5/26/2014

Ամեն ինչ սկսվեց իմ անուշ, քաղցր Հայաստանից. Զրույց` Հայաստանի միակ տերմենահարի հետ


Ես սիրում եմ ոչ ստանդարտ գործիքներով նվագել: Ծնողներիցս նեղանում էի, թե ինձ ընդհանրապես ինչո՞ւ են ուղարկել դաշնամուրի դասընթացների, որ ավարտեմ՝ ի՞նչ եմ անելու, որտե՞ղ եմ աշխատելու: Շատ-շատ պետք է դպրոցում դաս տայի, այն էլ չէի սիրում: Համերգայինի համար էլ պետք է կարողանաս շատերին գերազանցել:
Ահա, այսպիսին է մեր այսօրվա զրուցակիցը` Հայաստանի միակ տերմենահարուհի Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը: Նա մինչև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելը և  կոմպոզիտորի մասնագիտություն ստանալը սովորել է  Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` դաշնամուրի բաժնում: Գրում է ակադեմիական երաժշտություն:
Սաթենիկ, դաշնամուրից հետո սկսել եք երգեհոն նվագել: Ինչո՞վ է այդ երաժշտական գործիքը գրավել Ձեզ:  
-Սովորելու տարիներին զուգահեռ ինձ  գրավել է ինքնատիպ երաժշտական գործիքը՝ երգեհոնը: Ուզում էի հասկանալ՝ ինչպես են կարողանում նվագել այդ գործիքով: Չէ՞ որ երգեհոնի դեպքում նվագում ես և՛ ոտքերով, և՛ ձեռքերով:
Ապա սկսեցիք հետաքրքրվել տերմենվոքս էլեկտրոնային գործիքով… 
-Ես սիրում եմ ոչ ստանդարտ գործիքներով նվագել: Երբ որ Կոնսերվատորիան ավարտեցի, համացանցում անսպասելի տեսա տերմենվոքսը: Հետաքրքրեց, թե ինչպես  են նվագում:
Նախ, ծանոթացա պատմությանը: Գործիքը ստեղծվել 1919 թվականին  ռուս ֆիզիկոս Լև Տերմենի կողմից, աշխատում է հոսանքով: Նրա մեջ կան երկու էլեկտրական գեներատորներ, որոնք կապված են աջ և ձախ ալեհավաքների հետ: Ուղղահայաց ալեհավաքով կառավարում են հնչյունների բարձրությունը, իսկ հորիզոնական ալեհավաքով` ձայնի ուժգնությունը:
Տերմենվոքս էլեկտրոնային գործիքի պատմության մեջ  լավագույն կատարողներն են Կլարա Ռոկմորը, Լիդիա Կավինան, Կառոլինա Այքը, պարսկահայ Առմեն Ռան, ով բնակվում է ԱՄՆ-ում և այլոք:
Սա միակ երաժշտական գործիքն է, որին  չես դիպչում:
Ճիշտ է, ինձ գրավել էր գործիքը, բայց ուժ տվեց ամուսինս՝ գրելով «Տիեզերական վոկալիզ» -ը: Նա ասաց, որ գործը գրել է, և ինչ ուզում է լինի` ես պետք է նվագեմ: Միացնում էի, նստում  ու սկսում էի պարապել:
Մոտավոր պատկերացնում էի, եթե սա «դո»-ն է, մի քիչ էլ մատերս բացեմ՝ «ռե»-ն կլինի: Ավել բացելու դեպքում «դո»-ից «մի» կգնա: Հաջորդ օրը քիչ էի բացում ու տեսնում էի, որ չի ստացվում: Քիչ-քիչ սկսեցի կատարողների գործերն ուսումնասիրել:Հասկացա, որ գործիքը  լարում են:
Ո՞վ էր այն տերմենահարը, որ գրավեց Ձեզ ու տարավ տերմենահարների աշխարհ:
-Դորի Քրայսլերը: Նվագում էր, քամի էր, մազերը գնում էին ու ոնց որ այդ քամին ինձ էլ հասավ: Նրա` օդում նվագելու ժամանակ մարդկային ձայն էր դուրս գալիս: Մոգական էր…
Որքա՞ն ժամանակ պահանջվեց գործիքին լիովին տիրապետելու համար:
-Գործիքին կարողացա տիրապետել մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում:  Ինձ  օգնում  է  աշխարհի թիվ 1 տերմենահարը` Լիդիա Կավինան: Նա ինձ շատ է խորհուրդներ տալիս:
Եթե չունենայիք երաժշտական կրթություն, ի՞նչ եք կարծում, ինքնուրույն սովորելու դեպքում նույն արդյունքը կլինե՞ր:
-Ինձ թվում է, որ եթե չունենայի երաժշտի կրթություն, ոչինչ չէր ստացվի: Օգնեցին ոչ միայն դաշնամուրն ու երգեհոնը, այլև կոմպոզիտորական մտածողությունը:
Որոշ ժամանակ եղել եք Հորդանանում:  Ուսանելու, թե՞ աշխատելու համար:
 -2011-2012 թթ դասավանդել եմ Հորդանանի  Ամման մայրաքաղաքի Հոսսեինի անվան կոնսերվատորիայում: Այդ ընթացքում առավել շատ ժամանակ հատկացրեցի գործիքին:
Որպես տերմենահար ձայնագրվեցի Մարտին Ուլիխանյանի  «Դուռ» ֆիլմում, հորդանանցի ռեժիսորներից մեկի  «Իսկ, եթե» ֆիլմում: Բայց, ամեն ինչ սկսվել է իմ անուշ, քաղցր Հայաստանից, ինքը հիմա էլ ինձ ուժ է տալիս:
Հայաստանում դեռևս միակ տերմենահարն եք: Դա ուրախացնում է, թե՞տխրեցնում:
-Հայաստանում միակը լինելու հանգամանքը սկզբնական շրջանում օգնում է: Առայժմ մրցակցություն չկա: Ավելին, սիրով ցանկացողներին կսովորեցնեմ:
Արդեն Ձեր ներդրումն ունեք տերմենահարների աշխարհում:
-Մարտին Ուլիխանյանը` ամուսինս,  ևս մեկ՝  «Անջատում»  անունով ստեղծագործություն գրեց  հարվածային գործիքների համար: Արագ կտոր կար: Մի տեսակ այդ մասը դուրս չէր գալիս, թվուրմ էր, թե վատ է հնչում, իսկ ես չէի ուզում: Փորձեցի, փորձեցի և այո, նորարարություն…(ստեղծագործության մեջ տեղ գտած տեխնիկական հնարքը` 2:41րոպեից) 
Ամեն ոճի երաժշտություն հնարավո՞ր է կատարել այս գործիքի ուղեկցությամբ:
-Գործիքով շատ բան կարող ենք նվագել. ջազզ, բլյուզ: Անգամ չեմ հրաժարվի խմբերի հետ հանդես գալու  առաջարկից, թեկուզ ռոք խմբի: Որ առաջարկ լինի՝ ինձ թվում է, ոչ ոք չի փոշմանի այդ խելագար մտքից:
Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր հետագա  ծրագրերը կապում եք այս գործիքի հետ:
Կարելի է ասել՝ գտել եմ ինձ, իմ անելիքը այս կյանքում: Անում եմ այն, ինչ-որ ինձ Աստված նվեր արեց:
Գործունեությունը պատկերացնում եք Հայաստանում, թե՞ նրա սահմաններից դուրս:
Շատ եմ ուզում, որ Հայաստանում լինի: Իմ առաջին ելույթը եղել է 2013թ. մարտի 16-ին: Երկու մենահամերգ ունեցա, վարպետության դասընթացներ կազմակերպվեցին: Ես մինչ օրս չեմ կատարել այլ ազգի կոմպոզիտորների ստեղծագործություննեը: Ես նվագել եմ միայն հայ երաժշտություն: Ամուսինս արտերկրում է, երբ տեղի երաժիշներից մեկը իմացել էր, որ տերմենահար եմ, գործ էր գրել, երբ տեսա, սիրտս չկպավ: Ես հայ եմ, ախր հայերին պետք է ներկայացնել:
Հայաստանի մասին ինչ-որ ստեղծագործություն չե՞ք ուզում գրել:
-Ես մի գործ եմ գրում՝ Հայոց ցեղասպանության հետ կապված, որովհետև կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է ինչ-որ մի բան անել՝ իր կարողությունների սահմաններում: Ոնց որ ես իմ պարտքը տամ զոհված հոգիների համար, խաղաղության, լուսավորության համար:
Սաթենիկ, նշեցիք, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ենք կատարում: Անուններ կնշե՞ք:
-Մարտին Ուլիխանյանը  հանդիսացավ առաջին հայ կոմպոզիտորը, որ  գրեց ստեղծագործություն տերմենվոքս գործիքի համար: Հետո համացանցով մրցույթ հայտարարեցի: Գրվեցին նոր ստեղծագործություններ, սակայն, հովանավոր չլինելու պատճառով Աննա Հակոբջանյանի, Լուսինե Սարգսյանի և մի քանի կոմպոզիտորների գործերը չեն կատարվում,  որովհետև նվագախմբի համար է գրված, երաժիշտներին վճարել է պետք: Իսկ մեր երաժշտական ասպարեզը այս առումով շատ խեղճ է: Չեն հովանավորում պրոֆեսիոնալ երաժիշներին, կոմպոզիտորներին: Աննա Հակոբջանյանի երաժշտության համար 1000 դոլար է անհրաժեշտ:
 Ո՞վ պետք է հովանավորիո ՞ւմ եք դիմել:
-Մշակույթի նախարարությունը պետք է հովանավորի, ախր հայկական երաժշտություն ենք ներկայացնում:
 Խոսենք, թերևս առաջիկա ծրագրերի մասին:
-Առաջիկայում ԱՄՆ-ում հանդես կգամ համերգով, իսկ աշնանը Գերմանիայում տերմենահարների փառատոն կա: Կավինան շատ է ուզում, որ մասնակցեմ: Ասաց, որ նամակ գրեմ: Ամեն ինչ պատրաստ է, մնում է  հովանավոր գտնել:
Հարցազրույցը` Անի Կարապետյանի

http://asekose.am/hy_AM/news/9/160255-amen-inc-sksvec-im-anous--qaxcr-hayastanic-zrouyc-hayastani-miak-termenahari-het.html

Комментариев нет:

Отправить комментарий