8/28/2013

94-ամյա ծերունու` հանգուցյալ կնոջը նվիրված երգը դարձել է համացանցի հիթը



Green Shoes ընկերության ներկայացուցիչները հայտարարել են մրցույթ` կիթառի ներքո լավագույն կատարման համար: Մասնակիցներն իրենց ձայնագրությունները ուղարկել են կազմակերպիչներին` դրանք տեղադրելով նաև YouTube-ում:
Huffington Post-ի հաղորդմամբ մրցույթի հաղթող է դարձել 94-ամյա Ֆրեդ Ստոբաուխը, ով երգ է գրել` նվիրված հանգուցյալ կնոջը:
Կազմակերպիչները շատ են զարմացել` ստանալով նամակ` Oh Sweet Lorraine վերնագրով: ՆամակումՖրեդը պատմել է իր կյանքի ողջ պատմությունը: Թոշակառուն խոստովանել է, որ երաժիշտ չէ, բայց ցանակնում է իր տողերը երգի վերածել:
Ծերունին պատմել է, որ ապագա կնոջն հանդիպել է 1938 թվականին: «Նա ամենագեղեցիկ աղջիկն էր, որին երբևէ տեսել եմ: Նրա հետ են անցել կյանքիս 75 երջանիկ  տարիները»,-գրել է Ֆրեդը:
Կարդալով պատմությունը` կազմակերպիչները որոշել են օգնել նրան` ձայնագրելով երգը:
Ստեղծագործությունը կարճ ժամանակահատվածում հիթ է դարձել համացանցում:

8/22/2013

Ամենամեծ մարմինների բախումը Երկրի հետ կարող է բերել նրա զգալի ցնցման.Աշխարհի կործանում՝ երկու տիպի սցենարով



Գրեթե ամեն տարի գուշակությունները, երազները կանխատեսում են աշխարհի հերթական վերջը: Հիմա էլ առաջ է քաշվել պայծառատես Գրիգորի Ռասպուտինի կանխատեսումը, համաձայն որի 2013 թվականի օգոստոսի 23-ին Երկիր մոլորակում կլինի մահացու կրակե փոթորիկ, որը կայրի ամեն ինչ: Արեգակնային համակարգի, նրա ակտիվության և աշխարհի վերջի մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:
Պարոն Միքայելյանխոսենք թերևս ԱրեգակիԱրեգակնային համակարգի մասին.ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
-Արեգակը աստղային համակարգի` մեր Գալակտիկայի, հարյուրավոր, միլիարդավոր աստղերից մեկն է (տարբեր գնահատականներով Գալակտիկայում կա 200-400 միլիարդ աստղ): Այն միայնակ աստղ է, կան նաև կրկնակի, եռակի և բազմակի աստղեր, որոնք գուցե մեծամասնություն են կազմում: Ավելի մեծ խմբավորումներ են այսպես կոչված բաց (կամ ցրված) և գնդաձև աստղակույտերը` բաղկացած հարյուրավոր, հազարավոր և նույնիսկ մինչև միլիոնի հասնող աստղերից: Արեգակը բավական հեռու է Գալակտիկայի կենտրոնից` մոտ 10 կիլոպարսեկ, ինչը Գալակտիկայի շառավղի երկու երրորդն է կազմում, այսինքն մենք ավելի մոտ ենք եզրին, քան կենտրոնին: Բոլոր մյուս աստղերի նման Արեգակն էլ պտտվում է Գալակտիկայի կենտրոնի շուրջը: Այս ամենը նշանակում է, որ Արեգակը Գալակտիկայում ոչ մի առանձնահատուկ դիրք կամ նշանակություն չունի` բացի այն, որ նրա շուրջը պտտվող մոլորակներից մեկի վրա մենք ենք ապրում: Թերևս յուրաքանչյուր աստղ իր շուրջն ունի իր ձգողության դաշտում պահվող բազմաթիվ մանր գոյացություններ` մոլորակներ, աստղակերպեր, գիսավորներ, երկնաքարեր, որոնք բոլորը միասին համատեղ ծագում ունեն: Որքան մանր են տիեզերական մարմիններն, այնքան ավելի բազմաքանակ են: Այդպիսի պատկեր է նաև Արեգակնային համակարգում. Արեգակը, 8 մեծ մոլորակ (Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն), վերջերս առանձին դաս համարվող թզուկ մոլորակներ (Պլուտոնը և նոր հայտնաբերված մյուս անդրնեպտունյան մոլորակները), շուրջ 700000 աստղակերպեր (աստերոիդներ) կամ փոքր մոլորակներ, հազարավոր գիսավորներ, որոնցից 714-ն արդեն դիտվել է մեկից ավելի անգամ (այսինքն հաստատվել է նրանց պարբերականությունը) և միլիարդավոր երկնաքարեր, այս ամեն ինչի կենտրոնում է:
Արեգակը պատկանում է G2V աստղային տեսակին` «դեղին թզուկ»: Ի՞նչ տեսակ է սա։
Համաձայն սպեկտրային դասակարգման աստղերը բաժանվում են 10 հիմնական դասերի` O-B-A-F-G-K-M-L-T-Y: Ինչպես հետագայում պարզվեց, այդ դասակարգման հիմքում ընկած են աստղերի մակերևութային ջերմաստիճանների տարբերությունները, որոնք հիմնականում ընկած են համապատասխանաբար 33000-500 Կելվին միջակայքում, այսինքն O դասի աստղերն ամենաջերմն են, իսկ Y դասը ներկայացնում են համարյա մոլորակների պես սառը գորշ թզուկները: Կան նաև հազվագյուտ աստղեր, որոնց մակերևույթի ջերմաստիճանը հասնում է 200000 Կելվինի: Յուրաքանչյուր դաս ունի նաև ենթադասեր` 0-ից մինչև 9: Ջերմաստիճանային փոփոխությունները բերում են նաև աստղերի գույների տարբերություններին. ամենաջերմ աստղերը մանուշակագույն են, հետո` ծիածանի գույների հաջորդականությամբ մինչև կարմիր, իսկ ամենասառն աստղերն արդեն գորշ են և համարյա չեն ճառագայթում: Արեգակը G2 ենթադասն ունի` 5800 Կելվին ջերմաստիճանով և նրա ճառագայթման մեջ գերակշռում է դեղին գույնը: Բացի այդ` աստղերը դասակարգվում են նաև ըստ իրենց բացարձակ պայծառությունների կամ լուսատվությունների: Կա 7 հիմնական դաս (նույնպես որոշ ենթադասերով)` I-II-III-IV-V-VI-VII, ընդ որում, աստղերի մեծամասնությունը պատկանում է V դասին` այսպես կոչված գլխավոր հաջորդականությանը: Արեգակը նույնպես այդ դասի է և համապատասխանաբար նշանակվում է G2V: Գլխավոր հաջորդականության ամենաջերմ աստղերն ամենապայծառներն են և ամենամեծ չափերինը, իսկ սառն աստղերը` ամենաթույլերը և ամենափոքրերը: Այդ պատճառով, լինելով բավական թույլ, Արեգակը հաճախ կոչվում է «դեղին թզուկ»: Կան Արեգակից մինչև միլիոն անգամ ավելի պայծառ, մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ զանգվածով և մեծ շառավղով աստղեր: Նմանապես, կան նաև մինչև միլիոն անգամ ավելի թույլ, մի քանի տասնյակ անգամ ավելի փոքր զանգվածով և փոքր շառավղով աստղեր: Կարևոր է նաև, որ Արեգակը հաստատուն կամ կայուն աստղ է` ի տարբերություն փոփոխականների, որոնք իրենց պայծառությունները կարող են փոփոխել տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ: Այդ դեպքում նման աստղի շուրջ բնակելի մոլորակի մասին խոսք անգամ չէր կարող լինել:
Ժամանակակից գիտնականները հաստատում ենոր Արևի վրա ինչ-որտարօրինակ բաներ են կատարվումԻրականում ինչի՞ մասին է խոսքը:
-Արեգակի ակտիվության դրսևորումներն են` բռնկումները, հրվիժակները, արևաբացերը, որոնք միշտ էլ լինում են: Իսկ Արեգակի ակտիվությունը պարբերկան բնույթ է կրում, սակայն հիմա մաքսիմումի է հասել: Իսկ այն, ինչ նկատել են՝ ջերմաստիճանի որոշ տարբերություն ունեցող արեգակի մակերևույթին տեղի ունեցող երևույթներ են, որոնք կոչել են սև անցք: Տիեզերքում շատ մեծ զանգվածով և մեծ խտությամբ մարմիններ կան, որոնք կլանում են ամեն ինչ: Աստղագիտության մեջ մենք դրանք կոչում ենք սև խոռոչներ:
Ի՞նչ ասել է աշխարհի վերջ։ Երբևէ կլինի՞ այն։
Դեռևս 2012թ.շուրջ ծավալվել էին անհեթեթ խոսակցություններ, իբր դեկտեմբերի 21-ին ավարտվում է մայաների օրացույցը, Երկրին պետք է բախվի «Նիբիրու» մոլորակը, մոլորակների շքերթ է լինելու, Երկիրն ու Արեգակը հայտնվելու են Գալակտիկայի կենտրոնի հետ մի գծի վրա, Երկրի առանցքներն իրենց տեղերը փոխելու են, Արեգակի ակտիվության աննախադեպ մաքսիմում է լինելու, Երկրի վրա սպասվում են բազմաթիվ մագնիսական փոթորիկներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, հրաբուխներ ևայլն: Նշեմ, որ ավարտվում էր ոչ թե մայաների օրացույցը, այլ ընդամենը նրա հերթական պարբերաշրջանը, բացի այդ` օրացույցը մարդիկ են հորինում և այն չի կարող ազդել տիեզերական գործընթացների վրա, առավել ևս, որ մայաների օրացույցը մարդկության կողմից ստեղծված բազմաթիվ օրացույցներից մեկն է միայն: Մնացած «փաստերի» մեծ մասը հորինված են։ Ինչ վերաբերում է Արեգակի աննախադեպ ակտիվությանը, ապա բացի նրա 11-ամյա պարբերաշրջանից (իսկ առավելագույն փուլն այս տարի է) այլ մանրամասներ պարզապես հնարավոր չէ կանխատեսել: Իսկ ընդհանրապես, եթե խոսենք «Աշխարհի վերջի», այսինքն` աշխարհի (Երկրագնդի) կամ ավելի ճիշտ` մարդկության հնարավոր կործանման մասին, ապա, իհարկե կան բազմաթիվ քննարկվող տարբերակներ:
Այդ ամենն ուսումնասիրում է ֆատալիզմ (վախճանաբանություն)կոչվող տեսությունը, որը ֆուտուրիզմի(ապագայագիտության) մի բաժինն է: Մարդկության ապագան պայմանավորված է տեխնիկական զարգացմամբ և ես հատուկ կնշեի` տիեզերական հետազոտություններով (այս տեսանկյունից աստղագիտությունը համարում եմ կարևորագույն գիտություն): Ֆատալիզմը ենթադրում է աշխարհի կործանում` հիմնականում երկու տիպի սցենարներով` տիեզերական և տեխնոլոգիական աղետների տեսքով: Վերջինների թվին են պատկանում, օրինակ, միջուկային պատերազմի հետևանքով մարդկության ինքնաոչնչացումը և մարդկության վրա ռոբոտային (կամ այլ մոլորակային) քաղաքակրթության գերիշխանությունը, այսինքն` մարդկության ստրկացումը կամ նույնպես բնաջնջումը: Սակայն որպես աստղագետ, ավելի մանրամասն կասեմ Տիեզերական աղետների հնարավորության մասին: Երկրագնդի, (ինչպես նաև մյուս մոլորակների և նրանց արբանյակների) վրա պարբերաբար ընկնում են երկնաքարեր, ավելի հաճախ` մանր չափերի, քանի որ նրանք շատ ավելի բազմաքանակ են: Ասուպներն օրինակ, Երկրի մթնոլորտում այդ քարերի այրման հետքերն են, որոնք վայրընկնող աստղեր են հիշեցնում: Այստեղից պարզ է դառնում, թե որքան կարևոր պաշտպանական դեր է կատարում մթնոլորտը, ինչի բացակայությունն օրինակ Լուսնի վրա բերել է նրա մակերևույթի լիակատար ծեծկրտմանը(Լուսնի մակերևույթը հայտնի է իր բազմաթիվ խառնարաններով):
Երբ Երկրին բախվող երկնաքարը բավականաչափ մեծ է (ամենախոշորներն ունենում են տասնյակ և հարյուրավոր մետրերի հասնող տրամագիծ և կոչվում են բոլիդներ), այն կարող է հասնել մակերևույթին և կործանարար հետևանքներ թողնել: Երկրի պատմության 4 միլիարդ տարիների ընթացքում, իհարկե, եղել են բազմաթիվ նմանօրինակ աղետներ, որոնց հետքերն այսօր էլ երևում են երկնաքարային խառնարանների տեսքով: Իսկ ամենամեծ մարմինների բախումը Երկրի հետ կարող է բերել նրա զգալի ցնցման, պտտման առանցքի և ուղեծրի փոփոխության, ինչն արդեն կործանարար կլինի ողջ կենսոլորտի (կենդանական ու բուսական աշխարհի) համար (Տեսություններից մեկի համաձայն, դինոզավրերը վերացել են խոշոր երկնաքարի բախման հետևանքով): Այսինքն, նման վտանգ կա, բայց հավանականությունը շատ փոքր է, քանի որ Տիեզերքը զգալի չափով դատարկություն է. Նրա խտությունը բազմաթիվ անգամ ավելի փոքր է երկրային լաբորատորիաներում ստացվող ամենաբարձր կարգի վակուումից: Չմոռանանք նաև, որ տիեզերական մարմինները մեծամասամբ շարժվում են կանոնավոր ուղեծրերով, և այդ դեպքում բախումներն էլ ավելի հազվադեպ են և հնարավոր են միայն ուղեծրերի խոտորումների և փոփոխության դեպքում:
Վերջին ժամանակների ամենախոշոր բախումը տեղի ունեցավ 1993թ., երբ Շոմեյկեր-Լևիի գիսավորը բախվեց Յուպիտերի հետ, ընդ որում` գիսավորը, մինչև իր անկումը, մոլորակի հզոր գրավիտացիոն դաշտում փշրվեց մի քանի մասերի, և մենք դիտեցինք նրանց անկումը` որոնք միմյանց հերթագայելով լավ տեսանելի հսկա պայթյուններ առաջացրին Յուպիտերիմ ակերևույթին: Ի դեպ, 1960-ականների կեսերին Երկրի և Լուսնի միջև անցել է բավական խոշոր երկնային մարմին, որի մասին բավականաչափ վաղօրոք չեն իմացել: Սակայն ներկայումս դիտողական տեխնիկան զգալիորեն ավելի զարգացած է, և բոլոր շարժվող մարմինները հսկվում են հարյուրավոր միլիոն կիլոմետրեր հեռավորություններից սկսած: Ներկայումս մի փոքր ավելի հանգիստ կարող ենք լինել, քանի որ մարդկության կողմից ստեղծված ավերիչ միջուկային զենքը գուցե հնարավորություն տա սպասվող վտանգը կանխել կամ, գոնե մեղմացնել` շեղելով մոտեցող երկնաքարի ուղին կամ պայթեցնելով և մասնատելով այն:
Հարցազրույցը` Անի Կարապետյանի

http://asekose.am/hy_AM/news/9/135957-amenamec-marminneri-baxoume-erkri-het-karox-e-berel-nra-zgali-cncmanasxarhi-korcanoum-erkou-tipi-scenarov.html