12/17/2025

Ինչո՞ւ է արեւելյան սոսին Հայաստանում համարվել սրբազան ծառ

 


Սոսին (չինարի) հսկա ծառ է՝ մինչև 50 մետր բարձրությամբ և 2-3 մետր տրամագծով: Այն հիմնականում կեղևազուրկ է, ցողունը՝ կանաչամոխրագույն է: Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով: Իսկ ծաղիկները մանր են, երկար կոթուններով:

Սոսին սիրում է ջերմություն, լույս և խոնավություն: Այն երկարակյաց ծառ է. ապրում է ավելի քան 2 հազար տարի և աճում է չափազանց արագ: Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է:

Հայտնի է սոսու մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին թերակղզի: Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև: Առաջինն իր բնական միջավայրում կգտնեք Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում: Իսկ թխկիատերև սոսին ներմուծված է և հանդիպում է ամենուր: Հնադարում Հայաստանի մայրաքաղաք Արմավիրը հռչակված էր նաև իր Սոսյաց անտառով:

Մեր հայրենիքի ամենահին և ամենամեծ սոսին գտնվում է Արցախում՝ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում: Դա հայտնի Տնջրին է, որն ամենատարեցն էր ողջ Խորհրդային Միության տարածքում: Հսկա ծառի սաղարթի ստվերը տարածվում է ավելի քան 1400 մետր քառակուսի:

Այս ծառի փչակում կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Տնջրին ունի մոտ 18 հարկանի շենքի բարձրություն։ Մոտակայքից բխում է սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ և՛ ծառն է սնել, և՛ հագեցրել անցորդի ծարավը: Հորդառատ աղբյուրն անգամ ջրաղացի քար է շարժել։

Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար: Ի դեպ, ժամանակի ընթացքում սոսին դարձել է նաև անձնանուն՝ Սոս տարբերակով: Սոսին նվիրական ծառ է քրիստոնյաների համար: Ավանդության համաձայն՝ երբ Քրիստոսին որոնում են բանտարկելու նպատակով, Նա պահվում է սոսու սաղարթների մեջ։ Հետապնդողները մոտենալիս ծառի վրայից կկվի ձայն են լսում: Կարծելով, որ եթե մոտակայքում մարդ լիներ, կկուն չէր թառի ծառին՝ նրանք հեռանում են: Եվ Քրիստոս օրհնում է սոսին, որպեսզի այն տարին բոլոր դալար մնա:

10/04/2025

ՐԱՖՖԻ

 

Տեր Թոդիկի նախատիպը Փայաջուկի գյուղական դպրոցում եղել է մի վանեցի ուսուցիչ, որի մոտ գյուղի առաջավոր մարդկանց որդիները մի քիչ հայերեն էին սովորում, այն էլ գրաբար... Այդ դպրոցի վարժապետը անվանի էր նրանով, որ «գավազանավ երկաթյավ» չէր պատժում իր աշակերտներին, այլ միայն ապտակահարությամբ: Ահա այդ դպրոցում էր սովորում Հակոբը (Րաֆֆին): Մի անգամ էլ չի դիմանում՝ տեսնելով, թե ինչպես է վարժապետը ընկերոջը պատժում: Կառչելով վարժապետի օձիքից՝ շնչասպառ գոռում է․

-Հերիք մեզ տանջես...

-Դու ինչո՞ւ ես խառնվում, Հակոբ, երբ ես իմ աշակերտներին ապտակում եմ, - ասում է ուսուցիչը, - քեզ չեմ պատժում:

- Միևնույն է,- պատասխանում է պատանի Րաֆֆին,- մի օր էլ ինձ այդ օրին կգցես:

Ճիշտ է, վարժապետը չի համարձակվում պատժել Հակոբին՝ Մելիք-Միրզայի որդուն, բայց նա դուրս է գալիս դպրոցից ու ուսումը շարունակում Թիֆլիսում:

Րաֆֆին մանկության օրերին հանդուգն էր և սրամիտԴպրոցից տուն վերադառնալով՝ նա երբեք հանգիստ չէր մնում: Բացի իր համար հատուկ մանկական խաղեր և զվարճություններ որոնելուց, նա ստիպում էր տատին ու մորը, որ շարունակ զրույցներ, առասպելներ և հեքիաթներ պատմեն,  ու ինքն էլ ուշադիր լսում էր: 

Րաֆֆին նկարչական ձիրք և ճաշակ ուներ: Նկարում էր մարդկանց պատկերներ, ծաղիկներ, քարտեզներ և այլն: Հատկապես սիրում էր հրացան գործածել և ձի հեծնել, որ սովորել էր հենց իրենց տանը: Սովորելու հարցում այնքան հաջողակ էր, որ թե ծնողներին և թե ուսուցչին զարմացնում էր:

Րաֆֆին՝ որպես ուշիմ պատանի, սկսել էր հորը շատ հարցերում օգնել։ Ամբողջ ընտանիքի աչքը Րաֆֆու վրա էր՝ որպես հոր արժանավոր հաջորդի, իսկ հայրը՝ Մելիք-Միրզան էլ հաճախ ասում էր. «Իմ Հակոբի հատը ողջ Սալմաստում չկա»:

 

    Ըստ Րաֆֆու ընկերոջ՝ Ավագ Ավթանդիլյանի հուշերի 

Սառա

 

Րաֆֆու «Սառա» պոեմը ինքնակենսագրական է։ Այն նրա պատանեկան սիրո ողբերգական պատմությունն է։ Պատանի Հակոբն (Րաֆֆին) ու Սառան սիրում էին իրար։ Հակոբը յուրօրինակ ձևով է իր սիրո մասին հայտնում։ Մի մեծ խնձորի վրա թղթե տառերով փակցնում է աղջկա անունը։ Խնձորը հասունանում, կարմրում է, թղթի տեղերը մնում են սպիտակ։ Նա այդ խնձորը նվիրում է աղջկան, նա էլ սիրով ընդունում է։ Երբ հայրը Հակոբին ուղարկում է Թիֆլիս՝ սովորելու, աղջիկը խոստանում է սպասել։ Անցնում են տարիներ, աղջկան շատ հարսնախոսներ են գալիս, իսկ նա մերժում է։ Ծնողները, համբերությունը հատած, բռնությամբ նշանում են տանուտերի որդու հետ։ Բայց աղջիկը եկեղեցական արարողության ժամանակ թույն է խմում ու հենց այնտեղ էլ մահանում։

Այս ողբերգական դեպքը շատ է ազդում Րաֆֆու վրա։ Ականատեսների վկայությամբ՝ Փայաջուկ գնալիս Րաֆֆին միշտ այցելում էր Սառայի շիրիմին։

Րաֆֆու մի քանի պատմվածքներ նվիրված են նույն խնդրին։ Երիտասարդ հերոսները կործանվում են՝ իրենց սիրելիներից բռնությամբ բաժանվելու պատճառով («Անբախտ Հռիփսիմե», «Ուխտյալ միանձնուհի» և այլն)։ 

Րաֆֆին Սառա անունով հերոսուհիներ ունի նաև «Խենթը», «Դավիթ Բեկ», «Խաչագողի հիշատակարանը» վեպերում։

Աննա

 

Րաֆֆին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Աննային, 31 տարեկանում։

Ուրմիայի դպրոցի ավարտական հանդեսի ժամանակ Րաֆֆին լսում է Աննայի երգը և որոշում, որ նա է լինելու իր կինը։

 

Ասորի քրիստոնյա քարոզչի դուստր էր Աննան։ Րաֆֆին պարզում է, որ աղջիկը նշանված է մի բժշկի հետ, բայց չի հուսահատվում, այցելում է Աննայի հորը։ Եվ երբ դուրս է գալիս տնից, Աննայի նշանածը մեծ քարով թիկունքից հարվածում է։ Րաֆֆին ուշաթափ ընկնում է։ Աննայի հայրը նրան տանում է տուն և խնամում։ Այդ ընթացքում Րաֆֆին հայտնում է իր մտադրության մասին և դրական պատասխան ստանում։

 

Աննան շատ շուտ է սովորում հայերեն խոսել և գրել։ Երբ Րաֆֆին մահանում է, նրա գրական ժառանգությունը հրատարակելու պատասխանատու գործը ստանձնում է Աննան։ Նա ամուսնու մասին նաև հուշեր է գրել, բայց մեզ հասել է միայն մի փոքրիկ հատված, որտեղ երևում է նրա անմնացորդ նվիրումը ամուսնու նկատմամբ։

Մտափոխված մարդասպանը

 

Մի անգամ Րաֆֆու սենյակ են ուղարկում վարձու մարդասպանի՝ Քարամին։ Գիշերվա լռության մեջ Քարամը մտնում է Րաֆֆու սենյակն ու հետևում, թե ինչպես է իր զոհը անդադար գրում՝ չնկատելով ավազակի ներկայությունը։

Ավազակի վրա ազդում է այդ տեսարանը։ Նա Րաֆֆուն ասում է․

- Ինձ ուղարկել են քեզ սպանելու, բայց ես գործ չունեմ այն մարդկանց հետ, որոնք սրի փոխարեն գրիչ են շարժում։ Վեր կաց, շտապիր, քեզ քաղաքից հեռացնեմ։

Րաֆֆին քաջ ճանապարհորդ էր՝ պատրաստ դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի։ Մի անգամ Րաֆֆին գիշերում է մի տանը, որի տերը ուզում էր նրան կողոպտել։ Նա Րաֆֆուն հարցնում է․«Ի՞նչ կանեիր, եթե մեզ վրա ավազակներ հարձակվեին»։ Րաֆֆին ամեն ինչ հասկանում է և ցույց տալով իր ատրճանակը՝ ասում է, որ ցույց կտար իր զենքի զորությունը։

Ավազակը հասկանում է, որ պետք չէ նրա հետ գործ բռնել։

Խղճի խայթ

 

Հայ երիտասարդությանն իր վեպերով ոգեշնչող Րաֆֆին ապրում էր նյութական ծանր պայմաններում: Նրա ուսերին էր ծանրացած նաև Պարսկաստանում գտնվող հարազատների նյութական հոգսը: «Պարտքերի մեջ խեղդվել եմ, աշխարհս կատարյալ դժոխք է, դժոխք: Սակայն ես իմ գրչից չեմ բաժանվի...»,- ասում էր նա:

Օրերից մի օր ընտանիքի անդամների քաղցը հագեցնելու համար Րաֆֆին հարևան հացավաճառից ամաչելով հաց է պարտքով խնդրում: Հացավաճառը, որ կարդացել էր Րաֆֆու գործերը, բայց անձամբ չէր ճանաչում նրան, մերժում է և հանդիմանում: Այդ դեպքից կարճ ժամանակ անց Րաֆֆին մահանում է: Նրա մահը տակնուվրա է անում ամբողջ Թիֆլիսը: Այդպիսի մարդաշատ թաղում Թիֆլիսը դեռ չէր տեսել: Րաֆֆու թաղումից հետո է, որ օտարներն ասում էին. «Հայերը չգիտեն լավ պահել իրենց գործիչներին, գիտեն միայն լավ թաղել...»:

Հացավաճառը հասկանում է, որ մերժել է իր սիրելի վիպասանին, որի գործերը կարդում էր մեծ հափշտակությամբ, և սկսում է տանջվել խղճի խայթից: Մի օր էլ գնում է Րաֆֆու կնոջ մոտ և ասում․

-Տիկին Աննա, Ձեր ամուսնուն պարտք եմ 20 ռուբլի: Նրան խոստացել եմ գումարի դիմաց մի ամբողջ տարի հաց ուղարկել Ձեր տուն...

Րաֆֆու հնագիտական հավաքածուի ճակատագիրը

 

Իր ճանապարհորդությունների ընթացքում Րաֆֆին հավաքել էր երեք հազարի հասնող հին դրամներ, հազվագյուտ իրեր:

Վիպասանի մահից հետո նրա այրին՝ Աննան, ֆինանսական դժվարությունների պատճառով որոշում է վաճառել այն: Նա մեկնում է Պետերբուրգ՝ հավաքածուն այնտեղ վաճառելու նպատակով, ապա խորհուրդ են տալիս ուղևորվել Լոնդոն՝ ավելի թանկ վաճառելու համար։ Սակայն Լոնդոնում գրպանահատները գողանում են ողջ հավաքածուն: Խեղճ կինը դիմում է ոստիկանություն, բայց ապարդյուն․․․

Ասույթներ
Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ: Վատը՝ կործանել հիմնովին… Գրականությունը պիտի մաքուր լինի, անընդհատ հսկողության տակ…
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն:
Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը:
Ներկայումս ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից:
Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայն ստանում է օտարների ծառայության մեջ:
Քրքրիր մի ազգի հնությունները, և մի գիշերվա մեջ կզարթնի նրա հոգին։
Եթե մի ժողովուրդ մնացել է անշարժ, դրա գլխավոր պատճառն այն է, որ կինը չէ մասնակցում հասարակական գործերի մեջ։
Որքան տղամարդը թուրքերի ազդեցության տակ խարդախված է, փչացած է, որքան նա կորցրել է հայկական իր ինքնուրույնությունը, այնքան կինը պահպանվել է մաքուր․․․իր բարքուվարքի անաղարտության մեջ։

Կինն է այն առանցքը, որի շուրջ 

Պետրոս Դուրյան

 

Դուրյանը մեծանում էր  աղքատության մեջ: Սկյուտարի ճեմարանում, որտեղ սովորում էր նա, ունևորների զավակները ուսման համար վճարում էին, չունևորները՝ ոչ։ 

Այսպիսի մի կարգ կար, որ ճաշարանում չունևորները սպասարկում էին վճարունակ աշակերտներին, որ հետո իրենք էլ օգտվեին այդ սեղանից։

Դուրյանը երբեք ճաշարան չէր գնում։ Հպարտ պատանին փակվում էր դասասենյակում ու գիրք էր կարդում:

Անզգույշ կատակ

Դերասանուհի Ազնիվ Հրաչյան պատմում է, որ 1870 թ․ ամառային մի օր դերասանուհիներով նստած են լինում, երբ ներս է մտնում երկարահասակ, մաշված շորերով ու գունատ Դուրյանը՝ թևի տակ իր «Թատրոն կամ թշվառներ» ստեղծագործությունը։ Դերասանուհիները կատակով իրենցից մեկին՝ Թերեզային, ասում են՝ քուկինդ (քոնը) եկավ՝ ակնարկելով, թե Դուրյանն անտարբեր չէ նրա նկատմամբ։ Թերեզան էլ ասում է, որ իրեն պետք չէ, գունատ է, շուտով կմեռնի։

Աղջիկները չեն էլ կասկածում, թե Դուրյանը լսել է իրենց, բայց նրա մահից հետո, երբ տպագրվում է «Լճակը», Ազնիվ Հրաչյան, կարդալով «Մին՝ դողդոջ է գույն չունի, մյուսն էլ ըսավ՝ կմեռնի․․» տողերը, հիշում է Թերեզայի խոսքերը։

Որքան զգույշ պետք է լինել մարդկանց մասին խոսելիս, կարելի է միայն պատկերացնել, թե աղջկական կատակը որքան է ցավեցրել հիվանդ ու զգայուն բանաստեղծին․․․

Քննարկում

Քո ներկայությամբ երբևէ անզգուշությամբ ցավեցրե՞լ են մարդկանց, ինչպե՞ս ես դու արձագանքել։

Ծեծ թատրոնի պատճառով

Դուրյանի հայրը տանել չէր կարողանում թատրոնը։ Դուրյանն առաջին անգամ թատրոնին առնչվել է դպրոցական տարիներին, երբ աշակերտներով ֆրանսերենից պիես են թարգմանում և բեմադրում։ Երբ հայրն իմանում է, որ որդին թատրոնում պիտի խաղա, քարը ձեռքին շտապում է թատրոն։ Բարեբախտաբար մյուս որդին ավելի շուտ է հասնում, Պետրոսին քաշում է ետնաբեմ ու զգուշացնում այդ մասին։

Տանը որդիները ծեծ են ուտում թատրոնի համար։ 

Երբ մի քանի տարի հետո Պետրոսը՝ որպես դերասան, թատրոն է մտնում, այդ դեպքի հիշողությունը դեռ թարմ էր, բայց աշխատավարձի առկայությունը փոքր-ինչ հանգստացնում է հորը։

 

 

Բախտակից ընկերներ

Պ. Դուրյանի մտերիմ ընկերն էր Վարդան Լութֆյանը, որը նույնպես բանաստեղծ էր և նույնպես հիվանդ էր թոքախտով։ Նրա մահվան սնարի մոտ Պետրոսը խնամում էր նրան ու գրականագետ Արշակ Չոպանյանի վկայությամբ՝ ուտում նույն ամանից՝ նրա հետ մեռնելու համար։

1871թ․ Վարդանը մահացավ։ Սա ծանր կորուստ էր Պետրոսի համար, որին ընդամենը մեկ տարվա կյանք էր մնացել։

Ո՞վ էր նա․․․

Գրականագետները գլուխ են կոտրում հասկանալու համար՝ Դուրյանի սիրային բանաստեղծությունները երևայակա՞ն ծնունդ են, թե՞ իրական հարաբերությունների արձագանքներ։

Ասում են, որ Պիստոս-Արաքսյա անունով դերասանուհին փոխադարձաբար սիրել է Դուրյանին ու «Զնե պաշտեմ» բանաստեղծությունը նրան է նվիրված։

Բանաստեղծը գրել է միայն անվան առաջին տառը՝ Պ։

Ես կը պաշտեմ զ՚իմ Պ…

Ինձ կը բավե իր սրտին

Մեկ ճառագայթը միայն,

Եվ մեկ վարդն իր ժպիտին:

Ասույթներ
Աշխարհի մեջ միայն երգեր շատ սիրեցի, կ՚ուզեմ, որ վերջին շունչս ալ երգ մ՚ըլլա։
Ա՜հ, գեղեցիկ կյանք մ՚ալ կա – սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք...
Այժմ հայը Քրիստոսը կթողու ու սնապաշտության մը կհետևի, ա՞յս է միթե քրիստոնեությունը։
Իմ հոգին հառած է դալկահար և անհուն աշխարհի մը, զոր երկինք կը կոչին:
Թոշնեցավ ամեն մարդկային տենչ սրտիս մեջ… ամեն հույսերս մոխիր դարձան:
Ահա երիտասարդ մը, որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:
Թատրոնը հայելի մ’է, որուն մեջ մարդս կրնա իր ճշմարիտ պատկերը տեսնել և որով իր վրա նշմարած անհաճո տեսքերը անհետացնել և մաքրել, իսկ դերասաններն ալ մեկ մեկ դաստիարակներ են, որ ամեն աստիճանի մարդոց ճշմարիտ պատկերը կամ բարության և լավության հետևանքները ներկայացնելով, մարդուս բարոյական զարգացմանը պատճառ կըլլան:
Ես որ աշխարհի մեջ երգերը շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա… Մարդուն նշանաբանը երգն է: էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ’է… Ա¯հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ..
Ես երկնքի հիվանդությունն ունիմ:

Իմ տխրությունս կը սիրեք, զի բանաստեղծական է:

Շիրվանդազե

 

 

 

                                             Տատը

Շիրվանզադեն շատ էր սիրում իր տատին։ Նա զարմանալի ուժեղ կին էր, որին «ղաչաղների (ավազակ)  հոգեհան» էին ասում։ Մի անգամ լեզգի ավազակները գիշերով հարձակվում են նրա աղջկա տան վրա։ Շիրվանզադեի տատը երեքին պատշգամբից ցած է նետում, իսկ չորրորդը կարողանում է նրան դաշույնով վիրավորել ու փախչել։

 

                                   Հորեղբայրը

Շիրվանզադեի մանկության մղձավանջներից էր փոքր հորեղբոր անտանելի պահվածքը։ Շիրվանզադեն նրան իրենց գերդաստանի «չար ոգին» է անվանում։  Հորեղբայրը ծույլ, հարբեցող խռովարար էր։ Աշխատել չէր սիրում, բայց սիրում էր կյանքի հաճույքները վայելել, իսկ փողը սպառնալով ու վիրավորելով պահանջում էր մեծ եղբորից՝ Շիրվանզադեի հորից։  «Հայրս հասակով կես արշին բարձր էր եղբորից և կրկնակի ուժեղ։ Եթե կամենար, մի հարվածով կարող էր նրան գետնին տապալել, բայց չէր անում։ Նա խնայում էր թե՛ իր մոր արցունքները, թե՛ ամաչում էր կտուրներից նայող հարևաններից»,- գրում է Շիրվանզադեն։

Ինչպես և սպասելի էր, Շիրվանզադեի հորեղբայրը սպանվում է իր իսկ հրահրած ծեծկռտուքներից մեկի ժամանակ։

                                                                                                                                                           

               Կառապանի վարձը

Շիրվանզադեն ըմբոստ ու հպարտ էր։ Հաճախ տուժում էր այդ հատկությունների պատճառով։ 17 տարեկանից մեկնել էր Բաքու՝ աշխատելու և ընտանիքին օգնելու, բայց նրա գործերը այնքան էլ լավ չէին, որովհետև հպարտության պատճառով մի քանի անգամ աշխատանքը կորցնում է։

Ահա այդպիսի մի օր, երբ ազատել էին աշխատանքից ու մորաքրոջն էլ այդ մասին չէր ասել, Շամախիից Բաքու են գալիս մայրն ու քույրը։

Շիրվանզադեի գրպանում մի քանի կոպեկ էր, իսկ կառապանին պետք էր 17 ռուբլի վճարել։ Ի՞նչ անել։ Կառապանը երեք օր ճանապարհ էր կտրել, և համբերությունը սպառվում էր։ «Դու ամոթ չունես», - լսում է Շիրվանզադեն իր հասցեին, ու այդ խոսքերը ծակում են նրա սիրտը։ Նա յոթ անգամ անցնում է մեծ մորաքրոջ որդիների խանութի մոտով։ Նրանց հետ ջերմ հարաբերություններ չուներ, բայց միակ ելքը նրանց դիմելն էր։ Ի վերջո մտնում է ներս ու խնդրում կառապանի գումարը, նրանցից մեկը, անբարյացակամորեն նայելով, տալիս է։ Շիրվանզադեն գումարը փոխանցում է կառապանին ու առանձնանալով՝ ազատություն տալիս արցունքներին։ Բայց երբ տուն է գնում ու նայում քնած մոր ու քրոջ ժպտուն դեմքերին, մի քիչ խաղաղվում է, որովհետև «Իմ ստորացումը նրանց համար էր․․․», - գրում է Շիրվանզադեն։

 

Ըստ Շիրվանզադեի հուշերի

 

                       Զորավարի ապտակը

 1917 թ. Թիֆլիս:

Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան Զորավար Անդրանիկն ու իր թիկնապահը՝ նշանավոր հայ գրող Վահան Թոթովենցը (այդ օրերին Թոթովենցն ու Անդրանիկը խմբագրում էին «Հայաստան» հանդեսը)։ Բոլորը հարգանքով լռեցին, իսկ Զորավարի վաղեմի բարեկամը՝ Ռոստոմ Զորյանը, առաջ եկավ ու ողջագուրվեց։ Բայց այդ պահին կողքի սեղանից լսվեց արդեն գինովցած Շիրվանզադեի ձայնը.

-Հը, զորավա՛ր, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը…

Հետևեց Անդրանիկի շառաչուն ապտակը, և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։
-Ներո՛ղ եղիր, Զորավա՛ր, գինով է,- Անդրանիկին դիմեց նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը (Շիրվանզադեի մորաքրոջ տղան) և իր հուժկու բազուկներով դուրս բերեց գրողին։

Անհաշտ ու անբաժան եղբայրները

Շիրվանզադեի մորաքրոջ որդին էր հայ մեծ դերասան Հովհաննես Աբելյանը։ Այս երկու մեծերը հայտնի խռովկաններ էին ու նեղանում էին ոչ թե ուրիշներից, այլ իրարից։
 «Իր արվեստով Աբելյանը եզակի արտիստ է, անկրկնելի, առանձնապես Շիրվանզադեի պիեսներում»,- գրում էր Մարտիրոս Սարյանը։ Ահա այսպիսի գնահատականներ էին հնչում մամուլում նրանց հասցեին, ու երկու խռովկանները չէին կարողանում մեկ հայտարարի գալ, թե իրենցից ում դերն է ավելի մեծ՝ Շիրվանզադեի՞նը, որ ստեղծել էր այդ պիեսները, թե Աբելյանինը, որը այդ պիեսներն էլ ավելի էր հռչակում իր փայլուն կատարումներով։
Այսպես առիթ-անառիթ իրարից նեղանում էին, մի քանի շաբաթ անց հաշտվում։ Ոչ իրար հետ կարողանում էին շփվել, ոչ էլ առանց իրար մնալ։
Երբ Շիրվանզադեն մահանում է, Աբելյանը խոր ցնցում է ապրում։ «Դագաղը գերեզման իջեցնելու պահին Աբելյանը չոքեց գետնին, համբույրով վերջին հրաժեշտը տվեց հոգեկից բարեկամին, հետո պիջակի դարձածալքից հանեց թարմ ու կարմիր մեխակը և ամրացրեց հանգուցյալի պիջակին․․․
Եվ Աբելյանը, որի կուրծքը տարին բոլոր զարդարված էր լինում կարմիր մեխակով, մի քանի շաբաթ մարդկանց երևում էր առանց այդ ծաղկի, դեմքին՝ խոր վիշտ․․․», - պատմում է Գարեգին Բեսը։

                              Ապրել այստեղ և հիմա

Մի անգամ, երբ Շիրվանզադեն շատ լուրջ հիվանդացել էր թոքերի բորբոքումով, նկարիչ Փանոս Թերլեմեզյանը այցելում է հիվանդին և նրան մխիթարելու համար ասում.
-Շուտ լավացիր, Շիրվա՛ն, գնանք Թիֆլիս, քեֆ անենք. դու կխմես, ես կպարեմ:
-Չգիտեմ, Փանո՛ս, ինչպես կվերջանա իմ պատմությունը. գուցե և մեռնեմ, բայց արի, ավելի լավ է, հենց հիմա պարի… քո պարից գոնե չզրկվեմ:

 

                                              ***

Շիրվանզադեն մեծ տառապանքով էր գրում։ Մի թերթիկի վրա գրում էր մի նախադասություն, հետո ուղղումներով գրում ուրիշ թերթիկի վրա ու երբ ուղղելու բան չէր մնում, միացնում էր ընդհանուր տեքստին՝ ոչնչացնելով սևագրության բոլոր թերթիկները։ Այդ է պատճառը, որ հիմա ոչ մի սևագրություն չի պահպանվել, որ կարողանանք հետևել գրողի մտքի ընթացքին։

Շիրվանզադեի բացասական գծերից էր հայ գրողների արժանիքները չճանաչելը։ Երբ օտար գրողին գովում էին իր մոտ, հանդուրժում էր, բայց հայ հեղինակների դեպքում՝ ոչ։ Այդպես թերագնահատում էր Հովհ․ Թումանյանին, Լևոն Շանթին և մյուսներին։ Երիտասարդ գրողներին էլ չէր խրախուսում։

Ըստ Ստ․ Զորյանի