարցնում են, թե երեխաները արդյոք կերե՞լ են։ Նրանք պատասխանում են, որ ոչ։ Մայրն ու հայրը լաց են լինում։

Համո Սահյանը միշտ հուզմունքով էր հիշում իր կյանքի այս դրվագը։ Տասնամյակներ անց նա քրոջն ասում է․ «Էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…»։

1916 թ․ Ակսել Բակունցը՝ որպես ուսուցիչ, գալիս է Լոր գյուղ՝ Համո Սահյանի ծննդավայր։  Բակունցին բոլորը Ալեքսանդր վարժապետ էին ասում և պաշտում էին նրան՝ որպես ուսուցչի՝ չիմանալով նրա նաև գրող լինելու մասին։

Մեկ տասնամյակ անց Բակունցը կրկին Լոր գյուղ է գալիս՝ այս անգամ որպես գավառի գլխավոր գյուղատնտես։

Հետագայում Համո Սահյանը հուշերում գրում է․ 

«Ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները։ Գրիչս անզոր է։ Միայն երկու բան լավ հիշում եմ․ մեկ այն, որ շենաթաղցիները նրան սիրով ընդունեցին ու տարան իրենց գյուղը, և մտածում էի, թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրան բոլորը սիրում ու մեծարում են։ Մեկ էլ այն, որ նախանձից պայթում ու արցունքից խեղդվում էի, թե ինչու նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ ընկեր Համբարձումը․․․»

 

Տարիներ հետո Սահյանը պիտի կարդար «Ծիրանի տափը» պատմվածքը ու զարմանար՝ ո՞վ է Ակսել Բակունցը, որ այդքան լավ գիտի իրենց գյուղերի պատմությունը։ Նույնը պիտի մտածեր նաև «Խոնարհ աղջիկը» կարդալիս։ Օրերից մի օր բացվում է գաղտնիքը, երբ Սահյանը Ակսել Բակունցի կենսագրության մեջ կարդում է նրա՝ Լոր գյուղում ուսուցչություն անելու մասին։

«Ի՞նչ իմանայի,- գրում է Համո Սահյանը,- որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ․․․»։

Համո Սահյանի մայրը վաղ է մահանում։ Երեք ամսական տղայի՝ Հայկի խնամքի պատասխանատվությունն ու հոգսը մնում են տասներկուամյա քրոջ՝ Հասմիկի վրա, մյուսները Հասմիկից փոքր էին։

Համո Սահյանն այդ ժամանակ քսանմեկ տարեկան էր, Բաքվում էր սովորում: Երբ գնում էր հայրենի գյուղ, ինքն էր խնամում փոքրիկին՝ օրորում, կերակրում, լվանում շորերը։ Ասում էր. «Գոնե մի լավ բան արած լինեմ մամայի համար…Մորս համար ոչինչ չհասցրի անել…»:

Սակայն ամիսներ անց փոքրիկը մահանում է։ Սահյանը շատ ծանր է տանում փոքր եղբոր մահը։

Երեխայի թաղումից հետո, երբ ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջ, Սահյանը, արցունքն աչքերին, 12-ամյա քրոջը` Հասմիկին, խնդրում է մայր լինել քույրերի ու եղբայրների համար…
Այդ օրվանից ի վեր քույրերն ու եղբայրները Հասմիկին մամա են կոչել… Նամակներում գրում էին․ «Սիրելի մամա Հասմիկ…»:

 

Ըստ  Սուսաննա Բաբաջանյանի հոդվածի 

 

 

 

Համո Սահյանը շարքային նավաստի էր, երբ «Նաիրյան դալար բարդին» և մի քանի այլ ստեղծագործություններ ուղարկում է Երևան՝ Ստեփան Զորյանին։ Չգիտեր, թե ինչ կլիներ իր հետ, ուզում էր՝ գոնե բանաստեղծությունները ապրեին։

Ստեփան Զորյանը բանաստեղծությունները տպագրում է, դրանք նաև ռուսերեն թարգմանությամբ լույս են տեսնում «Պրավդա» թերթում։ Այսպես է ստացվում, որ «Պրավդայի» այդ համարը ընկնում է նավի հրամանատարի օգնականը ձեռքը։ Սահյանին բոլորը ճանաչում էին անձնագրային անուն-ազգանունով՝ Հմայակ Գրիգորյան, և տեղյակ չէին, որ բանաստեղծություններ է գրում։

Հրամանատարի օգնականը կանչում է Սահյանին և առաջարկում է կարդալ հայրենակցի գրած բանաստեղծությունը․

-Հանճարեղ բանաստեղծություն է։ Զինվորի սրտից է խոսում շուն-շանորդին։

Սահյանը չի ուզում ասել, որ գրողը ինքն է, որոշում է խորամանկել, ասում է, թե անձամբ ճանաչում է այդ  բանաստեղծին։

Սակայն հրամանատարի օգնականը չի հավատում․

-Համա թե գլուխ գովալ գիտես, հա, նավաստի՛ Գրիգորյան,- ասում է նա։

 

Ըստ Ստեփան Վարդանյանի 

 

Պատերազմի ժամանակ Սահյանը մի անգամ կապիտանի  հրամանը չի կատարում ու, ի հակառակ իրեն տրված «կրակ» հրամանի, վազում է՝ ջուրն ընկած մեկին փրկելու։

Կապիտանը կանչում է, բացատրություն պահանջում, Սահյանն էլ պատմում է կատարվածը, բայց կապիտանը համառում է. «Քեզ կարգադրված է եղել՝ «կրակ», դե հիմա շրջվիր և քայլ առաջ արա»։ Հրամանը մի քանի անգամ կրկնվում է։

Այդպես Սահյանը հասնում է նավի եզրին ու կանգնում, կապիտանը թիկունքից նորից է կրկնում՝ քայլ առաջ։

 Ձմեռ, ցուրտ, սառնամանիք․ Սահյանը մի քայլ էլ է առաջ գնում՝ հենց զինվորական շինելով ցատկելով ջրի մեջ։

Ճիշտ է, անմիջապես հանում են ջրից, բայց արդեն սառած է լինում, ու դրանից հետո նրա մի թոքը վնասվում է։

 

Ըստ Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի պատմածի

 

Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը: Հրաժարվում է.
-Ընտանեկան ալբոմում հաճախ մերկ երեխաների լուսանկարների ենք հանդիպում: Դրանք հրապարակավ չեն ցուցադրում, տան համար են:

 «Քո և Համո Սահյանի տարբերությունը ո՞րն է»,-  հարցնում են Շիրազին:

«Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն՝ Համոն՝ գլուխը կախ, ես՝ գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես՝ ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը՝ ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն՝ խոտի վրայի շաղով: Էսքանը»:

 

Նմանատիպ մի հարց էլ տալիս են Սևակին, նա էլ, խոսքը Համո Սահյանին ուղղելով, ասում է․ «Դու շինականի որդի ես, քո խոսքը Հորովելն է, ես տերտերի թոռ եմ, իմ խոսքը Պատարագն է»։

7/11/2025

Գիտե՞ք, որ ծխողների ուղեղն ավելի փոքր է, քան չծխողներինը


Ծխելու վնասակար հետևանքների երկար ցուցակին ավելացել է ուղեղի ծավալի փոքրացումը: Որ ծխողների ուղեղն ավելի փոքր է, քան չծխողներինը, հայտնի է վաղուց, բայց մինչև հիմա պարզ չէր հետևանքի և պատճառի հարաբերակցությունը: Կամ ծխելու հակում ունեն նրանք, որոնց ուղեղն ի ծնե փոքր է կամ այդ փոքրացումն առաջանում է ծխախոտից:

Անգլիայում բազմաթիվ տարիների ընթացքում կուտակված տվյալների հիման վրա ամերիկյան բժիշկները հանգել են երկրորդ եզրակացությանը: Անգլիական հատուկ կենսաբանկը 2006 թվից հավաքում է Մեծ Բրիտանիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների առողջության և կենսակերպի մասին մանրամասն տեղեկություններ, որոնք ինքնակամ որոշել են օգնել գիտությանը: Ուսումնասիրության համար առանձնացրել են 28404 մարդու անանուն տվյալներ, որոնց մի մասը քիչ թե շատ կանոնավորապես ծխում է, մի մասը երբեք չի ծխել, և մյուս մասը թողել է այդ զբաղմունքը: Պարզվել է, որ ծխողների գլխուղեղի ընդհանուր ծավալը (չափվել է ՄՌՇ սարքով) հսկողության ընթացքում փոքրացել է միջինը 7,1 սմ3 -ով: Այսպես կոչված գորշ նյութի (նեյրոնների մարմինների և նրանց կարճ ելուստների՝ դենդրիտների) ծավալը նվազել է մինչև 5,6 սմ3, իսկ սպիտակ նյութինը (աքսոնների՝ նեյրոնների երկար ելուստների խրձերը, որոնք իրար են
կապում ուղեղի տարբեր բաժինները)՝ մինչև 1,6 սմ3 -ով: Սրանք միջին թվեր են, իսկ օրվա
մեջ մեկ տուփից ավելի ծխողների գորշ նյութը փոքրանում է ավելի արագ: Սպիտակ նյութի
համար ծխելու ուժգնությունը ծավալի կրճատման վրա չի ազդում: Եթե թողնեն ծխելը, վնասակար արդյունքը փոքր-ինչ կհարթվի. ամեն մեկ տարվա չծխելը վերականգնում է ուղեղի 0,09 սմ3 ծավալ: Այնպես որ, լավ է նույնիսկ չսկսել։

Ռոբոտն առաջին անգամ վիրահատություն է կատարել

Նոր ուսումնասիրության համաձայն՝ արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտը ճշգրիտ կատարել է լեղապարկի հեռացման բարդ մասը՝ վիրաբույժների վիրահատությունների տեսանյութերից սովորելու միջոցով: Ջոնս Հոփքինսի համալսարանի (Բալթիմոր) հետազոտողների ղեկավարած ուսումնասիրությունը պարզել է, որ խոզերի լեղապարկերի վրա փորձարկումների ժամանակ ռոբոտի աշխատանքը «համեմատելի է փորձառու վիրաբույժի աշխատանքի հետ»:

«Այս առաջընթացը մեզ տեղափոխում է այն ռոբոտներից, որոնք կարող են կատարել վիրահատական կոնկրետ առաջադրանքներ, դեպի ռոբոտներ, որոնք իսկապես հասկանում են վիրահատական գործընթացները»,-ասել է ուսումնասիրության համահեղինակ, բժշկական ռոբոտատեխնիկ Աքսել Կրիգերը:

Չնայած Կրիգերը և նրա գործընկերները նախկինում ռոբոտներ են սովորեցրել կատարել վիրահատական կոնկրետ առաջադրանքներ, սա առաջին անգամ էր, երբ ռոբոտը կարողացավ աշխատել ինքնուրույն՝ առանց նախապես որոշված պլանի: Ռոբոտին ուղիղ ճանապարհով տանելու փոխարեն, Կրիգերը իրենց վերջին նվաճումը համեմատել է «ռոբոտին ցանկացած ճանապարհով նավարկել սովորեցնելուն՝ ցանկացած պայմաններում, խելամտորեն արձագանքելով այն ամենին, ինչի հետ այն բախվում է»:

Ռոբոտը նաև կարողացել է սովորել և արձագանքել թիմի ձայնային հրամաններին, ինչպես նորեկ վիրաբույժը, որը աշխատում է մենթորի հսկողությամբ: Սովորելուց հետո ռոբոտը ինքնուրույն վիրահատել է ութ խոզի լեղապարկ՝ առանց մարդու միջամտության:

«Ինձ համար դա իսկապես ցույց է տալիս, որ հնարավոր է ինքնուրույն կատարել բարդ վիրահատական գործողություններ», - ասել է մեխանիկական ճարտարագիտության դոցենտ Կրիգերը: «Սա հասկացության ապացույց է, որ դա հնարավոր է, և այս նմանակման ուսուցման շրջանակը կարող է ավտոմատացնել նման բարդ գործընթացը այդպիսի բարձր ամրությամբ»:

«Համեմատելի է փորձառու վիրաբույժի հետ»
Չնայած ռոբոտն ավելի երկար ժամանակ է ծախսել, քան մարդ վիրաբույժը, հետազոտողները նշում են, որ այն ունեցել է 100% հաջողություն բոլոր ութ վիրահատությունների ժամանակ և կարողացել է հարմարվել տարբեր խոզերի լեղապարկերին և անսպասելի իրավիճակներին, օրինակ, երբ դրա մեկնարկային դիրքը փոխվել է: Միջին հաշվով, ռոբոտին հինգ րոպե և 17 վայրկյան է պահանջվել պահանջվող առաջադրանքները կատարելու համար, իսկ մարդ վիրաբույժին՝ մոտ չորս րոպե:

Լեղապարկի հեռացման գործընթացը պահանջում էր 17 առաջադրանքների շարք, ներառյալ որոշակի խողովակների և զարկերակների հայտնաբերումը՝ սեղմակներ տեղադրելու և մկրատով մասեր կտրելու համար:

Գիտնականները Բուլղարիայի միջնադարյան պարիսպների մոտ թաղված հայերի ոսկորների մնացորդներ են գտել


Պոպուլյացիոն գենետիկայի մասնագետները
վերծանել են 14-րդ դարում Բուլղարիայի միջնադարյան պարիսպների մոտ թաղված երեք անհատների ԴՆԹ-ն։ Գիտնականները պարզել են, որ մնացորդները պատկանում էին երկու տղամարդու և մեկ կնոջ։ Առաջին երկուսը գենետիկորեն մոտ էին հայերին, իսկ կինը պատկանում էր տեղական ֆիննո-ուգրական ժողովուրդներին մոտ բնակչությանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Վավիլովի գենետիկայի ամսագրում։

Թաթարստանի Հանրապետության հարավ-արևմտյան մասում գտնվում է հնագույն և միջնադարյան Բուլղար (Բուլղար) քաղաքի ավերակները, որը հիմնադրվել է ոչ ուշ, քան մ.թ. 10-րդ դարում։ Այս քաղաքը պատմության ընթացքում կարևոր դեր է խաղացել որպես Վոլգա-Կամայի Բուլղարիայի, ապա՝ Ոսկե Հորդայի վարչական և առևտրա-արհեստագործական կենտրոն, ընդ որում, երկու պետություններում էլ Բուլղարը որոշ ժամանակ հանդիսացել է մայրաքաղաք։

Բուլղարը բազմազգ քաղաք է եղել։ Քաղաքի ռազմավարական դիրքը և նրա կարևոր առևտրական դերը գրավել է մարդկանց նաև այլ տարածաշրջաններից։ Օրինակ, լավ հայտնի է, որ Բուլղարի ամրությունների անմիջական հարևանությամբ գտնվում էր հայկական գաղութ՝ եկեղեցիով։

Տատյանա Անդրեևան՝ «Սիրիուս» գիտա-տեխնոլոգիական համալսարանից, իր գործընկերների հետ ներկայացրել են միջնադարյան Բուլղարիայի մնացորդների գենետիկական վերլուծության արդյունքները։ Գիտնականները կենտրոնացել են այսպես կոչված Հունական պալատի մոտ 1940-ականներին պեղված գերեզմանների վրա։ Այդ պեղումների նյութերից նրանք ընտրել են երեք անհատների ատամները, որոնք, ըստ երևույթին, մահացել են մ.թ. 14-րդ դարի առաջին կեսին։

Գենետիկները պարզել են, որ ատամներից մեկը պատկանում էր մի կնոջ, որը կրում էր A+152+16362 միտոքոնդրիալ հապլոխումբ։ Հետազոտողների տվյալներով՝ այս մայրական գիծը հիմնականում հանդիպում է Արևելյան Ասիայի բնակչության, ինչպես նաև բնիկ ամերիկացիների մոտ։ Ինչ վերաբերում է ժամանակակից եվրոպացիներին, ապա միտոքոնդրիալ A հապլոխումբը ամենից հաճախ հանդիպում է վոլգայի թաթարների և բաշկիրների մոտ, որոնց բնակչության մեջ դրա տեսակարար կշիռը չի գերազանցում 3.6%-ը։ Այս կնոջ միջուկային գենոմի վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, նա ծագում էր Վոլգա-Ուրալի տարածաշրջանի տեղական ֆիննո-ուգրական ցեղերից կամ թյուրքալեզու բնակչությունից, որի էթնոգենեզում մասնակցել է տեղական հնագույն բնակչությունը։

Ի հակադրություն, երկու տղամարդիկ էլ, ըստ երևույթին, միգրանտներ կամ այցելու վաճառականներ էին։ Գիտնականները նրանց մոտ հայտնաբերել են I5c3 և H78 միտոքոնդրիալ հապլոխմբեր, ինչպես նաև R1b1a1b1 և G2a2b1a1 Y-քրոմոսոմային հապլոխմբեր։ Միջուկային գենոմի ուսումնասիրությունը (ի հավելում նշված միածնողական մարկերների վերլուծության) ցույց է տվել, որ այդ տղամարդիկ նման են ժամանակակից Հայաստանի և Թուրքիայի բնակչության ներկայացուցիչներին։ Ավելին, նրանք մոտ են Կուր-Արաքսյան հնագույն մշակույթի կրողներին, որը գոյություն է ունեցել բրոնզեդարյան դարաշրջանում Կովկասում և հարակից տարածքներում։

Հատկանշական է, որ դեռևս պալեոգենետիկայի մեթոդների հայտնվելուց շատ առաջ անթրոպոլոգները նշել են այսպես կոչված Հունական պալատի տղամարդկանց գանգերի նմանությունը ժամանակակից հայերի գանգերին, մինչդեռ կանանց գանգերը ցույց են տվել նմանություն ֆիննո-ուգրական ժողովուրդների ներկայացուցիչների հետ։ Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները համահունչ են այն տվյալներին, որ Բուլղարիայի բնակչության զգալի մասը կազմել են հայկական ծագում ունեցող միգրանտներ կամ այցելու վաճառականներ, ովքեր, հնարավոր է, ամուսնանում էին տեղացի կանանց հետ։ Սակայն, ինչպես նշել են հոդվածի հեղինակները, վերջնականապես հաստատելու համար վերջին թեզը, անհրաժեշտ է ընդլայնել նմուշը և բացահայտել խառը ամուսնությունների ժառանգներին։