Մանրանկարչությունը ձեռագիր գրքի պատկերազարդումն է կամ ծաղկումը. կերպարվեստի ստեղծագործություն է, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստական նուրբ հնարքներով:
Ներառում է գրչագիր մատյաններում արված գծանկարներն ու գունանկարները և գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, պատմողական թեմատիկ տեսարաններ և այլն. պատկերազարդվել են գուաշով, տեմպերայով, ջրաներկով, ոսկով, հազվադեպ՝ նաև արծաթով:
Մանրանկարչության հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (մ. թ. ա. 1900 թ-ից): Հին հույները պապիրուսի վրա պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»): Մ. թ. ա. VI դարից, բացի պապիրուսից, օգտագործել են նաև կաշվե գրելանյութ՝ մագաղաթը, որն աստիճանաբար դուրս է մղել պապիրուսը. մեզ հասած հնագույն մագաղաթե մանրանկար ձեռագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500 թ., Միլանի Ամբրոզիանա գրադարան):Մեզ հասած հայկական առաջին մանրանկարները VI–VII դարերի նմուշներ են («Էջմիածնի Ավետարան»), իսկ ամբողջությամբ պատկերազարդված հնագույն հայկական ձեռագրերը (Ավետարաններ) IX դարից են: Հայկական մանրանկարչությունն աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ:
Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց:XI դարում՝ Մեծ Հայքում, նույն դարի 2-րդ կեսից նաև Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում [Անի-Արշարունիքի և Փոքր Հայքի ու Մալաթիայի (Մելիտենե)] շարունակվել է Մլքե թագուհու (պահպանվել են հելլենա-քրիստոնեական արվեստի առավել արժեքավոր առանձնահատկությունները) և Էջմիածնի Ավետարանների պատկերազարդման տիպը:
Անիի մանրանկարչության դպրոց: Ձևավորվել է XI–XIV դարերում՝ Անիի գրչատներում և մերձակա մշակութային օջախներում (Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի վանքերում): Ունեցել է աշխարհիկ ուղղվածություն. ձգտել է ավանդույթները հարստացնել կյանքի ու կենցաղի տարրերով:
XI դարի սկզբին Անիում են աշխատել Թադեոս գրիչը, Գրիգոր Մուրղանեցի գրիչը, Գևորգը և ուրիշներ: XII դարի վերջին Հոռոմոսի վանքում է ստեղծագործել մանրանկարիչ Հովհաննեսը, որից մեզ է հասել 3 Ավետարան. ամենաշքեղը «Մողնու Ավետարանն» է (XI դարի կես, Մատենադարան)՝ խորաններով, ընդարձակ տերունական նկարաշարով, յուրահատուկ հեռանկարչական համակարգով: Մանրանկարների գույները փայլատ են ու մեղմ, հարուստ՝ արևելաքրիստոնեական մոտիվներով:
Կիլիկիայի մանրանկարչության դպրոց: XII դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով: Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել: 1113 թ-ին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում (Մատենադարան, ձեռագիր դ 6763) ակնհայտ է Մեծ Հայքի մանրանկարչության ավանդույթների ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են:
XII դարի վերջի կիլիկյան մի քանի ընտիր ձեռագրեր կապված են Ներսես Լամբրոնացու և նրա հովանավորած Սկևռայի վանքի հետ. առանձնանում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի պատկերազարդ ձեռագիրը (1173 թ., Մատենադարան, ձեռագիր դ 1568), որի գրիչը Գրիգոր Մլիճեցին է, պատվիրատուն (ստացողը)՝ Ներսես Լամբրոնացին: Վերջինիս պատվերով մեզ հասած մյուս գլուխգործոցը «Սկևռայի Ավետարանն» է (1197 թ.), որտեղ լուսանցանկարները՝ տերունական թեմաների համառոտումով, զուտ կիլիկյան երևույթ են:
Բարձր Հայքի և Արցախի մանրանկարչության դպրոցներ: Սելջուկյանճնշումներից համեմատաբար ազատ բուն Հայաստանի արևմտյան մասերում (Բարձր Հայք, Խարբերդ և այլն) և Հայաստանից դուրս՝ հայաբնակ վայրերում (Եդեսիա, Երուսաղեմ և այլն) ստեղծված բարձրորակ ձեռագրերից է «Մշո Ճառընտիրը» (1200–02 թթ., գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս)՝ հայերեն ամենամեծ մագաղաթե մատյանը (55,5 սմ x 70,5 սմ, քաշը՝ 28 կգ):Բարձր Հայքի Երզնկա քաղաքում ստեղծված գլուխգործոց է 1269 թ-ին ընդօրինակված և մեզ հասած առաջին ամբողջական պատկերազարդ Աստվածաշունչը՝ «Երզնկայի Աստվածաշունչը» (գրիչներ՝ Մխիթար, Հակոբ և Մովսես), որի խորանների, անվանաթերթերի, սյուժետային պատկերների գծային նրբագեղությունը մոտ է կիլիկյան Աստվածաշունչ և այլ մատյանների: Տերունական նկարներով հատկապես առանձնանում է «Թարգմանչաց Ավետարանը» (1232 թ., գրիչ՝ Տիրացու, ծաղկող՝ Գրիգոր), որը գունային հակադրությունների դրամատիզմով կարող է համեմատվել X–XI դարերի Օթոնյան (գերմանական արքայատոհմ Հռոմեական սրբազան կայսրության մեջ) շրջանի գերմանական ձեռագրերի հետ:
Գլաձորի մանրանկարչության դպրոց: Գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատանը, XIII դարի վերջից մինչև XIV դարի կեսը: Այստեղ են ստեղծագործել 3 նշանավոր մանրանկարիչներ Մոմիկը, Թորոս Տարոնացին և Ավագը:
Տաթևի մանրանկարչության դպրոց: Գործել է Տաթևի համալսարանում (XIV դարի վերջից): Շարունակելով Գլաձորի դպրոցի ավանդույթները՝ դրանք հարստացրել է մոնումենտալ ոճի տարրերով (Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտի մանրանկարները՝ 1378 թ-ին ծաղկած Ավետարանում, որը գրվել է 1297 թ-ին, Մատենադարան, ձեռագիր դ 7482):
Վասպուրականի մանրանկարչության դպրոց: Առավել նշանավոր էր XII–XV դարերում: Այստեղ թարգմանվել և ընդօրինակվել է ավելի քան 2 հզ. ձեռագիր, մի մասը՝ նկարազարդ: Մեզ հասած թեմատիկ նկարներ ունեցող առաջին ամբողջական մատյանը «Մլքե թագուհու Ավետարանն» է (IX դար, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր դ 114/86), որն ընդօրինակվել է 862 թ-ին, Վասպուրականում: Մյուս մատյաններն ստեղծվել են X–XI դարերում (Ավետարաններ, Մատենադարան, ձեռագիր դդ 10434, 10517), որոնց նկարներն Արծրունյաց թագավորության քաղաքական կյանքի և մշակույթի վերելքի արտահայտությունն են:
XI դարի 30–40-ական թվականներից, սելջուկյան արշավանքների հետևանքով, մշակույթի առաջընթացն ընդհատվել է, և միայն XIII դարի 70-ական թվականներից է սկսվել ձեռագրերի ընդօրինակման ու պատկերազարդման նոր փուլը՝ Արճեշի, Արծկեի, Բերկրիի գրչության կենտրոններում: Հիմնականում պահպանվել են ազգային տեղական ավանդույթները (Սիմեոն Արճիշեցի, Խաչեր, Հովսիան, Մելքիսեդեկ, Վարդան Արծկեցի, Ստեփանոս), փոխվել է մանրանկարների կերպարային և ոճական ընդհանուր պատկերը:
Ղրիմի մանրանկարչության դպրոց: Նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ ստեղծագործել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, անվանի գրիչ Նատերի որդիներ Ավետիսն ու Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը: Ղրիմի դպրոցի լավագույն ձեռագրերից են Առաքելի պատկերազարդած Ճաշոցը (1356 թ., Մատենադարան, ձեռագիր դ 7408) և Հովհաննեսի պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1401 թ., Մատենադարան, ձեռագիր դ 3863):
Նոր Ջուղայի մանրանկարչության դպրոց: Խոշոր ներկայացուցիչը Հակոբ Ջուղայեցին է. պահպանվել են նրա պատկերազարդած 8 ձեռագրերը, որոնցից 6-ն Ավետարան են: Նա, շարունակելով Վասպուրականի դպրոցի ավանդույթները, ստեղծել է նոր որակ:
XVII–XVIII դարերում, հայ գրքի տպագրական մշակույթի զարգացմանը զուգընթաց, մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին
Комментариев нет:
Отправить комментарий