Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փոխանցել էր Թուրքիայի` Մաքսային Միությանը միանալու խնդրանքը:
«Թուրքիան վերջին տարիներին հաճախ է բարձրաձայնում, որ կարող է փոխել իր տնտեսական կուրսը՝ հրաժարվելով ԵՄ-ից, որին անդամակցելու համար թուրքական կողմն արդեն մի քանի տասնամյակ ջանքեր է գործադրում, սակայն ապարդյուն։ Թեև Անկարայի ներկայիս հռետորաբանությունը, թե «այժմ Թուրքիան է անհրաժեշտ ԵՄ-ին և ոչ ԵՄ-ն` Թուրքիային», իրականում պատկերն այլ է. Թուրքիան դեռ խորապես ցանկանում է անդամագրվել ԵՄ-ին։ Այսինքն՝ ԵՄ-ի անդամագրումը Թուրքիայի համար առաջնահերթություն է, սակայն Անկարան չի մոռանում նաև պահեստային տարբերակները՝ հայացքն ուղղելով արդեն դեպի Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, ինչու չէ, Չինաստան»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով վերոնշյալ որոշման մասին` ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը, ով Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցությունը դիտարկում է որպես պահեստային և ոչ առաջնային տարբերակներից, քանի որ այդ տարբերակի ընտրությունն իրապես լի է բարդություններով։
«Բարդ է ասել, թե տնտեսապես ինչ կտա դա Թուրքիային։ Իհարկե, ԵՄ անդամակցությունը տնտեսական, ինչու չէ քաղաքական տեսանկյունից առավել շահեկան է Անկարայի համար։ Գալով Մաքսային միության հնարավոր անդամակցության բարդություններին՝ թեկուզ վերցնենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, փակ սահմանները։ Այստեղ Թուրքիան ստիպված է լինելու ամբողջովին փոխել իր տարածաշրջանային քաղաքականությունը, մտնել խիստ բարդ գործընթացի մեջ»,-նշեց թուրքագետը:
Իսկ, եթե ոչ ԵՄ, ոչ ՄՄ, ապա Գևորգ Պետրոսյանի կարծիքով Թուրքիան կփորձի սեփական նախաձեռնությամբ նման տնտեսական միություններ ստեղծելու փորձեր անել` հանդիսանալով առաջնորդ` նոր միություններում:
«Մաքսային միության դեպքում թուրքական իշխանությունները հասկանում են, որ այստեղ առաջնորդի համար լուրջ պայքար են մղելու Ռուսաստանի դեմ, որը դժվար թե զիջի իր դիրքերն այս հարցում»,-մանրամասնեց թուրքագետը:
Նշենք, որ Ղազախստանի նախագահի հայտարարության, կամ, Թուրքիայի «ցանկության» մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայ քաղաքագետները բացառել էին Թուրքիայի` ՄՄ միանալու ցանկությունը` նշելով, որ Ղազախստանի նախագահը պարզապես «շանտաժ» է անում Մոսկվային:
Անի Կարապետյան
Комментариев нет:
Отправить комментарий