Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները վրդովվում են, երբ սոցիալական ցանցերում տարածում են Վիկտոր Համբարձումյանի՝ վառարանի մոտ նստած նկարն ու գրում՝ այսպես են ապրել մեր մեծերը:
Ասում են՝ այդ ցուրտ ու մութ տարիներին աշխարհի բոլոր կետերից խնդրում էին, որ Համբարձումյանը գնա իրենց մոտ, բայց նա մերժում էր բոլորին: Անգամ դրսում ապրող որդու ու դստեր մոտ չի գնացել՝ ասելով, որ Հայաստանից ոտքը դուրս չի դնելու:
Վառարանի մոտ նստած այդ նկարը Համբարձումյանի կյանքի վերջին նկարն է եղել:
Խնդիրն այն է, որ հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանը, ձմռանը բնակվել է իր աղջկա՝ Կարինեի տանը, որը գտնվել է Աշտարակում:
Երբ ՊՆ նախկին փոխնախարար Շիրխանյանը տեսել է, որ Վիկտոր Համբարձումյանը մոմի լույսի տակ նստած է, ոտքերին ցրտից պաշտպանվելու համար ծածկոց է գցել ու այդպես աշխատել, ծատ վատ է զգացել իրեն, ասել է, որ Համբարձումյանի նման մեծությունը չի կարող մութ տեղում ապրել և հորդորել է աշխատակիցներին, որ ամեն ինչ անեն, այսպես ասած՝ «գիծ» քաշեն այնտեղ, գիտնականի տանն անպայման լույս հասցնեն: Այդպես էլ անում են:
Երեկոյան, երբ դուրս է գալիս Համբարձումյանը, տեսնում է, որ շրջապատն ամբողջովին մութ է, իսկ իրենք լույս ունեն: Հարցնում է, թե այս ի՞նչ է կատարվում, մենք ինչո՞ւ լույս ունենք: Երբ բացատրում են, ասում է՝ անջատե՛ք, ես չեմ կարող լույսի մեջ նստել, երբ ժողովուրդս մթության մեջ է: