Շատ խորհեցի, գցեցի-բռնեցի ու որոշեցի այս տարվանից սկսած շնորհել «կեցցե» մրցանակ բոլոր նրանց, ովքեր.
- առանց աշխատանք ունենալու դեռ գոյատևում են,
- բթամատը սեղմած ճակատին ու ականջները սրած սպասում են աշխատատեղերի բացմանը,
- աշխատում, բայց աշխատավարձ չեն ստանում,
- ուզում են սովորել, բայց ուսման ամեն տարի բարձրացող վարձը նրանց երազանքի հերն անիծում է,
- ուսանողին, ով առանց դասախոսին քծնելու է գնահատական ստանում, ով քննությանը հարցերին չի պատասխանում` ասելով թե, դե գիտեք, որ ես գիտեմ…
- հլու-հնազանդ սպասում են, թե էլ ինչ են բերելու իրենց գլխին, զրկվեցին անգամ մի բաժակ սուրճից, քանզի սուրճն էլ սկսեց իրեն թանկացնել,
- երիտասարդին, ով ավարտելուց հետո մինչև ծերանալը աշխատանք է փնտրում. կամ չկա, կամ էլ` փորձով պետք է ծնվեր,
- կեցցեն այն հեռուստաընկերությունները, որ դերասանների մասին մտածելով մեկը մյուսի հետևից սերիալներ են նկարահանում,
-կեցցեն նրանք, ովքեր ծառա լինելով` իրենց ղեկավարի դերում են պատկերացնում ու այդ առթիվ հավերժանում են իրենց տնօրենի <<գահին>>(նկատի ունեմ`նկարվելը)
- կեցցե այն դերասանը, որ մեկ օր «բաշարեց» եկավ որևէ հեռուստահաղորդման հյուր, դժգոհեց, որ իրեն չեն հրավիրում նկարահանվելու սերիալում և հաջորդ օրը պահանջը կատարվեց,
- կեցցեն այն վաճառողները, որ միանգամից մարդու առևտրից գուշակում են, թե ինչ են եփելու. կաղամբ գնեցիր` ուրեմն բորշ է, բրինձ` ուրեմն փլավ կամ «սուպիկ»: Չլինի թե սխալվես ու կաղամբը սալաթի համար գնես, բրինձն էլ` դոլմայի, կամ «տուն է, պետք կգա որոշմամբ»,
- այն վարորդներին, որ ուզում են արագ կանգառ հասնել և ուղևոր վերցնել, ոչինչ, որ զոհեր կլինեն,
- նրանց, ովքեր դեռ շնչում են,
- նրանց, ովքեր դեռ սովամահ չեն եղել,
- նրանց, ովքեր մի ճար են գտնում երկրից փախչելու համար... թո՛ւ…, լեզուս պապանձվեր,..բայց ավելի լավ է դառը ճշմարտությունը,
- նրանց, ովքեր արագ շնչում են օդը`այն վախով,թե մեկ էլ տեսար`օդն էլ փողով դարձավ,
- նրանց, ովքեր մի քանի տարուց կկառավարեն ավերակների վրա,
- նրանց, ովքեր ամեն ինչից հասկանում են մի քիչ, մի քիչ, բայց չեն հասկանում ոչ քեզ, ոչ ինձ....ոչի~նչ, ոչի~նչ..
Կեցցես դու, որ կարդացիր այսքանն ու որոշեցիր մտածել, վեր կենալ, քայլել, խոսել...
Կեցցեք, կեցցեք, կեցցեք...
Հ.Գ. Մրցանակը կարող եք ստանալ ամեն օր` հետևյալ հասցեով.Արդարության փողոց, N ..շենք..Զգուշացնենք, որ դրամական պարգև չկա, մեկը լիներ` մեզ պարգևեր:
Комментариев нет:
Отправить комментарий