Հայ ազգային, քաղաքական գործիչ,
խորհրդային նշանավոր այլախոհ, 1968թ.-ից գաղտնի գործող Ազգային միացյալ
կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում
կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների
հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան Պարույր Հայրիկյանը զրուցել է 2014 թվականի հետ կապված իր ծրագրերի, գործած սխալների, ամանորյա սեղանի մասին:
Պարոն Հայրիկյան, ի՞նչ նպատակներ, ծրագրեր ունեք՝ կապված 2014 թվականի հետ:
-Կարևորագույն նպատակս կմնա նույնը՝
«Բացարձակ ժողովրդավարության» մոդելի ամրագրումը, այն է՝ Հայաստանը դարձնել
իսկապես ժողովրդին պատկանող երկիր և դրան զուգահեռ ուղղել թույլ տված
բոլոր սխալները, որոնք մինչև այսօր տեղի են ունեցել մեզնից անկախ:
Իսկ հնարավոր կլինի ՞ ուղղել այդ սխալները և որո՞նք են դրանք:
-Կյանքում
անհնարին ոչինչ չկա: Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, բայց
այդպես էլ իրեն չդրսևորեց որպես միջազգային իրավունքի կարիքն ունեցող
պետություն: Ազգային արժեքային համակարգի հարցում նույնպես Հայաստանը
թերացավ: Այսինքն, արտաքին քաղաքականության մեջ մեր պարտքը չկատարեցինք մեր
նախնիների հանդեպ, ապրեցինք՝ արհամարհելով սերնդի առջև ծառացած հարցերը:
Մեր պետությունը, ինչպես ես էի հուշում, ինչ-որ չափով խոսեց Ցեղասպանության
հետևանքները վերացնելու մասին. այն է՝ ոչ թե ճանաչում, այլ հետևանքների
վերացում: Բայց որևէ քայլ չարեց: Մենք հեռացած ենք մեր ազգային արմատներից
և մեր կրթական համակարգում այդ առիթով ոչինչ չարվեց: Հայաստանը
Սահմանադրություն ընդունեց, կարևորագույն չափորոշիչների մասին խոսեց, բայց,
այդպես էլ չդարձավ կազմակերպված իշխանությունների երկիր, Հայաստանը
չպատկանեց քաղաքացուն, հիմա էլ նախապատվությունը տվեցինք 3 դիկտատորների
համագործակցությանը, որը պատմական մեծ խայտառակություն է:
Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ կամ ամենատխուր Նոր տարին:
-Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել, չեմ կարող ասել:
Ի՞նչ ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:
-Մեր հայրերն ու մայրերը ժամանակին
կարևորել են Սուրբ ծնունդը, իսկ այսօր՝ բոլշևիզմից հեռանալուց 25 տարի
հետո, Նոր տարին Հայաստանում դեռևս ավելի մեծ տոն է համարվում, քան Սուրբ
ծնունդը կամ Հարության տոնը: էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ազգային
Հայկի ու Բելի կռիվը՝ մեր սկզբնավորման տոնը, ընդհանրապես չի նշվում:
Վերջին տարիներին հայկական ավանդույթի
համաձայն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ես պահք եմ պահում: Այդպես է
նախատեսված: Եվ իմ պոլսեցի նախնիները ունեին Նոր տարվա պահքին վերաբերող
ուտեստներ. թոփիկ, անուշ ապուր..Ի դեպ, դա ինձ փրկում է ամանորյա
հարկադիր ուտելիքներից:
Իսկ Դուք՝ ինքներդ, որևէ ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:
-Չէ, կոնկրետ Ամանորին ոչինչ չեմ անում,
եթե ի վիճակի եմ լինում՝ գնումներ եմ կատարում և այլն: Այդպես ստացվել է,
պարզապես երեխաներս ինձ հերթ չեն տալիս:
Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-Կուզեի, որ
հայ մարդիկ՝ այդ թվում և ես, կարողանայինք Աստծով ապրել, լինեինք
ճշմարտության կողմնակից, չապրեինք նյութականով: Կատարեինք աստվածային
պատվիրանները, որոնց դեպքում զզվանքով կվերաբերեինք «Որտեղ հաց, այնտեղ
կաց» ասացվածքին ու կհասկանայինք, որ մանր ու մեծ խնդիրների պատճառով
հայրենիքը լքել չի կարելի:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/1/148018-manr-ou-mec-xndirneri-patjarov-hayreniqe-lqel-ci-kareliparouyr-hayrikyan.html