3/05/2014

Հայերենով կրթություն ստանալու իրավունքը խաթարվում է.Ոչ հայատառ աղետ` Հայաստանում

«Հայերենով կրթություն  ստանալու իրավունքը խաթարվում է:  Գիրք ստանալու համար նախատեսված  հումքերը Ռուսաստանում ունեն 10-20 տոկոս մաքսատուրք և այն թղթերը, որոնք  օգտագործվում են Հայաստանում, բոլորը ՌԴ-ում մաքսատուրքի են ենթարկվում: Արդյունքում ավելանում է ավելացված արժեքի հարկը` դառնալով 24 տոկոս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մաքսային Միության` հրատարակչական գործի վրա ազդեցության մասին` ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն  Մարտիրոսյանը` հավելելով, որ այս թանկացումները կլինեն, եթե  Հայաստանի բանակցողները  չկարողանան փաստարկներ բերել` տուրքը հանելու համար:
Արմեն  Մարտիրոսյանը  նշեց, որ կարող են իրենց օգնությունը ցուցաբերել բանակցողներին` հայատառ գիրքը փրկելու համար: Նրա խոսքով` ժամանակին միայն արժեքի հարկն էին մուծում:  «Բանակցողներին կօգնենք` Հայաստանը պաշտպանելու ոչ հայատառ աղետից: Թղթի նկատմամբ կիրառվող մաքսատուրքը բերում է  Սահմանադրության խախտման»,-նշեց բանախոսը` միաժամանակ փաստելով, որ կթանկանա ոչ միայն թուղթը, այլև ներկը, հեղուկը…
«Հիմնականում թերթերը Եվրոպայից են ներմուծվում, օրինակ` դասագրքերի դեպքում: Ինպե՞ս են ծնողները դրա թանկանալու դեպքում դասագրքեր գնելու»,-հարցրեց Արմեն  Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է եվրոպական և ռուսական թղթերի որակային տարբերությանը` բանախոսը պատասխանեց.
«Ռուսական թուղթը եվրոպականից տարբերվում է այնքանով, որքանով «Ժիգուլին»` «Մերսեդեսից»:
Անի Կարապետյան

Երգչուհի Ռուսլանան` տարվա ամենահամարձակ կին

Ռուսլանա Ստեպանովնա Լիժիչկոն, ով առավել շատ հայտնի է Ռուսլանա անունով, մրցանակի է արժանացել` կանանց շրջանում խիզախության դրսևորման համար:
Երգչուհին միշտ եղել է Մայդանում պայքարող ժողովրդի կողքին:
«Ուկրաինացի ամազոնուհին» Կանանց խիզախության միջազգային օրվա առիթով  արժանացել  է ԱՄՆ-ում ամեն տարի անցկացվող մրցանակին:
Մրցանակը ԱՄՆ-ում շնորհում են տարբեր երկրների կանանց, որոնք բացառիկ խիզախություն և առաջատարություն են դրսևորում խաղաղության, արդարության, մարդու իրավունքի և կանանց հնարավորություններն ընդլայնելու հաստատման համար՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը։
Առաջիկայում կհրապարակվի աշխարհի ամենահամարձակ կանանց ցուցակը:
Ավելի վաղ Ռուսլանան հայտնել է, որ այն պահից, երբ Եվրոպայում խոսեց Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ կիրառվելիք սանկցիաների մասին, բազում սպառնալիքներով լի նամակներ է ստացել:

Պուտինը` Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

ՌԴ նախագահ Վլ. Պուտինին առաջադրել են 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար: Այս մասին հայտարարել է նորվեգական Նոբելյան ինստիտուտի տնօրեն Հեյր Լունդեսթադը` նշելով, որ 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է ռեկորդային` թվով 278 թեկնածու, որից 47-ը կազմակերպություններ են
Նոբելյան հանձնաժողովի անդամները երեկ քննարկել են Ղրիմի հարցը, Վենեսուելայի ու Թայլանդի հակակառավարական ակցիաները, և ցուցակում ընդգրկել  են իրենց թեկնածուներին: Պուտինից բացի, թեկնածուների թվում ընդգրկվել են նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայը, ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը.փոխանցում է  Reuters-ը:

Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականի սեպտեմբերին Կրթության համառուսական հիմնադրամն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Նոբելյան մրցանակ տալ։ Հիմնադրամի նախագահ Սերգեյ Կոմկովը Նոբելյան հանձնաժողով ուղարկած իր նամակում ընդգծել է, որ Խաղաղության մրցանակին Պուտինն արժանի է, քանի որ լինելով աշխարհի առաջատար երկրներից մեկի ղեկավարը՝ ուժերի ներածի չափով ջանքեր է գործադրում ողջ աշխարհում խաղաղության պահպանման համար։ 

Տիմոշենկոն պարզաբանել է, թե ինչու է վատառողջ լինելով բարձրակրունկներ կրում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բանտից դուրս գալուց հետո առաջին անգամ հանդիպել է արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Նա ստեղծված իրավիճակում անօգուտ է համարել Կիևի և Մոսկվայի միջև տարվող բանակցությունները:
«Կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են փոխել ողջ աշխարհը, ինչպես նաև խաթարել հանգստությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի  հետ բանակցություններին, ապա դրանք պետք է արվեն համաշխարհային առաջնորդների կողմից»,-ասել է Տիմոշենկոն.փոխանցում է mir24.tv-ն:
Լրագրողները հանդիպման ժամանակ նկատել են, որ Տիմոշենկոն կրում է բարձրակրունկներ, այնինչ, մի քանի օր առաջ Մայդանում ելույթ ունեցավ` նստած հաշմանդամի սայլակի վրա:
Հարցին ի պատասխան` Տիմոշենկոն ասել է, որ այն պայքարի նշան է`տեղեկացնելով, որ Կանանց միջազգային օրը վիրահատության է ենթարկվելու:

«Ես ցանկանում եմ ուժեղ լինել ոչ միայն ներքուստ, այլև` արտաքուստ»,-ասել է Ուկրաինայի նախկին վարչապետը:

3/03/2014

Ներկայացվել են Էյնշտեյնի ինքնատիպ ձեռագրերը

Ճապոնիայում հասարակության լայն զանգվածին են ներկայացվել Ալբերտ Էյնշտեյնի ձեռագրերը
Ցուցահանդեսում ներկայացվել են ֆիզիկոսի 20 աշխատանքները, որոնք գրվել են 1922 թվականին. Էյնշտեյնի` Ճապոնիա այցելության ժամանակ: Նա այդ երկրում անցկացված 6 շաբաթների ընթացքում հանդես է եկել դասախոսություններով:
Ներկայացվել է նաև նամակ, որը Էյնշտեյնը գրել է ընկերոջը` ճապոնիայից հեռանալու ժամանակ: Ձեռագրերում բացահայտվում է նրա հետաքրքրասիրությունը և հարգանքն այն ամենի հանդեպ, ինչն իրեն անծանոթ է եղել:

Ձեռագրերը հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն պատմաբանների, լեզվաբանների համար, այլև ֆիզիկոսների և մաթեմատիկոսների: Նրանցից մի քանիսում կան  բանաձևեր, որոնք ֆիզիկայի ոլորտում հետազոտությունների հիմք կարող են հանդիսանալ: