Քաղքենիներն ու ցուցամոլներն արդեն «համը» հանում են՝ առօյայում անգլերեն ու ռուսերեն բառեր գործածելով ու հաճոյանալով օտարին: Վերջիններն էլ հոգու խորքում զարմանում, իսկ արտաքուստ հպարտանում են, քանի որ փոքրիկ Հայաստանում նախընտրում են օգտվել իրենց «ծառայություններից», որովհետև «փնտրել ու այդպես էլ չեն գտել» «привет»-ի, «пока»-ի, «Happy birthday»-ի համարժեք բառերը:
Առավել ցավալի է այն, որ կան մարդիկ, ովքեր նախընտրում են հաղորդակցվել այդ լեզուներով ու օտարին հնարավորություն տալ՝ «մուննաթ» գալու հայերենը գերադասող Հայի վրա: Նման դեպքի ականատես եղա Երևանի սրճարաններից մեկում: Նստած էր մշակույթի բնագավառի հայտնի դեմքերից մեկը՝ իր ռուս գործընկերոջ հետ, երբ նրանց մոտեցավ մոտ 30 տարեկան երիտասարդ, ով խոսեց միայն հայրենակցի հետ, ով էլ հորդորեց նրան խոսել նաև իր հյուրի հետ: Տղան ասաց, որ ծանոթ չէ նրան ու իմաստ չի տեսնում, ավելին՝ չի պատրաստվում իր հողում օտար լեզվով խոսել.սկզբունք է: Սա առաջացրեց մեր մշակույթի ներկայացուցչի զայրույթը, իսկ ռուսը շտապեց «2 նշանակել»՝ իր լեզվով խոսելուց հրաժարվելու համար:
Համոզված ենք՝ 2 կնշանակեին նաև անգլիացին, չինացին, տաջիկը, քանի որ ստրկամիտ հայն իրենց լեզվով չի խոսում: Իսկ հայը ո՞ւմ 2 նշանակի.Ռուսաաստանում, Գերմանիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Սուդանում ու մի շարք այլ երկրներում իր հետ հայերեն չխոսողների՞ն.վատ միտք չէ...Հե՜յ, աշխարհ, շտապի՛ր սովորել ամենագեղեցիկ, ամենահարուստ լեզուն՝ հայերենը, մենք գալիս ենք:
Հ.Գ.Փորձի համար մտեք ՀՀ ցանկացած հյուրանոց, տեսեք՝ օրինակ ֆրանսիացին ու իտալացին ի՞նչ լեզվով են խոսում: Ո՛չ, անգլերենը չէ, չշտապեք եզրակացություն անել: Նրանք խոսում են իրենց մայրենի լեզվով՝ ասելով.ոնց ուզում եք՝ հասկացեք:
***
Ասույթներ Հայոց Լեզվի մասին
Անտուան Մեյե
Հայ այբուբենը գլուխ-գործոց մըն է: Հայ հնչյունաբանության հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ նշանով մը նոթագրված է, և համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտությունը մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով` Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե:
Ավետիք Իսահակյան
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…
Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
Եղիա Տեմիրճիպաշյան
Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզվի մեջ. փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, որ լեզուն կարող է պատկերացնել, որ լեզուն Է՝ ոյր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք՝ որք սակավ գետերու նման սկիզբ ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմեջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն
ի խորս անդր օվկյանին անդնդախոր կհասնին։
Եղիշե
Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:
Էդմոնդ Շուց
Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել:
Էմիլ Բենվենիստ
Լատիներենի այբուբենը, հայերենի այբուբենը նշագրության զարմանալի օրինակներ են, որն անվանում ենք հնչութային: Ժամանակակից վերլուծողը գրեթե ոչինչ չի կարող փոխել այստեղ. հաշվի են առնված իրական տարբերությունները, յուրաքանչյուր տառ միշտ համապատասխանում է միայն մեկ հնչույթի, յուրաքանչյուր հնչույթ միշտ վերարտադրվում է նույն տառով:
Հովհաննես Թումանյան
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Ղազարոս Աղայան
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։
Ղևոնդ Ալիշան
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…
Մարկվարտ
Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, և նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի և նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար` այս վերջինները «խեղճ թզուկներ» կերևան մտքի այդ հսկայի համեմատությամբ:
Միսաք Մեծարենց
Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:
Միքայել Նալբանդյան
Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:
Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիենավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:
Նիկողայոս Մառ
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է “ Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
Ջորջ Բայրոն
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում:
Վահան Տերյան
Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:
Վահրամ Փափազյան
Այդ մարդուն եմ պարտական ահա՝ իմ մայրենի լեզվի անզուգական գեղեցկության, Նրա անբավ հարստության, անմրցելի ճկունության երջանիկ և առաջին գիտակցումը, որը դավանանք դարձավ ինձ համար հետագայում, երբ տիրապետելով ութ օտար լեզուների՝ եկա այն համոզման, որ հելլեն, լատին և արաբ լեզուներից ավելի հնչեղ ու հարուստ Է մեր լեզուն։ Թող ներվի ինձ, եթե ասեմ՝ օրհնվի քո հիշատակը, տերտեր, որ անգիտակցաբար սովորեցրիր ինձ սիրել այն լեզուն, որ հետագայում մարդկային այլազան կրքերը թարգմանելու անզուգական գործիքը պիտի դառնար ինձ համար։
Վիկտոր Համբարձումյան
.. Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ …
Ֆրեդերիկ Ֆեյդի
Զբաղմունքներուս նյու՞թը այսօր: Մեկն ու միակը` հայերենը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորություն ունի ազատորեն և ստույգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները և բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկյանը նվիրված է այդ ուսումնասիրությանը»:
Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառկ է, նախ` որպես զարմալալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:
Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է: Այս առանձնահատկությունը հայ բանաստեղծներին հնարավորություն է տալիս համաշխարհային գրականոթյան գանձերը բոլոր նրբերանգներով թարգմանելու հայերեն: Եվ բառապաշարի հենց այդ հարստությունն է, որ դժվարություն է հարուցում օտարազգի թարգմանիչներին հայ գրականությունը իրենց լեզուներով թարգմանելիս»:
Комментариев нет:
Отправить комментарий