Սովորաբար զգացմունքները, հույզերը,
ապրումները արտահայտելու, հուշերի գրկում հայտնվելու համար շատերին
օգնության է հասնում երաժշտությունը: Սակայն, ոչ թե ներկայիս, այլ՝
70-90-ականների: Ինչո՞ւ: Ահա այս, Առնո Բաբաջանյանի հետ պատահական
հանդիպման, Ռոբերտ Ամիրխանյանի անակնկալ զանգի և այլ հարցերի շուրջ զրուցել
ենք բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանի հետ:
Ինչո՞ւ պարոն Բլբուլյան:
-Որովհետև այն ժամանակ երգեր գրում
էին/ինչպես նաև՝ երգում էին/ միայն նրանք, ովքեր կարողանում էին և ոչ թե
պարզապես ցանկանում կամ մի օր հանկարծ նման որոշում կայացնում, ու դա անում
էին ներքին մղումով, բարձր պատասխանատվութ յամբ, նախևառաջ իրենք
համակվելով այն հույզ ու ապրումներով, որ դնում էին իրենց
ստեղծագործությունների մեջ: Այսինքն՝ այն ժամանակ երգերն իրոք ծնվում էին,
ոչ թե սարքվում հատուկ այս կամ այն երգիչ-երգչուհու «վրայով››
, կամ հաջողություն գտած /դրսում կամ ներսում/ այս կամ այն երգի
նմանությամբ…Եվ վերջապես, որովհետև այն ժամանակ բացառված էր, որ կիսագրագետ
/երբեմն՝ պարզապես անգրագետ/, ոչինչ չասող տեքստերով, ազգային
մտածողությունից կիլոմետրերով հեռու, արաբա-թուրքական կլկլոցներով,
լատինամերիկյան ռիթմերով «փայլող» երգերը մուտք գործեին ռադիո և հեռուստատեսություն ու այնպես ջանադրաբար «ռասկրուտկա» արվեին, անարգել հնչեին հեղինակավոր բեմերից, անգամ պետական, ազգային տոնակատարությունների ժամանակ…
Կար «գեղխորհուրդ››
կոչված հանձնախումբը, լուրջ և գիտակ մարդկանցից կազմված, որը փակում էր
անճաշակության, ապազգայինի ճանապարհը: Որքան էլ ոմանք փորձում են ընդգծել
գեղխորհուրդների բացասական կողմը՝ գաղափարական սահմանափա կումների առումով,
միևնույն է, անառարկելի է, որ դրանց տված օգուտը շատ ավելին էր, քան՝
վնասը: Պատահական չէ, որ հիմա արդեն մերօրյա գեղխորհուրդներ ստեղծելու
կոչեր են հնչում և շատ լուրջ ու գիտակ մարդկանց կողմից…
Ո՞րն է դեպի իմաստալից երգ տանող ճանապարհը:
-Ըստ իս, երգը իմաստալից է, ասելիք,
բովանդակություն ունի ոչ միայն շնորհիվ տեքստի.կա նաև երաժշտական ասելիք,
որոշակի տրամադրություն ու հոգեվիճակ, որ արտահայտվում են հնչյունների
լեզվով և, գուցե, ավելի ներգործուն են: Նույնիսկ՝ առանց գուցեի: Երկար
տարիներ է երգի ասպարեզում եմ ստեղծագործում և ժամանակի ընթացքում եկել եմ
մի հաստատուն համոզման. երգի կայացման գլխավոր նախապայմանը մեղեդին է.
առանց հոգեմոտ, վարակիչ, հուզական երաժշտության ամենակատարյալ
բանաստեղծությունն անգամ գեղեցիկ, ապրող ու ապրեցնող երգ չի դառնա: Եվ
սակայն, շինծու, անհամոզիչ, ոչինչ չասող կամ ծեծված խոսքերի ու
դարձվածքների պատճառով հրաշալի մեղեդին էլ կարող է պարզապես խեղվել,
կորցնել նախնական հմայքը:
Հաճախ լսում եմ որևէ երգ և ակնհայտորեն
զգում, որ հենց այնպես, պատահական բառեր են հարմարեցվել երաժշտությանը.
մեղեդին մի բան է ասում, խոսքերը բոլորովին այլ բան կամ…ոչ մի բան: Դա և՛
երգահանի, և՛ բանաստեղծի /մեծապես նաև երգչի/ պրոֆեսիոնալիզմի պակասի,
անբարեխղճության արդյունքն է: Իսկ իմաստալից, հաջողված երգի ճանապարհն այն
է, երբ խոսքն ու մեղեդին այնպես են միաձուլվում, որ ասես բխում են մեկը
մյուսից, լրացնում իրար, ու դժվար է գուշակել՝ խո՞սքն է առաջինը ծնվել, թե՞
երաժշտությունը: Գաղտնիք չէ, որ մեր օրերում այդ երկու տարբերակով էլ
երգեր են ծնվում, և տարբերակը չէ, որ կանխորոշում է հաջողությունը, երկու
դեպքում էլ կարող են լավ և վատ երգեր ծնվել, նայած որքանով են իրենց
բարձունքի վրա եղել երգահանն ու բանաստեղծը, կարողացե՞լ են արդյոք
համերաշխ, «միասնական ճակատով» գործել…
Շատերը ստեղծագործելիս մեծ ուշադրություն են դարձնում հանգավորմանը: Որքանո՞վ է այն կարևոր, եթե հաշվի առնենք, որ երգի է վերածվելու:
-Ես անկախ երգից էլ բանաստեղծության մեջ
հանգն ու ռիթմը շատ եմ կարևորում և առաջնորդվում մեր պոեզիայի հատկապես
դասական ավանդույթներով/երբեք քամահրանքով չվերաբերվելով, սակայն, սպիտակ,
անհանգ բանաստեղծությանը, մի բան որ պոեզիայի այս ձևի կողմնակիցների,
մանավանդ երիտասարդների կողմից հաճախ նկատելի է հանգավոր-ռիթմիկ
բանաստեղծության նկատմամբ. իբր իրենք «նորաձև ու արդի պոեզիայի›› ջատագովներ են և, ուրեմն, կորչի ամեն մի հանգավորում, անգամ կետադրություն: Խորին մոլորությու՛ն/:
Դարձյալ իմ փորձից, գիտեմ, որ
կոմպոզիտորները երգի համար նախընտրում են հատկապես հանգավոր
բանաստեղծություններ ու փորձում, ինչպես ասում են, հայտնաբերել, վերհանել
տողերի մեջ ապրող, հաճախ խորքերում թաքնված երաժշտությունը: Եվ եթե
կարողանում են դրան գումարել-խառնել նաև այն զգացումներն ու թրթիռները, որ
բանաստեղծությունն է հարուցում իրենց մեջ, լինում է երգի ցանկալի ու
անպայման սպասված ծնունդ: Ափսոս միայն մեզանում գրեթե մոռացվում է այդ
հրաշալի ավանդույթը, երբ երգահանները գեղեցիկ, հոգեհույզ, ազգայինով շնչող
երգեր էին ստեղծում իրենց նախընտրած բանաստեղծությունների հիման վրա`
համակվելով, ներշնչվելով դրանց ասելիքով ու տրամադրությամբ, վերծանելով
տողերում ապրող մեղեդին: Քչերը ու հիմնականում ավագ սերնդի
ներկայացուցիչներն են դա կարողանում անել, մեծ մասը նախընտրում են պատրաստի
մեղեդիներին ‹‹բառային զգեստ›› հագցնել:
Բայց պիտի ասեմ, որ եթե անգամ պատրաստի
երաժշտության համար են խոսքեր գրվում, միևնույն է, դարձյալ ցանկալի է
հանգավորումը: Շատ դեպքերում մեղեդին ինքն է իր ռիթմերով, երաժշտական
անցումներով թելադրում-հուշում, թե հատկապես որտեղ ինչպիսի հանգավորում է
պետք: Դրանից, իհարկե, երգն ավելի բարեհունչ ու ներգործուն է դառնում:
Միայն թե տարվելով այդ հանգավորմամբ, սահուն տող ու հնչյունների խնդիրը
իրագործելով, չպիտի մոռանալ ամենակարևորը՝ ասելիքը: Ես լավ գիտեմ, կա
ունկնդրի մի տեսակ/ և ցավոք նրանց թիվը քիչ չէ/, որոնք առանձնապես
ուշադրություն չեն դարձնում երգի խոսքերին, չեն խորանում ասելիքի մեջ.
մեղեդին ու ռիթմն էլ նրանց բավական է, մանավանդ, եթե ,այսպես կոչված, «տաշի-տուշիի» տարրեր
կան այնտեղ: Բայց հո չի կարելի առաջնորդվել նրանց ճաշակով ու չափանիշներով
միայն և, ասենք, երգի սկզբից մինչև վերջ կրկնել ընդամենը մեկ-երկու
նախադասու թյուն միայն: Մի բան, որ հիմա շատ հաճախ է արվում: Յուրաքանչյուր
երգ, ամենաթեթև, կատակային երգն անգամ, որոշակի ասելիք, գաղափար պիտի
ունենա, տրամադրությ ուն, հոգեվիճակ արտահայտի և այդ դեպքում միայն կարող է
կյանք մտնել, թափանցել մարդկանց հոգիները, շնորհիվ դրա միայն կարող է
երկար ապրել, սրտից սիրտ թևել…
Հաճախ տողեր գրում են հաշված օրերի կամ ժամերի ընթացքում: Իրականում ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մնայուն երգի բառեր գրելու համար:
-Այո, մեկ օրվա ու անգամ ժամերի ընթացքում
ևս կարող են երգի լավ խոսքեր ծնվել, ես չեմ բացառում: Ինձ հետ էլ է
պատահել: Բայց ամեն ստեղծագործողի կյանքում, կարծում եմ, հազարից մեկ կարող
է նման «աստեղային» օր
կամ ժամ լինել. երբ և՛ թեման ես միանգամից գտնում, և՛ տողերն են իրար
հետևից գալիս, միաձուլվում երաժշտությանը, ասես իրոք մեկը վերևից թելադրում
է…
Բայց, առհասարակ, երգի վրա/ մանավանդ, երբ
պատրաստի երաժշտության համար է տեքստ գրվում/, հարկավոր է երկար ու
մանրակրկիտ աշխատել, ամեն բառն ու տողը, «նստեցնել»
մեղեդուն, ասելիքը, սյուժեն բխեցնել երաժշտությունից, պարզ, երգային
բառեր, դարձվածքներ գտնել, հոգեբանորեն համոզիչ իրավիճակներ ներկայացնել…
Այդ ամենի համար ժամանակ է պետք: Պետք է արածդ թողնես «սառչի»,
որպեսզի հետո նորովի, սթափ հայացքով կարողանաս գնահատել, վրիպումներդ
նկատել, շտկումներ անել: Ես միշտ էլ հաճույքով եմ աշխատում երգի ժանրում,
մանավանդ եթե ինձ վարակիչ, հոգեմոտ, մեղեդային երաժշտություն է
առաջարկվում: Եվ այստեղ իմ գլխավոր սկզբունքն է. Խոսքերն առանց
երաժշտության որպես բանաստեղծություն պիտի ընթերցվեն կամ գոնե մոտենան
բանաստեղծության, որքան էլ դրա համար տևական, հաճախ տանջալի աշխատանք
պահանջվի:
Բոլորի՛ համար սա պիտի նախապայման լինի:
Չի կարելի պարզապես բառեր կցմցել, հարմարեցնել մեղեդուն ու ներկայացնել
որպես երգ: Այդպես, իհարկե, մեկ օրում էլ կարելի է ինչ-որ տեքստ «թխել», մեկ ժամում էլ…Ցավոք այսօր շատերն հենց այդպես էլ վարվում են…
Առաջին անգամ ե՞րբ և Ձեր ո՞ր բանաստեղծությունը վերածվեց երգի և ո՞վ է կատարել:
-Երբ տպագրվեց բանաստեղծություններիս առաջին ժողովածուն/1979-ին/, այդ ժամանակ «Ավանգարդ››
շատ սիրված երիտասարդական թերթում էի աշխատում: Գործընկերներիս հետ հենց
խմբագրատան ներքնահարկում գտնվող սրճարանում, ինչպես ասում են, «թրջեցինք››
գիրքս: Ջերմ շնորհավորանքներ, մաղթանքներ լսեցի: Իսկ երջանկահիշատակ իմ
գրչընկեր, արձակագիր Վրեժ Իսրայելյանը, որ այդ օրը մեզ հետ էր, բառիս բուն
իմաստով օղիով թրջեց գրքիս իր օրինակը ու կենաց բարձրացրեց. «Լևոն
ջան, կտեսնես, դեռ Ռոբերտ Ամիրխանյանը երգեր է գրելու քո խոսքերով:
Ցանկանում եմ, որ էդ օրը շուտ գա››: Բոլորը միացան նրա մաղթանքին: Ասեմ, որ
դա այն շրջանն էր, երբ Ամիրխանյանը մեկը մյուսի հետևից հրաշալի երգեր էր
հանում ասպարեզ և երևի ամենասիրված երգահանն էր հասկապես երիտասարդության
շրջանում…
Եվ ահա, այդ օրից երևի մի ամիս էլ չէր
անցել, մի օր խմբագրության իմ սենյակում հեռախոսազանգ հնչեց, ու պարզվեց
հեռախոսի մյուս կողմում Ռոբերտ Ամիրխանյանն է: Նա ասաց, որ գիրքս ձեռքն է
ընկել, ծանոթացել, հավանել է, ավելին՝ երգային տարրեր, հնարավորություններ է
տեսել իմ բանաստեղծություններում: Մի խոսքով, առաջարկեց հանդիպել: Որ
ճիշտն ասեմ, ես սկզբում մտածում էի, որ դա ընդամենը կատակ է, ոչ մի
հանդիպում էլ չի լինի. պարզապես Վրեժը հիշել է այն օրվա իր խոսքերը և
ուզում է «գլխիս սարքել››/նա կատակներ սիրում
էր/: Բայց ամեն ինչ ճիշտ դուրս եկավ ու հենց այդ օրվանից կսվեց Ռոբերտի հետ
մեր ստեղծագործական համագործակցությունը: Կարճ ժամանակում մենք միասին մի
քանի երգ գրեցինք, որոնցից հատկապես «Քո մեղեդին» /ամենաառաջինն էր/ և «Արևոտ անձրևը» այնքան
լավ ընդունվեցին ու սիրվեցին, որ ինձ վրա հրավիրեցին նաև մեր մյուս երգահա
նների ուշադրությունը. Կոնստանտին Օրբելյան, Ալեքսանդր Աճեմյան, Արամ
Սաթյան,Ռուսլան Գալստյան, Մարտին Վարդազարյան…
Հետաքրքիր է, իսկ ինչու՞ ոչ նաև Բաբաջանյանը…
-Հարցդ տեղին է, որովհետև Բաբաջանյանի հետ
կապված այսպիսի պատմություն եղավ ու հենց նույն այդ շրջանում: Ինչպես
ասացի, ընդամենը առաջին գրքի հեղինակ երիտասարդ բանաստեղծ էի, բայց իմ
խոսքերով ծնված մի քանի հաջողված երգերի շնորհիվ կարծես թե հայտնի էի
դարձել կոմպոզիտորների շջանում: Եվ ահա մի անգամ Մեղրիում մեկշաբաթյա
գործուղումից հետո Երևան վերադառնալով, խմբագրությունում իմացա, որ Առնո
Բաբաջանյանը փնտրել է ինձ: Եվ ուրախացա, անշուշտ, և շատ ափսոսացի: Եթե այն
ժամանակ բջջային հեռախոս, հաղորդակցության այսօրվա միջոցները լինեին, մեր
հանդիպումն, իհարկե, հենց այն ժամանակ կկայանար ու, ինչ խոսք, տրամաբանական
հետևանքներով: Բայց Բաբաջանյանը շուտ վերադարձել էր Մոսկվա, իսկ հետո
իմացանք, որ սկսվել են նրա առողջական խնդիրները: Ավաղ, ես այդպես էլ մեծ
կոմպոզիտորին հանդիպելու, նրա հետ համագործակցելու բախտ չունեցա…
Սակայն տարիներ անց ճակատագիրը կարծես
ուղղեց այդ վրիպումը. Մաեստրոյի 80-ամյակին նվիրված համերգի առիթով Երվանդ
Երզնկյանն ու Մարտին Վարդազարյանն ինձ խնդրեցին հայերեն տեքստ գրել
բուլղարացի հանրահայտ երգչուհի Լիլի Իվանովայի կատարմամբ ռուսերենով
լայնորեն հայտնի նրա մի երգի համար ու… հենց «Հանդիպում» երգով
էլ կայացավ իմ հանդիպումն ու համագործակցությունը անզուգական երգերի
հեղինակ Առնո Բաբաջանյանի հետ: Երգը հոբելյանական համերգում հնչեց Անահիտ
Շարյանի կատարմամբ ու ընդունվեց շատ ջերմորեն:
Տողեր գրել և գրում եք շատ
երգիչների համար: Իրե՞նք են առաջարկում թեման, հուշում, թե ինչի մասին պիտի
լինի երգը, թե արդեն պատրաստի տեքստը տեսնում են, հավանում, վերցնում…
-Ճիշտն ասած, ինձ մեծ մասամբ
երգահաններն են տեքստեր պատվիրում ու հազվադեպ է լինում, երբ կոնկրետ թեմա
է առաջարկում. միայն այն դեպքերում, եթե երգն, ասենք, Երևանին, Հայրենիքին
պիտի նվիրվի, մասնակցի կոնկրետ որևե մրցույթի: Իսկ առհասարակ, ինձ
ընդամենը հայտնում են՝ երգը տղամարդու, թե կնոջ համար է, երբեմն արդեն
կոնկրետացնում նաև, թե ով է կատարելու: Եվ խոսքերը գրելիս ես, իհարկե,հաշվի
եմ առնում այդ հանգամանքը: Ասեմ, որ երբեմն նաև երգչի տարիքը, արտաքինը,
ոճը կարող են շատ էական դեր խաղալ թեմայի, բովանդակության ընտրության
հարցում: Իսկ հիմնականում, ելնելով մեղեդուց, ես ինքս եմ որոշում, թե երգն
ինչի մասին լինի, ու դեռ չեմ հիշում որևէ դեպք, որ առարկության հանդիպած
լինեմ հեղինակի կամ կատարողի կողմից: Ընդհակառակը, հաճախ
հաճոյախոսություններ եմ լսել ճիշտ, տեղին ընտրություն կատարելու համար: Ես
սիրում եմ երգ–պատմություններ, այնպիսի իրավիճակներ, հոգեվիճակներ, որոնց
մեջ ունկնդիրը կարող է տեսնել նաև իրեն, որպեսզի երգը, ինչպես ասում են,
դառնա նրա ապրումների թարգմանը: Տանել չեմ կարողանում, երբ հազար անգամ
ծեծված սրտաճմլիկ սիրո խոստովանություններ, աղերսանքներ ու երդումներ են
հնչում երգերում կամ թեկուզև գտնված երկու-երեք տողը երգի ընթացքում այնքան
է կրկնվում, որ հոգնեցնում է, իմաստազրկվում է պարզապես…Մեզանում չափից
դուրս շատ են այդպիսի, մանավանդ լալահառաչ երգերը:
Այստեղից հետևություն. մեր երգարվեստն անմխիթար վիճակում է…
-Եթե այսպես շարունակվի, ապա՝ շա՜տ
անմխիթար: Գորշությունը, անճաշակությունը, ապազգայինը պարզապես ավելի ու
ավելի իշխող, տիրապետող են դառնում ու, չեմ վարանում ասել, ուղղակի
ավերածություններ են գործում մարդկանց մտածողության, հոգեբանության մեջ,
հատկապես՝դեռահասների, երիտասարդների ներաշխարհում:
Որովհետև եթե վատ, վտանգավոր գիրքը կարող
ես մի քանի էջից հետո փակել, մի կողմ դնել, այնպես անել, որ երեխաներիդ և
այլոց ձեռքը չընկնի, ապա վատ երգերերը /լեզվական թերացումներով, օտարամուտ
ելևէջներով, տեսահոլովակների երբեմն գռեհկության հասնող կադրերով…/
շուրջօրյա սփռվում են հեռուստառադիոեթերով: Մարդ ինքն էլ գուցե,
կամա-ակամա, ենթարկվում է դրանց բացասական ներգործությանը, էլ ուր մնաց
նոր-նոր ձևավորվող երեխաները, դեռահասներն ու պատանիները: Հայտնի բան է,
չէ՞, որ երաժշտությամբ ուղեկցվող ամեն ինչ առանձնահատուկ մատչելի է ու
ներգործուն: Կներեք համեմատության համար, բայց հո իզու՞ր չեն կենդանի
վարժեցնողներն այնքան հաճախ դիմում երաժշտության օգնությանը…
Ինչ-որ բան պիտի արվի, մի բան ձեռնարկվի:
Շատ է արդեն խոսվել, ժամանակն է խոսքից գործի անցնել, հենց թեկուզ
գեղխորհուրդները վերականգնելու, անճաշակությանը արժեքավորը, ճաշակավորը
հակադրելու առումով: Տարբեր առիթներով առաջարկել եմ ու մի անգամ էլ ուզում
եմ կրկնել. Ինչու՞ չի կարելի, ինչպես արժեքավոր գրքերն են պետպատվերով
տպագրվում, նույն կերպ ամեն տարի որոշակի գումար հատկացվի առաջնակարգ
կոմպոզիտորների լավագույն երգերի վրա տեսահոլովակներ նկարելուն: Երգեր,
որոնք որոշակի եղանակ կարող են ստեղծել, չափանիշ ապահովել, ճաշակ
դաստիարակել: Ի վերջո, խոտանը, անճաշակությունը դուրս մղելու լավագույն և
ազնիվ միջոցը նորի, արժեքավորի ստեղծումն ու պրոպագանդումն է ամենից առաջ:
Սթափվե՛լ է պետք:
Комментариев нет:
Отправить комментарий