Մայիս ամսին չամուսնանալու ավանդույթը ոչ միայն մոռացության չի մատնվել, այլև առավել ամրապնդվել է: Մարդիկ համառորեն խուսափում են ամուսնության հետ կապված որևէ բան անել: Այս կարծիքին է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը, ով այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ եկեղեցին այդ հարցում որևէ պատճառ չի դնում, ավելին, սնահավատություն է համարում:
«Նման բաները հիմնականում կապվում են տվյալ հանրության կրոնական պատկերացումների հետ, բայց այս դեպքում, պատճառը կրոնից դուրս է: Սկսեցինք ծանոթանալ հայկական օրացույցի հետ, որը համարում ենք նախահայկյան: Այդտեղ էլ գտանք սրա բացատրությունը»,-ասաց Գրիգոր Բրուտյանը` մանրամասնելով.
«Նախահայկյան օրացույցում տարեմուտը եղել է ամառնամուտից մոտ մեկ շաբաթ առաջ: Այդ տոնական իրադարձությանը նախորդել է յոթանասունօրյա արգելքների շրջան՝ հիմնականում կապված անդրաշխարհի ու իգական սկզբի գաղափարների հետ: Հիմնված է եղել Հայկ աստղի դիտումների հիման վրա, քանի որ տարվա մեջ մի փոքր հատված երբ հորիզոնից ներքև է եղել, չի երևացել, համընկել է ապրիլի-մայիս-հունիս ժանակահատվածին: Այդ ընթացքում արգելված են եղել երեկոյան գործ անելը, ամուսնական հարաբերությունները, միս, կաթնամթերք օգտագործելը: Այդ արգելքի շրջանն ավարտվել է Ամանորի տոնով, որը եղել է տոնաշարք՝ մի ամբողջ շաբաթ և այդ տոնաշարքի մեջ առանցքային դեր է ունեցել ծիսական ամուսնությունը»:
Անդրադառնալով տարածված կարծիքին, թե բացի արգելված լինելուն նաև դժբախտություն է բերում այս ամսին ամուսնանալը, Գ. Բրուտյանը նկատեց. «Տվյալ ամսին ամուսնանալն արգելված է եղել, սակայն նրանք, ովքեր գնում են այդ քայլին` գիտակցաբար վախենում են, որ արգելված բան են արել: Դա սկսում է մարդուն խանգարել, քանի որ օրենք է խախտել»:
Գրիգոր Բրուտյանը նշեց, որ կողմ է ավանդույթների պահպանմանը, ամեն դեպքում մեր «պապերն են ասել»:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/8/159397-mayisin-camousnanalou-avandouyti-bacatroutyoune-gtnvac-e.html
Комментариев нет:
Отправить комментарий