8/27/2023

Շատ հեշտ է, երբ քո խնդիրների համար մեղադրում ես Աստծուն․Դավիթ Սամվելյան

 


«Որքան վեհ գաղափարներ, մարդիկ են անտեսվում հասարակության կողմից և որքան հասարակներ են վեհ գաղափարներ հայտնում»:Տողերն արձակագիր Դավիթ Սամվելյանի «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» գրքից են: Հեղինակի հետ զրուցել ենք հասարակության և մարդկային հարցերի մասին:

– Դավիթ, ասում են, որ գրականությունը հասարակության արտահայտությունն է: Կարող ենք ասել, որ հասարակությունն էլ հենց գրականության արտահայտությունն է: Ստացվում է, որ հենց գրականությո՞ւնն է մեղավոր, որ վեհ գաղափարները և լավ մարդիկ չեն գնահատվում:

-Առաջին մասով համաձայն եմ, երկրորդով՝ չէ, առավել և,ս վերջին տասը տարիների կամ քսան տարվա կտրվածքով, քանի որ այն հասարակությունը կարող է գրականության արտացոլումը լինել, որն ընթերցում է, բայց, երբ նայում ես, թե մեր հասարակության քանի տոկոսն է ընթերցում, ուրեմն հաստատ մեր խնդիրները, դժբախտությունները գրականության հետ կապ չունեն: Եվ այն գաղափարը, թե գրականությունը կարող է փրկել կամ փոխել մարդկանց, ցավոք, մեր հասարակության դեպքում շատ վաղուց արդեն չի գործում: Մարդիկ չեն կարդում, որ առերեսվեն ու փորձեն խնդիրներին լուծում տալ: Գրականությունը դարձել է տվյալ պահին հաղորդվող էմոցիա, որի ազդեցության ներքո մի փոքր ժամանակ կարող ես լինել, հետո անցնել քո գործերին:

-Նկատի ունեք, որ ժամանակակից գրականությո՞ւն չեն ընթերցում, թե՞ ընդհանրապես գրքի հանդեպ սեր չկա:

-Վերջին մի քանի տարվա ընթացքում գոնե երիտասարդ սերունդը սկսել է ընթերցել: Թե ի՞նչ է ընթերցում, դա այլ հարց է: Ասում են՝ Սովետի ժամանակ մարդիկ կարդում էին: Եթե տրամաբանությանը հետևենք, որ կարդացող մարդիկ ավելի բանիմաց են, խելացի, բայց երբ նայում ես, թե ինչ խնդիրներ են եղել ոչ միայն հասարակական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում՝ կոռուպցիա, տգեղ բարքերի ներդրում, միշտ հակադարձում եմ՝ ասելով, որ միֆ է եղել, որ կարդացել են: Այո՛, գիրք գնել են, բայց շատերի համար դեկորի մաս է ծառայել: Հիմա երիտասարդները երկու ձևով են ընթերցանությանը մոտենում. մասնագիտական գրքեր են ընթերցում, իսկ գեղարվեստական գրքերի դեպքում կամ դպրոցում են պարտադրում, կամ կարդում են այն, ինչ նորաձև է, ինչի մասին շատ է խոսվում, կամ մարդիկ, որ սիրում են և գիտեն՝ ինչ կարդալ:Տեղաշարժ կա, բայց հասարակությունը գրականության արտացոլանքը չէ: Հայ ժամանակակից գրականությունն այդքան էլ ճանաչված, ընթերցված չէ:

-Եթե համեմատենք հայ դասական գրականության հետ, ժամանակակից գրականությունը տարբերվում է.գրում են առօրյա խոսակցական ոճով, կան հայհոյանքներ, և գուցե դրանք վանում են մարդկանց:

– Դե լավ, դա էլ է կաղապար: Գրող կա, որ կարող է՝ օգտագործում է, բայց նրա համար, որ գուցե խոսակցության մեջ պետք է լինում: Հաճախ գրողի խոսքը և գրողի կողմից ստեղծված հերոսի խոսքը խառնում ենք իրար: Գրականությունը հասարակության արտացոլանքն է, և մեր հասարակության մեծ մասը հո առօրյայում գրական լեզվով չի՞ խոսում: Երբ կերպարը խտացված է մեկի մեջ՝ ուղիղ պետք է ներկայացնի, ոչ թե խաբի, ու հերոսը կարող է հայհոյանք էլ տա: Գիտե՞ք, վատն այն է, երբ հայհոյանքը գրքում են կարդում, դառնում է վույ-աման վիճակ: Բայց կարող է դա ֆիլմերում լսել, ռուսերենով, փողոցում անցնելիս: Իրենց տանը կարող է հայհոյանք տան, բայց երբ գրքում են կարդում, ահավոր դատապարտելի երևույթ է դառնում:

– Ձեր ստեղծագործություններում հպանցիկ խոսում եք Արցախյան առաջին պատերազմի մասին, բայց բուն պատերազմի վերաբերյալ կարծես թե ստեղծագործություն չունեք: Ձեր գրիչը լռեց նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչո՞ւ:

-Հպանցիկ գրել եմ Արցախյան առաջին պատերազմի մասին, որովհետև գրվածքները հիմնված են հիշողություններիս վրա: Իմ մանկության տարիները համընկել են Արցախյան պատերազմի տարիներին: Ցավոք, մեր սերունդը շատ հետաքրքիր ժամամանակաշրջանումէ ապրել՝ տեսել ենք բաներ, որոնք դարերով անգամ մարդիկ երազել են: Տեսել ենք Սովետական Միություն, դրա անկումը, Հանրապետության ստեղծում, հաղթական պատերազմ, ավերիչ երկրաշարժ, կորոնավիրուս ու տեսանք պարտություն: մի կյանքի համար առաջին հայացքից շատ է թվում:

Այո, այդ օրերին չգրեցի…ի՞նչ գրես: Այնտեղ մարդիկ են զոհվում, նստես գրես.ի՞նչ սրտով գրես: Առհասարակ, ես այդ խրամատային պատերազմի մասին գրել չեմ սիրում, ավելի շատ գրում եմ պատերազմի ազդեցության մասին: Պատերազմի բերած ողբերգությունն առաջին հերթին անհատականէ:

-Ստեղծագործություններից մեկում գրել եք Օմարի լեռնանցքն ազատագրելու մասին՝ կարևորել լեռների ազատագրումը, որոնք հենց մեր ազատ ապրելու համար էին: Ցավոք, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ շատ տարածքներ կորցրեցինք:Ըստ Ձեզ՝ որո՞նք էին մեր սխալները:

-Հիշում եմ, նոր էի տառաճանաչ դարձել, երբ առավոտյան գնում էի կրպակից թերթ գնելու՝ գլխագիրը հենց դա էր. «Օմարի լեռնանցքն ազատագրված է»: Պատմությունը ցույց է տվել, որ ուժեղ ենք, երբ լեռներ ունենք և առհասարակ, լեռները ստրատեգիական նշանակություն ունեն: Ինչ վերաբերում է սխալներին, մինչ օրս խոսում են դրա մասին, փորձում են առաջնային սխալներն առաջ քաշել:

-Մոտ 300 օր է՝ թշամին փակել է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: Քանի որ մասնագիտությամբ աստվածաբան եք, հռետորական հարց՝ Ո՞ւր է Աստված:

-Մենք ո՞ւր ենք: Աստված միշտ իր տեղում է: Շատ հեշտ է, երբ քո խնդիրների համար մեղադրում ես Աստծուն: Աստված մարդուն տվել է խելք: Մարդն է պատասխանատու իր արածների, չարածների համար:Հիմա տեսնում ես, թե ինչպես են մարդիկ սոված մնում, ու անհատի ձեռքը ճար չկա.ուզում ես՝ սոցիալական ցանցերում քեզ կոտորի, երբ ամեն ինչ մնում է խոսքի մակարդակի վրա, դա պաթոս է, որը մեզ տասնամյակներով կերել է:

Ովքե՞ր են նևրոտիկ մարդիկ

 


Առօրյայում շատ ենք լսում նևրոզի կամ նևրոտիկ խանգարումների մասին։ Իրականում ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջանում, և արդյո՞ք հնարավոր է խուսափել դրանից։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք հոգեբան, հոգեթերապևտ Գրիգորի Բադալյանի հետ։

– Նևրոտիկ խանգարումներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով, որոշ հոգեբաններ նշում են, որ դրանք կարող են գալ վաղ մանկական հասակից։

– Եկեք տարբերենք նևրոտիկ անձ և նևրոզ հասկացությունները, որովհետև հասարակության մեջ, կենցաղային մակարդակում դրանք խառնում են։ Սթրեսը խառնում են դեպրեսիայի հետ, նևրոտիկը՝ նևրոզի հետ, և այլն։ Նևրոզը նյարդահոգեկան որոշակի խանգարում է։ Սա ընդհանրացված գնահատական է, որը հիմա չի կիրառվում։ Նևրոտիկ հասկացությունն անձի հասունության աստիճանն է։ Բոլորս ունենք անձնային հասունության ինչ-որ աստիճան։ Որքան անձնային հասունությունը բարձր է, այնքան անձի նևրոտիզմը ցածր է։ Որքան անձը հասուն է, այնքան իր մտածողությունը դոմինանտող դեր է ունենում, օրինակ, իր որոշման կայացման, վերաբերմունք ունենալու կամ վարքի մեջ։ Այսինքն, որոշումը պայմանավորված չէ բնավորության գծերով, կախված չէ հուզական վիճակից, համոզմունքից, այն ոչ կանխակալ է։ Նևրոտիկն այն անձն է կամ անձի հասունության այն աստիճանը, երբ այս ամենը խիստ կանխակալ է, պայմանավորված է ոչ թե իր մտածողությամբ, այլ հոգետրավմաներով, փսիխոտրավմաներով։ Փսիխոտրավման հոգեկանում առաջացած, ձևավորված և պահպանված վերք է, որը կարողանում է մետաստազի նման ներխուժել հոգեկանի տարբեր բաղադրիչների մեջ․ այն տարածվում է բնավորության, արժեքների, համոզմունքների վրա։

Նևրոտիկ անձը միշտ ծայրահեղ է, հոգեկան առանձնահատկությունները բևեռացված են։ Օրինակ, նա կամ շատ կասկածամիտ է, կամ խիստ դյուրահավատ, ում կարելի է հեշտությամբ մոլորեցնել։ Նա կամ սարսափում է քննադատվելուց, կամ չափից շատ քննադատում է այլոց։ Կամ տագնապային է, կամ ագրեսիայով լցված, կամ խիստ մեծամիտ է, կամ հակված է ամոթի զգացման։ Արդյունքում՝ ապրում է ոչ թե անձը, այլ իր հոգեկան որևէ որակ։ Մենք տեսնում ենք մարդու, ով առաջնայինն ու երկրորդականն իրարից չի տարբերում, կենտրոնացված է բացասական հույզերի վրա, չի կարողանում հանգիստ ապրել։

Օրինակ, ամուսինը գալիս  է տուն, տեսնում է՝ կինը մեկ ափսե չի լվացել, սկսում է բղավել, վիճել։ Սա նևրոտիկների այն տեսակն է, ովքեր բարձր վերահսկողություն ունեն, սիրում են՝ ամեն ինչ դասավորված լինի։ Արդյո՞ք առաջնայինը կնոջ հույզերը չեն, փոխհարաբերությունը։ Այո, բայց նևրոտիկ անձի համար ավելի կարևոր է այդ չլվացված ափսեն։

Կամ՝ երեխան բաժակ է կոտրում՝ հակազդումն այնքան ուժգին է լինում, որ կարող է երեխայի մոտ հեշտությամբ փսիխոտրավմա ձևավորել։ Մեկ բաժակը չարժե երեխայի առողջությունը։ Երեխան դիտավորյալ չի կոտրում, նա հետաքրքրվում է, փորձում զարգանալ։ Իսկ նևրոտիկ անձը վերագրում է իրեն, ասում՝ դիտավորյալ արեցիր։

– Ինչպե՞ս անել, որ մարդիկ չդառնան նևրոտիկ, ինչպե՞ս շփվել նրանց հետ։

– Նևրոտիկը սիրում է խաղալ՝ լաց լինել, որ իր հետ լաց լինեն, բղավել, որ դիմացինը վախենա, զայրանալ՝ իր հետ զայրանան, տխրի՝ տխրեն։ Եթե նևրոտիկն ասում է՝ ես հիվանդ եմ, անընդհատ բողոքում է իր առողջությունից, ու դու տեսնում ես, որ մանիպուլյացիա է, ուշադրություն գրավելու միջոց, պետք է հարց չտաս, չխաղաս այդ խաղը։ Եթե տեսնում ես, որ անընդհատ տագնապում է, քեզ ուզում վախեցնել՝ մնաս չեզոք։ Եթե բռնկվում է ու հրահրում, սպասում, որ դու էլ բռնկվես, պետք է շփվել՝ ինչպես մեծահասակը՝ երեխայի հետ։ Երբ նրա խաղը չես խաղում, իր պահանջմունքները քո միջոցով չեն բավարարվում, քեզանից հետաքրքրությունը կորում է, ու քեզ հանում է իր նևրոտիկ խաղընկերի դերի միջից։ Նևրոտիկ անձը հակված չէ առողջ ապրելուն։

Երբ դու ունես կայուն գնահատական՝ դա ոչ ցածր է, ոչ բարձր, երբ դու կյանքում չես շտապում, ունես ներքին հանգստություն, կարողանում ես մարդկանց հետ ուղիղ շփվել, ինչ չես ցանկանում՝ հարկադրված չես անել, ինչ ցանկանում ես՝ փորձում ես անել, իհարկե, առողջության սահմաններում։ Առողջ անձը շփվում է ուղիղ, չունի հետին մտքեր, հաճախակի ապրում է դրական հույզեր։ Իսկ նևրոտիկ անձի համար կարևոր է մարդկանց կարծիքը․ ասում է՝ որպեսզի ինձ սիրեն, պետք է շատ աշխատեմ, լավագույնը լինեմ, չսխալվեմ։

Օրինակ, ծնողը երեխային սիրում է պայմանական սիրով․ ես քեզ կսիրեմ, եթե 5 ստանաս, եթե իմ ասածն անես։ Անձը մեծանում ու հասկանում է, որ իրեն հենց այնպես չի կարելի սիրել։ Իրեն կարելի է սիրել, երբ ծառայություն է մատուցում, չի սխալվում, լավագույնն է լինում։ Երբ ծնողն անընդհատ քննադատում է երեխային՝ ասելով, որ նրա մոտ չի ստացվում որևէ բան անել, ինքը կանի, երեխայի մոտ ձևավորվում է պատժի մեխանիզմը, այսինքն՝ սա ես կատարեցի, եթե սխալվեմ՝ պատժվելու եմ։ Ո՞նց է պատժվում՝ ծնողի քննադատությամբ, հետևաբար՝ երեխան մեծանում է նույն բարդույթով։ Հասուն տարիքում մտածում է՝ ի՞նչ կասեն մարդիկ իր մասին։ Մտածում է՝ այսպես անեմ, բա որ սխալ լինի, չստացվի։

Երբ երեխան ծնվում է՝ չունի ինքնագնահատական, ինքն իրեն չի ճանաչում։ Սկսում է ինքն իրեն ճանաչել, ինքն իրեն վերաբերվել՝ հասարակության, մասնավորապես ծնողի վերաբերմունքին համապատասխան։

Երբ ծնողը երեխային չի սիրում, նա մտածում է՝ ուրեմն արժանի չեմ։ Եթե ծնողը չի գրկում, ուրեմն ես այդքան լավը չեմ։ Երեխան չի կարող ասել՝ ծնողը պետք է հասուն լինի, ծնել է՝ խնամի և այլն։ Նա մտածում է, որ վատն է։

Խոսենք խանդի մասին․ այն նևրոտիկ մեխանիզմ է։ Եթե լսենք տարբեր պոետների, հայտնի մարդկանց խոսքեր, հիմնականում անհեթեթությունները բավականին շատ են։ Տարածված նևրոտիկ խոսքերից է՝ խանդը սեր է։ Նևրոտիկ առանձնահատկությամբ մարդիկ սերը սովոր են տեսնել տառապանքով, խանդով, դավաճանությամբ, էքստրիմով։ Նրանք չեն առաջնորդվում «ուզում եմ»-ով, առաջնորդվում են «պետք է»-ով։ Հակված են բացասական հույզի՝ նախանձի, ուժգին խանդի։ Խանդի մեխանիզմը հետաքրքիր է, այն համեմատություն է՝ ինձ կամ ուրիշի։ Սա ոչ թե սիրուց, այլ վախից է ծնվում, որ՝ ինձ կփոխարինեն ուրիշով։ Փոքր ժամանակ ծնողն ասում է՝ քո դասարանցի Արթուրն ավելի լավ է սովորում, քան դու, եղբայրդ ավելի շուտ կերավ, վերջացրեց, քան դու, և համեմատության դեպքում երեխայի մոտ ձևավորվում է կարծիք, որ ուրիշն ավելի լավն է, քան ինքը։ Այդպես մեծանում է, տեսնում է՝ կինը խոսում է ինչ-որ տղամարդու հետ ու խորքային, չգիտակցվող համոզմունք է ձևավորվում, որ կինը կարող է իրեն փոխարինել նրանով։ Մտածողություն, կշռադատվածություն, տրամաբանություն չկա, որովհետև կինը կարող է խոսել գործնական, պարզապես խոսել և դա նորմալ է։ Որքան ցածր է ամուսնու ինքնագնահատականը, այնքան բարձր է խանդը, կոնֆլիկտը՝ շատ։ Նույն ծնող-երեխա հարաբերությունն է, պարզապես ծնողի դերը տալիս են կնոջը։

Կասկածամտության ուժեղ մարմնավորում էին Ստալինը, Բերիան։ Ամենուր թշնամիներ էին տեսնում։ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում հետախուզությունն իրենց հավաստի ինֆորմացիա էր տալիս, կասկածում էին՝ համարելով ապատեղեկատվություն, ու չէին ընդունում բարդ ճանապարհով ինֆորմացիան։ Առողջը միշտ կենտրոնում է, որտեղ առանձնահատուկ կասկածամիտ չես, բայց թույլ էլ չես տալիս քեզ խաբել։ Դատողություն ես անում, ասում, թե, օրինակ՝ տվյալ մարդուն ինչի՞ համար է պետք ինձ հետ շփվել, մի՞գուցե ինչ-որ բան կա։ Որևէ մեկին վստահում ես, կարող ես նաև սխալվել՝ դա նորմալ է, առողջ կյանք է։ Առողջ անձը կարող է սխալվել ու չի վախենում դրանից, իսկ անառողջը, նևրոտիկը սարսափում է սխալվելուց։

Ի՞նչ է սերը․ մանկության ժամանակ ծնողի հետ շփման ժամանակ ձևավորված հոգեհուզական, հուզազգացմունքային ներքին մեխանիզմ, որը ձևավորվում է մեր գլխուղեղում, հոգեկանում։ Այն ձևավորվում է, երբ, օրինակ, ծնողը մեզ գրկում է, ջերմություն տալիս, համբուրում, մեզ հետ խաղում և ուրախանում է։ Երեխան ներքին բավարարվածություն, հանգստություն է զգում, կապվում է, կարոտում։ Սա երեխայի մեջ ձևավորում է սիրել, ընդ որում՝ ոչ թե պարտադիր հակառակ սեռի, այլ ընհանրապես, սիրել աշխարհը։ Սերիական մարդասպանները, օրինակ, գրեթե ոչինչ չեն կարողանում սիրել։ Ինչո՞ւ, որովհետև իրենց չեն սովորեցրել սիրել։

Երբ ծնվում ենք՝ վերաբերմունք չունենք, ամեն ինչ բառի բուն իմաստով սովորում ենք։ Ծնողները սովորեցնում են՝ ինչպես լինել ինքնավստահ։ Ասում է՝ ուրիշ տեղ բան չվերցնես՝ չիմանան տանը չես կերել։ Սովորեցնում են մեղքի զգացում ապրել, վախենալ՝ բժշկի կտանեմ, ոստիկանին կասեմ և այլն։ Նևրոտիկ տղամարդիկ հաճախ ասում են, որ երեխան պետք է ծնողից վախենա, պետք է քննադատես, որ լավ լինի, բայց այսպես չի կարելի։ Ցանկացած բացասական վերաբերմունք երեխայի մոտ բացասական հետք է առաջացնում։

– Շատ ծնողներ երեխային ոգևորելու համար ասում են՝ լավ սովորես, քեզ սա կգնեմ կամ շատ կսիրեմ, այստեղ կտանեմ։ Սա վարքի ինչպիսի՞ դրսևորում է։

– Այստեղ արժեքը ձևավորվում է արժեքի հաշվին։ Նույն սխալը կատարվում է երեխային կերակրելիս։ Մուլտֆիլմը դնում են, ընթացքում կերակրում։ Հասկանալի է՝ ծնողի համար երբեմն դժվար է, երեխան չի ուտում, խաղում է և այլն, ու գտնում են ամենահեշտ միջոցը․ դնում են մուլտֆիլմը, երեխային կերակրում ու նրա մեջ ձևավորվում է սեփական զգացողություններին չհավատալը, չճանաչելը։ Ինքը չի հասկանում՝ կո՞ւշտ է, թե՞ քաղցած, ուտի՞, թե՞ չուտի, որովհետև ամբողջ ուշադրությունը բևեռված է մուլտֆիլմի վրա։ Սա նաև մեծահասակներին է վերաբերում․ սնվում են, միաժամանակ ինչ-որ բանով զբաղվում ու հետո ասում՝ շատ կամ քիչ կերա։ Առաջանում է սնվելու խանգարում։ Երեխայի համար առավել կարևոր է, քանի որ պետք է վստահի իր հույզերին, զգայություններին։ Օրինակ՝ երեխան ընկնում, ոտքը ցավում է, ծնողն ասում է՝ չի ցավում, ու արժեզրկում է երեխայի զգայությունը։ Նա չի հասկանում՝ ցավն իրակա՞ն է, թե՞ չէ։ Երեխան վախենում է մթությունից, ծնողն ասում է՝ մի վախեցիր, այնտեղ ոչինչ չկա։ Երեխայի համար կա։ Մի պարզ սկզբունք կա․ երեխան կարծես մեծահասակ լինի, նա շատ բան հասկանում է, զգում, սովորում։ Նրա հետ պետք է շփվել՝ գնահատելով, լսելով, կարծիքը հաշվի առնելով, ընկերություն անելով, որ ձևավորվի հասուն անձ։

– Եթե երեխան մթությունից վախենում է, ծնողը այդ ճանապարհը նրա հետ պետք է անցնի՞, թե՞ այլ տարբերակ կա։

– Եթե վախն ուժգին է, պետք է դիմեն մանկական հոգեթերապևտի, բայց եթե ինքնուրույն է փորձում անել՝ պետք է հասկանա, որ երեխայի համար դա իրական է։ Պետք է լսել երեխայի հիմնավորումները, ապա ասել՝ ուզո՞ւմ ես տեսնել, որ ոչինչ չկա, վառի լույսը, այդպես գնա, հետո անջատեն՝ ասեն, ուզո՞ւմ ես մի քիչ առաջ գնանք։ Մայրը գնա, հետ գա, հետո երկուսով, ու երեխայի ուղեղը սովորում է՝ մթություն, ապահովություն։

– Անձին նևրոտիկ դարձնում են համացանցը, ֆիլմերը։ Ինչպե՞ս խուսափել։

– Նևորտիկ անձին հոգեբանական սնունդ է պետք։ Ամեն մեկը՝ ելնելով իր առանձնահատկությունից, հոգեբանական, ինֆորմատիվ սննդի պահանջ ունի, որը կսնի իր նևրոտիզմը։ Նա, ով հակված է զայրույթի, փնտրում է այնպիս բան, որ զայրանա, մյուսը՝ նայում է այնպիսի բաներ, որ տխրի, եթե հակված է դեպրեսիայի։ Շատերը հետաքրքրվում են քաղաքականությամբ․ այնտեղ դրական ոչ մի հույզ չկա։ Սերիալների մեծ մասում դավաճանություն է, խանդ, տառապանք։

– Ուրիշ երկրների սերիալները որ նայում ես, այնտեղ գոնե կա սեր, գոնե մարդիկ պայքարում են՝ ինչ-որ բանի հասնելու համար, բայց հայկականում՝ ոչ․  ծեծ ու ջարդ, բռնություն։ Այսինքն, սցենարիստնե՞րն են վատ վիճակում։

– Եկեք այսպիսի զուգահեռ տանենք․ արագ հայտնի է դառնում, շատ տեսանելիություն է ունենում այն անձը, ով նևրոտիկ է, կամ խոսում է անառողջ լեզվով, որպեսզի լսարանն ընդունի։ Անձը, ում խոսքում վիրավորանք, զայրույթ, հայհոյանք կա, ինքը շատ պահանջ ունի։ Մեր հասարակությունը, ցավոք, բավականին նևրոտիկ է։ Ամենուր կան կոնֆլիկտներ։ Նույն սերիալներում պետք է լինի կռիվ, դավաճանություն, խանդ, եթե այդպես չէ՝ անձին հետաքրքիր չէ։

– Նևրոտիկ խանգարման նշաններից է տագնապայնությունը։ Մարդիկ մտածում են՝ կմահանան կամ անբուժելի հիվանդություն ձեռք կբերեն․ ինչպե՞ս վանել վատ մտքերը։

– Վախը բազային հույզ է՝ մեր գոյատևման համար չափազանց կարևոր, իսկ տագնապն անհանգստություն է՝ վաղվա օրվա համար։ Սա հնարավոր վտանգի մտահոգություն է, բայց անհիմն է։ Տարածված նևրոտիկ արտահայտություններ կան՝ պատահական ոչինչ չի լինում, քո արածը վերադառնալու է քեզ, բայց արի ու տես, որ պատահական շատ բաներ են լինում։ Մարդկային ուղեղը չի կարողանում համակերպվել անորոշության հետ, որովհետև այն հնարավոր վտանգ է, սթրես։ Հետևաբար, պետք է  նվազեցնի անորոշությունը, իրավիճակը վերահսկելու թեկուզ պատրանք ստեղծի ու ստեղծում է ճակատագիր, մեղքի զգացումը փորձում նվազեցնել, որ իրեն չմեղադրի։ Եթե այս ամենն ուժգին է, պետք է դիմել հոգեբանի, հոգեբույժի, քանի որ երբեմն այն ծնված է լինում մեր գլխուղեղի առանձնահատկությունից կամ հորմոնալ փոփոխությունից։ Եթե մասնագետի չեն դիմում, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է ծնվում տագնապը։ Ինչ ինֆորմացիա ուղարկում ենք գլխուղեղ, այդպիսի հակազդում ստանում ենք։ Պետք է հասկանալ՝ ինչպես ենք մենք իրավիճակը մեկնաբանում, որովհետև մեր հույզերը, վախը կախված են դրանից։

8/26/2023

Ինչպե՞ս խուսափել ինսուլտից

 


Գլխուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում է թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Անոթների խցանման կամ վնասման դեպքում զարգանում է ինսուլտ: Հենց այս թեմայի շուրջ էլ զրուցել ենք «Գյումրի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և կաթվածի բաժանմունքի ղեկավար, նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ Ժորա Բաղդասարյանի հետ:

– Բժի՛շկ, ի՞նչն է հանգեցնում անոթների խցանմանը և ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից։

– Կաթվածը կամ ինսուլտը տարածված և շատ վտանգավոր հիվանդություն է։ Աշխարհում մահացությամբ երկրորդն է։ Ցավոք, Հայաստանում էլ է այդպես։  Այն հանդիսանում է հաշմանդամության թիվ մեկ, ինչպես նաև՝ հիշողության խանգարման  պատճառներից մեկը։ Այսինքն, գործ ունենք մահաբեր, մարդուն հաշմանդամ սարքող և հիշողության լուրջ պրոբլեմների բերող հիվանդության հետ։

80 տոկոս դեպքերում կաթվածը հնարավոր է կանխարգելել, ուստի կարևոր է իմանալ նպաստող գործոնների մասին։ Ռիսկի գործոններից առաջինը կնշեի զարկերակային գերճնշումը։ Ռիսկի հաջորդ գործոնը ծխելն է, որից հրաժարվելը կարևոր կանխարգելիչ քայլ կլինի։

Կաթվածի ռիսկի գործոն է հանդիսանում նաև շաքարային դիաբետը, հատկապես, եթե չհսկվող է։ Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը նույնպես հանդիսանում է գլխուղեղի կաթվածի ռիսկի գործոն։

Հավելյալ քաշը, նստակյաց ապրելակերպը ևս հանդիսանում են կաթվածի ռիսկի գործոն։ Դրանք էլ, բնականաբար, կապված են մեր ընդունած սննդի որակի հետ։

Կարող է ազդեցություն թողնել նաև մթնոլորտային օդի աղտոտվածությունը, ոգելից խմիչքների չարաշահումը, որոշ դեղամիջոցների, ինչպես նաև թմրանյութի օգտագործումը։

– Շողացող առիթմիան և աթերոսկլերոզը կարո՞ղ են կաթվածի պատճառ դառնալ։

– Սրտային հիվանդությունները նույնպես կաթվածի համար կարևոր ռիսկի գործոն են հանդիսանում, և ամենաէականը շողացող առիթմիան է։ Պահանջում է հսկողություն՝ հատուկ դեղորայքով, ոչ սովորական ասպիրինով, որ բժիշկների մեծամասնությունը սխալմամբ նշանակում է։ Ասպիրինը շողացող առիթմիայի դեպքում չի կանխարգելում կաթվածը։ Սրտային այլ խնդիրներ կարող են հանգեցնել կաթվածի, օրինակ՝ սրտի փականային խնդիրը, սրտային անբավարարությունը, սրտամկանի ինֆարկտը։

– Որպեսզի սիրտ-անոթային հիվանդության դեպքում չլինի ինսուլտ, կարևո՞ր է արյան մակարդելիության դեղերի օգտագործումը, թե՞ ոչ։

– Կաթվածը հիվանդությունների խումբ է, և տարբեր ենթատեսակներն իրարից տարբերվող բուժում են պահանջում։ Կաթվածի հիմնական երկու տեսակ կա․ մի դեպքում՝ հեմոռագիկ կաթված, երբ ուղեղը սնուցող անոթը վնասվում է և արյունազեղում է տեղի ունենում, այսինքն, արյունը լցվում է ուղեղի հյուսվածքի մեջ, կամ, այսպես ասած,  ուղեղը շրջապատող թաղանթների մեջ։ Իսկ մյուս դեպքում ուղեղի սնուցող անոթը թրոմբով խցանվում է և ուղեղի որոշ հատված արյուն չի ստանում։ Այս դեպքում գործ ունենք իշեմիկ կաթվածի հետ։

Ի դեպ, 85 տոկոս դեպքերում հանդիպում է իշեմիկ կաթված ու այն ունի տարբեր ենթատեսակներ․ մի դեպքում թրոմբի աղբյուրը սրտից է գալիս, մյուս դեպքում՝ գործ ունենք պարանոցի կամ այլ արտաուղեղային անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման հետ, որը բերում է անոթի նեղացման և թրոմբների առաջացման ռիսկի։ Դեպքեր կան, երբ ուղեղի մանր անոթներն են ախտահարվում։ Այսինքն, տարբեր ենթատեսակներ ունեն տարբեր բուժում, և ընդհանրացված մոտեցումը միֆային է և սխալ։

 Մարդիկ, ովքեր ունեն զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ կամ այլ խնդիր, երբեմն բժշկի կողմից նշանակված դեղորայքը չեն օգտագործում, կամ, երբ հիշում են, այդ ժամանակ են խմում։ Արդյո՞ք դա կհանգեցնի ինսուլտի, թե՞ ամեն դեպքում կխուսափեն։

– Խոսքը ռիսկի մասին է։ Ոչ ոք չի կարող կանխորոշել, որ այս մարդու մոտ վստահաբար ինսուլտ է լինելու։ Զարկերակային գերճնշման առկայությունը, դրա ոչ ադեկվատ, վատ հսկողությունը, բնականաբար, մեծացնում է ինսուլտի ռիսկը։ Զարկերակային գերճնշման համար բժշկությունը դեռ չի կարողացել ավելի լավ բան հնարել, քան ամեն օր դեղորայքի ընդունումը։ Անկախ նրանից՝ ճնշումն այդ պահին նորմալ է, թե ոչ, դեղորայքը պետք է մշտական ընդունել։ Եթե դոզան կամ դեղերի համակցությունը ճիշտ չի ընտրվել, ճնշումը շատ է ընկնում կամ չի կարգավորվում, ապա այս դեպքում ոչ թե պետք է թողնել դեղը խմելը, այլ փոխել և հասնել այնպիսի սխեմայի, երբ ճնշումը չի ընկնում և չի բարձրանում։ Մեր բնակիչների մոտ տարածված է կարճատև, շտապ ազդեցության դեղերի ընդունումը։ Այսինքն՝ սպասում են՝ ճնշումը բարձրանա, նոր այդ դեղերը խմեն, ինչը սխալ է, որովհետև շատ դեպքերում կարող է չզգան ճնշման բարձրացումը։

– Նույնը երևի շաքարային դիաբետի դեպքում է։ Մարդիկ կան՝ նշում են, որ համապատասխան դեղորայք օգտագործում են, բայց մարմնի մի կողմի թուլությունը չի անցնում։ Այստեղ խոսքն ինսուլտի՞ մասին է, թե՞ բնորոշ է շաքարային դիաբետին։

– Շաքարային դիաբետն ու կաթվածը տարբեր հիվանդություններ են, ուղղակի շաքարային դիաբետը հանդիսանում է ռիսկի գործոն։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակն անոթների վրա թողնում է վատ, թունավոր, վնասող ազդեցություն։ Շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին ուղղակի խորհուրդ է տրվում ճիշտ ձևով հսկել արյան մեջ շաքարի մակարդակը, որին հասնում են դիետայի, դեղորայքի միջոցով։

– Մի՞ֆ է, թե՞ իրականություն, որ ինսուլտն ունի ժառանգական բնույթ։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր ունեն արյան մակարդելիության խնդիրներ, դա ժառանգաբար կարող է փոխանցվել, ավելի շատ ասում են՝ մորից դստերը, քան որդուն։

– Ինսուլտը ժառանգական հիվանդություն չէ, բայց կարող ենք ունենալ ժառանգական որոշակի նախատրամադրվածություն՝ ինսուլտ ունենալու առումով, և այս դեպքում էական չէ՝ հո՞ր կողմից է գալիս, թե՞ մոր։ Ժառանգական նախատրամադրվածության առումով շատ շեշտադրում չարեցի, որովհետև դա հնարավոր չէ փոխել։ Տարիքը նույնպես փոխել հնարավոր չէ։

– Կա ևս մեկ միֆ, որ միսը, պանիրը և ձուն կարող են հանգեցնել ինսուլտի։

– Նման միֆի, անկեղծ ասած, չեմ հանդիպել։ Սնունդն ինսուլտի հետ կապված է այնքանով, որքանով ոչ առողջ սնունդը կարող է բերել ավելորդ քաշի, որն ինսուլտի համար ռիսկի գործոն է հանդիսանում։ Լավ, ճիշտ, վիտամիններով, բանջարեղենով  հարուստ սնունդը նպաստում է, որպեսզի կաթվածի ռիսկը նվազեցվի։ Ասել, որ այս սննդամթերքը բերում է ինսուլտի կամ կանխարգելում, չէի ասի։ Դա միջնորդավորված ազդեցություն է։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ տարիների ընթացքում կարող են ախտաբանական գործընթացներ տեղի ունենալ, բայց մարդը չհասկանա, և գա մեկ օր, որ ինսուլտ ստանա։ Հուշող տարբերակներ կա՞ն։

– Կաթվածը սուր հիվանդություն է՝ կամ կա, կամ չկա։ Կիսակաթվածներ գոյություն չունեն։ Սովորաբար այն նախապատմություն է ունենում։ Տարիների ընթացքում գործոնների համադրումը հանգեցնում է նրան, որ գործ ենք ունենում ուղեղային կաթվածի հետ, օրինակ, եթե արյան մեջ ունենք «վատ» խոլեստերինի բարձր մակարդակ, տարիների ընթացքում կարող է նպաստել, որ ուղեղը սնուցող անոթների մոտ աթերոսկլերոտիկ փոփոխություններ զարգանան, նեղանան ու կաթված զարգանա։ Ինչ վերաբերում է նախանշաններին, կարող ենք խոսել տրանզիտոր իշեմիկ գրոհի մասին։ Կաթվածի մի տեսակ է, երբ սիմպտոմները կարճատև են՝ 20 րոպե, մեկ ժամ են տևում ու հաճախ, երբ ծանր կաթված ունեցողներին հարցեր ենք տալիս, պարզվում է, որ ունեցել են անցողիկ սիմպտոմներ, բայց ուշադրության չեն արժանացրել։

Կաթվածի առաջին կարևոր սիմպտոմը հանկարծակի առաջացած ձեռքի կամ ոտքի թուլությունն է, որը սովորաբար լինում է մի կողմից՝ աջ կամ ձախ։ Հաջորդը ձեռքի կամ ոտքի թմրածությունն է, երբ մզմզոցի, ծակծկոցի տարօրինակ զգացողություն է նաև լինում։ Մյուսը խոսքի խանգարումն է, երբ հիվանդը խոսում է թերություններով կամ չի հասկանում մեր խոսքը, կամ հասկանում է, սակայն չի կարողանում պատասխանել։ Վատագույն դեպքում կարող է ոչ հասկանալ, ոչ էլ խոսել։ Հաջորդ նշանը դեմքի ծռվածությունն է։

Իհարկե, կան այլ հիվանդություններ, որոնք կարող են հանդես գալ այս սիմպտոմներով, բայց, եթե գործ ունենք հանկարծակի առաջացման հետ, պետք է առաջինը մտածել կաթվածի մասին։ Լրացուցիչ ախտանշաններից կնշեի գլխապտույտը, քայլքի խանգարումը, մեկ կամ երկու աչքում տեսողության հանկարծակի ի հայտ եկած խնդիրները։ Այս սիմպտոմների դեպքում պետք է արագ դիմել շտապօգնություն, որովհետև կան կաթվածի բուժման ժամանակակից մեթոդներ, որոնք կարելի է կիրառել շատ կարճ ժամանակի ընթացքում։ ՀՀ-ում կիրառվում է էֆեկտիվ բուժման տարբերակ, կոչվում է թրոմոբոլիտիկ թերապիա, երբ գործ ունենք անոթի խցանման հետ, կատարում են ներերակային ներարկում, ու այդ դեղն ունակ է քայքայել, լուծել թրմոբները, բացել անոթը։ Սակայն դեղը ներարկելու համար գոյություն ունի ժամանակ․ մինչև 4,5 ժամում պետք է ներարկվի։

Հաջորդը ներանոթային վիրահատական բուժումն է, երբ ոտքի զարկերակից անցք ենք բացում, հասնում ուղեղը խցանած անոթին ու թրոմբը հեռացնում։ Սա կարող ենք իրականացնել, եթե գործ ունենք ուղեղը սնուցող խոշոր անոթի խցանման հետ։ 2019 թվականից պետությունն իր վրա է վերցրել այս բուժումների ֆինանսական բեռը, բայց ցավոք, մեթոդների կիրառումը ոչ բոլոր հիվանդների դեպքում է կիրառվում։ Առաջինը հեմոռագիկի կաթվածի առկայությունն է, երբ գործ ունենք անոթի պատռումով ուղեկցվող հիվանդության հետ կամ ուշ ժամանակ է հասել հիվանդանոց հիվանդը։