3/28/2021

Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է.Լինքոլնի նամակը՝ որդու ուսուցչին

 

Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինքոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:

Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։

Լինելով նոր տարածքներում ստրկության ընդլայնման հակառակորդ՝ եղել է Հանրապետական կուսակցության նախաձեռնողներից մեկը, այդ կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու և հաղթել է 1860 թ.-ին կայացած ընտրություններում։ Նրա ընտրվելը եղել է հարավային նահանգների անջատման և Կոնֆեդերացիայի ստեղծման ազդակ։ Իր նախագահական երդման ժամանակ երկրի միավորման կոչ է արել, սակայն չի կարողացել կանխել ընդհարումը։

Աբրահամ Լինքոլնն ուներ չորս տղա, որոնցից երեքը, սակայն, չհասան անգամ չափահասության տարիքի՝ մահանալով թոքախտից և տիֆից 4, 11 և 18 տարեկանում: Եվ միայն Աբրահամ Լինքոլնի ավագ որդին՝ Ռոբերտը ապրեց մինչև 82 տարեկան ու հասավ մասնագիտական մեր նվաճումների` իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտում:

1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ, նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին, ով սակայն, մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները: Լինքոլնը խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք մեր երեխաների կրթական պրոցեսի ընթացքում:

«… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:

Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:

Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:

Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է: