5/08/2013

Մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 21 և Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 68-րդ տարեդարձը


Հայաստանում մայիսի 9-ին նշում են ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Պատերազմին մասնակցել են ավելի քան 500 հազար հայեր Հայաստանից, 100 հազար հայեր Սփյուռքից եւ ԽՍՀՄ հանրապետություններից, այդ թվում՝ 10 հազարից ավելի հայուհիներ, որոնցից չորս հազարից ավելին՝ Հայաստանից, մոտ 1600-ը՝ Արցախից, մնացածները՝ Միության երկրներից եւ Սփյուռքից: Օրն այս կրկնակի տոն է հայերիս համար: 21 տարի առաջ՝ 1992թ. մայիսի 9-ին, ավարտվեց հայկական Շուշի քաղաքի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև  տնտեսական անհրաժեշտություն էր, քանի որ ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը “Գրադ” կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն:
1991թ. վերջի և 1992թ. սկզբի ինքնապաշտպանական
հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:
Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992թ. հունվարի 25-26-ին Քարինտակի  ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է հետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո:
Նշենք, որ Շուշին, բերդաքաղաք է Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասիմշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվականին։ Ներկայում Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։

Комментариев нет:

Отправить комментарий