Ուրցագեղձը երկար տարիներ համարվում էր մի օրգան, որն անհրաժեշտ է միայն երեխաներին։ Մեծահասակների համար այն իբր թե անպետք է՝ նույնքան անօգուտ, որքան, օրինակ, կույր աղիքի ելունը (ապենդիքսը)։
Սակայն Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունը շրջեց այս պատկերացումը։ Պարզվում է՝ ուրցագեղձը չափազանց կարևոր է, իսկ դրա հեռացումը մեծացնում է քաղցկեղի զարգացման և տարբեր հիվանդություններից մահանալու ռիսկը։
Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային միջնորմում։ Առջևից այն հպվում է կրծոսկրի մարմնին, հետևից՝ պերիկարդի վերին հատվածին, որը ծածակում է աորտայի սկզբնական հատվածն ու թոքային զարկերակը
Նորածինների մոտ այն գրեթե ամբողջությամբ ծածկում է սիրտը։ Իր անվանումը գեղձը ստացել է ձևի պատճառով․ այն հիշեցնում է երկժանի պատառաքաղ (вилка): Նորածինների մոտ այն կշռում է մոտ 15 գրամ, դեռահասության շրջանում հասնում է իր առավելագույն չափին (30–40 գրամ), իսկ սեռական հասունացումից հետո սկսում է փոքրանալ։
Գեղձն աստիճանաբար փոխարինվում է ճարպային հյուսվածքով։ Ծերության շրջանում դրանից մնում է միայն «ճարպային կույտ», և տարեց մարդու մոտ գրեթե չի տարբերվում ճարպային բջջանքից։
Հենց ուրցագեղձում են հասունանում T-լիմֆոցիտները՝ իմունային համակարգի գլխավոր բջիջները, որոնք ճանաչում և ոչնչացնում են օտարածին մարմիններն ու սեփական՝ վերահսկողությունից դուրս եկած բջիջները։
Մանկության տարիներին, քանի դեռ իմունիտետը ձևավորվում է, ուրցագեղձը կենսականորեն անհրաժեշտ է, իսկ հասուն տարիքում, ինչպես համարվում էր, այն կորցնում է իր արդիականությունը, և վիրաբույժները հաճախ հեռացնում էին այն սրտի, թոքերի, վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ՝ պարզապես այն պատճառով, որ այն գտնվում էր «ճանապարհին»։
Համարվում էր, որ դրանից ոչ մի վնաս չկա։ Բայց պարզվեց՝ կա։
Ի՞նչ ցույց տվեց հետազոտությունը
Հարվարդի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 7000 բուժառուների տվյալներ, ովքեր 1993-2020թթ․ ենթարկվել են կրծքավանդակի օրգանների վիրահատությունների։ Նրանցից 1146-ի մոտ ուրցագեղձը հեռացվել էր։ Մնացածի մոտ այն պահպանվել էր։
Արդյունքները, որոնք հրապարակվել են The New England Journal of Medicine ամսագրում, չափազանց հետաքրքիր են:
Պարզվել է, որ վիրահատությունից հետո հինգ տարվա ընթացքում առանց ուրցագեղձի մարդիկ մահացել են գրեթե երեք անգամ ավելի հաճախ՝ 8.1%՝ 2.8%-ի դիմաց։ Իսկ քաղցկեղի զարգացման ռիսկը նրանց մոտ կրկնակի բարձր է եղել՝ 7.4%՝ 3.7%-ի դիմաց։ Ընդ որում, առանց ուրցագեղձի բուժառուների մոտ ուռուցքներն իրենց ավելի ագրեսիվ են պահել և բուժումից հետո ավելի հաճախ են մետաստազավորվել, քան նրանց մոտ, ում ուրցագեղձը պահպանվել էր։
«Մենք պարզեցինք, որ ուրցագեղձը բացարձակապես անհրաժեշտ է առողջության համար։ Եթե այն չկա՝ մահվան և քաղցկեղի զարգացման ռիսկն առնվազն կրկնապատկվում է»,- հայտարարել է հետազոտության ղեկավար, Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի ուռուցքաբան Դեվիդ Սքադենը։
Հասկանալու համար, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում, գիտնականները վերլուծել են բուժառուների մի մասի իմունային կարգավիճակը։ Եվ գտել են բացատրությունը։ Ուրցագեղձի հեռացումից հետո շատ մարդկանց մոտ նվազում է T-բջջային ռեցեպտորների բազմազանությունը. հենց այն մոլեկուլների, որոնց միջոցով իմունային բջիջները «տեսնում են» օտարածին ու վտանգավոր օբյեկտները։ Իսկ որքան փոքր է բազմազանությունը, այնքան վատ է իմունիտետը տարբերակում ուռուցքային բջիջներն ու վարակները։ Իմունային հսկողությունը թուլանում է, և հիվանդությունները հնարավորություն են ստանում հաղթելու մարդուն։ Միևնույն ժամանակ՝ Սքադենը խոստովանում է. «Մենք հաստատ չգիտենք՝ առողջության համար այս բացասական հետևանքները կապված են նոր T-բջիջների բացակայության, թե՞ ուրցագեղձի որևէ այլ՝ քիչ ուսումնասիրված ֆունկցիայի հետ։ Մեխանիզմը դեռևս պետք է պարզվի»։
Ի դեպ, այս տարվա մարտին Nature ամսագրում լույս տեսավ ևս մեկ հետազոտություն նույն թեմայով։ Գիտնականների միջազգային թիմը արհեստական բանականության (ԱԻ) օգնությամբ վերլուծել է ավելի քան 27 հազար համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)՝ օնկոլոգիական և սրտային հիվանդությունների ամերիկյան տվյալների բազաներից։
Եվ պարզվել է, որ բարձր ցուցանիշ ունեցող մարդկանց մոտ մահվան ռիսկը 50%-ով ցածր է եղել, սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը՝ 63%-ով, իսկ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը՝ 36%-ով ցածր՝ այն մարդկանց համեմատ, ում ուրցագեղձն «անառողջ» էր։ Արդյունքները պահպանվել են նաև տարիքային և այլ գործոնների ճշգրտումից հետո։
Գիտնականները նաև հայտնաբերել են, որ ծխելը, ճարպակալումն ու քրոնիկ բորբոքումները կապված են ուրցագեղձի վատ առողջության հետ։ Այսինքն՝ կենսակերպը, ըստ ամենայնի, ազդում է։
Ի՞նչ է սա նշանակում․ բժիշկների և պացիենտների համար․Եզրակացությունն ակնհայտ է՝ առանց լուրջ ցուցումների ուրցագեղձը հեռացնել չի՛ կարելի։ Վիրաբուժական պրակտիկան, որի ժամանակ ուրցագեղձը հեռացնում են «իմիջիայլոց», պետք է վերանայվի։
«Ուցագեղձն անտեսվել է տասնամյակներ շարունակ, և այն, հնարավոր է, հանդիսանում է այն բաց թողնված օղակը, որը բացատրում է, թե ինչո՞ւ են մարդիկ տարբեր կերպ ծերանում, և թե ինչո՞ւ քաղցկեղի բուժումը որոշ բուժառուների մոտ արդյունք չի տալիս»,- ասում է Nature-ում հրապարակված հետազոտության համահեղինակ Հյուգո Արտսը։
Իհարկե, լինում են դեպքեր, երբ այս օրգանի հեռացումն անհրաժեշտ է՝ առաջին հերթին հենց ուրցագեղձի ուռուցքների, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների ժամանակ։ Բայց մնացած դեպքերում նրան ձեռք տալ պետք չէ։ Չէ՞ որ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրցագեղձի չափսերը կրճատվում են մինչև նվազագույնի, այն շարունակում է օրգանիզմին մատակարարել նոր T-բջիջներ։ Իսկ դրանք ճանաչում են այն սպառնալիքները, որոնց հետ հին իմունային հիշողությունն արդեն ի վիճակի չէ գլուխ հանել։

Комментариев нет:
Отправить комментарий