6/17/2014

Պտտահողմի հետևանքով քաղաքը երկրի երեսից գրեթե վերացել է

ԱՄՆ Նեբրասկա նահանգում երկուշաբթի մոլեգնած ուժեղ պտտահողմի հետևանքով մեկ մարդ մահացել է, 10-յակ մարդիկ էլ վիրավորվել են: Associated Press-ի փոխանցմամբ՝ ծանր վիրավորների թիվը 16-ն է:
Արդյունքում, 350 բնակիչ ունեցող Փիլջեր քաղաքը երկրի երեսից գրեթե վերացել է: Բնակիչների մեծ մասը լքել են իրենց տները: Վնասված է շինությունների 75 տոկոսը:

6/16/2014

Որքա՞ն է տևել աշխարհի ամենաերկար խցանումը

2012 թվականին չինական ազգային նշանակության 110-րդ մայրուղում մեքենաների կուտակումը համարվում է աշխարհում երբևէ տեղի ունեցած երկարատև խցանումը: Վարորդները խոչընդոտը կարողացել են հաղթահարել 11 օրում: Խցանումը տևել է օգոստոսի 14-ից 25-ը: Պատճառը ճանապարհին աշխատանքներ կատարող բեռնատարներն են եղել:

6/14/2014

Հունիսի 14-ը արյան դոնորի համաշխարհային օրն է

Այն հաստատվել է 2005թ. Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում, ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով մարդու արյան խմբերի հայտնաբերման համար 1930թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:
1819թ. Անգլիայում առաջին անգամ արյան փոխներարկում կատարվեց մարդուց մարդուն: Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության,  վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ մարդկային կյանք է փրկում :
 Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն,  ապա 2013թ.  կատարվել է մոտ 13 000:
Աշխարհի  57  երկրներում դոնորների 100%-ը կամավոր անհատույց է: Նախկին սոցիալիստական ճամբարի որոշ երկրներում կամավոր անհատույց դոնորության հետ կապված խնդիրներ կան։ Բուլղարիայում, օրինակ, որտեղ 75% արյունատվությունները փոխհատուցվող դոնորներից են,  1000 բնակչից դոնոր են հանդիսանում 22-ը, Լիտվայում  կամավոր անհատույց դոնորները կազմում են  33%:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, որպեսզի երկիրն ամբողջովին ապահովված լինի արյան բաղադրամասերով  և պատրաստուկներով, երկրի 1000 բնակչից  40-ը պետք է դոնոր լինի: Հայաստանում ներկայումս 1000 բնակչից դոնոր են  3-ը: Սա նշանակում է , որ ցանկալի ցուցանիշին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան:
Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները` 48,7%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անհատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են   4.7 %: Այս խնդրի լուծումն անվարձահատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության լայն շրջաններում, հատկապես երիտասարդության  մեջ:  
 Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր կողմից հանձնած արյան շնորհիվ հնարավորություն կստեղծվի փրկել տուժած մարդկանց կյանքերը: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես  զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անվարձահատույց:

Առողջապահության նախարարություն

6/06/2014

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

1903 թվականի հունիսի 6-ին  Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում)  ծնվել է հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական, ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը:
1913 թվականին նա ընդունվել է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրել է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ՝ ընդունվել է մի փողային նվագախումբ։ 1915 թվականին երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը, գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար)՝ Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։
1929 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934 թ.-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934–36 թթ-ին՝ կատարելագործվել ասպիրանտուրայում: 1950 թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում: Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և այլ գործեր: 1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչվում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։
Նշենք, որ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը: 2014-ին մրցույթն ուղղված է «դաշնամուր» մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: 

6/03/2014

Զորի Բալայանն ասում էր` «Օշին` վառի'ր դա»


Լաչինը ազատագրելուց 20 օր հետո աշխատանքներ ենք տարել այնտեղ, Բերդաձորի կամուրջն ենք սարքել: Հետո փորձել ենք Շուշիով զբաղվել: Վերանորոգման համար վերցրել ենք մի քարվանսարա և  մեկ համամ (բաղնիք.-Ա.Կ.): Ասում է մեր զրուցակից, ֆրանսահայ ճարտարապետ, պրոդյուսեր Օշին Եղիազարյանցը, ով   ծնվել է Իրանում, ապրել Փարիզում, 1988 թվականից հետո որոշել է վերադառնալ Հայրենիք։ Նրա հետ զրուցել ենք  ճարտարապետության, Փարաջանովի մասին պատմող 9 րոպեանոց տեսանյութի, Շուշիի մզկիթի, Զորի Բալայանի հորդորի, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մուլտֆիլմի  և այլ հարցերի շուրջ:
Մի առիթով ասել եք, որ Երևանում շենքերը Դուբայից  կրկնօրինակված են:  Մերօրյա շենքերի այս վիճակի պատճառը, ի՞նչ եք կարծում այլ մշակույթին տեղ տալն է, ցուցամոլությունը, թե՞ չիմացությունը:
Հայկական մշակույթը ցավալի վիճակում է: Բայց հայկական ճարտարապետություն էլ գոյություն չունի: Հայկական ճարտարապետության կրողները եղել են եկեղեցիները:  
Չի խանգարում, որ ներշնչվես տարբեր արվեստներից: Այսօր հայ նկարիչը,  որ նկարում է, հայկականությունը զգում ես, բայց ուզես,  թե չուզես, աշխարհի մշակութային շարժմանը պետք է հետևես: Կապ չունի` արաբական է, թե պարսկական:  Իհարկե, դժբախտաբար,  այստեղ ոչ մեկը չէ:  Ինչ որ սարքվել է` խայտառակություն է: Աբովյան փողոցով որ իջնում ես, ձախ կողմից  նայում ես շենքերին, լացդ գալիս է, աջից ես նայում` էլի լացդ գալիս է:  Իջի’ր, իջնում-իջնում ես, հասնում ես Հրապարակ, այստեղ էլ որ հասնում ես` բարձր, ծուռ-մուռ շենքեր են:
Այս ամենը տգիտության պատճառ է: Երբ որ տգետ է, ցուցամոլ էլ է: Այսինքն, այն, ինչ որ չունես, պետք է ցույց տաս: Հայաստանում բոլորը ճարտարապետ են:  Բայց 2 ճարտարապետից ավել չգիտեմ:
Եթե Դուք լինեիք գլխավոր ճարտարապետ, ի՞նչ կանեիք:
-Ինձ կկախեին: Համ էլ` ի՞նչ է նշանակում գլխավոր ճարտարապետ: Աշխարհում նման բան գոյություն չունի: Փարիզի գլխավոր ճարտարապետ, Հոնգկոնգի գլխավոր ճարտարապետ: Ֆրանսիայում կա 4 ճարտարապետ, 2 ինժեներ , 2 պոետ: Նստում և որոշում են` սա կլինի, կամ չի լինի: Այնտեղ ում սիրտն ինչ ուզում է,  չի կարող անել:  Հա, իբր ինչ: Ամբողջ Հայաստանի, հետո ամբողջ աշխարհի գլխավոր ճարտարապետ: Խեղճ Նարեկը չգիտի ինչ անի` հետն էլ գլխավորների գլուխը բռնած գնում է:
Այն ժամանակ գույն չկար, այսօր ամեն ինչ կա, բայց դարձել է անգույն քաղաք:
Ծնվել եք Իրանում, ապրել Փարիզում: Երկուսն էլ պատմություն, մշակույթ ունեցող երկրներ են:  Ո՞ր երկրի մշակույթն է ավելի հոգեհարազատ Ձեզ, իհարկե, բացի հայկականից:
-Ամենքն էլ հարազատ են, մեկը մյուսին լրացնում է:  Կառանձնացնեմ երևի  Իրանը, որ դարեր ի վեր գոյություն ունի, հիմք ունի, ճարտարապետություն, պոեզիա ունի:  Ի վերջո, այս տարածաշրջանից է ամեն ինչ զարգացել ու գնացել Արևմուտք: Արևմուտքից միայն Google-ն է եկել:
Եվրոպայում եղած ժամանակ, բարեբախտաբար, դեռ կարողանում էի մտածել,  Google-ը իմ փոխարեն չէր մտածում: Այդ անտեր iPad, iPhone–ները ուղեղդ հիվանդացնում են, քո տեղ մտածում են: Սա այնքան շահավետ է պետությունների համար:
Գնում ես սրճարան, ասենք 4 աղջիկ են, կամ 3 աղջիկ մեկ տղա, նստում ու սկսում են հեռախոսներով խաղալ:  Մտածում ես, բա ինչո՞ւ են եկել սրճարան, ինչո՞ւ են միասին:
Նույն էլ Եվրոպայում է: Բայց նրանք մի փոքր մտածում են, իսկ այստեղ ամբողջովին «դմբո»  են:  Աղջիկները «Բարբիի»  տեսքով սրճարաններում են, տղաներն էլ մտահգվում են մեքենաների համար: Այստեղ կամ մեքենայից են խոսում, կամ խմելուց:
Իսկ դուք չե՞ք օգտվում ժամանակակից տեխնոլոգիաներից:
-Հիա որ ասեմ` չծիծաղեք:  Վերջիվերջո մեկ iPad եմ առել, որովհետև հեռուստացույց  չունեմ և երբեք էլ չեմ ունեցել: Այս iPad-ն էլ նրա համար է, որ նամակներս գան, հասնեն:  Ժամանակին նամակը որ ուղարկում էիր, դու նամակի հետ չէիր գնում,  հիմա iPad-ով դու և նամակը միասին եք գնում:
Իսկ ինչի՞ հետ է կապված հեռուսատցույց  չունենալու որոշումը, սկզբո՞ւնք է:
-Չէ: Ֆրանսիայում առավոտյան որ արթնանում էի, առաջին բանը որ պետք է անեի` թերթ կարդալն էր:  Հայկական «Հառաջ» , «Կամք» թերթերը վերցնում, գնում էի սրճարան, ոտքի վրա մի քանի ֆրանսիական թերթեր էի առնում ու կարդում:
Ասել է, թե թերթերը լրացնում էին ողջ բացը:
-Այն ժամանակ չունեի հեռուստացույց,  քանի որ ամբողջ ժողովուրդը 60-ական թվականներին բողոքում էր, ջարդում այդ տուփը, որովհետև հիմար տուփ էր, հիմա ավելի  հիմար է:
Հիմա շարունակո՞ւմ եք հայկական մամուլ կարդալ:
-Այո, իհարկե: «Հայկական ժամանակ», «168 ժամ», երբեմն Հանրապետության պաշտոնաթերթն եմ գնում ու  ինքս ինձնից ամաչում եմ: Հիմա արդեն արձակուրդ է, թերթերը կգնան արձակուրդ, այնինչ, Եվրոպայում երկու օր թերթ գոյություն չունի մայիսի 1-ին և հունվարի 1-ին:
Մի հետաքրքիր պատմություն պատմեմ` հայկական թերթի հետ կապված: Հերթական անգամ սրճարանում կարդում էի, մի մարդ մոտեցավ,  թե սա հայերեն է գրված, չէ՞: Ասացի` այո: Ֆրանսիացի էր, բայց արաբ: Ասաց, որ հայերեն լավ գիտի: Գիտի Շահան Շահնուրին:
Նա ասաց, որ պոետ է և իրեն  պոետ դարձրել է Շահան Շահնուրը:  Պատմեց, որ 13 տարեկանում դիպվածով վերցրել է Շահնուրի գիրքն ու սկսել է կարդալ:
Ապա դարձավ, թե հետաքրքիրը գիտե՞ս որն է:  Մեկ ժամից բանտ եմ գնում: Ասում եմ` բանտ ինչո՞ւ ես գնում: Ասաց, թե բոլոր արաբներին այնտեղ պոեզիա եմ դաս տալիս և որպես օտարական կարդում եմ Շահնուրի պոեզիան: Ուզում եմ իմանան, թե օտար մարդն ինչ է զգում Ֆրանսիայում:
Երկար ժամանակ է` Հայաստանում եք: Ի՞նչն է պահել կամ պահում Ձեզ այստեղ, եթե հաշվի առնենք այն, որ շատերը չեն դիմանում և  հեռանում են:
-Ես Եվրոպայում ապրել եմ լավագույն ձևով: Ջազի մեջ մարդ չկա, ում տեսած չլինեմ, փոփ երաժշտության մեջ նույնպես: Տեսել եմ աշխարհի լավագույն թատրոնները:  Նույնը նաև դասական երաժշտության դեպքում: Կրել եմ ողջ մշակույթը:
Այս անգույն քաղաքում պայքարի շատ ճանապարհներ կան:  Ընդդիմադիր լինելն օգնում է պայքարել: Շատերն ինձ քննադատում էին, երբ որոշեցի մզկիթ վերանորոգել:
Ի դեպ, անդրադառնանք Շուշիի մզկիթին: Ինչո՞ւ որոշեցիք մզկիթը վերանորոգել , եթե այդքան ավեր եկեղեցիներ կային:
-Հիմա ասեմ: Երբ ազատագրվեց Շուշին, այդ պահից ես այնտեղ եմ: 2 շենք կար, որ հանձն առանք վերանորոգել: Մեկը քարվանասարան էր, որ դարձել է թանգարան, մյուսը` համամ էր: Ահագին ուսումասիրեցինք, վերանորոգելու համար պլան կազմեցինք, մի քանի ամիս անց եկան, թե չէ, սա վերցնում ենք: Որովհետև մտածել են` օտարերկրացի է, եկել է, սրա մեջ անպայման փող կա, նրանք խելացի են: Հետո, օրերից մեկ օր, քայլում էինք, մեկը, թե այդքան գործ ես արել, ինչ ուզես` կտանք: Մզկիթն ուզեցի: Ֆրոյդն ասում է` ինչ-որ անում ես, մտածված է, դիպվածով չէ: Ուրախ եմ, որ վերցրել եմ: Շատերն ինձ քննադատում էին: Զորի Բալայանն ասում էր` «Օշին` վառե'լ սա»: Մեկը ասում էր քանդի, մյուսը վառի: Սրբազանները հակառակ, Ալիևը հակառակ: Նա նամակ էր գրել, թե այս ո՞վ է այդ ֆրանսիացին, որ փչացնում է մեր մզկիթը: Իսլամ ժողովրդի առաջնորդն էլ նամակ էր գրել մեր Վեհափառին: Ես հակառակվեցի բոլորին:
Միակ մարդը, որ ասաց` Օշին ջան, գնա մինչև վերջ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր:  Հետո նույն Զորի Բալայանները կանգնեցին ասացին, թե մենք մզկիթները վերանորոգում ենք, իսկ թուրքերը մեր խաչքարերն են ջարդում:
Ես հավատացյալ քրիստոնյա չեմ: Կրոն ավելի շատ մեզ ջախջախել է: Այսօր ինձ ՀՀ քաղաքացիություն չեն տալիս, որովհետև կնունքի թուղթ են ուզում: Ասացի` մի տվեք: Կրոնն ինձ համար խղճի մոտեցում է: Գուցե մուսուլման եմ, գուցե բուդդիստ: Ազգությունս կրոնի հետ կապ չունի: Ուրեմն մեր ազգը քրիստոնեությունից առաջ գոյություն չունե՞ր: Ուրեմն Տիգրան Մեծը հայ չէ՞ր:
Մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ  եղել եք մի կուսակցության անդամ, որ Հայաստանի թշնամին էր, քիչ թե շատ արգելվում էր Հայաստան գալը: Խոսքը Դաշնակցության մասին է: Հիմա՞ էլ եք անդամ: Գո՞հ եք ՀՅԴ աշխատանքից:
-Չեմ կարող գոհ լինել, որովհետև ընդդիմություն եմ: Ես այնտեղ էլ եմ ընդդիմություն: Չեմ ուզում ասել, որ մտավորական եմ, բայց յուրաքանչյուր մարդ, որ արվեստի մեջ է, պետք է լինի ընդդիմություն: Այդ մարդը,  որ արվեստի մեջ մի բան է անում, 20 տարի հետո նոր քաղաքականութունը հասկանում է, որ ճիշտ էր: Արվեստը միշտ պետք է առաջ լինի:
30 տարի է` հավաքում եք մեծանուն նկարիչների ստեղծագործությունները, հնաոճ իրեր, ինչպես նաև Լենինի ու Ստալինի դիմանկարները: Եթե թվարկավածները հասկանալի են, ապա բարդ է հասկանալ Լենինի ու Ստալինի դիմանկարների հանդեպ սերը: Ինչո՞ւ հենց նրանք:
Հա, որ նայում ես Ստալինի նկարին, էնքան լուռ, ոնց որ ավանդական պապա լինի: Յուղանկարներ են, հավաքում եմ, վատ ա՞: Մուրճ, մանգաղ լրիվ հավաքում եմ: 1926 թվականի աթոռ ունեմ, 1936թ. սեղան, 16-րդ դարի սուրմայի ամաններ ունեմ..Այս ամենն ինձ համար հեքիաթ է: Ես, օրինակ, Լենինի արձանը չէի քանդի: Գլուխգործոց էր: Հիմա Լենինինը քանդեցին, ուզում են Միկոյանինը դնեն:
Ուզում եք, որ դնե՞ն:
Չէ, չեմ թողնի որ դնեն: Լավ ա գողացել են: Ֆրանսիայում տունը որտեղ ապրել է անձը, 30 սմ է հատկացված հուշատախտակի համար , որի վրա գրված է  ասենք Վիկտոր Հյուգո: Էլ Հյուգոյի քանդակը չեն դնում:
Վերջերս   Փարաջանովի մասին պատմող 9 րոպեանոց  վավերագրական ֆիլմը նվիրեցիք թանգարանին: Ե՞րբ եք նկարահանել: 
-Փարաջանովի մասին պատմող 9 րոպեանոց  վավերագրական ֆիլմը նկարահանել եմ դեռևս 1988 թվականին: Փարաջանովին հանդիպել եմ Փարիզում, միասին գնացել ենք Տարկովսկու գերեզմանին:  Նկարում էի, նա  ասաց, թե Օշին, եթե օրերից մեկ օր Հայաստանում Փարաջանովի թանգարան լինի, ֆիլմը կնվիրես  նրան:  10 օր առաջ հանձնեցի թանգարանին: Ոչ ոք նրան խոսելիս չի տեսել, ոչ էլ այն, թե ինչպես է լացում Տարկովսկու գերեզմանին:  Հետաքրքիրն այն էր, որ ինքը քիչ էր  հայերեն խոսում, ես էլ ռուսերեն չգիտեի, հազիվ իրար հասկանում էինք:
Ես իրեն ասում էի Փարաջան: «Ով»-ը հանել էի, «յան»-նն էլ չէի ասում: Իսկ «փարաջան» նշանակում է քայքայվող մարմին:
Նոր ֆիլմ պատրաստո՞ւմ եք:
-Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեկ ֆիլմ եմ ուզում պատրաստել, ավելի կոնկրետ` մուլտֆիլմ: Այն երկու կնոջ պատմությունն է, որ Ավետարանը Մուշից բերել են Երևան: Նրանք նախքան արևի դուրս գալը գնում են ծաղիկներ քաղելու, երբ իջնում են Մուշ, տեսնում են, որ ամեն ինչ ավերված է, մարդ չկա: Եկեղեցու մոտ մի մարդ է լինում, ով նրանց տանում և ցույց է տալիս Ավետարանը` ասելով, որ անպայման Հայաստան տանեն: Ոսկին ու արծաթը վրայից հանում են, քանի որ ծանր է լինում և գիրքը երկու մասի են կիսում:  Տարբեր ճանապարհով են գնում Հայաստան:  Մեկը Ավետարանը հասցնում է Էջմիածին, մյուսը գնում է Էրզրում, հիվանդանում և մահանում է եկեղեցու բակում:  Ծառի վրա նստած տղան տեսնոմ է, թե ինչպես է նա Ավետարանը թաղում եկեղեցու բակում: Ռուս սպա է գալիս, այդ տղանա սում է, որ այդտեղ թաղված  գիրքը պետք է էջմիածին տանել: Ռուս սպան վերցնում է և տարիներ հետո հանձնում է Թիֆլիսի մեր առաջնորդարանին, որոնք էլ բերում են Հայաստան:
Ուզում եմ` ամբողջ աշխարհն իմանա, որ ջարդով մշակույթն ու գիրքը չեն կարող սպանել:
Հարցազրույցը` Անի Կարապետյանի

http://asekose.am/hy_AM/news/9/160933-zori-balayann-asoum-er-osin-varir-da.html