Հարավային Ամերիկայի խոշորագույն պետություն Բրազիլիան իր տարածքով ու բնակչության թվով աշխարհում հինգերորդն է, տարածաշրջանի բնապաշարային ամենամեծ ներուժ ունեցող, տնտեսապես ամենահզոր ու ամենազարգացած երկիրը:
1500 թվականին այստեղ ափ է դուրս գալիս պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբալը, որն իր հայտնագործած երկիրը հայտարարել է Պորտուգալիայի տիրույթ։ Պորտուգալացիները այստեղից արտահանել են պաո-բրազիլ (pau-brasil) կարմիր փայտը. այստեղից էլ առաջացել է երկրի Բրազիլիա անվանումը։ Ազատագրական պայքարի հետևանքով Բրազիլիան 1822 թվականին հռչակվել է անկախ կայսրություն, 1889 թվականից՝ դաշնային հանրապետություն։
XIX դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայերը:
Այնտեղ կա «Արմենիա» անունով մետրոյի կայարան, հրապարակ, որտեղ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցված:
Սա դեռ ամենը չէ՝ տեղի ռադիոալիքներից մեկում կա «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամ, դեռ ավելին՝ «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղում են ոչ թե հայ, այլ բրազիլացի ֆուտբոլիստներ: Բրազիլիայի հայ համայնքի, ռադիոժամի ու ֆուտբոլի ակումբի, հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ընդլայնման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամի, նույնանուն ինտերնետային հեռուստաընկերության և «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի հետ:
«Արմենիա Էթերնա» ռադիոժամը գործում է 2006 թվականից, հայերեն և պորտուգալերեն տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային, սպորտային հաղորդումներ է պատրաստում ինչպես Բրազիլայի, այնպես էլ տարբեր երկրների հայ համայնքների ունկնդիրների և բրազիլացիների համար: «Էթերնա»-ն թարգմանաբար նշանակում է հավերժական, ասել է, թե՝ Հավերժական Հայաստան: Ինչպե՞ս որոշեցիք ռադիոժամի այս անվանումը:
-Այո, թարգմանաբար նշանակում է Հավերժական Հայաստան: Ինչ վերաբերում է անվան ընտրությանը, ապա 4 անուն էր միտքս եկել: Տատանվում էի երկուսի միջև: Ընկերս կողքիս էր, ասացի Հավերժական Հայաստան, թե՞, Հզոր Հայաստան. Ընտրեցինք առաջին տարբերակը:
Ինչի՞ հետ եք կապում Հայաստանի հավերժականությունը:
-Մեր ազգը հավերժական է: Դարերով հետ գնանք. Այնքան պատերազմներ են եղել, խնդիրներ, իսկ Հայաստանը եղել է ու կլինի: Քանի ազգեր ոչնչացան, իսկ մենք…մենք մնացինք: Թուրքը փորձեց ոչնչացնել մեզ, հաղթել, բայց չստացվեց: Մենք այն ազգն ենք, որը հավերժ լինելու է:
Ի՞նչն էր դրդել Ձեզ՝ ունենալ ռադիոժամ:
-Փոքրուց միշտ հետաքրքրել է հայոց մշակույթը. լեզուն, պատմությունը, երաժշտությունը, Ցեղասպանության խնդիրը: Պապս որբացել էր թուրքի պատճառով: Սերնդեսերունդ եկող պատմության ամեն մի պատառիկ մնացել էր հիշողությանս մեջ: Մեծացա, որոշեցի ֆուտբոլի ակումբ ունենալ, հետո նոր ռադիոժամ՝ պատմությունը, մշակույթը տարածելու համար: Ուզում էի, որ Բրազիլիայի մեր հայ համայնքը ճանաչվի: Բրազիլիայում շատերը մեր ազգի մասին ոչինչ չգիտեն: Ասում ես հայ՝ ասում են՝ ինչը հայ, թո՞ւրք եք: Նրանց համար հայ, թուրք նույնն է:
Ի դեպ, հաղորդումներն արդեն հնարավոր է ունկնդրել Հայաստանում՝ երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 16:30-ին, 104.1 հաճախականությամբ:
Որքա՞ն հայ է ապրում Բրազիլիայում: Կա՞ն հայկական դպրոցներ:
-Ասում են, որ մոտ 20.000 հայ կա Բրազիլիայում: Իսկ դպրոցը մեկն է: Երկիրը մեծ է, դպրոցը շատ լավ տեղ է, բայց շատերը մոտակայքում չեն ապրում: Նվազագույնը մեկ ժամում են հասնում տեղ, ուստի, երբեմն գերադասում են ոչ հայկական դպրոցը: Շատ դժվար է պահպանել հայկականությունը: Երեխաներս ինձ հետ հայերեն են խոսում, պորտուգալերենից իսպառ հրաժարվել բնականաբար հնարավոր չէ: Ոչինչ չես կարող անել. Երիտասարդ են, պետք է հարգես նրանց: Բայց, Փառք Աստծո, հասկանում, խոսում են հայերեն:
Իսկ ամուսնություննե՞րը… Այս դեպքում կրկին նախընտրությունը տալիս են օտարների՞ն, թե՞ հայը հայի հետ է ամուսնանում:
-Կարելի է ասել, որ ոչ միշտ է հայը հայի հետ ամուսնանում: Բայց, հետաքրքիրը գիտե՞ք որն է: Տեղացիներից ոմանք, ում ամուսինը կամ կինը հայ է, նկատում եմ, որ հետաքրքրվում են հայոց պատմությամբ, մշակույթով: Ուզում են, որ իրենց երեխաները հայերեն սովորեն: Փոխարենը կան հայեր, որոնց այս ամենը չի հետաքրքրում:
Հայերը հիմանականում ի՞նչ աշխատանք են կատարում Բրազիլիայում:
-Մեծ մասը կոշկակար է կամ հագուստ է վաճառում: Հայերով զորավոր ենք Բրազիլիայում: (Ծիծաղում է.Ա.Կ): Բնականաբար, բժիշկներ, փաստաբաններ կան, բայց մեծամասնությունը առևտուր է անում. կոշիկ-հագուստ, հագուստ-կոշիկ:
Կարծես թե Դուք էլ անմասն չեք մնում այս գործից:
- Այո…Հագուստի վաճառքով եմ զբաղվում: Ծնողներս խանութպան են եղել, ասել է, թե արյան մեջ կա: Պատրաստի գնում ու վաճառում եմ:
Վերջերս էլ ինտերնետային հեռուստաընկերություն եք բացել՝ կրկին «Արմենիա Էթերնա» անունով: Ի՞նչ է հնարավոր դիտել այստեղ:
-Հիմնականում ներկայացնում ենք ֆուտբոլի խաղերը, հոգևոր երաժշտություն, պատարագ, ցուցահանդեսներ: Ծառայում ենք հայությանը. Հայություն, հայություն և միշտ հայություն:
2012 թվականին Լրագրողների համահայկական համաժողովը պաշտոնապես առաջին անգամ, իսկ ոչպաշտոնապես երկրորդ անգամ, (քանի որ 2 տարեկանում էլ եք Հայերնիքում եղել), Ձեզ բերեց Հայաստան: Այս անգամ էլ՝ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը: Եթե չլինեին այս համաժողովները, Հայաստան չէի՞ք գա:
-Ծուռ նստենք, շիտակ խոսենք. Սա պատճառներից մեկն է, որ դու գաս: Ասում ես՝ պետք է գնամ, կարևոր է, իսկ, եթե լինի՝ ինքդ որոշում ես այս ամիս գնալ, հետո չի ստացվում՝ ասում ես 3 ամիս հետո կգնամ: Այդպես ձգձգվում է և տարին անցնում է:
Այս այցին կարծես թե անակնկալ էր Ձեզ սպասում: Սփյուռքի նախարարի կողմից պարգևատրվեցիք «Մայրենիի դեսպան» մեդալով: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:
-Նախ շատ շնորհակալ եմ մեդալի համար, բայց, չգիտեմ՝ ես արժանի էի, թե՞ ոչ: Ինձանից շատ ավելի արժանի անձինք կային: Բայց, չեմ հերքի, որ ուրախալի է, որ պետությունը ճանաչում է օտար հողում կատարած մեր աշխատանքը: Մենք ծառայում ենք մեր հայրենիքին: Մեր արած գործը դյուրին չէ. ռադիոժամ, ինտերնետային TV, ֆուտբոլի ակումբ…
Հասցրել եք հանդիպել նաև Գյուղատնտեսության նախարարին, քննարկել հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ընդլայնման համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Որքանո՞վ եք ծանոթ տեղական արտադրատեսակին և որո՞նք կարող են տեղ գրավել բրազիլական շուկայում:
-Փորձում ենք ամեն կերպ օգտակար լինել մեր Հայաստանին ու ժողովրդին: Հանդիպումը, կարելի է ասել, հաջողվեց: Գաղափարներ տվեցինք, գաղափարներ ստացանք և ցանկանում ենք կապեր ստեղծել: Ինչ-որ Հայաստանը կարտադրի, այն էլ կփորձենք հասցնել Բրազիլիա: Դեռ հստակ որոշված չէ, թե կոնկրետ ինչ կարտահանվի:
Այսքան հիշատակվեց ֆուտբոլի ակումբը, բայց ընթերցողն այդպես էլ մանրամասներ չիմացավ: 1985թ. հիմնելեք՛ «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլի ակումբը: Ինչո՞ւ հենց այս անվանումը ու ընդհանրապես, ֆիդայինն ի՞նչ կապ ունի ֆուտբոլի հետ և, երկու տարի առաջ, երբ կրկին այս առիթով զրուցում էինք, ասացիք, որ ակումբում հայեր չկան: Հիմա փոփոխություն կա՞:
-Ոչ, ցավոք դեռևս հայ չկա: Բրազիլիայում, դժբախտաբար, չկա պրոֆեսիոնալ հայ ֆուտբոլիստ, իսկ անվանումը փոքրիկ մեծարանք է հայ ֆիդայիներին. նրանք դրան արժանի են: Նրանց շնորհիվ է, որ այսօր ունենք պետություն:
Ինչպե՞ս են համաձայնում խաղալ ակումբում: Անվանումը տարօրինակ չէ՞ նրանց համար:
-Դե մենք բացատրում ենք նրանց: Եթե այդպես նայենք՝ ճապոնական կազմակերպություններ կան՝ տարօրինակ անուներով: Եվ, հետո, մեր ազգը սիրվող է, համակրելի ենք:
Եթե անվանումը մի կերպ հասկանում են, ապա ի՞նչ է կատարվում, երբ հագնում են եռագույնը պատկերող համազգեստ:
-Նրանք գործավոր են: Ֆուտբոլիստը, որ երկրում էլ խաղա՝ լինի Հնդկաստան, թե Չինաստան, գումար է ստանում և պետք է հագնի այն, ինչ վարչությունն է տալիս:
Դուք դեռ նոր շապիկը չեք տեսել: Եռագույնն է ու Արցախը: Խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը:
-Մինչ սա կկատարվի, մենք՝ հայերս, պետք է պատրաստված լինենք: Մենք պետք է ձեռք ձեռքի տանք, որովհետև գիտեք՝ մեծ երկրները բոյկոտելու են: Սփյուռքը պետք է իր պապական խոսքի տեր ը լինի. օգնի: Անհերքելի է, որ կարևոր է փողի գործոնը: Դժբախտաբար, աշխարհում դրամի լեզվով են խոսում:
http://asekose.am/am/post/te-incpes-en-brazilacinere-hamacaynoum-xaxal-tarorinak-anvanoum-ounecox-haykakan-foutboli-akoumboum