Մայիսի 17-ին մեկնարկում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանի հետ զրուցել ենք թանգարանի, ծառացած խնդիրների, անելիքների, բացթողումների, համբարձումյանագիտության և այլ հարցերի շուրջ:
http://asekose.am/hy_AM/news/9/159408-evs-mek-angam-nsemacvoum-e-tangarane.html
-Ի՞նչ վիճակում է այսօր Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը: Ի վերջո, լուծվեցի՞ն հատակի և հիմնանորոգման հետ կապված խնդիրները:
-Թանգարանը վերջերս վերակազմակերպվեց: Առաջ ԳԱԱ նախագահության համակարգում առանձին հիմնարկ էր, ստորբաժանում, հունվարից Ակադեմիայի նախագահության որոշմամբ փոխանցվեց աստղադիտարանին` իր հաստիքներով, աղքատիկ ֆինանսավորումով: Եվ հիմա, փաստորեն թանգարանը Բյուրականի աստղադիտարանի մի ստորաբաժանում է, չունի առաջվա ինքնուրույնությունը: Ինչ վերաբերում է հոգսերին, ապա դրանք մնացել են այնպես, ինչպես կային: Առաստաղ, հատակ և այլն: Խոստումներ կան, եղել են, ոչինչ չի փոխվել:
Ինչո՞վ է սահմանափակվել ինքնուրույնությունը:
-Եթե առաջ թանգարանն ուներ տնօրեն, որին կարող էր նշանակել Ակադեմիայի նախագահը, հիմա թանգարանն ունի վարիչ, որին կարող է նշանակել կամ ազատել Բյուրականի աստղադիտարանի տնօրենը: Առաջ թանգարանն ուներ իր գիտական խորհուրդը, որը հիմա չկա: Այսինքն, ևս մեկ անգամ նսեմացվում է թանգարանը:
Դուք գրեթե միշտ բարձրաձայնել եք, որ թանգարանում մեծածավալ աշխատանք կա, բայց աշխատող չկա: Այս հարցը լուծվե՞լ է:
-Ոչ: Աշխատողները նույնքան են, որքան առաջ. ունենք ղեկավար, 1 գիտաշխատող, 1 ֆոնդապահ և 2 պահակ: Ժամանակին նպատակ ունեի գիտական, գիտահետազոտական կենտրոն դարձնել, որտեղ համբարձումյանագիտությամբ կզբաղվեին: Հիմա արդեն այս ամենը ես չեմ որոշողը: Բայց երկու անգամ ավելի աշխատող է պետք, որ կարողանա և’ այցելությունների, և’ հետազոտությունների հարցերը լուծել:
Հիմա համբարձումյանագիտությամբ զբաղվողներ կա՞ն:
-Չէի ասի, վերջինը ես եմ եղել: Համբարձումյանի և իր հայրիկի անտիպ գործերը և հոդվածներն եմ տպագրել: Օրինակ այս տարի` 2014 թվականի հունվարին լույս տեսավ Համազասպ Համբարձումյանի հուշերի անտիպ հատորյակը, որը 60 տարի է մնացել էր չտպագրված: Առաջ դա անում էի որպես հոգու պարտականություն, հիմա նման բան անող այլևս չի լինի:
Տարեկան որքա՞ն այցելու է ունենում թանգարանը:
-Տարեկան մոտ 5000 հոգի այցելում է թանգարան: Մի քիչ ավել, մի քիչ պակաս` կապված եղանակային պայմանների հետ: Մեծ մասը դպրոցականներ, ուսանողներ են:
Այս տարի մասնակցո՞ւմ եք «Թանգարանների գիշեր» միջոցառմանը:
-Այս տարի չգիտեմ, կմասնակցենք, թե ոչ, բայց մեզ մոտ միշտ անվճար է: Կար ժամանակ, որ հանգանակություն էինք հավաքում, ում սրտով ինչքան անցնում էր` տալիս էր: Հետո ինչ-ինչ պատճառներով դա էլ արգելեցին:
Երկար տարիներ է` գիտության ոլորտում եք: Որևէ առաջընթաց նկատո՞ւմ եք:
-Ցավոք ոչ: Գուցե կա, բայց ես չեմ տեսնում: Իշխանությունների կողմից ցանկություն չկա` ունենալ գիտություն, մշակույթ:
Անի Կարապետյան
Комментариев нет:
Отправить комментарий