12/31/2013

Մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի.Պարույր Հայրիկյան


Հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1968թ.-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան Պարույր Հայրիկյանը  զրուցել է 2014 թվականի հետ կապված իր ծրագրերի, գործած սխալների, ամանորյա սեղանի մասին:
Պարոն Հայրիկյան, ի՞նչ նպատակներ, ծրագրեր  ունեք՝  կապված 2014 թվականի հետ:
-Կարևորագույն նպատակս կմնա նույնը՝ «Բացարձակ ժողովրդավարության» մոդելի ամրագրումը, այն է՝ Հայաստանը դարձնել իսկապես  ժողովրդին պատկանող երկիր  և  դրան զուգահեռ ուղղել թույլ տված բոլոր սխալները, որոնք մինչև այսօր տեղի են ունեցել մեզնից անկախ:
Իսկ հնարավոր կլինի ՞  ուղղել այդ սխալները և որո՞նք են դրանք:
-Կյանքում անհնարին ոչինչ չկա: Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, բայց  այդպես էլ իրեն չդրսևորեց որպես միջազգային իրավունքի կարիքն ունեցող պետություն: Ազգային արժեքային համակարգի հարցում  նույնպես  Հայաստանը թերացավ: Այսինքն, արտաքին քաղաքականության մեջ մեր պարտքը չկատարեցինք մեր նախնիների հանդեպ, ապրեցինք՝ արհամարհելով սերնդի առջև ծառացած հարցերը: Մեր պետությունը, ինչպես ես էի հուշում, ինչ-որ չափով խոսեց Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին. այն է՝ ոչ թե ճանաչում, այլ հետևանքների վերացում: Բայց որևէ քայլ չարեց: Մենք հեռացած ենք  մեր ազգային արմատներից և  մեր  կրթական համակարգում  այդ  առիթով ոչինչ չարվեց: Հայաստանը Սահմանադրություն ընդունեց, կարևորագույն չափորոշիչների մասին խոսեց, բայց, այդպես էլ  չդարձավ կազմակերպված իշխանությունների երկիր, Հայաստանը չպատկանեց քաղաքացուն, հիմա էլ նախապատվությունը տվեցինք 3 դիկտատորների համագործակցությանը, որը  պատմական մեծ խայտառակություն է:
Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ  կամ ամենատխուր Նոր տարին:
-Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել,  չեմ կարող ասել:
Ի՞նչ  ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:
-Մեր հայրերն ու մայրերը ժամանակին կարևորել են Սուրբ ծնունդը, իսկ այսօր՝   բոլշևիզմից հեռանալուց  25 տարի հետո, Նոր տարին Հայաստանում դեռևս  ավելի մեծ տոն է համարվում, քան Սուրբ ծնունդը կամ Հարության տոնը: էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ազգային Հայկի ու Բելի կռիվը՝ մեր սկզբնավորման տոնը, ընդհանրապես չի նշվում:
Վերջին տարիներին հայկական ավանդույթի համաձայն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ես պահք եմ պահում: Այդպես է նախատեսված: Եվ իմ պոլսեցի նախնիները ունեին  Նոր տարվա պահքին վերաբերող ուտեստներ. թոփիկ, անուշ ապուր..Ի դեպ, դա ինձ փրկում է  ամանորյա հարկադիր  ուտելիքներից:
Իսկ Դուք՝  ինքներդ,  որևէ  ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:
-Չէ, կոնկրետ Ամանորին ոչինչ չեմ անում, եթե ի վիճակի եմ լինում՝ գնումներ եմ կատարում և այլն: Այդպես ստացվել է, պարզապես երեխաներս ինձ հերթ չեն տալիս:
Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-Կուզեի, որ հայ մարդիկ՝ այդ թվում և ես, կարողանայինք Աստծով ապրել, լինեինք ճշմարտության կողմնակից, չապրեինք նյութականով: Կատարեինք աստվածային պատվիրանները, որոնց դեպքում զզվանքով կվերաբերեինք «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքին ու կհասկանայինք, որ մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/1/148018-manr-ou-mec-xndirneri-patjarov-hayreniqe-lqel-ci-kareliparouyr-hayrikyan.html

12/30/2013

Բավականին հաջող տիրապետում եմ նաև խոհարարական արվեստին.Գալուստ Սահակյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չնայած շտապում էր, քանի որ երկար ճանապարհ էր գնում,  մեծ սիրով համաձայնեց  պատասխանել Ամանորի հետ կապված հարցերին՝ խոսելով իր նպատակների, ամանորյա սեղանի և այլ հարցերի շուրջ՝ չմոռանալով իր մաղթանքը հղել հայ ժողովրդին:
Պարոն Սահակյան, ի՞նչ նպատակներ ունեք՝  կապված 2014 թվականի հետ:
-Անկախության տարիներից սկսած նպատակներ ունեմ, հենց այսօր պետք է պատասխանե՞մ: Նպատակս այն է, ինչին փորձում եմ հասնել իմ գործունեությամբ.ազգ, պետություն, հզորացում.ամեն տարի` կաթիլ-կաթիլ...
Իսկ ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու:
-Բարդ հարց  եք տալիս: Օրենսդրական նախաձեռնությունները ցանկությունով չեն: Դրանց հիմքում լուրջ քննարկումներն են: Այն հայեցակարգերը, որոնք կմշակվեն մեզանում,  դրանց  կհետևեն  օրենսդրական  նախաձեռնություններն  ու  առաջարկությունները: Թե չէ օրենքների լավ վերնագրեր շատ մարդիկ կարող են ասել:
Իսկ ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ  կամ ամենատխուր Նոր տարին:
-Չեմ ունեցել նման Նոր տարի: Ինձ մոտ նման կշիռներ չկան, որ գնահատեմ ամենաուրախը, ամենատխուրը:  Ավելի շատ հավասրակշռված են մոտեցումները՝ ցանկացած հարցում:
Ի՞նչ  ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:  
-Ամենակարևորը սեղանի կողքի մարդիկ են: Կարևորում եմ նաև սեղանի տեսքը՝ ձևավորումը: Սեղանի կարևորությունը պետք է գնահատվի ոչ թե ինչ-ինչ ուտեստներով, այլև մատուցման ձևով:
Իսկ Դուք՝  ինքներդ,  որևէ  ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:
-Այսինքն, ի՞նչ պատրաստեմ:
Դե, ասենք ՝ աղցան:
-Նման խնդիր չի առաջացել, բայց, եթե առաջանա՝  բավականին  հաջող տիրապետում եմ նաև խոհարարական արվեստին:
Պարոն Սահակյան, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-ժողովուրդը պետք է կարողանա միշտ ուժ գտնել և ուժեղ լինել: Սա է կարևորը մեր ազգի համար:
                                                                                      Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/1/147958-bavakanin-hajox-tirapetoum-em-nae-xohararakan-arvestingaloust-sahakyan.html

12/16/2013

Այլմոլորակայինի դիահերձման մասին տեսագրություն է հրապարակվել

Համացանցում հրապարակվել է տեսանյութ` արված 1969 թվականին, որտեղ խորհրդային զինվորականները  այլմոլորակայինի  են դիահերձում: Տեսանյութում պարզ երևում է, թե  ինչպես են ուսումնասիրում  չբացահայտված թռչող օբյեկտը, որն, իբր թե, ընկել է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում.գրում է riasv.ru-ն:

">  


12/14/2013

Կոշիկի «զոհերը»

Դեկտեմբերի 14-ին լրանում է 5-ամյակը, երբ լրագրողական նյութերում ներմուծվեց նոր` սպորտային-քաղաքական բառ` կոշիկի նետում:
Այս ամենի հիմնադրին կարելի է համարել եգիպտական հեռուստաալիքի իրանցի լրագրող Ալ-Զեյդին, ով  2008 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում Ջորջ Բուշի և Իրաքի վարչապետ Նուրի Մալիկի մամլո ասուլիսի ժամանակ նրա ուղղությամբ նետեց իր կոշիկը: Տեսանյութը  YouTube-ում բազում դիտումներ արձանագրեց, իսկ կոշիկը հավերժացավ «Կոշիկ`Բուշի համար» անունով:
Նշենք, որ նետելով կոշիկը Բուշի ուղղությամբ` նա ասել է.«Սա Իրաքի ժողովրդի նվերն է: Սա հրաժեշտի համբույր է, շո'ւն»: 29-ամյա հեռուստալրագրողի անհավանական այս քայլը բազմաթիվ արաբական երկրներում նրան ազգային հերոս կոչելու հիմք հանդիսացավ: Շատերն անգամ հայտնեցին, որ պատրաստ են գնել այդ կոշիկը: Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահի ուղղությամբ նետվել է 43 համարի կոշիկ:
Իսկ, ահա, կոշիկի հաջոդ զոհը Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն է, որի` Քեմբրիջի համալսարանում ելույթի  ժամանակ նրանից մեկ մետր հեռավորության վրա հայտնվեց երիտասարդներից մեկի կողմից նետված կոշիկը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կոշիկի «հարվածի» արժանացավ Ուկրաինայում: Վրաստանի նախագահը` իր հայրենիքում: Թուրքիայի վարչապետ Էրդողանը Իսպանիա այցի ժամանակ երբ նստել է մեքենա` օդանավակայան մեկնելու համար, ինչ-որ մեկը նրա ուղղությամբ կոշիկ է նետել` բղավելով. «Կեցցե Քուրդիստանը»:
Կոշիկի զոհ են դաձել նաև Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդը և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Արաբական աշխարհում սա մահացու վիրավորանք է համարվում:
Սակայն, այս ամենի գլխավոր հերոսը եղել և մնում է Ալ-Զեյդին, ով ոչ միայն կոշիկ նետեց, այլև դարձավ դրա զոհը: Մամլո ասուլիսի ժամանակ մեկ այլ լրագրող կոշիկ է նետում նրա ուղղությամբ: 

12/07/2013

Ինտերնետը` մարդկային գիտելիքների հանրագիտարան


Ապրիլի 4-ին սուրբ Իսիդորա Սեվիլիի՝ պատմության մեջ առաջին «Etymologiae» հանրագիտարանի ստեղծողի  մահվան օրը, նշվում է  ինտերնետի համաշխարհային օրը: Օրվա հետ կապ ունի նաև 4.04 թիվը, որը  շատ նման է HTTP 404-ին, որը համացանցում ի հայտ է գալիս սխալի դեպքում:

Յոհան Պավել երկրորդն ասել է. «Ինտերնետը դա մարդկային գիտելիքների հանրագիտարանն է»:
Ինտերնետի պատմությունը, կարելի է ասել, սկսվել է համակարգիչների զարգացման հետ (1950-60թթ.): Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ցանկանում էր ունենալ ցանց, որը կանգուն կմնար անգամ միջուկային պատերազմի ժամանակ, քանի որ օգտագործվող հեռախոսային ցանցերը կայունություն չէին ապահովում: Խնդրի լուծման նպատակով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դիմում է RAND կորպորացիային: Աշխատողներից մեկը՝ Պոլ Բարանը, մշակում է ցանցի տարածման ծրագիրը:

Քանի որ անալոգային ազդանշանները առանց աղավաղումների տեղ չէին հասնում, նա առաջարկում է փաթեթների փոխանակումը:

Պենտագոնին դուր է գալիս նրա գաղափարը և դիմում է հեռախոսային AT&T ընկերությանը: AT&T-ը մերժում է Բարանի գաղափարը՝ նշելով, որ պահանջվող ցանցը հնարավոր չէ կառուցել:

1957 թվականի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը բաց է թողնում առաջին արհեստական արբանյակը՝ դրանով իսկ Տիեզերքում առավելություն ստանում: ԱՄՆ-ում որոշում են, որ Պենտագոնի՝ հետազոտության համար նախատեսված  գումարն աննպատակ ծախսվում է: Ուստի որոշվում է ստեղծել միասնական գիտական կազմակերպություն՝ ARPA, որը բուհերից և կազմակերպություններից կվերցներ խոստումնալից ծրագրերն ու պայմանագիր կկնքեր հեղինակների հետ:

Որոշ ժամանակ անց ARPA-ի տնօրեն Լարրի Ռոբերթսի ուշադրությունը գրավում են համակարգչային ցանցերը: Հետաքրքրվելով փորձագետ Ուեսլի Կլարկի մտահղացումով՝ կապված փաթեթների հետ, նա զեկույցով հանդես է գալիս 1967 թվականի ACM SIGOPS գիտաժողովի ժամանակ:

Նույն այդ գիտաժողովին ներկայացվում է Անգլիայի ֆիզիկայի լաբորատորիայում իրականացվող ծրագիր, որը կարելի է կիրառել գործնականում: ARPA-ի տնօրենը հեռանում է՝ նմանատիպ ծրագիր մշակելու և իրականացնելու մտադրությամբ:

1969 թվականին ստեղծվում է փորձնական ցանց՝ կապված 4 հանգույցներով.
.Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես (UCLA)
. Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա (UCSB)
.Սթենֆորդի հետազոտական համալսարան (SRI)
.Յուտայի համալսարան:

1970թ.-ի դեկտեմբերին Ստիվ Կրոկերի կողմից ղեկավարվող ցանցի աշխատանքային խումբը (Network Working Group) ավարտում է  համակարգչից համակարգիչ հաղորդակցության հաղորդակարգը: Վերջինս 1971 և 1972թթ.-ի ընթացքում ընդունվեց ARPANET-ին միացված կայքերի կողմից: Այն ցանցի օգտագործողներին թույլ է տալիս մշակել կիրառական ծառայություններ:

1972թ.-ին Ռեյ Թոմլիսոնը գործի է դնում  առաջին կարևոր ծառայությունը` էլեկտրոնային փոստը: 

Այսպիսով, ինտերնետը մուտք  է գործում  յուրաքանչյուր երկիր, բնակարան և այսօր, առանց նրա, կարելի է ասել, անհնար է: Այն ապահովում է բազմաբնույթ տեղեկատվություն, կապ, նրա միջոցով կարող ես գրքեր կարդալ, նամակներ գրել, զրուցել հարազատներիդ ու ընկերներիդ հետ, գոնե հեռվից (չէ՞ որ հեռվից ամեն ինչ «քաղցր» է), կարող ես նաև սեփական դիտողություններն ու դատողությունները ներկայացնել, որոնք վայրկյանների ընթացքում կհայտնվեն որոշ վայ-լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Որոշ երկրներում, օրինակ ՌԴ-ում, Չինաստանում, Իրանում առկա է գրաքննություն: «Ռուստելեկոմը», ղեկավարվելով ՌԴ օրենքով, կազմում է կայքերի «սև ցուցակ», արգելափակում և արգելափակված կայքը անհասանելի է դարձնում, չնայած, ինչպես նշում է Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, ՌԴ-ում արգելափակված կայքը անհասանելի է դառնում ոչ միայն ռուսների, այլ նաև մի շարք երկրների համար: Սա այն դեպքում, եթե կայքը ՌԴ-ում է:

Գրիգորի Սաղյանի հավաստմամաբ ինտերնետում բոլորս վճարում ենք ԱՄՆ-ին, երկրորդ տեղում Ճապոնիան է, որն ունի 7 միլիոն սերվեր: Իսկ, ահա, Չինաստանը ստեղծել է չինական ինտերնետ և ապահովում է շփում, տեղեկատվության փոխանակում, միայն թե իրար մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ինտերնետային նվաճման տարեթիվը համարվում է  2011 թվականը՝ կապված ինտերնետ օգտվողների քանակի հետ:
«Հիմա հավասարակշիռ իրավիճակ է: Հեռահաղորդակցության ոլորտում գոյություն ունի մրցակցություն: Տեսնում ենք ռեալ աշխատող տնտեսագիտություն»,-նշում է Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ փոխնախագահը:

Անդրադառնալով ինտերնետի համար վճարվող գումարին, նշենք, որ պարզվում է՝ այն ՀՀ-ում ավելի էժան է քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Օրինակ ԱՄՆ-ում 50 դոլար է, Եվրոպայում՝ 100, իսկ, ահա ՀՀ-ում պետք է կազմի միջին աշխատավարձի 2-7 տոկոսը: Եվ, քանի որ ՀՀ-ում միջին աշխատավարձ ասելը հեշտ չէ, հեշտ չէ պարզելը նաև թե ինչքան է դրա 7 տոկոսը:

11/25/2013

Սենսացիա. Քարահունջի առեղծվածը


Աստղագիտության զարգացման համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում դեռևս նախապատմական ժամանակաշրջանում հողից և քարից կառուցված աստղադիտարանները: Սիսիանի տարածքում գտնվող «Զորաց քար»կառույցը իր արտաքին տեսքով նման է Անգլիայի քարե մեգալիտային կառույցին, որին անվանում են «Սթոնհենջ»:
«Զորաց քար»-ում գիշերահավասարի և արևադարձի օրերին կատարված նախնական դիտումներն ու չափումները խոսում են այն մասին, որ այդ կառույցը ծառայել է աստղագիտական նպատակների համար:«Զորաց քարերի» պեղումների, վերջինի Քարահունջ անվանման հետաքրքիր պատմության, Պարիս Հերունու կողմից աստղաֆիզիկոսի աշխատանքները առանց համաձայնության որպես իր աշխատանք ներկայացնելու և այլ հարցերի շուրջ զրուցել ենք աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի հետ:
Տիկին Պարսամյան,  թերևս խոսենք կատարված բաղձալի  երազանքի՝ պեղումների  մասին: Ինչպե՞ս սկսվեց:
-Նախ, նշեմ, որ  իմ հետազոտությունների բնագավառն է՝ Կոմետար, պլանետար միգամածությունների ֆիզիկա, բռնկվող աստղեր, T-Ցուլի տիպի աստղեր, ֆուորներ, սակայն, ինչպես գիտեք, ամբողջ կյանքում երազել եմ մեկ անգամ պեղումների գնալ: Գիտեի մեր հարևան երկրների հնագույն պատմությունը  և օրերից մեկ օր՝ 1966 թվականին,  քանի որ ամառ էր և շատ էի դիտումներ կատարում, դիմեցի ընկերոջս՝ հայտնի պատմաբան Խոնդկարյանին, թե կարո՞ղ ես ինձ մի տեղ ուղարկել պեղելու: Ասաց՝ գնա Մեծամոր:
Եվ պեղումները սկսվեցին Մեծամորից: Մի հեքիաթային բան էր, նմանը չեմ տեսել: Մինչ ես պեղումներ էի կատարում, գետնի տակից դուրս էին եկել մեհյանի 7 գլուխները: Որ ես տեսա՝ ոնց որ հեքիաթ լիներ:  Հետագայում չկարողացանք պահպանել և միայն հիմքն է մնացել: Այսինքն, ժամանակն իր դերը կատարեց. Պահպանելը դժվար էր:
Մի տղա կար, անունը՝ Վարդան, երևի 10-րդ դասարանցի կլիներ, ասացին, թե տար Էլմային  «Փոքր բլրի» աստղերի նշանները ցույց տուր, որոնք հայտնաբերվել էին մեկ տարի առաջ:
«Փոքր բլուրը» 100 մետր հեռու էր հիմնական բլուրից: Մեծամորում տեսա աստիճաններ, որոնք միջօրեականի հարթության մեջ էին: Բազում նշաններ կային: Երբ որ ես տեսա աստիճանները և աստղի նշան, հասկացա,  որ ծանոթ վիճակ է: Վարդանին ուղարկեցի կողմնացույց բերելու:  Աստիճաններն ուղղված էին դեպի հարավ, անկյունի կիսորդը հյուսիս-հարավ ուղղությունն էր, ձախ կողմից աստղերի նշաններն էին, որոնք ես հետագայում  հաշվեցի և ցույց տվեցի, որ այդտեղ մոտ մ.թ.ա 2500-2600 տարի  առաջ  հավանաբար կատարվել են  առաջին դիտումները: Աստղագիտական մեթոդները կիրառելով ցույց տվեցի, թե որ աստղը կարող էր երևալ այդտեղից: Հորիզոնից մի աստղ էր ծագել, որին աստվածացրել էին, և բնականաբար տարվա ինչ-որ պահի հետ կարող էր կապված լինել.սկիզբ, վերջ..:  Այդտեղից 4 պայծառ աստղ էր դուրս գալիս և մեկը հենց Սիրիուսն էր, որը կիսագնդի ամենապայծառ աստղն է: Ամենայն հավանականությամբ նրանք տարվա առաջին օրերին դիտել են Սիրիուսը: 
Եթե չլինեի աստղագետ, չէի տեսնի, չէի զգա, թե աստիճաններն ինչու էին այսպես կառուցել:  Որ կանգնում ես այդ դիտողական հարթակի վրա՝ տեսնում ես հարավային ամբողջ երկրնակամարը, որտեղ ամենամեծ քանակությամբ աստղերն են ծնվում և մայր մտնում:  
Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք «Զորաց քարեր»-ում:
-1984թ. երբ գնացի «Զորաց քարեր», ցուցանակի վրա  գրված էր «Ղոշուն դաշ»: Տղաները  սկսեցին  կոտրել ցուցանակը, քանի որ թուրքերեն բառ էր: Իսկ այն թարգմանաբար նշանակում է «քարե զորք»: Երբ տեսա մեգալիտային կառույցը, միանգամից ասացի.
-Ախր սա «հենջ» է:
Նման մեգալիտային կառույցներ հայտնաբերվել էին Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլ վայրերում: Որոշ մասը կապ է ունեցել աստղագիտության հետ:
Եվ, 1984թ.նոյեմբերի 25-ին  «Զորաց քարեր»-ի  վերաբերյալ հոդված գրեցի՝ «Անգեղակոթի առեղծվածը»  վերնագրով (քիչ հեռու գտնվող գյուղի անունով, քանի որ թուրքերեն անվանումով չգրեցի): Ավելի ուշ իմացա, որ հուշարձանի՝ աստղագիտության հետ հնարավոր կապի մասին գրել է հնագետ Խնկիկյանը: Հետո ինձ զանգահարեց «Կոմունիստ» թերթի խմբագիրը և հայտնեց նոր անվանումը՝  «Զորաց քարեր»: Չգիտեմ՝  իր, թե մեկ ուրիշի կողմից ընտրված:
Ասում են, թե քարերի վրա արված անցքերը եղել են քարեըը տեղաշարժելու, անասուններին  տեղափոխելու  արդյունքում, որոշներն էլ պնդում են, թե սա զուտ աստղագիտական առումով է: Ի վերջո, «Զորաց  քարեր»-ը կապ ունի՞ աստղագիտության հետ, թե ՝ ոչ:
-Հնարավոր է: Դեռ պարզագույն դիտումներ են արվել՝ Արեգակի, Լուսնի հետ կապված և ավելին դեռևս հայտնի չէ:  Հայաստանն  այնպիսի հնագույն պատմություն ունի, որ  «մտածել»  պետք չէ:  Որոշ քարերի վրա, այո՛, կան կլոր անցքեր: Սա կարող է պատահականություն համարվել, ես չեմ պնդում: Ինչի համար են քարերի անցքերը. Դա կարելի է միայն ենթադրել:
Հնարավոր է, որ դիտել են Արեգակը՝ արևածագին և մայրամուտին կամ այլ երկնային մարմիններ:
Հնագույն աստղագիտության ուսումնասիրողներից  Հոկինսը իր՝ «Սթոնհենջի առեղծվածը»  գրքում  անդրադառնալով «Զորաց քարեր»-ին՝ նշել է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում լուսնային և արեգակնային օրացույցներ են եղել և այդ մասին կարող են խոսել արևելյան մասում գտնվող քարերի վրա արված անցքերը»:
Ենթադրվում է, որ Զանգեզուրի քարե օղակաձև կառույցները՝ մ.թ.ա 2-րդ հազարամյակ,  նույնպես կարող էին օգտագործվել Արեգակի և Լուսնի աստղագիտական դիտումների համար: 
Այնուհետև «Զորաց քարեր»-ն անվանեցիք Քարահունջ, ինչու՞:
-«Աշխարհում շատ կան «հենջ»-եր, այդպիսի մեգալիտիկ կառուցվածքներ, բայց մեր շրջակայքում չկա: Այդ իմաստով յուրահատուկ է Հայաստանը: 100-ներով եղած «հենջ»-երը աստղագիտության հետ կապ չունեն, 1 կամ 3-ը կարող են օգտագործված լինել դիտումների համար:  3-րդ, 2-րդ , 1-ին հազարակմյակներում քարերի նման կույտերն աշխարհում հայտնի են եղել: Դրա համար «Զորաց քարի» հուշարձանի տարեթիվը որոշելը մինչև այսօր, բացի հնագիտական մեթոդից , այլ մեթոդ չկա որոշելու համար: Այն տարեթիվը, որ տվել է Հերունին, չի կարող գործել: Նրանք օգտագործել են իմ մեթոդը, որն արել եմ Մեծամորի հնագուն հարթակների ժամանակաշրջանը որոշելու համար: Եթե վերցնում են անցքերը, թե ինչ լուսատու կարող էր երևալ, մոռանում են այն, որ այդ  շրջանում երկրաշարժերը շատ են:
Մի փոքր աստիճան ուղղությունը փոխելով կարող են հազարամյակներ փոխվել: Եթե այդ մեթոդը գործեր՝ ինքս կանեի: Քարերից ոմանք ընկել են և մի փոքր շարժում՝ ամեն ինչ կփոխվի: Սա 4000 տարվա հուշարձան կարող է լինել՝ համաձայն հնագիտական տվյալների:
Ինչ վերաբերում է անվանը, ապա այն հետաքրքիր պատմություն ունի: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էի փեսայիս հետ, ով Քարահունջ գյուղից էր: Սեղանին դրված էր նաև Քարահունջի օղի: Եվ ես պատմում էի  «Զորաց քարերի» մասին. այն, թե  ոնց եմ տեսնում, ինչ եմ տեսնում: «Սթոնհենջ», «Սթոնհենջ»..մեկ էլ երկուսս էլ՝  «սթոն»՝ Քարահունջ: Այժմյան բառարաններում  «հենջ»-ը թարգմանվեց կախված: Քարահունջ՝ հունջ-փունջ:
 Իսկ Քարահունջը «Զորաց քարեր»-ից 40 կմ հեռավորության վրա է գտնվում:
Տիկին Պարսամյան, խոսեցիք Հերունու կողմից  «Զորաց քարեր»-ին տարեթիվ տալու մասին, որն է՝ 7000: Բայց, որքան էլ չեք ցանկանում խոսել, կխնդրեի պատմեիք, թե ինչպես Ձեր աշխատանքները՝ կապված «Զորաց քարեր»-ի հետ, հայտնվեցին  Պարիս Հերունու ձեռքում: Որքանով ես տեղյակ եմ` նրան այս ամենի մասին ինքներդ եք պատմել:
-«Զորաց  քարերի»-ի  մասին  ես պատմեցի Բյուրականի աստղադիտարանում: Սակայն ամեն ինչ կիսատ թողեցի, քանի որ Մեքսիկա էի  մեկնելու: Չնայած, հստակ որոշել էի՝ գալ և շարունակել ուսումնասիրությունը: Մինչ այդ՝ 1987թ, 4-5  հոգու , այդ թվում և Հերունունտարա,  ցույց տվեցի, ուրախացան, թե այս ինչ հետաքրքիր է: Ասացի, որ գնում եմ  Մեքսիկա, կազմակերպեք, վերևից նկարեք, բայց մտքովս չէր անցնի, որ ամբողջը աշխատանքս տալով ինչի կարող էի հանգել:
Մեքսիկայից գալիս եմ, միացնում եմ հեռուստացույցը,  տեսնեմ՝  վարողը հաղորդումը սկսում է հետևյալ կերպ. Սենսացիա.., սենսացիա…
Ասում եմ՝ այս ի՞նչ սենսացիա է  եղել Հայաստանում: Պարիս  Հերունին Քարահունջի մասին է խոսում… Հետո հանդիպեցի իրեն և հարցրեցի՝
- Պարի՛ս, ինչո՞ւ անունս չնշեցիր,- ասաց, թե ժամանակ չտվեցին:
Երևի մտածել է, թե չեմ վերադառնալու…
Մինչդեռ ամերիկացի աստղագետ Հոկինսը այդ առիթով նամակ է գրել  Վ. Համաբարձումյանին…
-Այո՛,  Հոկինսը նամակ գրեց  Վ. Համբարձումյանին՝ Մեծամորի, Քարահունջի մասին: Նամակում նշում է, որ պետք է ինձ ոգևորեն՝ շարունակել աշխատանքները:
«Համոզված եմ, որ «Սթոնհենջ»-ը  միակը չէ,  և Հայաստանում կարող է նման բան լինել»,-գրված էր նամակում:  Ես սա էլ ցույց տվեցի Պարիսին, թե տե՛ս, ինչ հետաքրքիր  բաներ է ասվում: Հետագայում  անգամ սա, առանց իմ անունը հիշատակելու, զետեղեց իր գրքում:
Չնայած այս ամենին`  դեռեւս Զորաց  քարերում պեղումներ չենիրականացրելմիայն ուսումնասիրել ենՆախատեսվում էոր հայ-լեհականարշավախումբը եկող տարվա ամռանը կսկսի Քարահունջի պեղումները:Ինչպե՞ս եք վերաբերում այդ պեղումներին, Ձեզ առաջարկե՞լ են մասնակցել: Ընդհանրապես հայ աստղագետներ ընդգրկվո՞ւմ են:
-Ոչ…մեզ չեն էլ ասել: Բոլորը միայն գրանտի համար են:
Ցանկություն չունեցա՞ք շարունակել ուսումնասիրությունը:
-Ցանկություն ունեցա, որ տվեցի աշխատանքներս: Երբ վերադարձա՝  տեսա որ ողջ Հայաստանը գոչում է՝  Քարահունջ…
Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/9/144345-sensacia--sensacia-qarahounji-arexcvace.html