
Վաղուց էինք որոշել գալ Հայաստան:
Մի քիչ էլ Հայաստան եկողների ու մնացողների մասին գրեք, ի՞նչ եք անընդհատ փոքր թվով գնացողների մասին խոսում, սխալ կարծիք կազմում: Մենք քսան հոգով եկել ու մնում ենք: Աղջիկս, որդիս, եղբայրս, քույրս իրենց ընտանիքի անդամներով եկել ապրում են ու գնալու միտք էլ չունեն:
Սիրիական պատերազմի հետևանքով Հալեպի իմ տան վրա ռումբ ընկավ: Տասնապատիկ նվազ գնով վաճառեցի այն, տղայիս ու աղջկաս համար բնակարաններ գնեցի Երևանում: Այժմ ապրում եմ աղջկաս ու փեսայիս հետ: Սենյակիս պատուհանից Արարատն ու Արագածն է, ամեն առավոտ նայում եմ, ընթացքում էլ մարզվում եմ: Ունեմ իմ «ուգլը», կամ անկյունը, ինչպես այստեղ են ասում: Օրվա մեծ մասն անց եմ կացնում գիրք ընթերցելով: Ի դեպ, երբ եկա Երևան՝ 300 գիրք նվեր ստացա: Բոլորն էլ կարդացել եմ: Իմ գիտելիքի աղբյուրը սրանք են:
Մեզ պահողը մայրենի լեզուն է:
-90 տարեկան եմ, այսքան տարի արևմտահայերենով եմ մտածել, դժվար է արևելահայերենը մի փոքր, թեև լրիվ հասկանում եմ: Ավելին՝ բոլոր գրքերը արևելահայերենով եմ կարդում, չնայած ուղղագրությանը չեմ տիրապետում: Կարդում եմ՝ ուղղագրությունն առանց մտքիս մեջ պահելու: Արևմտահայերենը լավ լեզու է, ուղղակի պետք է աշխատենք չկորցնել: Լեզուն կպահվի, եթե խոսող կա: Դանիել Վարուժան, Սիամանթո արևելահայերենով չեք կարդում չէ՞, Պարոնյանի ներկայացումները արևմտհայերենով եք նայում չէ՞: Մի կերպ պետք է պահենք այս լեզուն: Օրինակ՝ դպրոցներում կարող է դասաժամ լինել: Հիշում եմ՝ Պարույր Սևակն ինձ ասում էր. «Աղվոր բառն ինչ աղվոր է, չէ՞ Թորո՛ս»:
Ափսոս է նաև գրաբարը: Լավ կլիներ, եթե իմանային: Անգամ եկեղեցականները լավ չեն տիրապետում դրան:
Հիշում եմ՝ ուսանող ժամանակ երբ դասախոսների հարցերին էի պատասխանում, ընկերներս ասում էին, լավ լեզու է, շարունակի՛ր այդպես խոսել, բայց դե կողքից էլ կատակում էին՝ ասելով. «Արա, դեռ չսովորեցի՞ր արևելահայերենով խոսել»:
Գագիկ անունով մեկն էլ կար, ում ես «քաքիկ» էի ասում, դե արևմտահայերեն, ասում էր, ես Գագիկն եմ: Նրա հետ կապված մի պատմություն էլ կա:
Ուրեմն, Ֆինլանդիայի գրողների միության նախագահի՝ Մարտին Լարնիի գիրքը ռուսերենից հայերեն թարգմանվեց, կոչվում էր «Գեղեցկուհի խոզարածը»: Այնտեղ ասվում էր, որ տղամարդը խոզ է, ամեն ք.. կուտի:
Սա շատ էր դուր եկել աղջիկներին: Գրողին այցելելու ու թարգմանված գիրքը նրան փոխանցելու որոշում կայացրի ու այն իրականացրեցի ամառային արձակուրդներից մեկի ժամանակ:
Գնացի Ֆինլանդիա, այցելեցի նրան, երկու շիշ կոնյակն ու նրա հեղինակային գրքի հայերեն տարբերակը դրեցի սեղանին: Մինչ այդ ասեմ, որ գիրքը ձեռք էի բերել հենց Գագիկի շնորհիվ: Որ գրախանութը մտել՝ չէի գտել, նա թե գնա՛ Խնկո-Ապոր անվան գրադարան,այնտեղ կլինի, վերցրու, հետո կասես կորցրի ու 2 ռուբլի կվճարես: Պատասխանեցի՝ գողություն է, ասաց, լա՛վ, ես կգնամ կվերցնեմ: Այդպես էլ արեց:
Իսկ ես մեծ հպարտությամբ գիրքը տարա ու հասցրի գրողին՝ նշելով. «3 տարի է՝ լույս է տեսել այս գիրքը, Հայաստանի գրողների միությունից ուզում էին Ձեզ ուղարկել, սակայն Ֆինլանդիա եկող չկար: Ինձ կանչեցին ու հանձնարարեցին, որ փոխանցեմ»:
Իրականում սուտ էր, նման բան չկար, ուղղակի ուզում էի Հայաստանի ու Գրողների միության վարկանիշը բարձացնել: Ի դեպ, ֆինլանդացի գրողը իմ այդ քայլից հետո Հայաստան եկավ: Այստեղից հետևություն՝ համարձակ պետք է լինես, հայի անունը բարձր պահես:
Շառլ Ազնավուրի հայրը իսկական հայ էր:
Մի օր Փարիզում քայլում եմ՝ տեսա Ազնավուրի հորը: Մոտեցա, ասացի՝ բա՛րև, պարոն Ազնավուր: Ասաց՝ Ազնավուրը լակոտս է, ես Ազնավուրյան եմ: Տեսնո՞ւմ ես մարդու կեցվածքը: Իսկական հայ:
Մի անգամ էլ Ազնավուրի համերգն էի ուզում կնոջս հետ գնալ, հասանք տեղ՝ տոմս չկար, որոշեցինք գնալ Գառզուի տուն: Սրտնեղեցի, վերցրեց լսափողը զանգեց ու ասաց՝ Գառզուի համար 4 տոմս: Իջանք ու նրա վարորդը մեզ տարավ: Մտանք այն ժամանակ, երբ Ազնավուրը ստորագրություններ էր բաժանում: Մտածում եմ՝ ո՞նց անեմ Ազնավուրի հետ խոսեմ: Գառզուին տեսավ, առանձնացանք: Երբ կինս հայերեն ողջունեց, նա ուրախացավ, քանի որ հասկացավ, որ բոլորս հայ ենք: Ասացի՝ Մեծ երգիչ, Հայաստանից պատվեր ունեմ, հարցրեց, թե ի՞նչ, պատասխանեցի.եթե այդ խոստումս չկատարեմ՝ Հայաստան չեմ կարող գնալ, ուսումս էլ կիսատ կմնա, եթե այդպես եք ուզում, մերժե՛ք ինձ: Նա, թե իհարկե՝ ոչ: Ասացի՝ Ձեր երգերը հայերեն են թարգմանվել, մնում է առաջաբանը, որ տպագրվի ու խոսքի ընթացքում ձեռքս միանգամից գրպանս տարա, իբր թե գումարի ստացականի համար, իրականում ոչ մի կոպեկ էլ չկար: Իր քարտուղարին կանչեց, ֆրանսերենով գրեց առաջաբանը: Վերադարձա Երևան ու ուղիղ «Հայպետհրատ» գնացի:
Հասկանո՞ւմ ես, պետք է հաջողացնես:
Թունիսի Արտաքին գործերի նախարարին հանդիպելիս ատելի թուրքական սուրճի փոխարեն ստիպված մի մեծ գավաթ արաբական սուրճ խմեցի:
-Թունիսում արաբ բժիշկների համաժողովի ժամանակ, ուզեցի տեսակցել նրանց ԱԳ նախարարին: Բեյջս գործի դրեցի, գնացի ԱԳՆ: Հայտնել էին, որ սիրիացի բժիշկ է ուզում նրան տեսնել: 1979թվականն էր: Բարևեցինք: Առաջարկեց թեյ: Ասացի՝ ատում եմ թուրքական սուրճը, քանի որ նրանք եկան ու ամբողջ արաբական աշխարհը գրավեցին: Նրանց սուրճը դրա համար չեմ ուզում խմել, բայց արաբականը մեծ սիրով ու մեծ բաժակով կխմեմ: Իրականությունն այն էր, որ սուրճ ես բացարձակ չէի օգտագործում, բայց ստիպված խմեցի: Ներկայացրի արաբերենով հայ գրականությունը: Ասաց. «Դու տառապած ժողովրդի զավակ ես, շատ բան գիտեմ ձեր պատմությունից, բայց հայ գրականության մասին գաղափար չունեմ, վստահեցնում եմ՝ անպայման կկարդամ ու նամակ կգրեմ»: 2 ամսից ստացա նամակը: Շնորհակալություն էր հայտնել ու նոր գրքեր ուզել: Եվս 13-ը ուղարկեցի: Իր նամակն, ի դեպ, նվիրել եմ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
Վիլյամ Սարոյանը շատ մարդկային էր:
-Մի անգամ հարցրեց. «Անեսթեզոլոգ ես, ձեռքիդ տակ մարդ մահացե՞լ է»: Ասացի՝ ոչ, բարեբախտաբար, բայց գործընկերոջս հետ նման դեպք եղավ: Թուրք 11-ամյա տղան մահացավ վիրահատության ժամանակ, նա էլ վախեցավ ու փախավ: Սարոյանն ասաց. «Կարևորը ոչ թե այն է՝ թուրքի, թե այլ ազգի զավակ է, այլ այն, թե նրա մայրն ի՞նչ է ասելու»:
Տեսնո՞ւմ ես՝ ինչքան մարդկային էր Սարոյանը: Այս մասին որոշել եմ պատմվածք գրել:
Փարիզ-Վան անակնկալ ուղևորատոմսը:
-7 տարի (1963-70թթ.) սովորել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, որն ավարտելուց հետո էլ, 1970 թվականին, Վան գնացի: Մինչ այդ՝ Ստամբուլում հանգրվանեցինք հային պատկանող հյուրանոցում: Իմացա՝ Թուրքիայի բոլոր նախագահներն այնտեղ են միշտ այցելել: Ցավոք, անունը չեմ հիշում, բայց խոսքերն են շատ տպավորել: Ասաց՝ մտավորական մարդ ես երևում, պարո՛ն Թորանյան, մենք նման մարդկանցից գումար չենք պահանջում: Այդպես էլ արեց: Ինձ ուղեկցողը վանեցի էր, ասացի Կարպի՛ս ջան, մարդը գումար չի վերցնում: Ասաց՝ դե այդ դեպքում ես էլ եմ մտավորական, բայց, դե դա չանցավ (Ժպտում է. Ա.Կ): Ի դեպ, Կարպիսի գաղափարն էր ինձ Վան տանելը: Երբ Փարիզում էի, ասաց, որ ինձ համար անակնկալ ունի՝ մորից ու կնոջից գաղտնի: Պատասխանեցի, որ նման նվերն ինձ պետք չէ: Ասացի՝ դու այսօր հարուստ ես, ոչինչ, ես էլ արդեն բժիշկ եմ, որոշ ժամանակ անց ես էլ գումար կունենամ: Նա թե՝ ինչո՞ւ ես շտապում, գիտե՞ս, թե ի՞նչ նվեր է. Փարիզ-Վան ուղևորատոմս: Նման նվերը, իհարկե, չէի կարող չընդունել: Բայց հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ է գաղտնի պահում ընտանիքից, պատասխանեց. «Եթե մայրս ու կինս իմանան, որ Վան ենք գնում, կասեն՝ թուրքերը ձեզ կսպանեն»:
Արտակարգ հայրենասեր մարդ էր: Փարիզում էր ապրում, սակայն երեխաներին ամեն տարի Հայաստան էր ուղարկում, որ տեսնեին, վարժվեին ու հայերի նման ապրեին: Նրա մեծ աղջիկը՝ Անահիտը, ամուսնացավ դերասան Նարեկ Դուրյանի հետ:
Թուրքերը հայերին որպես զբոսաշրջիկի են վերաբերվում:
-Երբ Գևորգ Էմինը եկել էր Հալեպ, Վանի մասին գրածս «Կարոտի ճամփաներով» գիրքն էի նվիրել, բայց այդպես էլ կարծիք չէր հայտնել: Մեկ օր էլ իմացա, որ հիվանդ է: Եկա Երևան, այցելեցի նրան: Ասաց, թե Թորո՛ս ջան, մեկ բան պետք է խոստովանեմ, տվածդ գիրքը չեմ կարդացել: Մտածեցի՝ ասող-խոսող, աշխույժ տղա է, տված գիրքն ի՞նչ պետք է լինի, որ կարդամ: Մի կողմ նետեցի, իսկ երբ հիվանդացա, կնոջս ասացի՝ այդ Թորոսի գիրքը բե՛ր, տեսնեմ ինչի՞ մասին է: Կարդացի, այնպիսի լավ բաներ տեսա, այն ապագայում մեզ շատ օգտակար կարող է լինել՝ կապված հայի ու թուրքի հարաբերությունների հետ:
Գիտե՞ս, թուրքերը հայերին որպես զբոսաշրջիկի են վերաբերվում: Իմացան բժիշկ եմ՝ գումար չվերցրին, Կ.Պոլիսից Վան գնալու համար տոմս չէի կարողանում գտնել, թուրք աղջիկն ասաց՝ պարո՛ն, պատահում է, որ տոմսը գնում, բայց չեն գալիս: Եթե տեսնեմ տեղ կա՝ կասեմ կգաք: Այս ամենը ես ներկայացրել եմ գրքում:
Հայի լեզուն կտրել են՝ հայերենով խոսելու համար:
-Ես թուրքերեն գիտեմ, ծնողներս էլ էին այդ լեզվով խոսում: 180 տարի առաջ Այնթափում հայի լեզուն կտրել են՝ հայերենով խոսելու համար ու վախեցրել են՝ ով խոսի՝ այդպես կտրելու են: Կիլիկիայի հայերը սրա արդյունքում թրքախոս են դարձել՝ բացի Զեյթունի, Սասունի հայերի: Նրանք լեռնային ժողովուրդ էին, կարողացել են պահել լեզուն, իրենց բարբառը:
Թուրքերի վրա ցեղասպանի պիտակը կա: Ցավոք, չեն ընդունում կատարվածը: Երբ խոսում ես նրանց հետ, ասում են՝ անիծվեն դրա պատճառը հանդիսացողները, մենք չենք եղել, կապ չունենք: Ախր, եթե ձեր հայրերի հանցանքը չեք ընդունում, նշանակում է՝ նույնպես հանցավոր եք: Թուրքի հետ բարեկամ լինելը բարդ է: Կարսում մի թուրքի հետ վիճաբանեցի: Մոտիս գումարի ծայրը մի փոքր պատռված էր: Գնացի խանութ՝ ասաց, թե սա չի կարող ընդունել ու առաջարկեց բանկ տանել ու փոխել: Հետո խոսքի բռնվեցինք: Հասկացել էր, որ օտարազգի եմ, հետաքրքրվեց, թե որտեղի՞ց եմ: Պատասխանեցի, որ հայ եմ: Առաջարկեց սուրճի կամ թեյի սեղանի շուրջ զրուցել: Համաձայնեցի: Գնացինք: Նա կողքից էլ մի քանի թուրք էր բերել: Սկսեց իրենց ազգից խոսել: Հարցրի՝ այս քաղաքում հայեր ապրե՞լ են: Պատասխանեց, դե…100-200 հոգի ապրել են: Հակադարձեցի.երևում է մաթեմատիկայից շատ թույլ ես: Նա թե՝ ինչ խնդիր ուզում ես տուր, կլուծեմ: Ասացի՝ գուցե լուծես, բայց որ 2 անգամ 2 ի՞նչ է անում, հաստատ չգիտես: Սա թե՝ ո՞նց: Ձեռքս ուղղեցի դեպի եկեղեցին ու նշելով՝ այս քաղաքում եթե 100.000 հայ չապրեր՝ այն շինությունը կլինե՞ր, գիտե՞ս, թե դա ի՞նչ է: Թուրքը թե՝ թանգարան է:
Օ՜, բա նախքան դա ի՞նչ էր, վրան խաչ չկա՞ր, եկեղեցի չէ՞ր: 100 հայ եթե ապրեր, վիթխարի եկեղեցի էր շինելո՞ւ, թե թիթեղից կամ փայտից,-հարցրի ես ու նետեցի՝ տեսա՞ր, որ մաթեմատիկայից լավ չես: Հետո նկատեցի դիմացի գրախանութը: Նա միանգամից, թե տեսնո՞ւմ ես, ի՞նչ լավ մարդ ենք, բանաստեղծ Նազիմ Հիքմեթի գիրքն էլ կա, տպագրել ենք, վաճառում ենք, չնայած Մոսկվայի շունն էր: Ասացի՝ այո, տասնյակ տարիներ բանտարկեցիք,՝ ասելով, թե կոմունիստ է, իսկ երբ մահացավ՝ հիշեցիք, որ ձեր բանաստեղծն է ու սկսեցիք գրքերը տպագրել: Ի դեպ, հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը լսե՞լ ես, նրա տան տեղն ինձ ցույց տուր,-ասացի ես: Պարզվեց՝ ոչ տան տեղը գիտեր, ոչ անունը:
Արևմտյան Հայաստան անպայման պետք է այցելել:
- Արևմտյան Հայաստան անպայման պետք է այցելել: Հողի ուժը զգում ես: Գնալը հանցանք չէ: Դժվար էր այնտեղ ծնվածների համար, բայց այդ սերունդն արդեն չկա, հեռացել է այս աշխարհից: Նրանց համար էր շատ ցավալի՝ գնալ ու իրենց տունն ավերված տեսնել:
Թուրքերը Պալյանների ազգանվան վերջավորությունը փոխում ու որպես իտալացի են ներկայացնում:
-Հողերի վերադարձը քաղաքական մեծ հարցերի հետ է կապված, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք: Շատ եմ եղել Անիում, թուրք գիդը այն որպես թուրքական քաղաք է ներկայացրել: Մի օր էլ զայրացա ու ասացի՝ ձեր կառավարությունը պատժելու է ձեզ, բոլոր այս եվրոպացի զբոսաշրջիկները հենց այնպես չեն եկել այստեղ, նրանց մոտ գրքեր կան, գիտեն, որ Անին հայկական քաղաք է, ինչո՞ւ եք ստում: Նույնը նաև Ստամբուլի հսկայական շինությունների մասին: Պալյանի են ասում՝ Պալյանների փոխարեն , երբ խոսում են դրանց ճարտարապետների մասին: Իբր իտալացի են, էլի: Ախր, առաջին թատրոնը, հիվանդանոցը, տպարանը մենք ենք հիմնել այնտեղ: Փոխարենը ստացել ենք կոտորած, քանի որ իրենց նպատակը մինչև Ճապոնական ծով հասնելը, հսկա կայսրություն ստեղծելն է, այդ երազանքն անհնար է, որ իրականանա:
Հ.Գ.Թորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին փետրվարի 29-ին՝ Հալեպում: Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում, Կիպրոսի Մելգոնեան կրթական հաստատությունում: Ստացել է բժշկական կրթություն։
«Ծնունդս 4 տարին մեկ անգամ է, դրա համար շատ խանդավառված չեմ:
Որպես բժիշկ լավ փող եմ աշխատել ու բազում գրքեր հրատարակել(մոտ 265), ոչ միայն իմ, այլև ուրիշների: Անուններ չեմ ցանկանում տալ:
Աշխարհը ման եմ եկել, եղել եմ Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ալժիրում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում: Ֆինլանդիայից մինչև Իսպանիա, արաբական մի շարք երկրներ՝ Մարոկկո, Թունիս: Արաբական երկրներում, ի դեպ, ես ու կինս որպես բժիշկներ համաժողովի էինք մասնակցում, 5000 արաբ բժիշկներ էին ներկա, այդ լեզվով հրատարակեցի ու բաժանեցի Գևորգ Էմինի, Իսահակյանի, Թումանյանի գրքերը: Կարելի է ասել՝ 90-ամյա այս ծերունին շատ բան է հասցրել: Միակ ցանկությունս Հայաստանը խաղաղ տեսնելն է: Զինվորները թող ողջ ու առողջ վերադառնան»,-ասում է նա:
Պարոն Թորանյանը լույս է ընծայել «Աստղերու ճամբան» (1960), «Կանաչ տառեր» (1965), «Անտալուզեան երգեր» (1979), «Կարօտի ճամբաներով » (1990), «Մեծ հորս պատմած հեքիաթները » (1992), «Թող Հայաստանը խօսի» (1998), «Կեանքի կեռմաններով» (1999) և այլ գրքեր: Հեղինակ է նաև «Վավա և Սարգիս Խաչատրեան» (1983), «ժամանակի վկան և ապագայի դեսպանը» (1990), «Անդրանիկ Ծառուկեան արձակագիրն ու բանաստեղծը» (2000), «Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան» (2002), «Ձրոյցներ Կարպիս Աուրէնեանի հետ» (2003), «Սիմոն Սիմոնեան երեւոյթը» (2004) մենագրությունների:
Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի
http://asekose.am/am/post/hayi-lezoun-ktrel-en-hayerenov-xoselou-hamar