8/05/2026

Ինչու՞ չարժե սպանել տանը հայտնված սարդերին


Տանը սարդ տեսնելիս շատերի առաջին արձագանքը նրան անմիջապես սպանելն է։ Սակայն սարդերը բնության, ինչպես նաև բնակելի տարածքներում ձևավորված փոքր էկոհամակարգի կարևոր մասն են և հաճախ մարդու համար ավելի օգտակար են, քան վտանգավոր։ Մարդիկ սովորաբար իրենց բնակարանները պատկերացնում են արտաքին աշխարհից լիովին մեկուսացված տարածքներ, մինչդեռ տներում մշտապես բնակվում են տարբեր մանր կենդանիներ և հոդվածոտանիներ։ Սարդերի մի մասը բնակարանում հայտնվում է պատահաբար, որոշ տեսակներ միայն ժամանակավորապես են բնակվում, իսկ մյուսները լիովին հարմարված են փակ տարածքներում ապրելուն, բազմանալուն և իրենց ամբողջ կենսաշրջանն այնտեղ անցկացնելուն։ Տներում հանդիպող սարդերի շատ տեսակներ վարում են թաքնված կենսակերպ: Նրանք խուսափում են մարդկանցից և սովորաբար ագրեսիվ չեն։ Դրանք հաճախ բնակվում են մութ, հանգիստ և քիչ օգտագործվող տարածքներում, որտեղ ցանցեր են գործում և որսում մանր միջատներին։ Այս կերպ սարդերը բնական ճանապարհով նպաստում են տանը վնասատուների քանակի նվազեցմանը։

Հյուսիսային Կարոլինայի 50 բնակելի տներում անցկացված ուսումնասիրության ընթացքում հետազոտողները փորձել են պարզել, թե ինչպիսի հոդվածոտանիներ են ապրում մարդկանց բնակավայրերում։ Ուսումնասիրված բոլոր տներում հայտնաբերվել են սարդեր։ Ամենահաճախ հանդիպողներից էին անկանոն սարդոստայն գործող և երկարոտն սարդերը։ Այս տեսակները հիմնականում սպասում են, մինչև որսը հայտնվի իրենց ցանցում։ Երկարոտն սարդերը երբեմն նաև լքում են իրենց ցանցը և որսում այլ սարդերի՝ նրանց մոլորեցնելով որսի շարժումները նմանակող ազդակներով։

Սարդերը խիստ ընտրողական սննդակարգ չունեն և սովորաբար որսում են այն ամենը, ինչ կարողանում են բռնել։ Նրանց որսի մեջ հաճախ հայտնվում են մարդկանց անհանգստություն պատճառող վնասատուները, ինչպես նաև հիվանդություններ փոխանցող միջատները, օրինակ՝ մոծակները։ Աֆրիկյան որոշ բնակավայրերում հանդիպող ցատկող սարդի մի տեսակ նույնիսկ նախընտրում է որսալ արյունով սնված մոծակների: Հետևաբար տանը սարդ սպանելը կարելի է համարել բնական գիշատչի վերացում, որն օգնում է սահմանափակել վտանգավոր միջատների տարածումը։

Սարդերից վախը տարածված երևույթ է։ Դրան նպաստում են նրանց արտաքին տեսքը, բազմաթիվ ոտքերը և այն փաստը, որ տեսակների մեծ մասն ունի թույն։ Այնուամենայնիվ, սարդերի մեծամասնության թույնը չափազանց թույլ է մարդու առողջությանը վնաս պատճառելու համար։ Սարդերից վախ կարող են ունենալ նույնիսկ միջատաբաններն ու սարդեր ուսումնասիրող մասնագետները։ Շատ հետազոտողների հաջողվել է այդ վախը հաղթահարել՝ սարդերին ավելի մոտիկից ուսումնասիրելու և նրանց վարքագիծը հասկանալու միջոցով։ Սարդերը հիմնականում չեն ձգտում մոտենալ մարդկանց կամ հարձակվել նրանց վրա։ Ընդհակառակը՝ նրանք գերադասում են թաքնվել և խուսափել շփումից, քանի որ մարդը նրանց համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում։

Հարկ է նշել, որ սարդերի խայթոցները չափազանց հազվադեպ են։ Թեև գոյություն ունեն բժշկական նշանակություն ունեցող որոշ տեսակներ, այդ թվում՝ սև այրի և ճգնավոր սարդերը, նույնիսկ դրանց հետ կապված լուրջ դեպքերը տարածված չեն։ Բնակելի տարածքներում հանդիպող սարդերի ճնշող մեծամասնությունը մարդու համար վտանգավոր չէ։

Եթե սարդի ներկայությունն այնուամենայնիվ անհանգստացնում է, նրան սպանելու փոխարեն կարելի է զգուշորեն տեղափոխել բաց տարածք։ Դրա համար կարելի է սարդի վրա բաժակ կամ փոքր տարա դնել, տակի հատվածում թուղթ մտցնել և այն դուրս հանել տնից։ Այս եղանակով հնարավոր է ազատվել սարդի ներկայությունից՝ առանց կենդանուն վնասելու։

Այսպիսով, տանը սարդերի առկայությունը բնական երևույթ է։ Նույնիսկ երբ դրանք տեսանելի չեն, ամենայն հավանականությամբ, բնակվում են պատերի ճեղքերում, կահույքի հետևում կամ այլ թաքնված հատվածներում։ Սարդերի հանդեպ ավելի հանդուրժող վերաբերմունքը ոչ միայն օգնում է պահպանել կենդանի օրգանիզմների բնական հավասարակշռությունը, այլև թույլ է տալիս օգտվել վնասատու միջատների դեմ նրանց կատարած բնական աշխատանքից։

Հետևաբար հաջորդ անգամ տանը սարդ հանդիպելիս առավել ճիշտ կլինի նրան չսպանել, այլ հանգիստ թողնել կամ տեղափոխել դուրս՝ առաջնորդվելով «Ապրի՛ր և թո՛ւյլ տուր ապրել» սկզբունքով։

 


6/21/2026

Կարկուտ․ ինչպե՞ս է առաջանում և որքանո՞վ է վտանգավոր

 

Կարկուտը եղանակային վտանգավոր երևույթներից մեկն է։ Ամեն տարի այն զգալի վնասներ է հասցնում տնտեսությանը, իսկ խոշոր կարկտահատիկների տեղումները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջության և նույնիսկ կյանքի համար։

Ինչպե՞ս է առաջանում կարկտահատիկը

Կույտաանձրևային ամպի ներսում առկա են օդի հզոր վերընթաց հոսանքներ։ Դրանք ջրի կաթիլները բարձրացնում են 8–12 կմ բարձրություն, որտեղ օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է 0°C-ից։ Այդ պայմաններում կաթիլը սառչում է և ձևավորվում է կարկտահատիկի միջուկը։

Այնուհետև, ընկնելով նույն ամպի վարընթաց հոսանքներում, կարկտահատիկի միջուկը սկսում է իջնել՝ բախվելով գերսառեցված ջրի կաթիլների հետ։ Դրանք սառչում և կպչում են կարկտահատիկին, ինչի հետևանքով այն մեծանում է։ Հետո այն նորից ընկնում է ուժեղ վարընթաց հոսանքի մեջ, որը կրկին վեր է բարձրացնում վերջինիս։ Այս գործընթացը բազմիցս կրկնվում է, և յուրաքանչյուր ցիկլի ընթացքում կարկտահատիկը շարունակում է աճել։
Սակայն գալիս է մի պահ, երբ այն դառնում է չափազանց ծանր։ Վերընթաց հոսանքն այլևս չի կարողանում պահել այն, և կարկտահատիկը ընկնում է գետին։

Ի՞նչ կա կարկտահատիկի ներսում

Եթե կտրենք կարկտահատիկը, ներսում կտեսնենք շերտեր՝ ծառերի տարեկան օղակների նման։ Պղտոր սառույցի շերտերը հերթագայվում են թափանցիկ շերտերի հետ։
Յուրաքանչյուր այդպիսի շերտ արտացոլում է կարկտահատիկի մեկ վերելք և մեկ իջեցում կույտաանձրևային ամպի ներսում։ Շերտերի քանակով նույնիսկ կարելի է մոտավոր գնահատել, թե քանի անգամ է կարկտահատիկը «ճանապարհորդել» ամպի ներսում։

Կարևոր է հիշել՝ կարկուտ ձևավորվում է միայն կույտաանձրևային (Cb) ամպերում։

Որքա՞ն մեծ կարող է լինել կարկուտը

- Սիսեռի չափ կարկուտը սովորաբար վտանգավոր չէ։

🍒Բալի չափ կարկուտը կարող է վնասել ծառերի տերևներն ու բերքը։

🌰Ընկույզի չափ կարկուտը կարող է կոտրել ավտոմեքենաների և ջերմոցների ապակիները, վնասել տանիքները։

🎾Թենիսի գնդակի չափ կարկուտը կարող է ծակել տանիքներ, վնասել ավտոմեքենաների թափքերը և լուրջ վնասվածքներ պատճառել մարդկանց։

🍏Խնձորի կամ նարնջի չափ կարկուտն արդեն իրական վտանգ է մարդու կյանքի համար։
📌Թենիսի գնդակի չափ կարկուտի ձևավորվան համար ամպի ներսում վերընթաց հոսանքների արագությունը պետք է գերազանցի 100 կմ/ժ-ը։

Համաշխարհային ռեկորդներ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 2023 թվականին գրանցվել է շուրջ 17 սմ տրամագծով կարկտահատիկ՝ գրեթե ափսեի չափ։

📍Աշխարհում արձանագրված ամենածանր կարկտահատիկը տեղացել է ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում 2010 թվականին։ Այն կշռել է գրեթե 1 կիլոգրամ և եղել է գրեյպֆրուտի չափ։

📌Կարկտային ծածկույթ

Երբեմն կարկուտն այնքան ինտենսիվ է լինում, որ գետնի մակերևույթի վրա կարճ ժամանակով ձևավորվում է կարկտային ծածկույթ։ Այդ դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, թե ձյուն է տեղացել։

Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել

Կարկուտը սովորաբար դիտվում է շատ սահմանափակ տարածքներում։ Քանի դեռ կարկտաբեր օջախը չի ձևավորվել ամպի ներսում, դրա առաջացումը մեծ ճշգրտությամբ կանխատեսել հնարավոր չէ։ Վերջինիս կանխատեսման համար անհրաժեշտ է աերոլոգիական և ռադիոլոկացիոն մոնիթորինգի ժամանակակից համակարգ։

Մեղրը համարվեց Երկրի վրա այն եզակի նյութերից մեկը, որը վերապրել է մեծ կայսրությունների կործանումն ու դարաշրջանների փոփոխությունը


Թութանհամոնի դամբարանից գտնված մեղրը, ավելի քան 3000 տարի մնալով գետնի տակ, պահպանել է իր ուտելի լինելը։


Ամենակենսունակ մթերքը


20-րդ դարի սկզբին հնագետները, հետազոտելով հնագույն թաղումները, քարե անոթների մեջ հայտնաբերեցին սաթագույն քարացած զանգվածներ։ Լաբորատոր թեստերը հաստատեցին՝ դա մեղր է, որի իսկությունը կասկած չէր հարուցում։ Այս բացահայտումը ստիպեց գիտնականներին նորովի նայել մթերքների երկարակեցությանը։ Ի տարբերություն այլ սննդամթերքի, որը վերածվում է փոշու, մեղրը զարմանալի կենսունակություն դրսևորեց։


Հավերժության գաղտնիքը


Նման անմահության գաղտնիքը, ըստ վերջին հետազոտությունների արդյունքների, թաքնված է եռակի պաշտպանության մեջ։


Առաջին՝ ծայրահեղ չորություն. մեղուները նեկտարից գոլորշիացնում են գրեթե ողջ խոնավությունը։ Արդյունքում պատրաստի մթերքում մնում է չնչին քանակությամբ ջուր (18-20%-ից պակաս)։ Այսպիսի ծայրահեղ չորությունը ստեղծում է մի միջավայր, որտեղ օսմոտիկ ճնշումն այնքան բարձր է, որ ցանկացած բակտերիա կամ սնկի սպոր, հայտնվելով մեղրի մեջ, ակնթարթորեն կորցնում է սեփական խոնավությունն ու մահանում ջրազրկումից։
Միկրոօրգանիզմների համար սա քիմիական անապատ է։


Երկրորդը՝ թթվային պատնեշ. pH-ի ցածր մակարդակը (3.2–4.5) ձևավորում է ագրեսիվ միջավայր, որը կործանարար է ախտածին մանրէների մեծ մասի համար, քանի որ վերջիններս իրենց զարգացման համար նախընտրում են չեզոք միջավայր։


Երրորդ՝ ֆերմենտային գրոհ. մեղվի մեղրապարկում առկա է հատուկ ֆերմենտ՝ ինվերտազ (դիաստազ), որը նեկտարի մեջ է ընկնում հավաքման ժամանակ։ Բացի այդ, մեղուները ավելացնում են նաև սեփական գլյուկոզօքսիդազը։ Մեղրի հասունացման ժամանակ այս ֆերմենտները ռեակցիայի մեջ են մտնում մնացորդային խոնավության և գլյուկոզի հետ, ինչի արդյունքում չնչին, բայց մշտական խտությամբ արտադրվում է ջրածնի պերօքսիդ՝ հզոր բնական հականեխիչ (անտիսեպտիկ)։ Սակայն միայն կենսաքիմիան բավարար չէր լինի։ Վճռորոշ դեր է խաղացել եգիպտացիների մանրախնդրությունը։


Մեղրը լցնում էին հաստ պատերով կժերի մեջ և ենթարկում յուրօրինակ մումիֆիկացման. կժի բերանը փակում էին մոմով կամ խեժով և ամրացնում կավե խցանով։ Դամբարանի կատարյալ մթության, կայուն զով կլիմայի և միջանցիկ քամիների բացակայության պայմաններում անոթը վերածվում էր կատարյալ թերմոսի։


Չնչին փոփոխություններ․ Անշուշտ, նման հսկայական ժամանակահատվածում մթերքը կրում է անդառնալի փոփոխություններ։ Այն կորցնում է իր նախնական տեսքը՝ բյուրեղանալով և վերածվելով պինդ զանգվածի։ Դրա գույնը մգանում է՝ դառնալով մուգ շագանակագույն կամ գրեթե սև, իսկ ծաղկային բուրմունքը ցնդում է։ Թռչող միացությունների և ակտիվ ֆերմենտների մի մասը ժամանակի ընթացքում քայքայվում է, ինչը նվազեցնում է դրա նախնական հակաբակտերիալ ուժը։


Այնուամենայնիվ, քիմիական մակարդակում այն մնում է բացարձակապես անվտանգ և պիտանի ուտելու համար։


Այսպիսով, մեղրը հանդիսացավ Երկրի վրա այն եզակի նյութերից մեկը, որն ընդունակ եղավ վերապրել մեծ կայսրությունների կործանումն ու դարաշրջանների փոփոխությունը՝ պահպանելով իր գլխավոր էությունը

Իսկ մենք այն անօգուտ էինք համարում. Հայտնաբերվել է օրգան, որը մարդուն պաշտպանում է քաղցկեղից



Ուրցագեղձը երկար տարիներ համարվում էր մի օրգան, որն անհրաժեշտ է միայն երեխաներին։ Մեծահասակների համար այն իբր թե անպետք է՝ նույնքան անօգուտ, որքան, օրինակ, կույր աղիքի ելունը (ապենդիքսը)։

Սակայն Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունը շրջեց այս պատկերացումը։ Պարզվում է՝ ուրցագեղձը չափազանց կարևոր է, իսկ դրա հեռացումը մեծացնում է քաղցկեղի զարգացման և տարբեր հիվանդություններից մահանալու ռիսկը։

Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային միջնորմում։ Առջևից այն հպվում է կրծոսկրի մարմնին, հետևից՝ պերիկարդի վերին հատվածին, որը ծածակում է աորտայի սկզբնական հատվածն ու թոքային զարկերակը

Նորածինների մոտ այն գրեթե ամբողջությամբ ծածկում է սիրտը։ Իր անվանումը գեղձը ստացել է ձևի պատճառով․ այն հիշեցնում է երկժանի պատառաքաղ (вилка): Նորածինների մոտ այն կշռում է մոտ 15 գրամ, դեռահասության շրջանում հասնում է իր առավելագույն չափին (30–40 գրամ), իսկ սեռական հասունացումից հետո սկսում է փոքրանալ։

Գեղձն աստիճանաբար փոխարինվում է ճարպային հյուսվածքով։ Ծերության շրջանում դրանից մնում է միայն «ճարպային կույտ», և տարեց մարդու մոտ գրեթե չի տարբերվում ճարպային բջջանքից։

Հենց ուրցագեղձում են հասունանում T-լիմֆոցիտները՝ իմունային համակարգի գլխավոր բջիջները, որոնք ճանաչում և ոչնչացնում են օտարածին մարմիններն ու սեփական՝ վերահսկողությունից դուրս եկած բջիջները։

Մանկության տարիներին, քանի դեռ իմունիտետը ձևավորվում է, ուրցագեղձը կենսականորեն անհրաժեշտ է, իսկ հասուն տարիքում, ինչպես համարվում էր, այն կորցնում է իր արդիականությունը, և վիրաբույժները հաճախ հեռացնում էին այն սրտի, թոքերի, վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ՝ պարզապես այն պատճառով, որ այն գտնվում էր «ճանապարհին»։

Համարվում էր, որ դրանից ոչ մի վնաս չկա։ Բայց պարզվեց՝ կա։

Ի՞նչ ցույց տվեց հետազոտությունը

Հարվարդի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 7000 բուժառուների տվյալներ, ովքեր 1993-2020թթ․ ենթարկվել են կրծքավանդակի օրգանների վիրահատությունների։ Նրանցից 1146-ի մոտ ուրցագեղձը հեռացվել էր։ Մնացածի մոտ այն պահպանվել էր։

Արդյունքները, որոնք հրապարակվել են The New England Journal of Medicine ամսագրում, չափազանց հետաքրքիր են:

Պարզվել է, որ վիրահատությունից հետո հինգ տարվա ընթացքում առանց ուրցագեղձի մարդիկ մահացել են գրեթե երեք անգամ ավելի հաճախ՝ 8.1%՝ 2.8%-ի դիմաց։ Իսկ քաղցկեղի զարգացման ռիսկը նրանց մոտ կրկնակի բարձր է եղել՝ 7.4%՝ 3.7%-ի դիմաց։ Ընդ որում, առանց ուրցագեղձի բուժառուների մոտ ուռուցքներն իրենց ավելի ագրեսիվ են պահել և բուժումից հետո ավելի հաճախ են մետաստազավորվել, քան նրանց մոտ, ում ուրցագեղձը պահպանվել էր։

«Մենք պարզեցինք, որ ուրցագեղձը բացարձակապես անհրաժեշտ է առողջության համար։ Եթե այն չկա՝ մահվան և քաղցկեղի զարգացման ռիսկն առնվազն կրկնապատկվում է»,- հայտարարել է հետազոտության ղեկավար, Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի ուռուցքաբան Դեվիդ Սքադենը։

Հասկանալու համար, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում, գիտնականները վերլուծել են բուժառուների մի մասի իմունային կարգավիճակը։ Եվ գտել են բացատրությունը։ Ուրցագեղձի հեռացումից հետո շատ մարդկանց մոտ նվազում է T-բջջային ռեցեպտորների բազմազանությունը. հենց այն մոլեկուլների, որոնց միջոցով իմունային բջիջները «տեսնում են» օտարածին ու վտանգավոր օբյեկտները։ Իսկ որքան փոքր է բազմազանությունը, այնքան վատ է իմունիտետը տարբերակում ուռուցքային բջիջներն ու վարակները։ Իմունային հսկողությունը թուլանում է, և հիվանդությունները հնարավորություն են ստանում հաղթելու մարդուն։ Միևնույն ժամանակ՝ Սքադենը խոստովանում է. «Մենք հաստատ չգիտենք՝ առողջության համար այս բացասական հետևանքները կապված են նոր T-բջիջների բացակայության, թե՞ ուրցագեղձի որևէ այլ՝ քիչ ուսումնասիրված ֆունկցիայի հետ։ Մեխանիզմը դեռևս պետք է պարզվի»։

Ի դեպ, այս տարվա մարտին Nature ամսագրում լույս տեսավ ևս մեկ հետազոտություն նույն թեմայով։ Գիտնականների միջազգային թիմը արհեստական բանականության (ԱԻ) օգնությամբ վերլուծել է ավելի քան 27 հազար համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)՝ օնկոլոգիական և սրտային հիվանդությունների ամերիկյան տվյալների բազաներից։

Եվ պարզվել է, որ բարձր ցուցանիշ ունեցող մարդկանց մոտ մահվան ռիսկը 50%-ով ցածր է եղել, սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը՝ 63%-ով, իսկ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը՝ 36%-ով ցածր՝ այն մարդկանց համեմատ, ում ուրցագեղձն «անառողջ» էր։ Արդյունքները պահպանվել են նաև տարիքային և այլ գործոնների ճշգրտումից հետո։

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ ծխելը, ճարպակալումն ու քրոնիկ բորբոքումները կապված են ուրցագեղձի վատ առողջության հետ։ Այսինքն՝ կենսակերպը, ըստ ամենայնի, ազդում է։

Ի՞նչ է սա նշանակում․ բժիշկների և պացիենտների համար․Եզրակացությունն ակնհայտ է՝ առանց լուրջ ցուցումների ուրցագեղձը հեռացնել չի՛ կարելի։ Վիրաբուժական պրակտիկան, որի ժամանակ ուրցագեղձը հեռացնում են «իմիջիայլոց», պետք է վերանայվի։

«Ուցագեղձն անտեսվել է տասնամյակներ շարունակ, և այն, հնարավոր է, հանդիսանում է այն բաց թողնված օղակը, որը բացատրում է, թե ինչո՞ւ են մարդիկ տարբեր կերպ ծերանում, և թե ինչո՞ւ քաղցկեղի բուժումը որոշ բուժառուների մոտ արդյունք չի տալիս»,- ասում է Nature-ում հրապարակված հետազոտության համահեղինակ Հյուգո Արտսը։

Իհարկե, լինում են դեպքեր, երբ այս օրգանի հեռացումն անհրաժեշտ է՝ առաջին հերթին հենց ուրցագեղձի ուռուցքների, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների ժամանակ։ Բայց մնացած դեպքերում նրան ձեռք տալ պետք չէ։ Չէ՞ որ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրցագեղձի չափսերը կրճատվում են մինչև նվազագույնի, այն շարունակում է օրգանիզմին մատակարարել նոր T-բջիջներ։ Իսկ դրանք ճանաչում են այն սպառնալիքները, որոնց հետ հին իմունային հիշողությունն արդեն ի վիճակի չէ գլուխ հանել։

6/10/2026

Արևապաշտպան քսուկներ․որքանո՞վ են օգտակար

 

Առաջին արևապաշտպան քսուկը ստեղծվել է պատերազմի ժամանակ և եղել է վառ կարմիր: Արևապաշտպան քսուկի գյուտարարներից մեկը Բենջամին Գրին անունով մի դեղագործ էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր օդուժում։ Տեսնելով, թե ինչպես են զինվորները արևահարվում խաղաղօվկիանոսյան ճակատում, նա ստեղծեց մի նյութ, որը կոչվում էր Red Vet Pet (Red Veterinary Petrolatum)։ Այն կպչուն, վատ հոտով, վառ կարմիր նավթային գել էր, որը պարզապես ֆիզիկապես փակում էր արևի ճառագայթները։ Պատերազմից հետո նա կատարելագործեց բանաձևը, ավելացրեց կոկոսի յուղ և հիմնեց աշխարհահռչակ արևապաշտպան քսուկների «Coppertone» բրենդը։


Արևապաշտպան քսուկների (SPF) օգտագործումը ժամանակակից մաշկաբանության ամենաուսումնասիրված և գիտականորեն հիմնավորված թեմաներից է։

Ձեզ ենք ներկայացնում գիտահեն (evidence-based) տեղեկատվություն դրանց օգուտների, հնարավոր ռիսկերի և տարածված միֆերի վերաբերյալ։


Իսկ ի՞նչ է SPF-ը և ինչպե՞ս է այն աշխատում. SPF (Sun Protection Factor)-ը ցույց է տալիս, թե որքանով է քսուկը մաշկը պաշտպանում UVB (կարճալիք) ճառագայթներից, որոնք առաջացնում են արևային այրվածքներ։


Սակայն լիարժեք պաշտպանության համար կարևոր է, որ քսուկն ունենա «Broad Spectrum» (լայն սպեկտրի) նշում, ինչը նշանակում է, որ այն պաշտպանում է նաև UVA (երկարալիք) ճառագայթներից, որոնք թափանցում են ապակու միջով, առկա են ամբողջ տարվա ընթացքում, ոչ միայն ամռանը, և պատասխանատու են մաշկի ծերացման ու քաղցկեղի առաջացման համար։


Ըստ ազդեցության մեխանիզմի՝ ֆիլտրերը լինում են երկու տեսակի.


1. Ֆիզիկական (հանքային/mineral)՝ ցինկի օքսիդ (ZnO) կամ տիտանի երկօքսիդ (TiO_2)։ Դրանք մնում են մաշկի մակերեսին և անդրադարձնում են ճառագայթները (գործում են որպես վահան)։
2. Քիմիական (օրգանական)՝ ավոբենզոն, օկտիսալատ և այլն։ Դրանք կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները և վերածում ջերմային էներգիայի։


Գիտականորեն ապացուցված օգուտները`


• Մաշկի քաղցկեղի կանխարգելում. սա ամենակարևոր գործառույթն է։ Բազմաթիվ կլինիկական հետազոտություններ ապացուցում են, որ ամենօրյա SPF-ի օգտագործումը կիսով չափ (50%) նվազեցնում է մելանոմայի (մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակի) և 40%-ով՝ տափակաբջջային քաղցկեղի առաջացման ռիսկը։


• Ֆոտոծերացման կանխում. մաշկի տեսանելի ծերացման (կնճիռներ, թուլացում, առաձգականության կորուստ) պատճառների մոտ 80-90%-ը պայմանավորված է արևի ճառագայթներով։ SPF-ը պաշտպանում է կոլագենն ու էլաստինը քայքայումից։


• Հիպերպիգմենտացիայի նվազեցում. կանխում է արևային հետքերի, պեպենների և հետբորբոքային պիգմենտացիայի (օրինակ՝ ակնեից հետո մնացած մուգ հետքերի) մգացումը։
Հնարավոր վնասները և գիտական մտահոգությունները.


Գիտական հանրության մեջ SPF-ների վերաբերյալ քննարկումները հիմնականում վերաբերում են ոչ թե դրանց անհրաժեշտությանը, այլ որոշակի բաղադրիչների անվտանգությանը։
1. Քիմիական ֆիլտրերի ներծծումը արյան մեջ.


ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ քիմիական ֆիլտրեր (օրինակ՝ օքսիբենզոն, ավոբենզոն, օկտոկրիլեն) կարող են ներծծվել մաշկի միջով և հայտնաբերվել արյան մեջ՝ թույլատրելիից բարձր խտությամբ։


2. Էնդոկրին (հորմոնալ) համակարգի վրա ազդեցություն.


Կան մտահոգություններ, որ որոշ քիմիական ֆիլտրեր (հատկապես օքսիբենզոնը) կարող են գործել որպես էնդոկրին խաթարողներ (նմանակելով էստրոգեն հորմոնին)։
Գիտական դիրքորոշման համաձայն այս ազդեցությունը հիմնականում նկատվել է լաբորատոր պայմաններում՝ առնետների վրա, որոնց կերակրել են այս նյութերի հսկայական դոզաներով։ Մարդու մաշկի վրա կիրառման դեպքում նման համակարգային ազդեցություն գիտականորեն դեռևս ապացուցված չէ։


3. Ազդեցությունը շրջակա միջավայրի վրա (կորալների սպիտակեցում).
Որոշ քիմիական նյութեր (օքսիբենզոն և օկտինոքսատ) վնասում են ծովային էկոհամակարգը և նպաստում կորալների ռիֆերի գունաթափմանը (սպիտակեցմանը)։ Այս պատճառով որոշ երկրներում (օրինակ՝ Հավայան կղզիներում) դրանք արգելված են։



Լուծումը հետևյալն է էկոլոգիապես մաքուր տարբերակների համար խորհուրդ է տրվում ընտրել «Reef-safe» կամ ֆիզիկական (հանքային) արևապաշտպաններ։


4. Վիտամին D-ի պակասի վերաբերյալ միֆը.


Տեսականորեն SPF-ը արգելափակում է այն ճառագայթները, որոնք օգնում են մաշկին սինթեզել Վիտամին D։ Իրական կյանքում մարդիկ հազվադեպ են քսում SPF-ի այն իդեալական հաստ շերտը, որն ամբողջությամբ կփակեր ճառագայթները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ SPF օգտագործողների մոտ վիտամին D-ի կլինիկական դեֆիցիտ չի առաջանում միայն քսուկի պատճառով։


Ինչպե՞ս ընտրել անվտանգ տարբերակ, եթե ցանկանում եք առավելագույնս խուսափել քիմիական բաղադրիչների հետ կապված կասկածներից.


Ընտրեք հանքային (mineral/physical) արևապաշտպաններ, որոնք պարունակում են Zinc Oxide կամ Titanium Dioxide։ Դրանք FDA-ի կողմից ճանաչված են որպես բացարձակ անվտանգ և արդյունավետ (GRASE-Generally Recognized as Safe and Effective) և չեն ներծծվում մաշկի խորը շերտեր։ Ընտրեք առնվազն SPF 30 կամ SPF 50 և «Broad Spectrum» պաշտպանություն։


Խուսափեք սփրեյներից (փոշեցիրներից), քանի որ դրանք շնչելը կարող է գրգռել թոքերը (հատկապես տիտանի դիօքսիդի նանոմասնիկներ պարունակողները)։


Արևապաշտպանների թեմայի շուրջ կան մի քանի շատ հետաքրքիր, գիտական ու երբեմն զարմանալի փաստեր, որոնց մասին հազվադեպ են խոսում, բայց դրանք ամբողջությամբ փոխում են մեր պատկերացումը մաշկի պաշտպանության մասին։


Օրնակ`SPF-ի մաթեմատիկան գծային չէ (SPF 30-ը երկու անգամ ուժեղ չէ, քան SPF 15-ը): Շատերը կարծում են, որ SPF 50-ը երկու անգամ ավելի լավ է պաշտպանում, քան SPF 25-ը, բայց ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանման էֆեկտիվությունը բոլորովին այլ կերպ է բաշխվում.


SPF 15-ը պաշտպանում է UVB ճառագայթներից մոտ 93%-ով,


SPF 30-ը պաշտպանում է մոտ 97%-ով,
SPF 50-ը պաշտպանում է մոտ 98%-ով,
SPF 100-ը պաշտպանում է մոտ 99%-ով։


Այսպիսով, SPF 30-ից հետո արդյունավետության աճը շատ չնչին է։ Կարևորը ոչ թե թվի մեծությունն է, այլ քսուկը ճիշտ քանակությամբ և հավասարաչափ քսելը։ Գոյություն ունի «երկու մատի կանոն». մարդիկ սովորաբար քսում են անհրաժեշտ քանակի ընդամենը 25-50%-ը, ինչի պատճառով SPF 50-ը իրականում աշխատում է որպես SPF 15։ Մաշկաբանները սահմանել են հստակ չափաբաժին դեմքի և պարանոցի համար՝ երկու մատի կանոնը։ Պետք է ցուցամատի և միջնամատի երկայնքով (հիմքից մինչև ծայրը) քսուկի երկու հաստ գիծ քաշել. դա այն նվազագույն քանակն է, որն ապահովում է քսուկի տուփի վրա գրված պաշտպանությունը։
Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչ միայն արևը, այլև մեր հեռախոսների, համակարգիչների էկրանների և լեդ-լամպերի արձակած կապույտ լույսը (High-Energy Visible light կամ HEV) նույնպես նպաստում է մաշկի պիգմենտացիային և ծերացմանը (ֆոտոծերացում)։


Սովորական քիմիական SPF-ները չեն պաշտպանում կապույտ լույսից։ Դրանից պաշտպանվելու համար լավագույն միջոցը տոնային էֆեկտով հանքային SPF-ներն են, որոնք պարունակում են երկաթի օքսիդ։ Հենց այս բաղադրիչն է արգելափակում էկրանների լույսը։


Հարկ է նշել, որ SPF-ը չի կարելի խառնել տոնային քսուկի կամ խոնավեցնող կրեմի հետ: Շատերը ժամանակ խնայելու համար ափի մեջ խառնում են SPF-ը և իրենց սովորական դեմքի կրեմը կամ տոնային հիմքը։ Գիտականորեն ապացուցված է, որ դա չեզոքացնում է պաշտպանությունը։ SPF-ի քիմիական կամ ֆիզիկական ֆիլտրերը պետք է մաշկի վրա ձևավորեն միատարր, անընդհատ թաղանթ։ Այլ նյութեր խառնելիս այդ թաղանթի մոլեկուլային կառուցվածքը խախտվում է, և մաշկի վրա մնում են «բաց պատուհաններ», որոնցով ճառագայթներն ազատ թափանցում են։ Ճիշտ տարբերակն է՝ քսել խոնավեցնողը, սպասել 5 րոպե, ապա քսել SPF-ը։



Գիտական կոնսենսուսը միանշանակ է՝ արևապաշտպան քսուկի օգտագործման օգուտները (քաղցկեղի և ծերացման կանխում) էականորեն գերազանցում են դրա բաղադրիչների հետ կապված հիպոթետիկ ռիսկերը

12/17/2025

Ինչո՞ւ է արեւելյան սոսին Հայաստանում համարվել սրբազան ծառ

 


Սոսին (չինարի) հսկա ծառ է՝ մինչև 50 մետր բարձրությամբ և 2-3 մետր տրամագծով: Այն հիմնականում կեղևազուրկ է, ցողունը՝ կանաչամոխրագույն է: Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով: Իսկ ծաղիկները մանր են, երկար կոթուններով:

Սոսին սիրում է ջերմություն, լույս և խոնավություն: Այն երկարակյաց ծառ է. ապրում է ավելի քան 2 հազար տարի և աճում է չափազանց արագ: Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է:

Հայտնի է սոսու մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին թերակղզի: Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև: Առաջինն իր բնական միջավայրում կգտնեք Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում: Իսկ թխկիատերև սոսին ներմուծված է և հանդիպում է ամենուր: Հնադարում Հայաստանի մայրաքաղաք Արմավիրը հռչակված էր նաև իր Սոսյաց անտառով:

Մեր հայրենիքի ամենահին և ամենամեծ սոսին գտնվում է Արցախում՝ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում: Դա հայտնի Տնջրին է, որն ամենատարեցն էր ողջ Խորհրդային Միության տարածքում: Հսկա ծառի սաղարթի ստվերը տարածվում է ավելի քան 1400 մետր քառակուսի:

Այս ծառի փչակում կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Տնջրին ունի մոտ 18 հարկանի շենքի բարձրություն։ Մոտակայքից բխում է սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ և՛ ծառն է սնել, և՛ հագեցրել անցորդի ծարավը: Հորդառատ աղբյուրն անգամ ջրաղացի քար է շարժել։

Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար: Ի դեպ, ժամանակի ընթացքում սոսին դարձել է նաև անձնանուն՝ Սոս տարբերակով: Սոսին նվիրական ծառ է քրիստոնյաների համար: Ավանդության համաձայն՝ երբ Քրիստոսին որոնում են բանտարկելու նպատակով, Նա պահվում է սոսու սաղարթների մեջ։ Հետապնդողները մոտենալիս ծառի վրայից կկվի ձայն են լսում: Կարծելով, որ եթե մոտակայքում մարդ լիներ, կկուն չէր թառի ծառին՝ նրանք հեռանում են: Եվ Քրիստոս օրհնում է սոսին, որպեսզի այն տարին բոլոր դալար մնա:

10/04/2025

ՐԱՖՖԻ

 

Տեր Թոդիկի նախատիպը Փայաջուկի գյուղական դպրոցում եղել է մի վանեցի ուսուցիչ, որի մոտ գյուղի առաջավոր մարդկանց որդիները մի քիչ հայերեն էին սովորում, այն էլ գրաբար... Այդ դպրոցի վարժապետը անվանի էր նրանով, որ «գավազանավ երկաթյավ» չէր պատժում իր աշակերտներին, այլ միայն ապտակահարությամբ: Ահա այդ դպրոցում էր սովորում Հակոբը (Րաֆֆին): Մի անգամ էլ չի դիմանում՝ տեսնելով, թե ինչպես է վարժապետը ընկերոջը պատժում: Կառչելով վարժապետի օձիքից՝ շնչասպառ գոռում է․

-Հերիք մեզ տանջես...

-Դու ինչո՞ւ ես խառնվում, Հակոբ, երբ ես իմ աշակերտներին ապտակում եմ, - ասում է ուսուցիչը, - քեզ չեմ պատժում:

- Միևնույն է,- պատասխանում է պատանի Րաֆֆին,- մի օր էլ ինձ այդ օրին կգցես:

Ճիշտ է, վարժապետը չի համարձակվում պատժել Հակոբին՝ Մելիք-Միրզայի որդուն, բայց նա դուրս է գալիս դպրոցից ու ուսումը շարունակում Թիֆլիսում:

Րաֆֆին մանկության օրերին հանդուգն էր և սրամիտ: Դպրոցից տուն վերադառնալով՝ նա երբեք հանգիստ չէր մնում: Բացի իր համար հատուկ մանկական խաղեր և զվարճություններ որոնելուց, նա ստիպում էր տատին ու մորը, որ շարունակ զրույցներ, առասպելներ և հեքիաթներ պատմեն,  ու ինքն էլ ուշադիր լսում էր: 

Րաֆֆին նկարչական ձիրք և ճաշակ ուներ: Նկարում էր մարդկանց պատկերներ, ծաղիկներ, քարտեզներ և այլն: Հատկապես սիրում էր հրացան գործածել և ձի հեծնել, որ սովորել էր հենց իրենց տանը: Սովորելու հարցում այնքան հաջողակ էր, որ թե ծնողներին և թե ուսուցչին զարմացնում էր:

Րաֆֆին՝ որպես ուշիմ պատանի, սկսել էր հորը շատ հարցերում օգնել։ Ամբողջ ընտանիքի աչքը Րաֆֆու վրա էր՝ որպես հոր արժանավոր հաջորդի, իսկ հայրը՝ Մելիք-Միրզան էլ հաճախ ասում էր. «Իմ Հակոբի հատը ողջ Սալմաստում չկա»:

 

    Ըստ Րաֆֆու ընկերոջ՝ Ավագ Ավթանդիլյանի հուշերի 

Սառա

 

Րաֆֆու «Սառա» պոեմը ինքնակենսագրական է։ Այն նրա պատանեկան սիրո ողբերգական պատմությունն է։ Պատանի Հակոբն (Րաֆֆին) ու Սառան սիրում էին իրար։ Հակոբը յուրօրինակ ձևով է իր սիրո մասին հայտնում։ Մի մեծ խնձորի վրա թղթե տառերով փակցնում է աղջկա անունը։ Խնձորը հասունանում, կարմրում է, թղթի տեղերը մնում են սպիտակ։ Նա այդ խնձորը նվիրում է աղջկան, նա էլ սիրով ընդունում է։ Երբ հայրը Հակոբին ուղարկում է Թիֆլիս՝ սովորելու, աղջիկը խոստանում է սպասել։ Անցնում են տարիներ, աղջկան շատ հարսնախոսներ են գալիս, իսկ նա մերժում է։ Ծնողները, համբերությունը հատած, բռնությամբ նշանում են տանուտերի որդու հետ։ Բայց աղջիկը եկեղեցական արարողության ժամանակ թույն է խմում ու հենց այնտեղ էլ մահանում։

Այս ողբերգական դեպքը շատ է ազդում Րաֆֆու վրա։ Ականատեսների վկայությամբ՝ Փայաջուկ գնալիս Րաֆֆին միշտ այցելում էր Սառայի շիրիմին։

Րաֆֆու մի քանի պատմվածքներ նվիրված են նույն խնդրին։ Երիտասարդ հերոսները կործանվում են՝ իրենց սիրելիներից բռնությամբ բաժանվելու պատճառով («Անբախտ Հռիփսիմե», «Ուխտյալ միանձնուհի» և այլն)։ 

Րաֆֆին Սառա անունով հերոսուհիներ ունի նաև «Խենթը», «Դավիթ Բեկ», «Խաչագողի հիշատակարանը» վեպերում։

Աննա

 

Րաֆֆին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Աննային, 31 տարեկանում։

Ուրմիայի դպրոցի ավարտական հանդեսի ժամանակ Րաֆֆին լսում է Աննայի երգը և որոշում, որ նա է լինելու իր կինը։

 

Ասորի քրիստոնյա քարոզչի դուստր էր Աննան։ Րաֆֆին պարզում է, որ աղջիկը նշանված է մի բժշկի հետ, բայց չի հուսահատվում, այցելում է Աննայի հորը։ Եվ երբ դուրս է գալիս տնից, Աննայի նշանածը մեծ քարով թիկունքից հարվածում է։ Րաֆֆին ուշաթափ ընկնում է։ Աննայի հայրը նրան տանում է տուն և խնամում։ Այդ ընթացքում Րաֆֆին հայտնում է իր մտադրության մասին և դրական պատասխան ստանում։

 

Աննան շատ շուտ է սովորում հայերեն խոսել և գրել։ Երբ Րաֆֆին մահանում է, նրա գրական ժառանգությունը հրատարակելու պատասխանատու գործը ստանձնում է Աննան։ Նա ամուսնու մասին նաև հուշեր է գրել, բայց մեզ հասել է միայն մի փոքրիկ հատված, որտեղ երևում է նրա անմնացորդ նվիրումը ամուսնու նկատմամբ։

Մտափոխված մարդասպանը

 

Մի անգամ Րաֆֆու սենյակ են ուղարկում վարձու մարդասպանի՝ Քարամին։ Գիշերվա լռության մեջ Քարամը մտնում է Րաֆֆու սենյակն ու հետևում, թե ինչպես է իր զոհը անդադար գրում՝ չնկատելով ավազակի ներկայությունը։

Ավազակի վրա ազդում է այդ տեսարանը։ Նա Րաֆֆուն ասում է․

- Ինձ ուղարկել են քեզ սպանելու, բայց ես գործ չունեմ այն մարդկանց հետ, որոնք սրի փոխարեն գրիչ են շարժում։ Վեր կաց, շտապիր, քեզ քաղաքից հեռացնեմ։

Րաֆֆին քաջ ճանապարհորդ էր՝ պատրաստ դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի։ Մի անգամ Րաֆֆին գիշերում է մի տանը, որի տերը ուզում էր նրան կողոպտել։ Նա Րաֆֆուն հարցնում է․«Ի՞նչ կանեիր, եթե մեզ վրա ավազակներ հարձակվեին»։ Րաֆֆին ամեն ինչ հասկանում է և ցույց տալով իր ատրճանակը՝ ասում է, որ ցույց կտար իր զենքի զորությունը։

Ավազակը հասկանում է, որ պետք չէ նրա հետ գործ բռնել։

Խղճի խայթ

 

Հայ երիտասարդությանն իր վեպերով ոգեշնչող Րաֆֆին ապրում էր նյութական ծանր պայմաններում: Նրա ուսերին էր ծանրացած նաև Պարսկաստանում գտնվող հարազատների նյութական հոգսը: «Պարտքերի մեջ խեղդվել եմ, աշխարհս կատարյալ դժոխք է, դժոխք: Սակայն ես իմ գրչից չեմ բաժանվի...»,- ասում էր նա:

Օրերից մի օր ընտանիքի անդամների քաղցը հագեցնելու համար Րաֆֆին հարևան հացավաճառից ամաչելով հաց է պարտքով խնդրում: Հացավաճառը, որ կարդացել էր Րաֆֆու գործերը, բայց անձամբ չէր ճանաչում նրան, մերժում է և հանդիմանում: Այդ դեպքից կարճ ժամանակ անց Րաֆֆին մահանում է: Նրա մահը տակնուվրա է անում ամբողջ Թիֆլիսը: Այդպիսի մարդաշատ թաղում Թիֆլիսը դեռ չէր տեսել: Րաֆֆու թաղումից հետո է, որ օտարներն ասում էին. «Հայերը չգիտեն լավ պահել իրենց գործիչներին, գիտեն միայն լավ թաղել...»:

Հացավաճառը հասկանում է, որ մերժել է իր սիրելի վիպասանին, որի գործերը կարդում էր մեծ հափշտակությամբ, և սկսում է տանջվել խղճի խայթից: Մի օր էլ գնում է Րաֆֆու կնոջ մոտ և ասում․

-Տիկին Աննա, Ձեր ամուսնուն պարտք եմ 20 ռուբլի: Նրան խոստացել եմ գումարի դիմաց մի ամբողջ տարի հաց ուղարկել Ձեր տուն...

Րաֆֆու հնագիտական հավաքածուի ճակատագիրը

 

Իր ճանապարհորդությունների ընթացքում Րաֆֆին հավաքել էր երեք հազարի հասնող հին դրամներ, հազվագյուտ իրեր:

Վիպասանի մահից հետո նրա այրին՝ Աննան, ֆինանսական դժվարությունների պատճառով որոշում է վաճառել այն: Նա մեկնում է Պետերբուրգ՝ հավաքածուն այնտեղ վաճառելու նպատակով, ապա խորհուրդ են տալիս ուղևորվել Լոնդոն՝ ավելի թանկ վաճառելու համար։ Սակայն Լոնդոնում գրպանահատները գողանում են ողջ հավաքածուն: Խեղճ կինը դիմում է ոստիկանություն, բայց ապարդյուն․․․

Ասույթներ
Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ: Վատը՝ կործանել հիմնովին… Գրականությունը պիտի մաքուր լինի, անընդհատ հսկողության տակ…
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն:
Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը:
Ներկայումս ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից:
Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայն ստանում է օտարների ծառայության մեջ:
Քրքրիր մի ազգի հնությունները, և մի գիշերվա մեջ կզարթնի նրա հոգին։
Եթե մի ժողովուրդ մնացել է անշարժ, դրա գլխավոր պատճառն այն է, որ կինը չէ մասնակցում հասարակական գործերի մեջ։
Որքան տղամարդը թուրքերի ազդեցության տակ խարդախված է, փչացած է, որքան նա կորցրել է հայկական իր ինքնուրույնությունը, այնքան կինը պահպանվել է մաքուր․․․իր բարքուվարքի անաղարտության մեջ։

Կինն է այն առանցքը, որի շուրջ 

Պետրոս Դուրյան

 

Դուրյանը մեծանում էր  աղքատության մեջ: Սկյուտարի ճեմարանում, որտեղ սովորում էր նա, ունևորների զավակները ուսման համար վճարում էին, չունևորները՝ ոչ։ 

Այսպիսի մի կարգ կար, որ ճաշարանում չունևորները սպասարկում էին վճարունակ աշակերտներին, որ հետո իրենք էլ օգտվեին այդ սեղանից։

Դուրյանը երբեք ճաշարան չէր գնում։ Հպարտ պատանին փակվում էր դասասենյակում ու գիրք էր կարդում:

Անզգույշ կատակ

Դերասանուհի Ազնիվ Հրաչյան պատմում է, որ 1870 թ․ ամառային մի օր դերասանուհիներով նստած են լինում, երբ ներս է մտնում երկարահասակ, մաշված շորերով ու գունատ Դուրյանը՝ թևի տակ իր «Թատրոն կամ թշվառներ» ստեղծագործությունը։ Դերասանուհիները կատակով իրենցից մեկին՝ Թերեզային, ասում են՝ քուկինդ (քոնը) եկավ՝ ակնարկելով, թե Դուրյանն անտարբեր չէ նրա նկատմամբ։ Թերեզան էլ ասում է, որ իրեն պետք չէ, գունատ է, շուտով կմեռնի։

Աղջիկները չեն էլ կասկածում, թե Դուրյանը լսել է իրենց, բայց նրա մահից հետո, երբ տպագրվում է «Լճակը», Ազնիվ Հրաչյան, կարդալով «Մին՝ դողդոջ է գույն չունի, մյուսն էլ ըսավ՝ կմեռնի․․» տողերը, հիշում է Թերեզայի խոսքերը։

Որքան զգույշ պետք է լինել մարդկանց մասին խոսելիս, կարելի է միայն պատկերացնել, թե աղջկական կատակը որքան է ցավեցրել հիվանդ ու զգայուն բանաստեղծին․․․

Քննարկում

Քո ներկայությամբ երբևէ անզգուշությամբ ցավեցրե՞լ են մարդկանց, ինչպե՞ս ես դու արձագանքել։

Ծեծ թատրոնի պատճառով

Դուրյանի հայրը տանել չէր կարողանում թատրոնը։ Դուրյանն առաջին անգամ թատրոնին առնչվել է դպրոցական տարիներին, երբ աշակերտներով ֆրանսերենից պիես են թարգմանում և բեմադրում։ Երբ հայրն իմանում է, որ որդին թատրոնում պիտի խաղա, քարը ձեռքին շտապում է թատրոն։ Բարեբախտաբար մյուս որդին ավելի շուտ է հասնում, Պետրոսին քաշում է ետնաբեմ ու զգուշացնում այդ մասին։

Տանը որդիները ծեծ են ուտում թատրոնի համար։ 

Երբ մի քանի տարի հետո Պետրոսը՝ որպես դերասան, թատրոն է մտնում, այդ դեպքի հիշողությունը դեռ թարմ էր, բայց աշխատավարձի առկայությունը փոքր-ինչ հանգստացնում է հորը։

 

 

Բախտակից ընկերներ

Պ. Դուրյանի մտերիմ ընկերն էր Վարդան Լութֆյանը, որը նույնպես բանաստեղծ էր և նույնպես հիվանդ էր թոքախտով։ Նրա մահվան սնարի մոտ Պետրոսը խնամում էր նրան ու գրականագետ Արշակ Չոպանյանի վկայությամբ՝ ուտում նույն ամանից՝ նրա հետ մեռնելու համար։

1871թ․ Վարդանը մահացավ։ Սա ծանր կորուստ էր Պետրոսի համար, որին ընդամենը մեկ տարվա կյանք էր մնացել։

Ո՞վ էր նա․․․

Գրականագետները գլուխ են կոտրում հասկանալու համար՝ Դուրյանի սիրային բանաստեղծությունները երևայակա՞ն ծնունդ են, թե՞ իրական հարաբերությունների արձագանքներ։

Ասում են, որ Պիստոս-Արաքսյա անունով դերասանուհին փոխադարձաբար սիրել է Դուրյանին ու «Զնե պաշտեմ» բանաստեղծությունը նրան է նվիրված։

Բանաստեղծը գրել է միայն անվան առաջին տառը՝ Պ։

Ես կը պաշտեմ զ՚իմ Պ…

Ինձ կը բավե իր սրտին

Մեկ ճառագայթը միայն,

Եվ մեկ վարդն իր ժպիտին:

Ասույթներ
Աշխարհի մեջ միայն երգեր շատ սիրեցի, կ՚ուզեմ, որ վերջին շունչս ալ երգ մ՚ըլլա։
Ա՜հ, գեղեցիկ կյանք մ՚ալ կա – սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք...
Այժմ հայը Քրիստոսը կթողու ու սնապաշտության մը կհետևի, ա՞յս է միթե քրիստոնեությունը։
Իմ հոգին հառած է դալկահար և անհուն աշխարհի մը, զոր երկինք կը կոչին:
Թոշնեցավ ամեն մարդկային տենչ սրտիս մեջ… ամեն հույսերս մոխիր դարձան:
Ահա երիտասարդ մը, որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:
Թատրոնը հայելի մ’է, որուն մեջ մարդս կրնա իր ճշմարիտ պատկերը տեսնել և որով իր վրա նշմարած անհաճո տեսքերը անհետացնել և մաքրել, իսկ դերասաններն ալ մեկ մեկ դաստիարակներ են, որ ամեն աստիճանի մարդոց ճշմարիտ պատկերը կամ բարության և լավության հետևանքները ներկայացնելով, մարդուս բարոյական զարգացմանը պատճառ կըլլան:
Ես որ աշխարհի մեջ երգերը շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա… Մարդուն նշանաբանը երգն է: էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ’է… Ա¯հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ..
Ես երկնքի հիվանդությունն ունիմ:

Իմ տխրությունս կը սիրեք, զի բանաստեղծական է: