Հայոց հինավուրց մայրաքաղաք Արմավիրի մերձակայքում̀՝ Արարատյան դաշտի գեղատեսիլ բլուրներից մեկի վրա է գտնվում հայ ժողովրդի պատմության հոյակապ դրվագներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտը խորհրդանշող տուֆակերտ հուշահամալիրը, որի մուտքը «պահպանում» են Սարդարապատի կենդանի մասնակիցներին մարմնավորող վիթխարի, թևավոր ցուլերը, որոնք կոչված են հսկելու փոքր-ինչ հեռվում վեր խոյացող 35 մետր բարձրությամբ զանգակատուն-աշտարակը:
Զանգաշտարակից դեպի փառքի ու հաղթանակի հուշապատ ձգվող ծառուղու աջ կողմում հայ քաջորդիների ոգին խորհրդանշող քարե արծիվներն են: Կամարից ճանապարհը ձգվում է դեպի հուշահամալիրի զարդը̀ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է, կառուցվել է տասը տարում (1968-1978) և իր հորինվածքով հիշեցնում է միջնադարյան բերդ-ամրոց: Թանգարանի մուտքի մոտ է գտնվում թանգարանն ու հուշահամալիրը անցյալին ու հավերժին շաղկապող պահապան-թալիսմանը՝ Գեղամա լեռներից բերված «Վիշապ» քարակոթողը:
2012թ-ի հունվարի 1-ից Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը համարվում է Թանգարանների միջազգային խորհրդի(ICOM) հիմնական անդամ: Թանգարանում պահպանվում են շուրջ 70000 մշակութային արժեքներ: 6500 քառակուսի մետր ցուցադրական մակերեսի վրա ներկայացվում է Հայոց նյութական, սոցիալական ու հոգևոր մշակույթը̀ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Թանգարանում է գտնվում, օրինակ 5000 տարվա պատմություն ունեցող օջախը: Ասում են՝ հնում միշտ պետք է վառ լիներ օջախի կրակը, քանի որ դրա հանգչելը վատ նշան էր: Ավելին, երբ նոր ընտանիք էր ստեղծվում, հին օջախի կրակով վառում էին նոր օջախը: Ըստ հին հայկական ավանդույթի՝ օջախում ապրում էին պապերի հոգիները:
Ներկայացված է նաև ձիթհանը. Հայաստանում չի եղել գյուղ, որը ձիթհան չի ունեցել: Ձեթ ստանում էին կտավատից, քնջութից, կանեփից: Սերմերը բովում էին, մանրացնում և այդ զանգվածը դրվում էր անկյունում գտնվող մամլիչի տակ: Պտտում էին, ձեթն առնաձնանում էր:
Որքան էլ որ զարմանալի թվա՝ թանգարանում շատերի ուշադրությունը գրավում են զգեստները, որոնք կրել են մեր նախնիները: Ուղեկցորդի խոսքով՝ այն ժամանակ նայելով զգեստին՝ կարող էին ասել՝ կին է, օրիորդ, թե այրի: Ասել է, թե հեռվից հեռու հագուստը խոսում էր:
Նշաձև զարդերը, զգեստի վրա դրանց առկայությունը վկայել է կնոջ ամուսնացած լինելու փաստը:
Ինչ վերաբերում է հայկական ավանդական հարսանիքին, ապա այդ ժամանակ հարսը հիմնականում կրել է կարմիր գույնի զգեստ: Իսկ ընդհանուր առմամբ՝ առանձնացված հարսանեկան զգեստ չի եղել:
-Հաճախ կարմի գույնի էր լինում նաև ներքնազգեստը, դրա համար տատիկները, երբ զայրացել են տղա թոռնիկների վրա՝ ասել են «Կարմիր չտեսնես»,-նկատում է թանգարանի աշխատակիցը:
Թանգարանում ներկայացված են նաև ազգային ուտեստները, ավելին, նրանք ովքեր ցանկություն են հայտնում՝ կարող են անձամբ մասնակցել դրա պատրաստանն ու համտեսել:
Այժմ Հայոց ազգագրության թանգարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է պատրաստում, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
http://asekose.am/hy_AM/news/8/184358-nayelov-zgestinasoum-ein-kin-e--oriord--te-ayri.html